Պատերազմը մտնում է Թուրքիա՝ մոտենալով Հայաստանին – Պետք է հայտարարել, որ Արեւմտյան Հայաստանը միա՛յն հայերինն է լինելու, հայերն էլ Ադրբեջանից ազատագրել է հայկական բռնազավթված տարածքների միա՛յն 20%-ը…

Թուրքիան դեռ իրապես չի պատկերացնում վերահաս վտանգը

Համաշխարհային մամուլը շարունակում է քննարկել Թուրքիայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը, նաեւ հաջորդող քայլերը, որը մի քանի տասնյակ մարդու կյանք է խլել: Ահաբեկությունը տեղի է ունեցել Սիրիայի հետ սահմանային Սուրուչ քաղաքում, որի ակումբերից մեկում հավաքվել էին երիտասարդ քուրդ ակտիվիստները, ովքեր պատրաստվում էին հատել սահմանը եւ այցելել քրդական Կոբանի քաղաք: Վերջերս քրդերն այդ քաղաքը հետ են վերցրել Իսլամական պետությունից: Թուրքիայի քրդերը բազմահազարանոց բողոքի ցույց են անցկացրել Ստամբուլում եւ ցուցարարներն ու քրդամետ կուսակցությունները Թուրքիայի ղեկավարությանը մեղադրել են Իսլամական պետությանն աջակցելու մեջ, որը Սիրիայում ու Իրաքում գրավել է քրդերի բնակավայր համարվող հողերի մի մասը:

Թուրքիայում քրդերը կրկին ոտքի են կանգնում, քանի որ ակնհայտ է, որ նախագահ Էրդողանը չի ցանկանում կատարել իր խոստումն Աբդուլա Օջալանին ազատելու եւ քրդերին վարչաիրավական կարգավիճակով օժտելու մասին: Քրդերը զգալի ներկայություն են ապահովել նոր խորհրդարանում, սակայն չեն համաձայնում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հետ կոալիցիա մտնել: Նշենք, որ Սիրիայում եւ Իրաքում քրդերն Իսլամական պետության դեմ գլխավոր հարվածային ուժն են եւ կարողացել են որոշակի տարածքներ հետ խլել:

Սակայն նկատելի է, որ պատերազմը աստիճանաբար անցնում է Թուրքիայի տարածք:

Թուրքիայում օրեր առաջ տեղի ունեցած խոշոր ահաբեկչության հեղինակ ԻՊ-ի առաջնորդները զարմացել են, որ Թուրքիայում ոչ թե տխրել են տեղի ունեցած կոտորածի համար, այլ՝ ուրախացել: Իրեն Մուզաֆ էլ Հուսրանի կոչող իսլամիստը հեռուստաեթերով ասել է, թե իրենք դաս էին քաղել ընտրություններից առաջ Դիարբեքիրում արած ահաբեկչությունից, քանի որ այնտեղ մահացածները միայն քրդերն էին, ինչն ուրախացրել էր թուրքերին: «Սակայն այս անգամ մենք ընտրեցինք Թուրքիայի տարբեր կողմերից Ուրֆայի Սուրուչի շրջան եկած քաղաքացիներին, որ երկրում մեծ արձագանք գտնի ու դրանից թուրքերը դաս քաղեն: Բայց մեզ ահավոր զարմացրեց քաղաքացիների արձագանքը, որոնք ոչ միայն չտխրեցին, այլ շնորհակալություն հայտնեցին կոտորածի համար: Մենք գիտեինք, որ Թուրքիայում ունենք 2 մլն երկրպագու, բայց որ դրանց թիվը կարող էր հասնել 10 մլն-ի, չէինք սպասում»,- ասել է ահաբեկիչը:

«Միայն #suructasenlikvar հեշթեգի տակ 100 հազար «կենդանի» հաշվեցինք: Մեզ համար էլ անակնկալ էր, որ Թուրքիայում այդքան շատ «անասուն» կա: Լավ, մենք այդքան չենք ուրախացել այդ կոտորածից, թուրքերն ինչու են այդքան ուրախացել»,- ասել էր Մուզաֆ էլ Հուսրանին: Նշենք, որ Թուրքիայի տարբեր վայրերից ահաբեկչության դեմ պայքարող հեղափոխական հայացքներով մի խումբ երիտասարդներ Քոբանիի երեխաներին խաղալիքներ ու հագուստներ էին ցանկանում տանել, սակայն թուրքական իշխանությունները թույլ չեն տվել անցնել սահմանը, որից հետո նրանք Սուրուչի շրջանում մամուլի ասուլիս են հրավիրում: Հենց ասուլիսի ժամանակ մահապարտ ահաբեկիչը մտնում է նրանց մեջ եւ պայթեցնում իրեն՝ կոտորելով 32 երիտասարդի:

Թուրքիայի իշխանությունները հակասական դիրքորոշումներ են հայտնում ցամաքային զորքերը Սիրիայի տարածք մտցնելու վերաբերյալ: Մի քանի օր առաջ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել էր, թե կառավարությունը չի բացառում Սիրիայի տարածքում ցամաքային գործողություններ սկսելու հնարավորությունը: Բայց հետո ասել է, որ այդ մասին իրենք դեռ չեն մտածում: Չի բացառվում, որ Անկարայի տրամադրություններին ազդել են Վաշինգտոնն ու Մոսկվան, ինչ-որ առումով՝ նաեւ Թեհրանը, որ հայտարարեց, թե չի հանդուրժի նման ներխուժումը: Թուրքիայի նախագահը Սիրիայի հարցի վերաբերյալ լարված հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահի հետ: Իսկ դրանից առաջ նա հեռախոսազրույց էր ունեցել նաեւ ԱՄՆ նախագահի հետ, որից հետո, ըստ էության, հաստատվեց Իսլամական պետության դեմ միջազգային կոալիցիային Թուրքիայի միանալու շուրջ պայմանավորվածությունների ձեռք բերման փաստը: Ըստ այդմ՝ Թուրքիան պարտավորվում է ԱՄՆ-ի ու կոալիցիայի ուժերին հնարավորություն տալ օգտվելու Ինջիրլիքի, անհրաժեշտության դեպքում նաեւ՝ Բաթմանի, Դիարբեքիրի ու Մալաթիայի ավիառազմաբազաներից: Իր հերթին, Թուրքիան հնարավորություն է ստանում օդային հարվածներ հասցնելու իսլամիստների դիրքերին:  

Շատ կարեւոր պայմանավորվածություններից մեկն այն էր, որ թուրքական զինուժը չի թիրախավորելու Սիրիայում Իսլամական պետության գրոհայինների դեմ պատերազմող քրդական ուժերին այնքան ժամանակ, քանի դեռ դրանք իրական սպառնալիք չեն ստեղծել Թուրքիայի համար: Չնայած դրան՝ իսլամիստ գրոհայինների դիրքերին մի քանի հարվածներ հասցնելուց հետո թուրքական օդուժը բարձր ճշգրտության հրթիռներով սկսեց գիշերային ավիահարվածներ հասցնել նաեւ Իրաքի հյուսիսային շրջաններում տեղակայված քրդական ռազմական ճամբարներին: Պատճառաբանությունը հուլիսի 26-ին Թուրքիայի հարավ-արեւելքում իրականացված ահաբեկչությունն էր, որի հետեւանքով 2 թուրք զինծառայող սպանվեց: Միջադեպը տեղի էր ունեցել քրդաբնակ Դիարբեքիրում, ուստի Անկարան կատարվածի պատասխանատվությունը, առանց որեւէ հիմքի, բարդեց Քրդական աշխատավորական կուսակցության զինյալների վրա: Եվ դա այն դեպքում, երբ հուլիսի 21-ին Սուրուչ քաղաքում իսլամիստ մահապարտ ահաբեկչի կողմից իրականացված եւ 30 զոհի հանգեցրած պայթյունից հետո Անկարային մոտ 5 օր անհրաժեշտ եղավ՝ ջիհադականների դիրքերին վերջապես հարվածներ հասցնելու որոշումը կայացնելու համար: Այլ կերպ՝ Դիարբեքիրում կատարված ահաբեկչությունը առաջին հերթին քրդերին թիրախավորելու առիթ ստեղծեց Անկարայի համար, ինչը փաստացի վերջ դրեց դեռ 2012թ. քրդերի հետ հաստատված հրադադարին:

Եթե Թուրքիան որոշել է Սիրիայի եւ Իրաքի տարածքներում «պատերազմել» երկու ճակատով՝ իսլամիստ գրոհայինների եւ նրանց դեմ պատերազմ մղող քրդական զինված խմբավորումների դեմ, ապա դա կարող է նպաստավոր լինել հայկական քաղաքականության համար: Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն օրերս ընդունել է Իրաքյան Քրդստանի պլանավորման նախարար Ալի Սինդիին: Նշվել է, որ այցը նոր թափ կհաղորդի Հայաստանի եւ Իրաքի, մասնավորապես, Իրաքյան Քրդստանի հետ հարաբերությունների զարգացմանը: Վարչապետի խոսքով՝ Հայաստանը կարեւորում է Քրդստանի հետ երկկողմ կապերի ընդլայնումը, եւ այդ մասին է վկայում նաեւ մայրաքաղաք Էրբիլում մեր երկրի գլխավոր հյուպատոսություն հիմնելու որոշումը: Քրդստանի նախարարը հայտնել է, որ վարչապետ Նեչիրվան Բարզանին եւս շահագրգռված է բարեկամական հարաբերությունների խորացմամբ եւ այցի նպատակն է ուսումնասիրել Հայաստանի ներդրումային հնարավորություններն ու հայ գործընկերների հետ գործակցության զարգացման հեռանկարների քննարկումը: Տնտեսական ներուժի լիարժեք իրացման առումով երկուստեք կարեւորվել է հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, հայ եւ քուրդ գործարար շրջանակների միջեւ ուղիղ կապերի հաստատումը, գործարար համաժողովների եւ հանդիպումների կազմակերպումը: Ինչ մնում է Սիրիայի խնդրին, ապա հայ-սիրիական բարեկամական կապերը ավանդական են ու ցայսօր բարեկամական բնույթ ունեն, ինչը Հայաստանն ապացուցեց Սիրիայի դժվարին օրերին՝ միջազգային ճնշումների ժամանակ եւ այսօր էլ՝ իսլամիստների դեմ պայքարում: Հայաստանի վարչապետն օրերս ընդունել է Իրանի արտահանման եւ զարգացման բանկի տնօրեն Ալի Սալեհ Աբադիին եւ քննարկել  հայ-իրանական համատեղ տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող մի շարք հարցեր:

Հասկանալի է, որ Իրաքի, Սիրիրայի եւ Իրանի հետ չեն քննարկվում միայն տնտեսական հարցերը, տարածաշրջանի ռազմա-քաղաքական հեռանկարները առաջնային են բոլոր այս երկրների համար:

Այս ամենը նկատում է նաեւ Անկարան, բայց թուրքերին այժմ ավելի շատ անհանգստացնում է քրդական գործոնը, որի հաջողությունները իսլամիստների հետ պայքարում բոլորովին չեն ուրախացնում թուրքերին: Անկարան հասկանում է, որ Սիրիայի եւ Իրաքի «Քրդստան»-ները հանգեցնելու են Թուրքիայի «Քրդստան»-ի առաջացմանը, որի դեմ, ըստ երեւույթին, թուրքերը ուժային պայքարի մեծ հնարավորություններ չունեն, հատկապես, երբ դրանք կուղեկցվեն միջազգային ճնշումներով: Ուստի՝ նրանք սահուն ռազմական գործողությունների սլաքները փորձում են ուղղել հենց քրդերի դեմ՝ անտեսելով նույնիսկ այն հանգամանքը, որ նրանք միջազգային կոալիցիայի ոչ ֆորմալ դաշնակիցներն են եւ ռազմական ու նյութական օժանդակություն են ստանում ԱՄՆ-ից:

Հիմնականում ձեւականորեն մաս կազմելով Իսլամական պետության դեմ միջազգային կոալիցիային՝ Անկարան փորձում է հարվածի տակ առնել քրդական զինուժը, փակել սահմանները դրա շարքերը համալրող թուրքահպատակ էթնիկ քրդերի առջեւ ու դրանով առարկայական օժանդակություն ցուցաբերել քրդական ուժեղ ճնշման տակ քաղաք քաղաքի, գյուղ գյուղի ետեւից կորցնող ու գրեթե խուճապային նահանջի դիմող ջիհադականներին: Անկարան դրանով փորձում է կասեցնել իսլամիստների շուտափույթ պարտությունը՝ հասկանալով, որ նրանց թողած տարածքներում, հատկապես՝ Թուրքիայի հարավային սահմանի երկայնքով քրդական մարտունակ ուժերը միանշանակ ստեղծելու են պետական միավորում, ինչն էլ սարսափեցնում է թուրքերին: Օրերս Թուրքիայի պահանջով հրավիրվել էր ՆԱՏՕ-ի արտակարգ խորհրդակցություն: Անկարան նախ ամրագրել է տվել, որ «իր տարածքում տեղի ունեցող ահաբեկչական ակտերը գնահատում է որպես իր տարածքային ամբողջականությանն ու սուվերենությանն ուղղված արտաքին սպառնալիք»: Բացի դրանից՝ փորձում է հասնել այն բանին, որ դաշինքը օրինականացնի իր գործողությունները Իրաքի եւ Սիրիայի տարածքներում թե իսլամիստների եւ թե, բնականաբար, քրդական զինյալների դեմ:

Դատելով այդ խորհրդակցությանն ընդառաջ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգի հայտարարություններից՝ Անկարան հասել էր իր նպատակին: Գլխավոր քարտուղարը նշել է, որ ՆԱՏՕ-ն պաշտպանում է երկրի հարավային սահմաններին կարգուկանոն հաստատելու Թուրքիայի ռազմական գործողությունները: Հետաքրքիր է, որ նա բացարձակապես անտեսել է քրդերի դեմ թուրքական ռազմաօդային ուժերի իրականացրած գործողությունների իրավաչափությունը:

ՆԱՏՕ-ն փաստացի կանաչ լույս է վառում Թուրքիայի առջեւ՝ ըստ անհրաժեշտության Սիրիայի տարածք ցամաքային զորքեր մտցնելու համար, ինչի արտոնությունն իր կառավարությանը Թուրքիայի Մեջլիսը տվել էր դեռ նախորդ տարի: Եվ հասկանալի է, թե Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը ինչու է եղել բավականին կոշտ եւ անզիջում:

ՆԱՏՕ-ի այսօրինակ խաղերը կարող են լիովին ազատել Թուրքիայի ձեռքերը քրդերի դեմ լայնածավալ գործողությունների անցնելու հարցում, որն արդեն իսկ հարուցել է ոչ միայն Իրաքի եւ Սիրիայի, այլեւ հենց Թուրքիայի տարածքում բնակվող բազմամիլիոն քրդական հանրության զայրույթը: Սա պետք է հուզի նաեւ պաշտոնական Երեւանին: Քրդական զինյալների պայքարն է, որ ցայսօր Արեւմտյան Հայաստանի տարածքը պահել է գրեթե առանց թուրքերի… թուրքերն այստեղ քիչ են բնակություն հաստատել՝ վախենալով մշտական զինված բախումներից: Թուրքիայում արդեն արձանագրվում են ոստիկանության, զինվորականների եւ քրդերի միջեւ բախումների բազմաթիվ դեպքեր: Չի բացառվում, որ այս ամենի հետեւանքով իրական պատերազմը տեղափոխվի Թուրքիայի տարածք, ավելի հստակ՝ արեւելյան շրջաններ, կամ որ նույնն է՝ Հայաստանի արեւմտյան սահմանների անմիջական հարեւանությամբ: Սա նոր իրավիճակ կստեղծի, որին անհրաժեշտ է պատրաստ լինել:

Պատերազմը մոտենում է Հայաստանի արեւմտյան սահմաններին

Անկախ այն հանգամանքից, թե երբ պատերազմը կտեղափոխվի Թուրքիայի տարածք՝ Հայաստանի սահմանների մոտ, Իսլամական պետությունն անուղղակի վտանգավոր է Հայաստանի համար: Այս ահաբեկչական կազմակերպության անդամներ են նաեւ հարյուրավոր ադրբեջանցիներ ու թուրքեր, որոնց Հայաստանի դեմ ուղղորդելը դժվար գործ չէ: Եվ ոչ միայն նրանց:

Եվ եթե պատերազմը մոտենալու է մեր սահմաններին, ապա թուրք-քրդական մեծածավալ բախումները եւ դրանից բխող իրավիճակը ձեռնտու է Հայաստանի ու հայության համար: Կարելի է տարածաշրջանի հնարավոր վերաձեւումների ընթացքում դառնալ առաջնային խաղացող: Թուրքիան ստիպված կլինի իր ունեցած կարողությունները ծախսել ռազմական գործողությունների վրա, եւ դրանք չի ուղղի հակահայ գործունեություն ծավալելու ուղղությամբ։

Մերձավոր Արեւելքում ծավալվող ռազմական գործողություններում տարբեր պետություններ փորձում են լուծել իրենց խնդիրները։ Իրանը աջակցում է Սիրիային եւ ամեն բան կանի Բաշար Ալ Ասադի իշխանության պահպանման համար, Սաուդիան Արաբիային ավելի շատ հետաքրքրում է տարածաշրջանում Իրանի դերի նվազեցումը եւ քայլերն այդ ուղղությամբ կարվեն, ինչպես Եմենում պատահեց վերջերս: Քրդերը կփորձեն Քրդստան ստեղծել, իսկ մենք ամեն բան պիտի անենք՝ Արեւմտյան Հայաստանին վերատիրելու առումով: «Մեծ Թուրան» եւ «մեծ Ադրբեջան» ստեղծելու գաղափարն էլ հանգիստ չեն տալիս մեր ոխերիմ թշնամիներին: Չմոռանանք, որ ԻՊ-ն էլ փորձում է Կովկասում ձեւավորել իսլամական վիլայեթ, ինչը ենթադրում է, որ Հայաստանը եւս պետք է իսլամացվի:

Ահաբեկչական խմբավորումը կարող է հասնել նաեւ Հայաստան

ԻՊ ահաբեկչական խմբավորումը հեռահար, բայց իրական վտանգ է Հայաստանի համար:

Այդ խմբավորումը շարժվում է դեպի մեր հարակից տարածքները, որ բուն հայկական են եւ չեն կարող չվերաբերել մեզ, իսկ Դեր Զորում պայթեցված հայկական եկեղեցին ցույց տվեց, որ նրանց թիրախներից մեկն էլ հենց Հայաստանն է:

Իսլամիստ ծայրահեղականների գերագույն նպատակը՝ աշխարհի իսլամացումն է, եւ այդ կրոնի համաշխարհային տարածումը: Նպատակ ունեն վերականգնել Իսլամական խալիֆայությունը, իհարկե ավելի մեծ տարածքներով, ու որքան շատ մարդ ոչնչացնեն, այնքան իրենց այդ նպատակը իրագործելու ճանապարհին քիչ խոչընդոտներ կլինեն: Սա է նրանց պարզունակ, բայց վտանգավոր մոտեցումը:

Այդ պարագայում Հայաստանը նրանց համար խոչընդոտ կարող է լինել, ինչպես խոչընդոտ է համաթուրանականության եւ մեծ ադրբեջանական պետության ստեղծման ճանապարհին: Հայաստանը միակ խոչընդոտն է, ինչպես թուրքերն են ասել՝ «անիծյալ սեպը», որ կա թյուրքական միասնության ծրագրերի դեմ: Եվ սա լավ գիտեն իսլամիստները: Լավ են հասկանում նաեւ հակաթուրքական եւ հակաիսլամական ճակատների դեմ գործող երկրները, որոնք քիչ չեն եւ կարող են միավորել իրենց ուժերը:

Եվ Հայաստանն ամեն կերպ պետք է խուսափի այս վտանգից: Սա լավ են հասկանում Բաքվում եւ իզուր չէ, որ նրանց կողմից պարբերաբար սրվում է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմաններին եւ Արցախի խնդրի կարգավորման հարցը:

Մենք պիտի անչափ ուշադիր լինենք, որ Թուրքիայի մասնատումը կանխորոշելուց հետո Արեւմտյան Հայաստանում չստեղծվի քրդական պետություն:

Հայաստանի քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը երեւի հասկանում է այս ամենը, սակայն փորձում է Հայաստանի իշխանություններին համոզել, թե անհրաժեշտ է աջակցել քրդերին, քանի որ իսլամիստներից ավելի դաժան կգործեն թուրքերը քրդերի դեմ: Նա Հայաստանից իրենց պայքարին աջակցելու մասով ակնկալիքներ չունի, բայց կարծում է, որ կարող ենք գոնե բարոյական աջակցություն ցույց տալ։ Իհարկե, քրդերին պետք է աջակցել թուրքերի դեմ պայքարում, սակայն չմոռանանք, որ քրդերը հավակնում են Արեւմտյան Հայաստանի հսկայական տարածքներին: Մենք գործնական քայլերով պետք է նաեւ սրա դեմ հանդես գանք ու քրդերին ստիպենք հրաժարվել մեր հայրենիքում իրենց պետության հիմնման գաղափարից: Նրանք արդեն Իրաքի եւ Սիրիայի տարածքներում ունեն ինքնավարություններ: Հիշեցնենք, որ քրդերը միանձնյա պետություն ստեղծելու համար անգամ արյունակից եզդիներին անտեսեցին, երբ իսլամիստները նրանց կոտորում էին անխնա ու վտարում իրենց բնակության վայրերից…

Ցավոք, այսօր մենք պաշտոնապես պահանջատեր չենք ու դա հնարավորություն է տալիս Հայկական լեռնաշխարհը դարձնել այս կամ ազգի հայրենիք… Ամեն անգամ ուշացնում ենք պահանջատիրության գործոնն առաջ քաշելը եւ նույնը կարող է կատարվել հիմա… Կարող ենք միանալ Կիպրոսի պահանջին, որում Կիպրոսը պահանջում է «Հյուսիսային Կիպրոսի դեօկուպացիան Թուրքիայից»: Աջակցելով Կիպրոսին՝ կարող ենք նույնը պահանջել Արեւմտյան Հայաստանի հարցում: Սա նաեւ քրդերի համար կդառնա նախազգուշացում: Պիտի վերջ տալ նաեւ այն ադրբեջանական պնդումներին, թե «Հայաստանն օկուպացրել է Ադրբեջանի տարածքի 20%-ը»։

Պետք է վերջապես հայտարարել, որ Հայաստանն Ադրբեջանից ազատագրել է իր բռնազավթված տարածքների միայն 20%-ը…

Հարձակումը լավագույն պաշտպանությունն է, ինչը նաեւ ահաբեկիչների ախորժակը զսպող հանգամանքի կվերածվի:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 28 (374), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։