«Երեւանյան ամառ 2015»-ը եզրափակվեց… Մեկնարկեց «Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը… Ոչ թե հեքիաթներ, այլ իրական պատմություններ… «Ինչ, որտեղ, երբ» խաղը Հայաստանում… Գիտելիքի օր՝ «Հայբուսակ» համալսարանում… Մեզ հայտնի առաջին հայ գիտնականը… Դայանա Դավթյանը գեղեցկության մրցույթում կներկայացնի Հայաստանը…

«Երեւանյան ամառ 2015»-ը եզրափակվեց

Այս եռամսյա ծրագիրի եզրափակիչ միջոցառումը Կարապի լճի մոտ էր: Այստեղ են ամռան ընթացքում տեղի ունեցել ծրագրի ամենամասշտաբային միջոցառումներից ու փառատոներից շատերը։ Ծրագրի գրեթե բոլոր միջոցառումները բացօթյա էին. 6 տասնյակից ավելի ավանդական ու նորույթ, հետաքրքիր ու տոնական ծրագրային օրեր՝ փառատոներ, ցուցահանդեսներ, համերգներ, կրկես, մարզական մրցույթներ՝ մեծահասակների ու երեխաների համար, ինչպես նաեւ պետական, հոգեւոր, ազգային ու միջազգային օրացուցային տոներ ու օրեր։

Ավարտական՝ «Ցտեսություն, ամա՛ռ» խորագրով համերգը ջազային էր։ Ելույթ ունեցան Արամոն, Ռադիկ Գաբրիելյանը, Անահիտ Շահբազյանը, Մարբեյը (Մարինե Հակոբյան)՝ Արմեն Հյուսնունցի ղեկավաությամբ Հայաստանի պետական ջազ-նվագախմբի ուղեկցությամբ, ինչպես նաեւ Արփին՝ «Hayway» բենդի հետ։ Հնչել են հայ ու արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործություններ, ջազային երգեր ու գործիքային ստեղծագործություններ Երեւանի մասին։

Հայաստանն ընդունելու է անհավանական հյուրերի. «Երեւանյան հեռանկարներ»

«Երեւանյան հեռանկարներ» 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի աշնանային համերգաշրջանի մեկնարկը կտրվի մեծ իրադարձային համերգով. սեպտեմբերի 3-ին հայ հանդիսատեսի համար ելույթ է ունենալու աշխարհի լավագույն նվագախմբերից մեկը՝ Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Զուբին Մեթա: Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը: «Անհավանական փաստ է, որ մի քանի օրից մենք Երեւանում կհյուրընկալենք լեգենդար երաժիշտ եւ դիրիժոր Զուբին Մեթային ու Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբին: Ամբողջ տարածաշրջանի համար իրադարձություն է, նման կարգի նվագախումբ եւ դիրիժոր այս ամբողջ տարածաշրջան այցելում են Հայաստանի միջոցով»,- նշել է նա:  Աշնանային համերգաշրջանի հաջորդ մեծ իրադարձությունը կայանալու է նոյեմբերի 15-ին. Երեւանում ելույթ է ունենալու Լոնդոնի «Academy of Saint Martin in the fields» նվագախումբը: «Երկար տարիներ է, ինչ փորձում էինք նվագախմբին հրավիրել Հայաստան: Վերջնականապես համաձայնության եկանք: Աշխարհի լավագույն կամերային նվագախմբերից է, հանդես է գալիս առանց դիրիժորի: Բարձրագույն որակի հասած խումբ է: Երաժշտական տնօրենն է աշխարհահռչակ ջութակահար Զոշուա Բելը: Նրա այցը Հայաստան նույնպես մեծ իրադարձություն է ու անհավանական նախագիծ»,- ասաց Սոնա Հովհաննիսյանը: Նա նաեւ հայտնեց, որ այս տարվա ընթացքում փառատոնի շրջանակում եւս մի քանի համերգ նախատեսված է, այժմ ճշգրտվում են օրերը:

Հիշեցնենք, որ «Երեւանյան հեռանկարներ» 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում հայ հանդիսատեսի համար արդեն ելույթ է ունեցել Եվգենի Կիսինը, Մարիա Գուլեգինան, «Քրոնոս» քառյակը, Դմիրի Խվորոստովսկին (դիրիժոր՝ Կոնստանտին Օրբելյան): «Ուրախ ենք, որ աշխարահահռչակ երաժիշտները Հայաստան են այցելում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին՝ այդկերպ իրենց հարգանքի տուրքը մատուցելով նաև անմեղ զոհերի հիշատակին, միջազգային հանրությանը ցույց տալով, որ իրենք Հայաստանի կողքին են: Դա էլ բավականին մեծ արժեք ունի»,- նշել է փառատոնի գլխավոր մենեջերը: Ինչ վերաբերում է հաջորդ տարվա ծրագրին, փառատոնի մենեջերն ասել է, որ արդեն ունեն որոշակի պայմանավորվածություններ. «Ձեւաչափը կպահպանվի. Հայաստան կգա աշխարհի լավագույն նվագախմբերից մեկը լեգենդար դիրիժորներից մեկի ղեկավարությամբ: Այժմ քննարկվում է նաեւ 8 «Գրեմմի» մրցանակի արժանացած «Էմերսոն» լարային քառյակի հարցը: Անդրադարձ կլինի նաեւ ժամանակակից երաժշտությանը: Պլանավորում ենք պատվիրել նոր գործեր, որոնք առաջին անգամ կկատարվեն հենց մեր փառատոնի շրջանակում»:

«Երկնքից երեք խնձոր ընկավ». Ոչ թե հեքիաթներ, այլ իրական պատմություններ

«Երկնքից երեք խնձոր ընկավ» հեքիաթասացության եւ բարբառի 7-րդ մրցույթ-փառատոնն այս տարի նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Հովհաննես Թումանյանի թանգարանի գիտաշխատող Անի Եղիազարյանն հայտնել է, որ այս տարի, ի տարբերություն նախորդ տարիների, մասնակիցներն ոչ թե հեքիաթներ են պատմելու, այլ ներկայացնելու են իրական պատմություններ իրենց նախնիների մասին:

«Պետք է հնարավորինս տվյալ տարածքի բարբառով պատմեն իրենց նախնիների ծննդավայրի պատմությունը, մեծ ծնողների մասին` ինչով էին զբաղվում, ինչ պատմություններ են լսել նրանց մասին: Կարող են ներկայացնել նաեւ մշակութային առանձնահատկություններ հագուստի, խոհանոցի ու սովորույթների վերաբերյալ»,- ասել է նա: Թանգարանի գիտաշխատողի խոսքով, փառատոնի մասնակիցները պետք է ներկայացնեն այն ճանապարհը, որով անցել են իրենց նախնիները մինչեւ հաստատվել են որեւէ քաղաքում:

Այժմ ընթանում է փառատոնի մարզային փուլը: Ընտրական փուլը կայանալու է սեպտեմբերի 18-19-ին, մրցանակաբաշխությունը՝ սեպտեմբերի 20-ին: Անի Եղիազարյանը տեղեկացրել է, որ այս տարի նաեւ մրցանակներն են տարբեր լինելու. եթե նախորդ տարիներին թագավորի 3 որդիների կամ աղջիկների մրցանակներ էին (Թագավորի փոքր տղայի կամ աղջկա, միջնեկ տղայի կամ աղջկա, մեծ տղայի կամ աղջկա մրցանակներ), այս տարի լինելու է՝ 1-ին տեղի համար՝ Մեծ Հայքի մրցանակ, 2-րդ տեղի համար՝ Կիլիկիայի մրցանակ, 3-րդ տեղի համար՝ Փոքր Հայքի մրցանակ: Լինելու են նաեւ խրախուսական 15 մրցանակ՝ հերոսամարտների անուններով:

«Հայկական հեռուստաընկերություններից մեկը հեռարձակում է «Ինչ, որտեղ, երբ» խաղը

Անցյալ տարի «Դիլիջանյան խաղեր» ինտելեկտուալ փառատոնը «Ինչ, որտեղ, Երբ» ակումբների միջազգային ասոցիացիայի կողմից ճանաչվել է որպես լավագույն մրցաշար, իսկ «Բրեյն ռինգի» աշխարհի առաջնությանը հայկական թիմերից մեկը դարձել է փոխչեմպիոն: Կրթության եւ գիտության նախարարության աջակցությամբ հեռարձակվում է «Ամենախելացին» հեռուստախաղը:

Բացի այդ, 15 տարվա ընդմիջումից հետո «Ինչ, որտեղ, երբ» խաղի մոսկովյան ակումբում հայտնվել է Հայաստանը ներկայացնող գիտակ, եւ առկա է բավականին մեծ հնարավորություն, որ վերջիններիս թիվը կաճի, այս թվարկումը կարելի է դեռ շարունակել:

Գիտակների հայկական ասոցիացիան ներկայացնող երեւանյան «Նուիխ-Թելսել» թիմի ավագ Էդգար Մարկոսյանի թիմը հուլիսի 31-ից օգօստոսի 2-ը Բաթումում անցկացված Գիտակների ինտելեկտուալ խաղերի Սեւծովյան Բաց Գավաթի 4-րդ առաջնության «Բրեյն ռինգ» մրցաշարում հաղթող է դարձել: Մրցաշարին մասնակցել է շուրջ 50 թիմ` աշխարհի տարբեր երկրներից: Հայկական հավաքականը մրցել է 2 վրացական, 1 գերմանական թիմերի հետ` եզրափակչում հաղթելով ադրբեջանական հավաքականին: «Միջազգային ասպարեզում սա մեր առաջին հաղթանակն էր. հուսով եմ` ոչ վերջինը»,- նշել է Էդգար Մարկոսյանը:

Գիտելիքի օր՝ «Հայբուսակ» համալսարանում

Կրթության Միջազգային Ակադեմիայի «Հայբուսակ» համալսարանում օրերս կայացավ միջոցառում՝ նվիրված Գիտելիքի օրվան: Միջոցառման ընթացքում իրենց շնորհավորական խոսքը հղեցին ինչպես համալսարանի ղեկավարությունը, դասախոսները այնպես էլ ուսանողները: Միջոցառման ավարտին լավագույն ուսանողները ստացան կրթաթոշակները, որի շնորհիվ նրանց ամբողջ ուսումնառությունը կլինի անվճար:

Մենք եւս շնորհավորելով մեր ուսանողներին ցանկանում ենք նրանց գիտելիքներով հարուստ ուսումնական տաիրիներ եւ հաջողություններ կյանքում…

Մեզ հայտնի առաջին հայ գիտնականը. Տիրան Հայկազն

Մեզ հայտնի առաջին հայ գիտնականը քերական ու հռետոր Տիրան Հայկազն է (Տիրանիոն)։ Նա ապրել ու ստեղծագործել է աշխարհահռչակ հայ իմաստասեր ու հռետոր Պարույր Հայկազնից (Պրոերեսիոս) շուրջ 400 տարի առաջ։ Ծնվել է Ք.ա. 1-ին դարում՝ Փոքր Ասիայի Ամիսոս (ներկայումս՝ Սամսուն) քաղաքում։ Նրան անվանում էին «այր բազմահմուտ եւ իմաստուն»։ Պլուտարքոսը հայտնում է, որ հայ-հռոմեական պատերազմի (Ք.ա. 69-66 թթ.) ժամանակ Լուկուլլոսը նրան գերեվարել է Հռոմ։ Այնտեղ էլ Տիրանն աշակերտել է համաշխարհային հռչակ ունեցող քերական Դիոնիսիոս Թրակացուն եւ այնքան խորը մասնագիտացել անտիկ լեզուների մեջ, որ դարձել է Հին աշխարհի լավագույն լեզվաբաններից մեկը։ Հայորդին հռչակվել է նաեւ հռետորական արվեստի բնագավառում դրսեւորած խորիմացությամբ։

Հայ գիտնականը տիրապետել է տասնյակ լեզուների։ Տիրանն ու Պոնտոսի արքա Միհրդատ Զ Եվպատորը հանդիսացել են Հին աշխարհի ամենանշանավոր բազմալեզվախոսները։

Տիրանի գործունեության մասին գրել են Ստրաբոնն ու հռեմեական պատմիչ Սվիդասը։ Նրանք վկայում են, որ գիտնականը Հռոմում ստեղծել է մեծ գրադարան (մոտ 30 հզ. հատոր գիրք), Կիկերոնի խնդրանքով կարգավորել նրա անձնական գրադարանը եւ վերջինիս բնակարանում բացել դպրոց, ուր դասավանդել է քերականություն ու ճարտասանություն։ Հայտնի է նաեւ, որ հույն պատմիչ ու աշխարհագետ Ստրաբոնն ուսանել է Տիրանի մոտ։

17-ամյա Դայանա Դավթյանը Վրաստանում անցկացվող «Miss Planet» գեղեցկության մրցույթում կներկայացնի Հայաստանը

Հեղինակավոր մրցույթը կանցկացվի Թբիլիսիում սեպտեմբերի 6-13-ը, հայտնել է «Թոփմոդել Հայաստան» փրոդաքշնի ազգային ասոցիացիայի գործադիր տնօրեն Լուսինե Բաղդասարյանը։ «Հայաստանն առաջին անգամ է մասնակցում «Miss Planet»-ին։ Հայաստանում նախնական մրցույթ չի եղել, քանի որ մեզ մեկ ամիս առաջ էին հրավեր ուղարկել։ Դայանային ընտրել ենք քասթինգի միջոցով՝ հաշվի առնելով նրա արտաքին տվյալներն ու գիտելիքները։ Նա տիրապետում է մի քանի լեզուների։ Մեզ համար մեծ նշանակություն ունի մոդելի ներքին կուլտուրան»,- ասել է Լուսինե Բաղդասարյանը։

Այս տարի մրցույթին մասնակցում են 30 երկրի ներկայացուցիչներ։ «Մասնակիցների մեջ կան մոդելներ, որոնք մեծ փորձ ունեն։ Գրեթե շատերի հետ ծանոթացել ենք։ Մեծ սպասելիքներ ունենք եւ հուսով եմ հաղթանակած կվերադառնանք»,- նշել է Լուսինե Բաղդասարյանը։ Դայանան նույնպես մեծ սպասելիքներ ունի։ Սակայն նրա համար ավելի կարեւոր է, ոչ թե հաղթանակը, այլ թե ինչպես կներկայացնի Հայաստանը։ «Միանաշանակ կցանկանայի հաղթանակած վերադառնալ, բայց ինձ համար ամենակարեւորը պատվով ներկայանալն է։ Մարտական տրամադրված չեմ. գնում եմ նոր ընկերներ ձեռք բերելու ակնկալիքով»,- նշել է Դայանան։ Լուսինեի խոսքով՝ «Miss Planet»-ը գրանցված է համաշխարհային մտավոր սեփականության ապրանքային նշանների (WIPO) բազայում։ Հայաստանը դարձել է մրցույթի ազգային տնօրենը եւ ներկայացուցիչը Հայաստանում։

Նշենք, որ Դայանան «Միսս Հայաստան-1998», «Միսս ԱՊՀ-1999» Գոհար Հարությունյանի եղբոր դուստրն է, եւ հենց նրա խորհրդով էլ որոշել է զբաղվել մոդելինգով: Գեղեցկուհին 7 ամիս ուսանել է «Ատեքս» նորաձեւության կենտրոնում, որից հետո ցուցադրությունների եւ հեռուստահաղորդաշարերի մասնակցելու հրավերներ է ստացել:

Նարե Մշեցյան

«Լուսանցք» թիվ 29 (375), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։