Լեւոն Արոնյանը՝ սուպերմրցաշարի հաղթող
Հայաստանի հավաքականի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը նվաճեց ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող Sinquefield Cup շախմատային սուպերմրցաշարի հաղթողի տիտղոսը: Սեպտեմբերի 1-ին անցկացվող վերջին՝ 9-րդ փուլում հայ գրոսմայստերը սեւերով 31-րդ քայլում ոչ ոքի խաղաց բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ եւ, վաստակելով 6 միավոր, անհասանելի դարձավ մրցակիցների համար: 3-րդ անգամ անցկացվող սուպերմրցաշարում Լեւոն Արոնյանը 9 փուլերում տարավ 3 հաղթանակ ու 6 խաղ ավարտեց ոչ ոքի: Նա սեւերով հաղթեց Ուեսլի Սոյին եւ Հիկարու Նակամուրային եւ սպիտակներով առավելության հասավ ԱՄՆ-ն ներկայացնող իտալացի Ֆաբիանո Կարուանայի նկատմամբ, ով մրցաշարի նախորդ առաջնության հաղթողն էր:
… Եվ 11-րդը՝ ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում
Շախմատի միջազգային ֆեդերացիան սեպտեմբերի 1-ին հրապարակել է վարկանիշային դասակարգման նոր՝ թարմացված աղյուսակը: Լեւոն Արոնյանը զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը: Նրա վարկանիշը կազմում է 2765 միավոր: 1-ին հորիզոնականում շարունակում է մնալ աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը:
Լավագույն եռյակում են՝ հնդիկ Վիշվանաթան Անանդը եւ բուլղարացի Վեսելին Տոպալովը: 100 լավագույն գրոստմայստերների ցանկում են նաեւ Գաբրիել Սարգսյանը եւ Սերեգեյ Մովսեսյանը, նրանք համապատասխանաբար զբաղեցնում են 61-րդ եւ 89-րդ տեղերը:
Կփորձեմ Բաքվում հանդես գալ ինչպես խաղաղություն բերող երաժիշտները
Սենթ Լուիսի սուպերմրցաշարի հաղթող Լեւոն Արոնյանը մեկնաբանել է առաջիկայում Բաքվում կայանալիք շախմատի Աշխարհի գավաթին իր մասնակցությունը: «Մեկ շաբաթից մեկնում եմ Բաքու, իսկ Աշխարհի գավաթից հետո կխաղամ արագ շախմատի Աշխարհի առաջնությունում, որը տեղի կունենա Բեռլինում: Ցավոք, շախմատիստների համար դժվար է երկրների միջեւ հակամարտություններ կարգավորելը: Բայց չէ՞ որ երաժիշտները, արվեստի տարբեր ճյուղերի ներկայացուցիչները գալիս են Ադրբեջան. մարդիկ, ովքեր բերում են խաղաղություն, եւ ես պատրաստվում եմ հետեւել նրանց օրինակին: Կփորձեմ ցույց տալ, որ ես հարգում եմ հարեւան երկրին, գործի դնել շախմատում իմ լավագույն կարողությունները եւ հաճույք պատճառել տեղի երկրպագուներին»,- chess-news.ru-ի հետ զրույցում նշել է հայազգի գրոսմայստերը: Հայաստանն աշխարհի գավաթի խաղարկությունում ներկայացնելու են գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը: 1-ին մրցափուլում միմյանց դեմ հանդիպելու են՝ Լեւոն Արոնյան–Միքայել Վիդենկելլեր, Գաբրիել Սարգսյան-Մատեուշ Բարտել, Հրանտ Մելքումյան-Գատա Կամսկի, Սամվել Տեր-Սահակյան-Նիկիտա Վիտյուգով: Մասնակիցների մեջ են նաեւ ԱՄՆ-ն ներկայացնող հայազգի գրոսմայստերներ Վարուժան Հակոբյանն ու Սամուել Սեւյանը:
Վարուժան Հակոբյանի մրցակիցը կլինի Չեխիայի ներկայացուցիչ Վիկտոր Լազիչկան, իսկ Սամուել Սեւյանինը՝ ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը: Աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցում են 128 շախմատիստներ: Յուրաքանչյուր մրցամարտի ժամանակ կողմերը խաղալու են 2 խաղ՝ մեկական սպիտակ եւ սեւ գույներով: Հավասար՝ 1:1 հաշվի դեպքում, կանցկացվեն լրացուցիչ պարտիաներ, արդեն արագ եւ անհրաժեշտության դեպքում նաեւ կայծակնային խաղի կանոններով՝ մինչեւ կորոշվի հաղթողը: Պայքարն ընթանալու է նոկաուտ համակարգով՝ պարտվողը դուրս է մնալու հետագա պայքարից:
Հայ ֆուտբոլիստը եւս կմեկնի Ադրբեջան
Ադրբեջանի ԱԳ նախարարության մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիեւը մեկնաբանել է Դորտմունդի «Բորուսիայի» կազմում հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Ադրբեջան այցելության հետ կապված իրավիճակը: «Ուրախալի է, որ Եվրոպայի լիգայի խմբային փուլում մեր երկիրը միանգամից 2 ակումբներ են ներկայացնում՝ «Ղարաբաղ»-ն ու «Գաբալա»-ն: Յուրաքանչյուր երկիր, որը հանդես է գալիս ՈՒԵՖԱ-ի հովանու տակ անցկացվող մրցաշարերում, պարտավորվում է կատարել ընդհանուր կանոնները և համաձայն դրանց է անցկացնում տնային խաղերը: Ֆուտբոլի յուրահատկությունը թիմային խաղի մեջ է: Այստեղ հիմք են ընդունվում ոչ թե անձերը, այլ թիմը: Ստացվում է՝ Ադրբեջան է այցելելու ոչ թե առանձին անձը, այլ թիմը՝ Դորտմունդի «Բորուսիա»-ն:
Մենք չենք քաղաքականացնում սպորտը եւ այն չենք օգտագործում քաղաքական նպատակներով: Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանի ԱԳՆ-ի «սեւ ցուցակին», ապա այստեղ գործը դիտարկվում է մասնավոր կարգով»,- նախարարի խոսքերը մեջբերել են ադրբեջանական ԶԼՄ-ները: Ավելացնենք, որ «Գաբալա»-ն «Բորուսիա»-ին կհյուրընկալի հոկտեմբերի 10-ին:
Հայաստանի հավաքականը լուրջ մրցակից է…
«Հայաստանի հավաքականը, չնայած հեղինակավոր թիմերի թվին չի պատկանում, սակայն բավական լուրջ մրցակից է: Հայ ֆուտբոլիստները ֆիզիկապես լավ են պատրաստված եւ հստակ գիտեն իրենց պարտականությունները: Սակայն այս խաղում մեզ անպայման հաղթանակ է հարկավոր, որպեսզի թիմը հետագայում վստահություն ձեռք բերի», – Եվրո-2016-ի ընտրական փուլի Սերբիա – Հայաստան ֆուտբոլային հանդիպումից առաջ կազմակերպված մամուլի ասուլիսում ասել է դաշտի տերերի հավաքականի գլխավոր մարզիչ Ռադովան Չուրչիչը:
Թիմի ավագ Բրանիսլավ Իվանովիչը, մեկնաբանելով առաջիկա խաղը, նշել է, որ այն կարեւոր նշանակություն ունի հենց իրենց՝ ֆուտբոլիստների համար:
«Մեր ֆուտբոլիստները կարծես կորցրել են վստահությունն իրենց ուժերի նկատմամբ: Այն վերագտնելու համար մեզ անհապաղ հարկավոր է հաղթանակ տոնել: Միայն այդպես կարող ենք կրկին բարձրացնել Սերբիայի հավաքականի իմիջն աշխարհում» – ասել է Լոնդոնի «Չելսիի» պաշտպանը:
Նշենք, որ Եվրո-2016-ի ընտրական փուլի Սերբիա – Հայաստան խաղը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին, Նովի Սադում:
Հ.Գ. – Ցավոք, մեր հավաքականը այս անգամ էլ չխուսափեց պարտությունից, եւ հավասար խաղի պայմաններում պարտվեց 0:2 հաշվով:
Էդգար Ստեփանյանը աշխարհի փոխչեմպիոն
Աստանայում կայացավ հեծանվավազքի աշխարհի երիտասարդական առաջնությունը (տրեկ), որին մասնակցում էին 32 երկրների հեծանվորդներ: Հայաստանը ներկայացնում էին Եվրոպայի այս տարվա չեմպիոն Էդգար Ստեփանյանն ու Պավել Ստեփանյանը, մեր պատվիրակության կազմում են նաեւ հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը, Արսեն Բորյանը (մեխանիկ), Արթուր Ղազարյանը (բժիշկ-մերսող):
25 կմ (100 շրջան) խմբակային հեծանվավազքի մրցումները. Էդգար Ստեփանյանը գերազանց է հանդես եկել ու նվաճել է արծաթե մեդալ՝ արժանանալով աշխարհի փոխչեմպիոնի կոչումը :Մեր հեծանվորդները մասնակցել են նաեւ մի քանի այլ մրցումների:
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:
Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:
Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
* * *
«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`
«Պրես Ստենդ»՝ 54-41-99 «Բլից մեդիա»՝ 52-53-01
«Հայփոստ»՝ 51-45-01 «Հայմամուլ»՝ 58-94-12
«Պրես Ատտաշե»՝ 32-03-74 «Լուսանցք»՝ 52-38-75
* * *
1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ
6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ
3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ
1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ
– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:
– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:
«Լուսանցք» թիվ 29 (375), 2015թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում



