Առաջին համաբուհական բանակումը՝ Արցախում… «Բազե-2015»-ը՝ Ծաղկաձորում… «Ինչ, որտեղ, երբ» խաղի աշխարհի առաջնությունը՝ Հայաստանում… Զինվորական զորասյուներ՝ Ստեփանակերտում… Մեկնարկեցին «Շանթ-2015» զորավարժությունները…

Առաջին համաբուհական բանակումը՝ Արցախում

Oգոստոսի 14-20-ը Արցախի Տող գյուղում անցկացվեց «Համաբուհական բանակում 2015» ուսանողական հավաքը: Այն ունի նպատակ՝ միավորել Հայաստանի, Արցախի եւ Ջավախքի բուհերի ուսանողներին, որպեսզի ստեղծվի անմիջական շփման հնարավորություն, որի ընթացքում մասնակիցները կավելացնեն գիտելիքների պաշարը՝ անցկացնելով գիտահանրամատչելի սեմինարներ, ինտելեկտուալ խաղեր: Մասնակիցների մրցակցային ոգին բարձրացնելու համար կազմակերպվել են մարզական ու մշակութային խաղեր, ուսուցանվել են ազգագրական պարեր:

Հավաքին մասնակցել են 100-ից ավել ուսանողներ: Թիմերը ներգրավվել են 5 ջոկատների կազմում, յուրաքանչյուրում՝ 20 ուսանող, որոնք կրել են Արցախի 5 մելիքություններրի՝ Գյուլիստանի, Ջրաբերդի, Խաչենի, Վարանդայի, Դիզակի անվանումները:

Վրանային պայմաններում անցկացվող ճամբար-բանակումի մասնակիցները 7 օրերին իրենց ուժերը փորձեցին մարզական, մտավոր, մշակութային մրցույթներում: Անցկացվեցին կլոր սեղան-քննարկումներ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, պաշտոնական այլ այրերի հետ:

Ուսանողները բանակումի ընթացքում այցելեցին Արցախի սրբավայրեր՝ Ամարաս, Գանձասար, եղան նաեւ Խնձորեսկում, հաղթահարեցին Դիզափայտ լեռան բարձրունքը:

Ի դեպ, ճամբար-բանակումը թեեւ իրականցվում է արդեն 2-րդ տարին, սակայն այս տարի կրել է համաբուհական բնույթ: Բանակումը կազմակերպվել է ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի, Ուսանողական խորհրդի եւ Ուսանողական գիտական ընկերության համատեղ ջանքերով, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ֆինանսավորմամբ:  «Բազե-2015»-ը՝ Ծաղկաձորում

2015թ. օգոստոսի 17-23-ը Ծաղկաձորում կայացավ «Բազե-2015» համահայկական երիտասարդական հավաքը: Միջոցառմանն առաջին անգամ մասնակցել է մեր հայրենակիցների «Ջավախք» ջոկատը:

Առհասարակ ջոկատները (կարմիր, կապույտ եւ ծիրանագույն ճակատները) համալրվում են այն հայորդիներով (18-30 տարեկան), ովքեր մասնակցում են ա/ մարզական (սեղանի թենիս, շախմատ, սպորտլանդիա, պարանի ձգում, վոլեյբոլ, բազկամարտ, մինի ֆուտբոլ, ազգային խաղեր եւ լող), բ/ մշակությաին (Բազե-երգ, Բազե-պար, Բազե-նորաձեւություն, Բազե-նկարիչ), գ/ ինտելեկտուալ (Բրեյն ռինգ եւ Բազե բանալի) խաղեր մրցույթներին:

Հերթական հավաքը կարեւորեց նաեւ Հայաստանի նախագահը՝ նկատելով, որ նման միջոցառումներին մասնակցում են առավելապես այն երիտասարդները, ովքեր որոշների նման չեն խուսափում հայկական բանակում եւ հայրենիքին ծառայելուց:

«Ինչ, որտեղ, երբ» խաղի աշխարհի առաջնությունը՝ Հայաստանում

«Մեզ հաջողվել է այս տարիներին պահպանել ինտելեկտուալ շարժումը Հայաստանում, քանի որ 2000-ականներին այն մարելու վտանգի «տակ» էր: Ներկայումս շարժումն ունի հստակ ձեռքբերումներ. այդ նպատակով պարբերաբար կազմակերպվում են դպրոցական եւ բուհական ինտելեկտուալ փառատոններ: Այսինքն, արվում է հնարավորը, որպեսզի զարգանա ինտելեկտուալների նոր սերունդ, հետաքրքրությունը դեպի գիտելիքը երեխաների մոտ դառնա ավանդույթ, որը կստիպի նրանց ավելի լավ սովորել, շատ կարդալ, լինել բազմակողմանի զարգացած մարդ»: Այս մասին նշել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Նա տեղեկացրել է, որ ավելի վաղ հայտ են ներկայացրել Գիտակների միջազգային ասոցիացիային՝ «Ինչ, որտեղ, երբ» խաղի հաջորդ տարվա Աշխարհի առաջնությունը Հայաստանում անցկացնելու վերաբերյալ, որը բավարարվել է: «Սա պատիվ է բերում ցանկացած կազմակերպիչ երկրի եւ՛ քարոզչական, եւ՛ քաղաքական, եւ՛ տեղեկատվական հոսքերում հայտնվելու, եւ՛ տվյալ երկրի կազմակերպչական ներուժը գնահատելու տեսանկյունից»,- նշել է նախարարը:

Գիտակների հայկական ասոցիացիան ներկայացնող երեւանյան «Նուիխ-Թելսել» թիմի ավագ Էդգար Մարկոսյանի թիմը հուլիսի 31-ից օգօստոսի 2-ը Բաթումում Գիտակների ինտելեկտուալ խաղերի Սեւծովյան բաց գավաթի 4-րդ առաջնության «Բրեյն ռինգ» մրցաշարում հաղթող է դարձել: Այդ մրցաշարին մասնակցել է 50 թիմ:

Զինվորական զորասյուներ՝ Ստեփանակերտում

Օգոստոսի 24-ին տեղի ունեցան ԼՂՀ հռչակման 24-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներ եւ կառավարական հանձնաժողովի հերթական նիստը՝ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի նախագահությամբ: Սեպտեմբերի 1-2-ին տարաբնույթ միջոցառումներ կազմակերպվեցին մայրաքաղաք Ստեփանակերտում եւ շրջաններում: Հանրապետության բոլոր կրթական հաստատություններում նոր ուսումնական տարվա առաջին դասն անցկացվեց խաղաղության թեմայով՝ դասընթացի կազմակերպմանը ներգրավելով պետական պաշտոնյաների, Արցախյան պատերազմի մասնակիցների եւ ՊԲ սպայական կազմի ներակայցուցիչների:

Սեպտեմբերի 2-ին մայրաքաղաքի եւ շրջկենտրոնների փողոցներով անցան զինվորական զորասյուներ, ծաղկեպսակադրության արարողություններ եղան զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշարձաններին:

Մեկնարկեցին «Շանթ-2015» զորավարժությունները

Սեպտեմբերի սկզբին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչությունում կայացած ճեպազրույցի ժամանակ ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա պետությունների ռազմական կցորդների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին իրազեկվել է սեպտմբերի 3-6-ը Հայաստանում անցկացվելիք «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների մասին: Համապետական նշանակության զորավարժությունը պլանային բնույթի է եւ նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության եւ ագրեսիայի հետմղման ընթացքում պետական եւ ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության եւ գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը:

Տեղեկացվել է, որ հաշվի առնելով Հայաստանի շուրջ եւ մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը եւ իրավիճակը առավելապես համապատասխանեցված են իրականությանը: Այս լարված օրերին աշխատանքային այցով Արցախ է մեկնել նախագահ Սերժ Սարգսյանը, մասնակցել է նաեւ ԼՂՀ հռչակման 24-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին:

Արսեն Պետրոսյան եւ Կարեն Բալյան

«Լուսանցք» թիվ 29 (375), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։