Մարզաշխարհը՝ մեկամսյա մարզական հեւքից – Ամփոփումների համահայկական խաչմերուկ… Համահայկական ամառային 6-րդ խաղերը… Ամենամեծ պատվիրակությունը՝ Արեւմտյան Հայաստանից… Ոչ թե կրոնական, այլ՝ ազգային փոքրամասնություն… Հայը երբեք հյուր չէ Երեւանում…

Ոչ միայն սպորտով, բայցեւ՝ սպորտով

Մեծ հետաքրքրությամբ անցան Համահայկական ամառային 6-րդ խաղերը: Վ. Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում բացման իսկապե՛ս հանդիսավոր արարողությանը մասնակցեց նաեւ Հայաստանի նախագահը:

Տոն էր մեր հայրենիքում, միասնության տոն, եւ մենք մեր միասնությունը նաեւ սպորտով հավաստեցինք: Պարային ու երաժշտական համարներով բեմականացվեց հայ ժողովրդի ընթացքը դարերի միջով… Այդ ընթացքը կարող էր եւ հանգրվան չունենալ, քանզի շրջապատված էինք եւ ենք թշնամիներով…

Բայց չենք պատրաստվում նրանց ուրախացնել: Մեր գենը կենսունակ է, ու այսօր՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության, Արցախի ու Սփյուռքի, ունենք եռամիասնություն: Եվ այդ եռամիասնությունն ընդհանուր ու կարեւոր մեկ նպատակ ունի՝ հայության հայրենիքի վերամիավորում ու հայության՝ իր միասնական հայրենիքում համախմբում:

Համահայկական ամառային 6-րդ խաղերին Սերժ Սարգսյանը նկատեց, թե՝ «օլիմպիական շարժումն իրավամբ մեծ եւ կարեւոր առաքելություն է կատարում արդի աշխարհում: Բոլոր երկրները եւ ժողովուրդները պատիվ են համարում մասնակցել այդ շարժմանը: Օլիմպիական խաղերն էլ, անշուշտ, հիմնված են առողջ մրցակցության, արդար պայքարի եւ ամենաուժեղի հաղթանակի կանխադրույթի վրա, որտեղ ամենակարեւոր սկզբունքը մասնակցությունն է եւ ոչ թե հաղթանակը: Համահայկական խաղերը կազմակերպելիս մեր առաջին նպատակը եղել է ապահովել հնարավորինս մեծ մասնակցություն, որպեսզի սպորտը եւ առողջ ապրելակերպն առավելագույն տարածում ստանան մեզանում: Ավելին՝ շատ կարեւոր է, որ սպորտը մարդկանց համախմբի եւ մեր աշխարհասփյուռ ժողովրդին միավորող իրողություններից մեկը դառնա»:  Համահայկական 6-րդ խաղերին մասնակցելու համար ժամանած մարզական խմբերը գալիս էին աշխարհի տարբեր երկրներից: Նախորդ 16 տարիների ընթացքում առաջընթաց էր արձանագրվել. 1999թ. 1-ին խաղերի համեմատ 1/3-ով աճել էր մասնակից երկրների թիվը՝ 23-ից հասնելով 36-ի: 2,5 անգամ ավելացել էր մասնակից քաղաքների թիվը՝ 63-ից հասնելով 175-ի, իսկ խաղերի մասնակիցների թիվը մեծացել էր 6 անգամ՝ 1141-ից հասնելով 6352-ի: Մարզաձևերի քանակը 7-ից դարձել էր 17:

Ամենամեծ պատվիրակությունը՝ Արեւմտյան Հայաստանից

Մասնակիցներից շատերը սփյուռքում ծնված արդեն 4-րդ կամ 5-րդ սերունդն էին: Շատերն առաջին անգամ էին տեսնում իրենց հայրենիքը, ոմանք՝ դժվարությամբ խոսում հայերեն: Բայց բոլորի հոգում մշտապես Հայաստանն է: Բոլորը միմյանց կապված էին հայկական ինքնությամբ: Սերժ Սարգսյանը եւս շեշտեց սա եւ նշեց, որ ինչքան էլ նոր ու լրացուցիչ տարբեր ինքնությունների շերտեր ավելանան, հայությունը, հայ լինելը մեր բոլորի մայր ինքնությունն է: Այդ ինքնությունն է, որ Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումներով բնորոշվող այս տարում մեզ կրկնել է տալիս 2015-ի կարգախոսը՝ հիշու՛մ ենք եւ պահանջու՛մ:

Նկատենք, որ բեմականացված ցուցադրումներում հայ ազգի հազարամյակների նոր ընթացքը վերսկսեց Հայկի եռաթեւ նետից ու Բելին խոցելուց: Եվ դրվեց Հայք-Հայաստան երկրի վերականգնման-ամբողջականացման հիմքը: Դարեր անցան: Մենք դաժանագույն փորձության դիմացանք՝ Ցեղասպանությանը, բայց այսօր ոտքի վրա ենք ու՝ ոտքի վրա ենք պահանջատիրության մղումներով:

… Եվ ցնծաց մարզադաշտը՝ տեղեկանալով, որ ամենամեծ պատվիրակությունը եկել է Արեւմտյան Հայաստանից՝ 881 մարդ: Սա՝ ի ցույց ամբողջ աշխարհի խոսք էր, որ Արեւմտյան Հայաստանումն դեռ ապրում ենք ու պիտի՛ ապրենք: Եվ փա՛ռք Հայ Աստվածներին, որ մեր հողերի վրա երբեք չենք կորցնելու արմատը մեր:

Ու հաղթելու ենք, եւ հաղթարշավը Արցախից ենք սկսել: Եվ մարզական շքերթի բացման պատիվն էլ տրված էր Արցախին:

Ոչ թե կրոնական, այլ՝ ազգային փոքրամասնություն

Համահայկական խաղերի բացման արարողության ժամանակ Սիրիայի Հալեպ քաղաքի ներկայացուցիչ Շողիկ Ավետիսյանը մարզիկների անունից երդվեց, որ մրցումներին կմասնակցեն՝ հարգելով մարզական կանոնները: «Երդվում ենք, որ Համահայկական խաղերին կմասնակցենք՝ հարգելով ու ենթարկվելով գործող մարզական կանոններին՝ համաձայն մարզական ոգու, հանուն սպորտի պատվի, մասնակից քաղաքների, հայ ժողովրդի ու մեր Մայր Հայաստանի փառքի»,- հայտարարեց հայուհին:

Բացման արարողությանը մասնակցելու նպատակով ներկայիս Թուրքիայից Հայաստան ժամանած պատվավոր հյուրերը Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի եւ գործկոմի անդամների ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշակոթող եւ Հայոց ցեղասպանության զոհերի թանգարան-ինստիտուտ: Պատվիրակության կազմում են եղել Վանի քաղաքապետ Բեքիր Քայան, Վանի համաքաղաքապետ Հաթիջե Չոբանը, Բիթլիսի քաղաքապետ Հուսեյին Օլանը, Մուտքի քաղաքապետ Օզքան Բիրլիկը, Նորշենի քաղաքապետ Էմին Օզքանը, Դիարբեքիրի Սուրի քաղաքապետ Ֆաթմա Շըք Բարութը եւն:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նորաբաց ցուցասրահում նրանց են ներկայացրել բացառիկ ցուցանմուշներ, լուսանկարներ, տարեգրություններ:

Թուրքիայից Հայաստան ժամանած որոշ հայեր ցանկացան մկրտվել եկեղեցում, սակայն բացասական պատասխան ստացան: Եկեղեցին պարզաբանեց, թե ինչու չի մկրտել Համահայկական խաղերի այդ մասնակիցներին: «Մեզ համար առաջին հերթին անհրաժեշտ է Պոլսո հայոց պատրիարքության հաստատումն այն մասին, որ նրանք ազգությամբ հայեր են: Նրանք Պոլսո Հայոց պատրիարքարան չեն դիմել,- անդրադառնալով Համահայակական 6-րդ խաղերի 3 մասնակիցների այն հայտարարությանը, թե եկեղեցին հրաժարվել է մկրտել իրենց՝ ասել է Տեր Զաքարիա քահանա Ավետիսյանը եւ հավելել,- նրանք որեւէ փաստաթուղթ չունեն, որ հայ են: Մենք օտարազգիներին մկրտում ենք այն դեպքում, երբ ամուսնացած են հայերի հետ, այդպես է Հայ առաքելական եկեղեցու կարգ ու կանոնը»:

Ի դեպ, Հայր Զաքարիայի խոսքով, այսօր մեծ թվով ազգությամբ պարսիկներ են դիմում հայկական եկեղեցիներում մկրտվելու համար:

Իսկ լրագրողների հետ հանդիպմանը տարածաշրջանային հարցերով փորձագետ Սարգիս Հացպանյանը հայտնել է:

– Կ. Պոլսի Պատրիարքի տեղապահ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը շրջաբերական է ուղարկած եղել Մայր Աթոռ, որ եթե հանկարծ Թուրքիայի Հանրապետության քաղաքացի հանդիսացող մարդը գա Հայաստան ու փորձի կնքվել, նրան պետք է մերժել: Եթե պիտի կնքվեն, իր համաձայնությունն է անհրաժեշտ»:

Ամեն դեպքում ազգությունը վկայակոչող փաստաթղթի պահանջը դրական ենք համարում, ինչը ակամա կարող է հանգեցնել նրան, որ հայերը Թուրքիայում դադարեն կրոնական փոքրամասնություն համարվել եւ կդառնան ազգային փոքրամասնություն:

Հայը երբեք հյուր չէ Երեւանում

Համահայկական 6-րդ խաղերը եւս դարձան պատմություն, եւ փակման արարողությանը վարչապետ Հովիկ Աբրահամյանը հույս հայտնեց, որ նրանք հայրենիքից դուրս կշարունակեն պահպանել հայի ինքնությունն ու գործել ի նպաստ հայապահպանության ամրապնդման:

Միջոցառման ընթացքում կառավարության ղեկավարը հանձնել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի կողմից սահմանած հատուկ մրցանակներ՝ 6 անվանակարգերում:

«Լավագույն պատվիրակություն» մրցանակին է արժանացել Մոնրեալի պատվիրակությունը (Կանադա), «Արդարացի խաղի համար» մրցանակին՝ Նիկոսիայի պատվիրակությունը (Կիպրոս), «Մարզական ոգի եւ համբերություն դրսեւորած պատվիրակություն» մրցանակին՝ Սպահանի պատվիրակությունը (Իրան), «Համահայկական 6-րդ խաղերի հայտնություն» մրցանակին՝ Մուշի պատվիրակությունը եւ «Համահայկական 6-րդ խաղերի գեղեցկուհի» է հայտարարվել Դիանա Թումանովան (Թբիլիսի):

Թիմային հաշվարկով Երեւանը զբաղեցրել է Համահայկական ամառային 6-րդ խաղերի 1-ին հորիզոնականը, եւ խաղերի փակման հանդիսավոր արարողության շրջանակում Համահայկական խաղերի դրոշը ի պահ է տրվել Երեւանին, որը հանձնվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

Դիմելով խաղերի մասնակիցներին՝ Երեւանի քաղաքապետն ընդգծել է, որ համայն հայության մայրաքաղաք Երեւանի դռները միշտ բաց են յուրաքանչյուր հայի առջեւ. «Երեւանը հայտնի է իր ջերմությամբ ու հյուընկալությամբ, սակայն դուք հյուր չեք Երեւանում: Այն բոլորիս տունն է, համայն հայության մայրաքաղաքը»:

Արսեն Պետրոսյան եւ Կարեն Բալյան

«Լուսանցք» թիվ 29 (375), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։