Նախագահը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ… Պատրաստ են եւ՛ Ստեփանակերտում եւ՛ Երեւանում… Ռազմամարզական հավաքը՝ Հայաստանում… Միջազգային ռազմական խաղերը՝ Ռուսաստանում…

Նախագահը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ

«Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում ՀՀ նախագահ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն հրավիրել է ազգային անվտանգության խորհրդի պայմանական նիստ՝ տեղեկացնելու վերջին օրերին Հայաստանի շուրջ, ըստ զորավարժությունների սցենարի, ծավալվող իրավիճակի մասին:

Նիստում լսվել են ազգային անվտանգության խորհրդի անդամների՝ խաղարկային իրավիճակից բխող զեկույցները և առաջարկությունները: Զորավարժությունների սցենարից բխող հանձնարարականներ են տրվել համապատասխան պետական մարմիններին: Հանրապետության նախագահը կարևորել է զորավարժությունների անցկացումը՝ որոշակի իրավիճակներում օպերատիվ և արդյունավետ գործելու, պետական մարմինների կարողություններն ու պատրաստվածության աստիճանն այդ իրավիճակներում փորձարկելու տեսանկյունից:

Նախագահի աշխատակազմից հիշեցնում են, որ ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նիստը հրավիրվել է «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում:

Զինվորական զորասյուներ՝ Ստեփանակերտում

Օգոստոսի 24-ին տեղի ունեցան ԼՂՀ հռչակման 24-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներ եւ կառավարական հանձնաժողովի հերթական նիստը՝ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի նախագահությամբ: Սեպտեմբերի 1-2-ին տարաբնույթ միջոցառումներ կազմակերպվեցին մայրաքաղաք Ստեփանակերտում եւ շրջաններում: Հանրապետության բոլոր կրթական հաստատություններում նոր ուսումնական տարվա առաջին դասն անցկացվեց խաղաղության թեմայով՝ դասընթացի կազմակերպմանը ներգրավելով պետական պաշտոնյաների, Արցախյան պատերազմի մասնակիցների եւ ՊԲ սպայական կազմի ներակայցուցիչների:  Սեպտեմբերի 2-ին մայրաքաղաքի եւ շրջկենտրոնների փողոցներով անցան զինվորական զորասյուներ, ծաղկեպսակադրության արարողություններ եղան զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշարձաններին:

Մեկնարկեցին «Շանթ-2015» զորավարժությունները

Սեպտեմբերի սկզբին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչությունում կայացած ճեպազրույցի ժամանակ ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա պետությունների ռազմական կցորդների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին իրազեկվել է սեպտմբերի 3-6-ը Հայաստանում անցկացվելիք «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների մասին: Համապետական նշանակության զորավարժությունը պլանային բնույթի է եւ նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության եւ ագրեսիայի հետմղման ընթացքում պետական եւ ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության եւ գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը:

Տեղեկացվել է, որ հաշվի առնելով Հայաստանի շուրջ եւ մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը եւ իրավիճակը առավելապես համապատասխանեցված են իրականությանը: Այս լարված օրերին աշխատանքային այցով Արցախ է մեկնել նախագահ Սերժ Սարգսյանը, մասնակցել է նաեւ ԼՂՀ հռչակման 24-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին:

Ռազմամարզական հավաքը՝ Հայաստանում

«Միություն-2015. Հաղթանակի ժառանգներ-Հայաստան» միջազգային երիտասարդական ռազմամարզական կրթական մրցույթ-հավաքի շուրջ 500 մասնակիցների համար օգոստոսի 17-ը տոնական էր՝ ազդարարվեց հավաքի մեկնարկը: Հավաքը ՊՆ հովանու ներքո էր՝ ռուսական «Դոբլեստ օտեչեստվա» հայրենիքի պաշտպանների աջակցման հասարակական շարժման եւ «Ռուս» ռազմական բազկամարտի ֆեդերացիայի աջակցությամբ: Բացման արարողությանը մասնակցել են ՊՆ եւ ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը՝ Սեյրան Օհանյանի գլխավորությամբ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդներ, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, բարձրաստիճան այլ հյուրեր: Ս. Օհանյանը նշել է, թե հավաքը, որ նվիրված է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին, պատմական նշանակություն ունի եւ միավորում է մեր ժողովուրդներին հոգեւոր առումով, բարոյական ուղղորդիչ է հետպատերազմյան սերունդների համար՝ դաստիարակելու նրանց ընկերության եւ եղբայրության ոգով: Ըստ նախարարի, հավաքի յուրահատկությունն այն է, որ դասակները ձեւավորված են խառը սկզբունքով. յուրաքանչյուրում ընդգրկված է հավաքին մասնակցող պետություններից 1 ներկայացուցիչ, ինչը խորհրդանշում է բոլոր ազգությունների ամբողջականությունը, ինչպես 70 տարի առաջ, երբ մեր պապերը կարողացան կասեցնել ընդհանուր վտանգը, հաստատել ապագայի իրենց իրավունքը:

Մասնակիցներին ողջունել է նաեւ ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղար Ալեքսանդր Սինայսկին: «Դոբլեստ օտեչեստվա»-ի ղեկավար Օլեգ Բականաչն էլ ասել է, որ պաշտպանական գերատեսչությունը նախաձեռնել է իր ծավալներով աննախադեպ միջոցառում. «Շատերը բազում դժվարություններ են հաղթահարել մինչ Հայաստան գալը: Ոմանք դժվարությամբ սահմանն են անցել, ոմանք էլ դժվարին պայքարում երկիր ներկայացնելու իրավունք վաստակել: Ընկերականությունից սուրբ ոչինչ չկա, հատկապես՝ որ գտնվում եք ընկերությունը գնահատող հնամենի հողի վրա»:

Ավանդույթի համաձայն՝ միջոցառմանը ներկա Հայրենական մեծ պատերազմի վետերանները Գեորգեւյան ժապավեններ հանձնեցին դասակների հրամանատարներին՝ հայկական բանակի ապագա սպաներին: Ցուցադրական ելույթներով հանդես եկան ավիացիոն եւ հատուկ ստորաբաժանումների զինծառայողները: Միջոցառումն ուղեկցվել է «Զորական», «Սարդարապատ» համույթների, էստրադային երգիչների կատարումներով:

Միջազգային ռազմական խաղերը՝ Ռուսաստանում

Հավաքից հետո ռազմական խաղերը կայացան Մոսկովյան Ալաբինո զորավարժարանում, մասնակցեց նաեւ ՀՀ ԶՈՒ թիմը: ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուի կարծիքով,«սա մեր երկրների զինված ուժերի միջեւ փոխվստահության ամրապնդման լավագույն միջոցն է»:

Ռազմական խաղերին մասնակցել է 57 թիմ՝ 20 երկրից՝ ավելի քան 2 հազար մարդ: Մասնակիցները մրցել են դաշտային, օդային եւ ծովային 14 մրցաձեւերում: Խաղերն անցկացվել են 11 վարժարաններում, որոնք տեղակայված են Սիբիրից մինչեւ Կրասնոդարի երկրամաս:

Իսկ մինչ այս, «Միջազգային ռազմական խաղեր-2015»-ի Տանկային բիաթլոնի մրցաշարի փորձնական մրցումներում Հայաստանի թիմը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը:

Առաջին երկու հորիզոնականները կիսեցին Ռուսաստանի եւ Չինաստանի տանկիստները, որոնց հաջորդեցին Հայաստանի եւ Նիկարագուայի թիմերը:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա պաշտոնական մրցումներում հայ տանկիստներն այս մրցաձեւում զբաղեցրել էին 2-րդ տեղը:

Նշենք նաեւ, որ ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Վաղինակ Սարգսյանը, ում գլխավորությամբ Հայաստանի թիմը Ռուսաստանում մասնակցեց տանկային բիաթլոնի մրցաշարին, հայտարարել է, որ Հայաստանը ծրագրում է հաջորդ տարվանից ընդլայնել իր թիմերի կազմը Միջազգային ռազմական խաղերում եւ մասնակցել մրցումների մեծ մասին. «Մենք մեծ ծրագրեր ունենք, քանի որ ողջունում ենք այս խաղերը: Սրանք ռազմական կարեւոր միջոցառումներ են ու շատ օգտակար: Կարծում եմ՝ խաղերը դրական ազդեցություն կունենան զորքերի ռազմական պատրաստվածության վրա: Ամենայն հավանականությամբ, մենք հաջորդ տարի գրեթե բոլոր մրցումներին կմասնակցենք, բացի ծովայինից»:

Արսեն Պետրոսյան եւ Կարեն Բալյան

«Լուսանցք» թիվ 29 (375), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։