Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության – Զարաթուշթրա – Նա հայտարարեց, որ կա մեկ աստված… Իսկ նրա պահապանը Հայոց արդարադատության Աստված Միհրն է եղել (1-ին մաս)…

Արարիչ, Ո՞ր երկիրը գնամ եւ ո՞ւմ ապավեն վերցնեմ (Ավեսթա, Արտա Վիրապ նամակ)

Ավեսթան վերականգնվել է Սասանյանների օրոք եւ մեզ է հասել երկու տարբերակով:

Առաջինը՝ գրված Ավեսթայի լեզվով, ներառում է հետեւյալ մասերը. Յասնա, Յաշտ, Վիսպերեդ, Վենդիդատ կամ Վիդեւդատ եւ Խորդ Ավեսթա: Երկրորդը՝ գրված միջին պարսկերենով ուղեկցվող մեկնաբանություններով, որը հայտնի է ավելի շատ որպես Ավեսթա եւ Զենդ կամ ընդունված ձեւով՝ «Զենդավեստա»: Զրադաշտականություն ուսմունքը իր անունը ստացել է քուրմ Զրադաշտի անունով, ով հելլենիստական աշխարհում հայտնի էր Զորաստր, իսկ կրոնական ուսմունքը՝ Զորաստրիզմ: Որ Զարաթուշթրան իրական պատմական անձ է եղել, չեն կասկածում ոչ Ավեսթայի հետեւորդները, ոչ ժամանակակից գիտնականները:

Խնդիրն այլ է՝ վերջապես որտեղ է Զարաթուշթրա երեւույթի ծննդավայրը եւ ո՞վ էր նրա հոգեւոր հայրը եւ ի՞նչու Ավեսթայի լեզու:

Ընդհանրական ներկայացնենք մեզ հասանելի բոլոր այն նյութերը, որոնք առնչվում են քննարկվող նյութին եւ փորձենք հարցադրումներին պատասխաններ տալ:

Հնագույն աղբյուրները, մասնավորապես, Արիստոտելը ասում է, որ Զորաստրը ապրել է Պլատոնից 6000 տարի առաջ: Պլինեյ Ավագը (Plinius Maior) «Բնական պատմություն» գրքում նշում է. «Կա եւ գուշակությունների ուրիշ դպրոց, որը մի քանի հազար տարիներով հին է Մովսեսի, Հովհաննի, Լոտապի եւ հրեաների գուշակություներից», այսինքն՝ Զորաստրը ապրել է Մովսեսից առաջ: Դիոգենեը «Հայտնի փիլիսոփաների կենսագրականները եւ կարծիքները» (մոտ. 220 մ.թ.ա.) գրքում բերում է Զարաթուշթրայի մասին հատված Քսենեֆոն Լիդեացու աշխատություններից, ով ապրել է մ.թ.ա 5-րդ դարում. «Նրա՝ Զարաթուշթրայի անունը Քսենեֆոնը մեկնաբանել է որպես համադրություն հունական «zoros»-մաքուր եւ «astorn»-աստղ բառերի»: Այս օրինակը ցույց է տալիս, որ արդեն Քսենեֆոնի ժամանակներում խնդրահարույց էր մեծ քրմի անվան ստուգաբանությունը: Հունական աղբյուրներում Զարաթուշթրայի ապրած ժամանակաշրջանի մասին բերված բոլոր օրինակներից մեզ համար նախընտրելի են երկուսը. Հերմոդորը «Գիտությունների մասին» գրքում նշում է, որ Զարաթուշթրան ապրել է հանրահայտ Տրոյայի անկումից 500 տարի առաջ, այսինքն՝ մ.թ.ա. 1200-1000թթ: Ըստ Քսենեֆոնի՝ Սալամինեի ճակատամարտից (մ.թ.ա. 480) 600 տարի առաջ, մոտ մ.թ.ա. 1100-ին:

«Արեւորդոց խորհրդանշանները» ուսումնասիրությունում հիմնվելով հայտնի պատմավավերագրական նյութերին՝ կատարել էի այս եզրակացությունը՝ «Արեւապաշտությունը եղել է Կիլիկիայի գլխավոր կրոնը եւ գաղափարախոսությունը, գերագույն աստվածը եղել է Թեշուբը (Զարաթուշթրա անունը կապված է այս աստծո եւ անվան եւ գործունեության հետ): Ըստ հեթթական ավանդապատումների՝ աստվածների սերնդափոխությունը տեղի է ունեցել Կիլիկիայում: Նրանք նաեւ կարծում էին, որ գոյություն են ունեցել «հեթթական հազար աստվածներ»՝ կազմված Նեսիտների, Լուվիացիների, Պալայցիների, Հուրրիների–արիների, ասուրա-բաբելոնական աստվածներից»:  «Արեւորդոց խորհրդանշանները» ուսումնասիրության մի հրապարակման մեջ էլ (2009թ. «Լուսանցք» թիվ 37, 38, 39) կա այս պարզաբանումը. «Պատմության մեջ մենք տեսնում ենք, որ Տրոյական պատերազմից բավականին առաջ՝ մ.թ.ա. մոտ 1360-1334թթ., Կիլիկիան արդեն ձեւավորված թագավորություն էր, որին կառավարում էր Սուպիլուլիումա I-ի որդի Տելեպինու քուրմը: Հեթական ավադապատումները այդ ժամանակաշրջանի համար մի շատ կարեւոր մեկնաբանություն են կատարել, այսօրյա մեզ հայտնի Կիլիկիայում (Kizzuwatana)՝ Արիմների երկրում տեղի է ունեցել Աստվածների սերնդափոխությունը: Մ.թ.ա. 1287թ. Ռամզես 2-րդը Հեթերի դեմ տարած հաղթանակին նվիրված արձանագրություններում նշում է իր նվաճած ազգերին, որոնցից է «իլիուն կամ արիունա» ազգը»:

«Արեւորդոց խորհրդանշանները» շարքից «Հայերեն լեզվին վերաբերող զարգացումները. մաս 3» հրապարակման մեջ («Լուսանցք» թիվ 20-24 (151-155), 2010թ.) անդրադարձ կար նաեւ, մասնավորապես, Զենդավեստային. «Գրի զարգացման հաջորդ կարեւոր շրջաններից մեկը կապված է կրոնական գաղափարախոսության ընթացիկ զարգացումների հետ, որոնք տեղի ունեցան Հայ Արիքի համադաշնությունում: Հայ Արիքի համադաշնության մեջ մեհենագրությանը զուգահեռ Ահուրամազդա աստծո հովանավորությամբ գործարար շրջանառության մեջ մտավ Հայ Արիքի սեպագիրը, իսկ հաջորդ փուլում Ավեսթայի Սրբազան Լեզուն. ձեւավորված գրային համակարգ՝ բաղկացած էր 48 տառերից եւ 48 հնչյուններից: Այս գրային համակարգով մեզ են հասել Ավեսթայի աղոթքների գրքերը՝ բաղկացած «Վենդի դատ, Վիսպերեդ եւ Յըշնա» եւ այլ մասերից: Ավեսթայի 2-րդ տարբերակը՝ Զենդ Ավեսթան ներկայացնում է նույն գաղափարախոսությունը հերթականությամբ, որը հարմարեցված է ուսումնասիրման համար, ուղղորդված է մեկնաբանություններով եւ գրված փահլավունական կոչված այբուբենով եւ միջին պարսկերենով: Ավեսթայի մեջ հայ մշակույթի համար կան հարցեր, որոնք անհասկանալի պատճառներով վրիպել են հայագետների տեսադաշտից:

Բերենք Զենդ Ավեսթայի, փահլավունական կոչվող տեքստերի գլխագրերի տրանսկրիպցիան, որպես եւս մեկ ծանրակշիռ փաստարկ եւ կարեւոր բացահայտում այն մասին, որ արեւապաշտական հավատամքը եւ հայերեն լեզվամտածողությունը սերտորեն կապված են միմյանց, եւ լուրջ հետազոտությունների խնդիր կա»:

Ավեսթայի մասին շատ հանգամանալից գրել է Հովիկ Ներսիսյանը «Հայկական Լեռնաշխարհը ըստ Զրադաշտն ու իր Ավեսթան» մենագրությունում, հրատարակված 2011թ՝ «Հայագիտական Ուսումնասիրություններ» ընդհանրական անվամբ: Այս աշխատությունը եզակի է բոլոր առումներով եւ ծավալուն նյութ վարկածային մոտեցումները դարձնելու հիմնավորված գիտական ուսումնասիրություն: Ըստ Հ. Ներսիսյանի, Զրադաշտի գործունեությունը ծավալվել է մ.թ.ա. 800-700-ն ընկած ժամանակաշրջանում, այս ժամանակահատվածը խիստ վիճարկելի է: Համաձայն մեր պրպտումների՝ Զարաթուշթրայի գաղափարախոսությունը՝ արեւապաշտությունը եղել է Կիլիկիայի գլխավոր կրոնը եւ գաղափարախոսությունը, որտեղ գերագույն աստվածը Թեշուբն էր: Զարաթուշթրա անվան մեջ հստակ տեսանելի է «թեշ-թուշ» արմատը, իսկ գաղափարախոսության հիմքերը նույնն են: Ըստ հեթթական ավանդապատումների՝ աստվածների սերնդափոխությունը, կրկնում ենք, տեղի է ունեցել Կիլիկիայում, եւ սերնդափոխման արգասիքն է Ավեսթան եւ նրա գաղափարախոս Զարաթուշթրան: Ուստի՝ պիտի կարծել, որ նոր ուսմունքը սկսվել է ձեւավորվել մ.թ.ա. 1200-ը ընկած ժամանակահատվածում, այսինքն՝ Տրոյայի պատերազմի ավարտից հետո:

Կասկած չի կարող լինել, որ մ.թ.ա. 1287թ. Ռամզես 2-րդի հեթերի դեմ տարած հաղթանակին նվիրված արձանագրություններում նշված «իլիուն կամ արիունա» ազգի կամ Արիմների երկրի մի հատվածն էլ Կիլիկիան էր: «Արիունա» «Արիմ» ասելով պետք է նկատի ունենանք մասնավորապես հայ էթնոտեսակին, իսկ ավելի ընդհանրական՝ արեւապաշտության գաղափարախոսությունը ընդունող եւ արդեն որպես առանձին էթնոս կամ ցեղախումբ ներկայացող «հնդեվրոպական» լեզվաընտանիքի անդամներին՝ «հուրրի-արիներին», որոնք ապրում էին Փոքր ասիայից մինչեւ Չինաստան եւ ավելի շատ մեզ հայտնի Մետաքսի Ճանապարհի ողջ երկարությամբ՝ ամրագրված Ավեսթայում, մեր կարծիքով՝ որպես Աիրիանա Վաեջան տարածք ձեւով:

Համաձայն ավանդազրույցների՝ Զարաթուշթրայի ծնունդը գուշակված էր բարեպաշտ կառավարիչներ Յեմի, Ֆերեյդունի (Ավեսթայում՝ Սրաեթաոնա) Մանուչեհրոմի եւ քավի (թագավոր) Խոսրովի կողմից: Համաձայն ավանդաբանության՝ Սպիթամա (հնագույն քրմական տոհմ) Փուրուշասփան ապրել է Ֆարսի դիցաբանական թագավորական դինասիայի հիմնադիր՝ «Փոքր Ավեսթայի» մեջ հիշատակված, բարեպաշտ պսակակիր քավի Արվատասպի (փահլավերեն՝ Վիշթասփ) ժամանակաշրջանում:

Զարաթուշթրայի նախածննդյան ավանդազրույցը այսպիսին է. «Սպիթամա Փուրուշասփայի (Զարաթուշթրայի հոր) այգում կովը ուտում է «բարեբեր» ծառի տերեւներից, որից հետո կովի մոտ կաթ է առաջանում, այս կաթը խմում է Փուրուշասփան, որից հետո նրա Հվոգվան անունով կինը հղիանում է: Փուրուշասփանի կինը՝ Հվոգվան հղիության 5-րդ ամսվա 20-րդ օրվա մեջ էր, երազ տեսավ՝ իր տունը հանկարծ մտավ ամպի մեջ եւ ամպից դուրս եկան վայրի գազաններ՝ գայլեր եւ վագրեր: Վագրերից մեկը պատռեց կնոջ որովայնը եւ դուրս բերեց մանուկին: Մանուկը ոչ միայն կենդանի մնաց, այլ խոսքով դիմեց մորը եւ հանգստացրեց նրան: Հետո երկնքից իջավ վառվող լեռը եւ նրա միջից դուրս եկավ մարդը՝ մի ձեռքում՝ մկունդ, մյուսում՝ գիրքը (կամ՝ դաշույնը եւ ջահը (գործառույթները նույնն են),-խմբ.)), գրքով նա ծածկեց գազաններին եւ նրանք անհետացան»:

Տարածաշրջանում նման ձեւով պատկերված է միայն Միհրը եւ, կարելի է կարծել, որ Միհրը Զարաթուշթրայի պահապանն է, ինչն անուղղակիորեն ամրագրված է գաղափարախոսության մեջ.- Միհրին է հանձնված արդարադատությունը:

Զարաթուշթրայի ծննդյան վայրը կամ տունը գտնվել է Աիրիանա Վաեջան տարածքում հոսող Դարդեջա գետի ափին: Միջնադարյան Պարսկաստանում կարծում էին, որ նա կարող էր ծնվել Թեհրանից հարավ հոսող Ռագե (Ռէէ) գետի մոտ գնտվող բնակավայրերից մեկում: Ըստ Ֆիրդուսու Շահնամեի՝ զրադաշտության իրական հայրենիքը Բակտրիան է (ներկայիս Աֆղանստան): Ժամանակակից Ռուսաստանում կարծում են, որ Զարաթուշթրայի հայրենիքը Ուրալյան, ավելի հստակ՝ Կամի եւ Չուսովոյ գետերի միախառնման տարածաշրջանն է:

Զարաթուշթրայի մանկության եւ երիտասարդության մասին տեղեկությունները շատ քիչ են: Երբ նա 15 տարեկան էր, ըստ կարգի՝ նրա ավագ եղբայրներ Ռատուշթապը եւ Ռանգուշթան պահանջեցին իրենց հորից Զարաթուշթրայի արարողակարգային կամ քրմական հագուստ առանձնացնել:

Համաձայն ավանդույթի՝ Զարաթուշթրային բաժին հասավ արարողակարգային գոտին (քուշտի): Այս գոտին (քուշտին) նա երեք անգամ փաթաթեց իր մեջքին եւ այդ գոտին դարձավ «Վահու Մանու կամ բարեբեր մտքերի» փոխարկիչը կամ հաղորդողը: 20 տարեկանում նա հեռացավ տնից եւ սկսեց ճանապարհորդել: Այդ ժամանակ նա արդեն ամուսնացած էր: Ըստ ավանդության՝ Զարաթուշթրան 30 տարեկանում Ահուրամազդայից ստացել է մարգարեության շնորհը, ստեղծել է նոր կրոն:

Մեծագույն հրաշքը եղավ այն ժամանակ, երբ Զարաթուշթրան գետի մի ափից անցավ մյուսը՝ քայլելով ջրերի վրայով: Ավեսթայում ամրագրած այս միտքը հուշում է, որ Սպիտամա Զարաթուշթրան պատկանել է քրմական դասին եւ եղել է քուրմ: Երբ նա հասավ ափ՝ արդեն արարողակարգային մաքրության մեջ էր եւ տեսավ ինչ-որ արարածի, ով փայլփլացող արտահագուստ ուներ: Դա Վահու Մանու կամ բարեբեր մտքերի դիցն էր: Նրա կողքին կային եւս հինգ արարածներ, որոնց հագուստները նույնպես փայլփլում էին: Վահու Մանու կամ բարեբեր մտքերի դիցը տարավ Զարաթուշթրային դեպի՝ «Ուշի Դարան» լեռը՝ Ահուրամազդայի մոտ: Լույսն այնքան ուժեղ էր, որ Զարաթուշթրան գետնի վրա չէր տեսնում իր ստվերը: Հենց այդ պահին նա տեսավ հայտնությունը: Քարոզչության առաջին տասը տարում մերձավորներից միայն զարմիկ Մայդյոյմանահը հավատաց: Երկրից երկիր անցնելով վերջապես նա կանգ առավ Բարեպաշտ պսակակիր քավի (թագավո) Արվատասպ կամ Վիշթասփայի մոտ: Առաջինն այս կրոնը ընդունեց Վիշթասփայի կինը՝ Հուտաոսը, հետո նաեւ՝ Վիշթասփան: Ըստ Հ. Ներսիսյանի ուսումնասիրությունների, Վիշթասփան, Վեշթասփը կամ Գոշթասփը Հայոց Աշխարհի Կումախի երկրի նույն ինքը՝ Քուշթասպ թագավորն է:

Այսպիսով, ըստ Հ. Ներսիսյանի, Ավեսթայի մեջ հիշատակված «Քավի (թագավոր) Արվատասպ կամ Վիշթասփան, նույն ինքը՝ Քուշթասպն է: Թիգլաթպալասար Գ-ի (745-727) թողած արձանագրությունում հստակ ասում է Կումախի թագավոր՝ Կուշտասպին: Ըստ էության՝ տեսում ենք, որ դեպքերը կատարվում են Արեւմտյան Հայաստանում:

Համաձայն Ավեսթայի՝ Կումախի թագավոր Կուշտասպն անում է ամեն ինչ նոր կրոնը տարածելու համար: Իր հակառակորդներ Թասրյավաթին, Փեշանանին եւ Արեջափ Ասփաին հաղթելու համար նվերներ եւ զոհ է մատուցել   Ֆրազդանու (Հրազդան) գետի ափին՝ Անահիտ աստծուն:

Կումախի թագավոր Կուշթասպի (Վիշթասփա) եղբայրներից մեկը՝ Ասուրվաթ-ասփաին (Օհրվադասփ) նոր կրոնի կարեւորագույն դեմքերից է: Նա Զաիրի Վաիրինի հայրն է (Զարիրն), ով զոհվում է Բիդաֆշ կռապաշտ քրմի դաշյունի

հարվածից, Զաիրի Վաիրինի որդի Բասթա Վաիրինին մենամարտի է կանչում Բիդաֆշ կռապաշտ քրմին եւ սպանում նրան: Ռազմիկները, ովքեր կռվում են հանուն հավատի, կոչվում են «Հայաունա»:

Զարաթուշթրայի հզորությունը առավել տեսանելի է դառնում Դարեհի արձանագրության մեջ. Դարեհը յուրաքանչյուր արշավից կամ քայլից առաջ խնդրել է Ահուրա Մազդայի հովանավորոթյունը: Դարեհի սեպագրերից հայտնի է դառնում, որ մ.թ.ա. VI դարում, Արմին երկիրը չի ենթարկվում եւ «Ահուրա Մազդայի շնորհիվ» միայն նա կարող է հասնել իր նպատակին: Փաստացիորեն Դարեհի իշխանությունից, հզորությունից, հարստությունից, հաջողությունից վեր կար մի այլ ուժ, դա Ահու-րամազդան էր (փահլ. Օրմազդ): Բարու եւ լույսի արարչի՝ Ահուրամազդային հակադրվում էր խավարի եւ չարության աստվածություն Ահրիմանը (Անգրա Մանյու):

Ավեսթայի մեջ ամեն ինչը չէ, որ հասկանալի է, նրա մեջ միախառնված են նստակյաց մարդու եւ քոչվորի մտքերը, սակայն հասկանալի է, որ նա, ով միախառնել կամ միահյուսել է Ավեսթայի մեջ պատմությունները, դա արել է շատ ուշ շրջանում եւ այն չի արտահայտում Զարաթուշթրայի իրական հոգեկերտվածքը:

Իսկ իրականը հետեւյալն է:

Նա՝ Զարաթուշթրան հայտարարեց, որ կա մեկ աստված, այդ աստծո անունն է Ահուրամազդա, իսկ մնացած «ահուրները» շարունակում են Ահուրամազդա Ամենակարողի տարբեր դրսեւորումները, դրանցից մեկն էլ Անգրո Մանյուն է (չարը): Ամենայն հավանականությանբ, Զարաթուշթրայի այս եզրակացությունը դարձավ նրա մահվան պարճառը:

Սպանվեց Զարաթուշթրան 77 տարեկան եւ 40 օրական հասակում՝ ատրուշանի կրակի մոտ աղոթելիս:

Զարաթուշթրան ամուսնացավ երեք անգամ: Առաջին ամուսնությունից ունեցավ մեկ տղա եւ դուստր, երկրորդ ամուսնությունից ունեցավ երկու զավակ:

Զարաթուշթրայի զավակներն են Իսադվասթրան-քրմական դասի հիմնադիր, Հվարաչիտրան-զինորական դասի հիմնադիր եւ Ուրվաթաթնարան-գյուղացիական դասի հիմնադիր:

Այսպիսով՝ համաձայն Ավեսթայի, ավելի ճիշտ՝ համաձայն Զարաթուշթրայի՝ մարդը ինքը պետք է որոշի եւ կատարի ընտրոթյուն բարու եւ ճշմարտության կամ չարի եւ կեղծիքի աշխարհների միջեւ:

Շարունակելի

Արամ Մկրտչյան, Գերմանիա, 04.07.2015թ.

«Լուսանցք» թիվ 29 (375), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։