Հայաստանի ներսում, բայց Ռուսաստանի «աչքի տակ» – Դասալքության մեղադրանքով դատապարտվեց 10 տարվա ազատազրկման… Ավետիսյանների սպանության գործով նախաքննությունը դեռ չի ավարտվել…

Հունվարի 12-ին Գյումրիում սպանված Ավետիսյանների հարազատները մասնակցեցին Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում օգոստոսին կայացած դատավարությանը, որի ընթացքում քննվեց Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործը՝ դասալքության մասին։ Սպանված Հասմիկ Ավետիսյանի քույրը՝ Ռիտա Պետրոսյանն ասել է, որ պարտադիր ներկա են գտնվելու դատական նիստերին։

Դատավարությունը լուսաբանող օպերատորներին 15 րոպե թույլատրեցին նկարահանել նիստը:

Դատավարության ընթացքում դատավորի այն հարցին, թե ինչպե՞ս է ինքնազգացողությունը, Պերմյակովը պատասխանել է, որ լավ է: Այնուհետեւ նիստը նախագահող դատավոր Ալեքսանդր Շելդյաեւը տեղեկացրեց ամբաստանյալ Պերմյակովին, ինչպես նաեւ կողմերին իրենց իրավունքների մասին, որից հետո մեղադրող դատախազ Վլադիմիր Անդրուսենկովը հնչեցրեց առաջադրած մեղադրանքը: Վալերի Պերմյակովն ամբողջությամբ ընդունեց մեղադրանքը: Իսկ նրա շահերի պաշտպանը հայտարարեց, որ այս փուլում հարցերի չի պատասխանելու: Ի դեպ, դատարանի դահլիճում ամբաստանյալը մեկուսացված էր պատնեշով: Հայ փաստաբանները պահանջել են, որ ամբաստանյալը փորձաքննության ենթարկվի նաեւ հայկական կողմում: Դատարանի դահլիճում Պերմյակովը հրաժարվել է խոսել, ցուցմունքներ տալ, ընթերցվել են նրա նախաքննական ցուցմունքները, վկայություններ են տվել գործով վկաները:

Դասալքության գործը 72 հատոր է: Դատական նիստում քննարկվեց զենքով դասալքության, զենք, զինամթերք հափշտակելու եւ ապօրինի կրելու մասով: Մեղադրվող Պերմյակովը մեղադրանքի առաջադրված այդ դրվագով դատապարտվեց 10 տարվա ազատազրկման։

Ռուսական կողմը հրապարակեց Պերմյակովի գործով իր մեղադրական եզրակացությունը եւ հայտարարեց, որ քրեական գործի հետագա դատաքննությունը հանձնվում է ՀՀ իրավապահ մարմիններին: Կարելի է համարել, որ այդ պահից Վալերի Պերմյակովը հայտնվել է ՀՀ իրավապահների ենթակայության տակ:

Ավետիսյանների սպանության գործով նախաքննությունը դեռ չի ավարտվել, հետեւաբար այդ գործով դատական նիստի ժամկետները դեռ հայտնի չեն: Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանությունը տեւել է 15 րոպե, որից հետո հանցագործին ձերբակալել են հայ-թուրքական սահմանային մի հատվածում: նա փորձել է սահմանն անցնել: Հայաստանի եւ Ռուսաստանի իրավապահները որոշել են, որ Պերմյակովը կմնա Հայաստանում եւ պատիժն այստեղ կկրի։ Բայց նա կպահվի ՌԴ 102-րդ ռազմաբազայի տարածքում գտնվող կալանավայրում: Այսինքն՝ Հայաստանի ներսում, բայց Ռուսաստանի տարածքում։

Ցայսօր Ավետիսյանների հարազատները, եւ ոչ միայն նրանք, համոզված են, որ Պերմյակովը միայնակ չի գործել: Նրանք ցանկանում են հասկանալ՝ իրո՞ք կարող էր այդքան բանը միայնակ անել մեկը, առանց «թիկունքի»: Ինչու՞ է նա վստահ եղել, որ կարող է սահմանն անցնել, մտնել Թուրքիա եւ ապա «հերոսացած» գնալ Ռուսաստան՝ իր աղանդավոր հարազատների մոտ… «Մի տեսակ չենք հավատում:,- ասում են Ավետիսյանների հարազատները՝ հավելելով,- ի՞նչ սառնասրտությամբ է նա այդ ամենն արել, ի՞նչ ոխակալությամբ…»:

Վահագն Նանյան

«Լուսանցք» թիվ 29 (375), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։