Սպասարկող երկրի տրամաբանությամբ Համալիրը եւ հետո՞ Ծիծեռնակաբերդը – «:Հիշում ենք եւ պահանջու՞մ», թե՞ «Հիշում ենք եւ …խաղում» մարզահամերգային համալիրի խաղատանը… Հաշվեկշռային մոտ 60 մլն. դոլարանոց համալիրն օտարվում է 30 մլն.-ո՞վ…

Կառավարության որոշմամբ Պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող եւ մեր պետության սեփականությունը հանդիսացող «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը» վաճառքի ձեւով օտարվել ու տրվել է «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» ՍՊԸ-ին։ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել էր, որ վաճառքի գինը կկազմի 30 մլն. դոլարին համարժեք դրամ։ Գնորդը պարտավորվում է 6 ամիս ժամկետով առնվազն 55.000 դրամ նվազագույն աշխատավարձով աշխատանքային պայմանագրեր կնքել ՊՈԱԿ-ում փաստացի աշխատող 99 աշխատողների հետ, ինչպես նաեւ պահպանել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» անվանումը եւ օգտագործման ուղղվածությունը, 10 տարվա ընթացքում յուրաքանչյուր տարի ապահովել կառավարության հայտով համապատասխան նշանակություն ունեցող միջոցառումները:

Նախագծով առաջարկվում է նաեւ հավանության արժանացնել ներդրումային ծրագիրը, որի ընդհանուր արժեքը գերազանցում է 100 մլն. դոլարը: «Ներդրումային ծրագիրը նախատեսվում է կյանքի կոչել չորս տարվա ընթացքում, այդ թվում՝ հիմնել հյուրանոցներ, փակ ջրաշխարհ, համերգային դահլիճներ, հանդիպումների սրահներ, ռեստորաններ, խանութներ, ինչպես նաեւ ապահովել 250 նոր աշխատատեղի ստեղծում»,- ասել է Սեյրան Օհանյանը: Խոսք կա նաեւ խաղատան կառուցման մասին, ինչն առայժմ հերքել են փորձում վերեւները:

Մարզահամերգային համալիրի վաճառքի շուրջ հարցերն ու մտահոգություններն ավելանում են, քանի որ այն հայաստանցիների սիրելի վայրերից է: Շատերն են ասում, որ ներդրումներին դեմ չեն, բայց ինչու՞ չեն երեւում իսկական տերերը…

«Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցացիա»-ի նախագահ Խաչատուր Մարոզյանն անդրադառնալով համալիրի վաճառքին՝ նույնպես ասել է, որ նման ներդրումներին ինքը դեմ չէ. «Մտահոգիչն այն է, որ այս ինվեստորները քողարկված են, ես չեմ կարծում, որ Քըրք Քըրքորյանի նման մարդը ներդրում աներ ու մենք չիմանայինք դրա մասին: Մենք լավ գիտենք, որ գործ ունենք կեղտոտ փողերի հետ»:

«ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» ՍՊԸ-ն վաճառքի ժամանակ ընդամենը 20 օրվա պատմություն ուներ, ինչի մասին տեղեկանում ենք Էլեկտրոնային ռեգիստրից: Միայն պարզ է, որ հիմնադիրը Արմեն Զավենի Գեւորգյանն է, որը ոչինչ չի պարզաբանում ընկերության մասին:  Համալիրի վաճառքը նման ընկերությանն ու նման գնով հարցեր է առաջացրել: Հաշվեկշռային մոտ 60 մլն. դոլարանոց համալիրն օտարվում է 30 մլն.-ո՞վ… գոնե հորինեին, թե ինչու՞ հենց այդքան։

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանին չի բավարարում այս ամենը եւ նա խնդրել է, որ իրեն տրամադրեն ընկերության ներդրումային ծրագիրը, որտեղ մանրամասն նշված է լինելու, թե այդ կառույցները որտեղ են լինելու. «Ուզում եմ իմանալ, տեղանքը որտե՞ղ են հատկացնելու, թե ի՞նչ հեռավորության վրա են գտնվելու համալիրից, համալիրը ի՞նչ փոփոխությունների կարող է ենթարկվել: Այս ամեն ինչը պետք է ճշտվի, թե չէ նրանց կախարդական գորգը ինձ ոչինչ էլ չի տալիս»: Նկատենք, որ կառավարության որոշման՝ ներդրումների վերաբերյալ հավելվածում ասված է. «Համալիրի ճարտարապետական լուծումները լինելու են կախարդական գորգի թեմաներով, որը յուրաքանչյուր ծնող ցանկանում է վայելել իր երեխաների հետ եւ դարձնել երկար տարիների հիշողություններ»:

«Ձեւափոխություններ չի կարելի անել, կարելի է վերանորոգել, որոշ տեղերում տանիքը սարքել: Բայց չի կարելի այնպիսի միջամտություններ անել, որն արգելվում է Հուշարձանների մասին օրենքով: Դա 100 տոկոսանոց հարց է, ինձ մտահոգում է, թե ընտանեկան հյուրատներն ու հյուրանոցները ո՞ր հատվածում են տեղավորելու: Քանի որ համալիրին շատ մոտ լինելն է վտանգավոր, եւ հեռու լինելը՝ նույնպես, քանզի Եղեռնի հուշարձանն է այնտեղ, կանաչ ու անտառածածկ տարածք կա այնտեղ»,- հավելել է Ճարտարապետների միության նախագահը:

Այնուամենայնիվ, խաղատան մասին զրույցները հանգիստ չեն տալիս, այստեղ նաեւ հարցի բարոյական կողմը կա. ո՞ր գլուխն է հղացել այս ոճիրը՝ Հայոց Ցեղասպանության զոհերի հուշակոթողի մոտ զվարճանքի վայր ստեղծելու այդ «փառահեղ» շահութաբեր գաղափարը:

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն էլ համալիրի վաճառքի վերաբերյալ նշել է. «Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ որոշվել է Ծիծեռնակաբերդում կառուցել կազինո։ Այնպես որ, «Հիշում ենք եւ խաղում…»: Ասում են՝ առաջիկայում վաճառվելու է նաեւ Ծիծեռնակաբերդը, այնտեղ մուտքը դառնալու է վճարովի: Կառավարական շրջանակներում սկսել են մտմտալ այդ վաճառքի մասին: Թեեւ սա խելքին մոտ չէ, բայց վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ նույնիսկ շատ անտրամաբանական բաները Հայաստանում դառնում են շա՜տ տրամաբանական:

Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը Ծիծեռնակաբերդի հարեւանությամբ գտնվող Մարզահամերգային համալիրի վաճառքի մասին իմացել է մամուլից: Համալիրի վաճառքի վերաբերյալ կառավարության որոշման մասին Դեմոյանը ձեռնպահ է մնում մեկնաբանելուց. «Գերադասում են հիմա լռել, որովհետեւ շոշափելի որեւէ բան չկա, որի հիման վրա մենք քննադատենք, խոսենք կամ չգիտեմ՝ հայրենասիրական ձեւակերպումներ տանք: Սպասենք, տեսնենք՝ իրականում դա ինչ է իրենից ներկայացնում, որից հետո կարձագանքենք»:

Վաճառքի վերաբերյալ փաստաբան Կարեն Մեժլումյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Բայց մեր կառավարությանը հալալա. 10,2 մլրդ. դրամ պարտքի դիմաց համալիրը վերցրեց ու վաճառեց 30 մլն. դոլարով (14,4 մլրդ. դրամ)։ Պլյուս 70-100 մլն. դրամի ներդրում պետք է կատարվի։ Այն ժամանակ հողը 20 հա էր, հիմա՝ 10։ 2005թ. ԲԱՄՕ-ն համալիրի համար վճարել էր 2,6 մլրդ դրամ (կեսից շատը Հայաստան համահայկական հիմնադրամին) եւ պարտավորվել էր կատարել 4,3 մլրդ դրամի (այն պահին մոտ 10 մլն. դոլար) ներդրում»:

Հիշեցնենք, որ անցած տարի օգոստոսի 21-ին կառավարության որոշմամբ համալիրը հանձնվեց ՊՆ-ին: Այն ժամանակ այսպես բացատրեցին. «Կառավարության որոշումը պայմանավորված է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ բյուջետային վարկի պարտքի (ավելի քան 10 մլրդ. դրամ) եւ նախապես վճարված պետական տուրքի գծով դատական ծախսի (ավելի քան 205 մլն. դրամ) բռնագանձման հարկադիր կատարման վարույթի շրջանակում սնանկության գործով ֆինանսների նախարարության ծանուցման հիման վրա Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից 2014թ. օգոստոսի 14-ից հայտարարած՝ անշարժ գույքի հերթական էլեկտրոնային աճուրդը գնորդ չլինելու հիմքով չկայանալու եւ պարտքի դիմաց ավելի քան 10 մլրդ. դրամ ընդունման մասին հարկադիր կատարողի առաջարկով»:

Համալիրի վաճառքի վերաբերյալ կառավարության որոշման՝ ներդրումային ծրագրի վերաբերյալ հավելվածում նշվում է. ««ՆՏԱԱ Ինվեստմենտ Գրուպ» ՍՊԸ-ն նպատակ ունի համալիրի ձեռք բերման եւ հարակից տարածքի կառուցապատման միջոցով իրականացնել խոշոր ներդրումային ծրագիր, որի ընդհանուր նկարագիրը հետեւյալն է. 1. վերանորոգել Կ. Դեմիրճյանի անվան մարզա-համերգային համալիրի շենքը: 2. նախատեսվում է նաեւ իրականացնել կառուցապատում եւ ստեղծել ընտանեկան ուղղվածության համալիր կենտրոն, որը առաջինն է ոչ միայն ՀՀ-ում, այլեւ՝ տարածաշրջանում: Հյուրանոցներն ունենալու են 350-ից ավելի ընտանեկան ոճի սենյակներ: Փակ ջրային ատրակցիոնն ունենալու է ավելի քան 18.000 քմ մակերես, աշխատելու է 12 ամիս: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել առավելագույնը 4 տարվա ընթացքում: Ընդհանուր ծախսերը՝ ներդրումների չափը, գերազանցում է 100 մլն դոլարը, որը կճշգրտվի համապատասխան նախագծերի հաստատումից հետո, բայց հաստատ չի նվազի նշված չափից: Անհրաժեշտ դրամական միջոցները ներգրավվելու են օտարերկրյա պետություններից»:

Կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վաչության պետ Արման Սահակյանը, անդրադառնալով Մարզահամամերգային համալիրի մասնավորեցմանը, ասել է. «Խաղատուն չի լինելու, չնայած մեր օրենքը չի արգելում խաղատուն կառուցել: Շահումով խաղ կարող է կազմակերպվել կառավարության կողմից հավանության արժանացած 40 մլրդ. դրամից ավելի ներդրումային ծրագրերի դեպքում: Այսինքն՝ եթե 100 մլն. դոլարի ներդրում իրականացվի, ապա խաղատունը կլինի, եթե չիրականացվի, բնականաբար, խաղատուն չի լինի: Բայց դա չի խոչընդոտելու համալիրի ճարտարապետական տեսքին: Աչքի լույսի պես պահելով, մենք պետք է կարողանանք համալիրը դարձնենք մեր քաղաքի ամենաակտիվ կառույցներից մեկը: Հիմնական ծրագիրը սա է եւ վստահեցնում եմ, որ այս ծրագիրը իրականանալու է խիստ հսկողության ներքո»: Ըստ նրա՝ իր ղեկավարության ժամանակ չի եղել մի դեպք, որ որեւէ մեկը՝ անկախ դիրքից, չկատարի իր առջեւ դրված պարտավորությունները:

Կուզենայինք հավատալ, բայց մեր իրականությունն այլ է՝ այլ պարտավորություններով, որոնց մասին չի նշվում, բայց հաճախ դրանք են լինում չինովնիկի «առջեւ դրված պարտավորությունները», որոնք էլ սրբորեն կատարվում են ենթակայական հանգամանքների թելադրանքով…

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 29 (375), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։