Սերունդը փորձարարական նյութ չէ – Դպրոցական ծրագիրը բանի պետք չէ՞… Ներառական կրթության ամենամեծ խնդիրը… Մեկ հուշում՝ նախարարին… Այդ մեծ ու զզվելի խախտումը… Պատկերը՝ թվերի լեզվով… Կլինե՞ն նոր փորձարարություններ… Հանուն ֆիզիկական եւ հոգեկան առողջության… Ազգային երգ ու պարը դպրոցում…

Երբ համեմատականներ էին անցկացվում խորհրդային կրթակարգի եւ մեր նորանկախ երկրում 10, 11 կամ 12-ամյա կրթակարգի նորամուծություննների միջեւ, նորաթուխ կրթգիտատեսաբանները հայտարարում էին, թե համեմատելու խնդիր չկա, քանզի նոր կրթակարգը միանշանակ կատարյալ է…

Պարզվեց, սակայն, որ տարիներ շարունակ արվող փորձարկումները չեն հաստատում լավատեսական կարծիքները, չնայած ամեն անգամ մեր դպրոցականների այս կամ այն միջազգային օլիմպիադայում հաղթելու հանգամանքը միշտ թմբկահարվում է որպես փաստ:

Հարց է ծագում՝ ի՞նչ է խորհրդային համակարգի տարիներին հայ երեխաները չէին հաղթու՞մ, իհարկե հաղթու՛մ էին, ինչպես ԽԱՀՄ օլիմպիադաներում, այնպես էլ՝ միջազգային: Եթե խորհրդային կրթահամակարգով անցած հայերը ցայսօր հիշում են իրենց դպրոցական տարիներն ու գիտելիքները, իմիջիայլոց՝ բոլոր առարկաներից, ապա նոր սերունդը հետզհետե եւ հիմնականում դառնում է թեստային համակարգի գիտելիքների կրող: Իսկ սա նշանակում է՝ գիտելիքների առնվազն կեսը պատահականության սկզբունքի հիմքով է…

Հիշեցնենք, որ տարիներ առաջ Ճապոնիայում դպրոցականների միջազգային օլիմպիադայի ժամանակ մի հետաքրքիր դեպք էր արձանագրվել: Աշակերտների՝ մաթեմատիկայի հարցերի պատասխանները գրելու ժամանակ լսարանը հոսանքազրկվել է կարճ միացումից, ինչը սարսափեցրել է Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի մասնակիցներին, քանի որ առանց էլեկտրոնային հաշվիչների նրանք անգամ բազմապատկման աղյուսակը չեն իմացել անգիր… ԽՍՀՄ դպրոցականներին այդ անսարքությունը չի խանգարել, կարողացել են արագ ավարտել իրենց աշխատանքները եւ հաղթել…

Ճապոնիայի կրթական համակարգի պատասխանատուներից մեկը չէր թաքցրել իր հիացմունքը խորհրդային աշակերտների իմացության առումով, իսկ լսարանի հոսանքազրկումը մեկ անգամ եւս ապացուցեց, որ նոր սերունդն ամբողջապես կախված է էլեկտրոնային օժանդակ սարքերից ու համակարգչից, ինչի չգոյությունը եթե չզրոյացնի նրանց գիտելիքները, ապա հաստատ թերուս կդարձնի:

Այժմ մեր կրթակարգը գնում է հենց այն ուղղությամբ, ինչը վերոհիշյալ ժամանակներում Ճապոնիայի կրթական համակարգի պատասխանատուներից մեկի ասածը կրկնելկու առիթ է տալիս: Անգամ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն է խոստովանել, որ «եկել է դպրոցական կրթական ծրագիրը վերանայելու պահը. մեր դպրոցական հանրակրթական բովանդակությունը կորցրել է այն կուռ կառուցվացքը եւ տրամաբանությունը, որը պետք է ունենար: Շատ են դժգոհություններն առարկայական ծրագրերի ծանրաբեռնվածության եւ միջառարկայական կապերի թույլ արտահայտվածության վերաբերյալ»:

Վերջերս նախարարը 2015-16 ուստարվա օգոստոսյան խորհրդակցությունների ժամանակ հայտարարեց նաեւ, որ «վիճակագրական տվյալների համաձայն՝ տարեկան 3-4 հազար աշակերտ 9-րդ դասարանն ավարտելուց հետո չի շարունակում կրթությունը, խնդիրը մենք դիտարկել ենք թե՛ կրթական, թե՛ սոցիալական կարեւորության առումով, եւ պետությունը պատրաստ է իր վրա վերցնել այդ 3 տարիների կրթության ծախսերը»:

Նախարարն անդրադարձել է նաեւ Տավուշի մարզում ներառական կրթության ներդրման հաջողված փորձին՝ ընդգծելով, որ դրա շնորհիվ ամեն տարի 300 երեխա մարզում դառնում է հանրության լիիրավ անդամ:

Խոսվել է նաեւ նախակրթարանների հիմնման անհրաժեշտությունից այն համայնքներում, որտեղ դրանց կարիքը կա:

Քննարկվել են սահմանը պահող գյուղերի ուսուցիչներին հուզող հարցերը, ուսանողների ուսման վարձերի զեղչերի, դպրոցների վերանորոգման եւ ուսուցիչների՝ սոցիալական փաթեթում ներգրավվածության խնդիրները: Հիշեցնենք, որ 2014թ. կառավարության նախաձեռնությամբ զեղչվել էր սահմանապահ որոշ գյուղերի ուսանողների ուսման վարձը: Ըստ նախարարի, այս տարի էլ համապատասխան ֆինանսական միջոցների առկայության պայմաններում հնարավոր է որոշակի օգնություն ցուցաբերվի նաեւ այլ գյուղերի, եւ ներկայումս հստակեցվում է համայնքների ցանկը:

Ներառական կրթության ամենամեծ խնդիրը

«ՀՀ բոլոր դպրոցները մինչեւ 2025թ. պետք է կարողանան իրականացնել ներառական կրթություն՝ օրենքի պահանջներին համաձայն: Դպրոցները պետք է կարողանան ոչ թե ուղղակի երեխային ընդունել, այսօր էլ պարտավոր են բոլորն ընդունել, դա 1999-ին ընդունված օրենքով է կարգավորվում, այլեւ կարողանան համարժեք արձագանք տալ յուրաքանչյուր երեխայի կարիքներին»,- հայտարարել է ԿԳՆ աշխատակազմի հանրակրթության վարչության նախադպրոցական եւ միջնակարգ կրթության բաժնի գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանը: Նախարարի հրամանով հանրապետությունում կա շուրջ 170 ներառական կրթություն իրականացնող դպրոց, սակայն նախարարության հետազոտությունների արդյունքներով բոլոր դպրոցներում էլ զարգացման խնդիրներով երեխաներ կան:

«Հույսի կամուրջ» հ/կ ղեկավար Սուսաննա Թադեւոսյանը նշել է, որ մինչեւ 2025-ը հասնելու ճանապարհին շատ խնդիրներ կան. «Այսօրվա ներառական կրթության համակարգում խնդիրները բազմաթիվ են: Մեծագույն խնդիրը մնում է վերաբերմունքը: Դա խոչընդոտ է, որը ցավոք առկա է թե ընտանիքներում, թե հասարակության մեջ, թե դպրոցում»: Նրա խոսքով, վերաբերմունքն ու առկա կարծրատիպերը փոխելու գործում մեծ անելիքներ ունեն հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով ու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հ/կ-ները:

«Գիտե՞ք, սա բնական է, ու այս ճանապարհով անցել է ամբողջ քաղաքակիրթ աշխարհը: Աշխարհը մենք փոխում ենք՝ փոխելով մեր վերաբերմունքը:

Ես տեսնում եմ, որ շատ բաներ հաճախ արվում են արվելու համար, բայց դրանում այդ ներառական հայացքը գոյություն չունի, սա խոչընդոտում է ներառական կրթության բնականոն զարգացմանը»,- ասել է հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող վերոնշյալ կազմակերպության նախագահը: Նա անդրադարձել է վերջերս մեծ աղմուկ հանած դեպքին, երբ քաղաքապետարանի ենթակայության ներքո գործող թիվ 125 դպրոցի տնօրեն Լիլիթ Անտոնյանը հրաժարվել էր դպրոց ընդունել

մանկական ուղեղային կաթված ունեցող 7-ամյա տղային: Միջադեպի մասին հ/կ նախագահը երկար է մտածել, իրեն բարկացրել է հատկապես տվյալ դպրոցի հատուկ մասնագիտական խմբի վերաբերմունքը. «Մայիսին այդ դպրոցի մանկավարժները վերապատրաստումներ են անցել մեր աջակցությամբ, վերապատրաստողները շատ տպավորված էին այդ դպրոցի մանկավարժների գիտակ, ակտիվ լինելուց, ընկալելու պատրաստակամությունից, բայց մի կողմից հոգեբանամանկավարժական կենտրոնը, որը 44 դպրոցի մանկավարժներ էր վերապատրաստել, ամենամեծ դժգոհությունը հենց այդ դպրոցի թիմից է եղել, որ շատ կարծրատիպային, խտրական, իրենց տեղում չգտնվող մասնագետներ են: Ես ուզում եմ հարցնել, այդ դեպքում ի՞նչ գործ ունեն նրանք այդ դպրոցում, ի՞նչ իրավունք ունեն նրանք աշխատելու, սա լուրջ մարտահրավեր է Մանկավարժական համալսարանին, ով զարգացնում է մարդու արատը տեսնելու հնարավորությունը, փոխարենը՝ զարգացնի մարդու կարողությունները տեսնելու հնարավորությունը»:

Մարտունիի N 2 հիմնական դպրոցի սոցիալական մանկավարժ Աստղիկ Գալստյանի խոսքով՝ շատ են խանգարում կարծրատիպերը. «Ծնողները երբեմն ամաչում են իրենց հաշմանդամություն ունեցող երեխաներին դուրս հանել փողոց, ինչը արդեն նախապես բարդացնում է հարցը»:

Նախատեսված է ներառական դարձնել բոլոր դպրոցները, սակայն արդյո՞ք դրանք պատրաստ են այդպիսի կրթություն իրականացնելու։ «Ունիսոն» հ/կ նախագահ Արմեն Ալավերդյանը լավ չի պատկերացնում, թե ինչպես է դա արվելու. «Թեքահարթակների մի մասը չի համապատասխանում ընդունված չափանիշներին, ծրագրային մի շարք խնդիրներ կան: Երբեմն ներառական կրթությունն ընդունում են որպես ֆինանս ստանալու միջոց»։ Սխալ է որոշ դպրոցների տնօրենների մոտեցումը՝ կապված ներառական կրթության հետ։ «Նրանք հորդորում են երեխաներին եւ նրանց ծնողներին հանդուրժել հաշմանդամություն ունեցողներին։ Դա ահավոր կոպիտ եզրույթ է, ի՞նչ է նշանակում լինել հանդուրժող։ Հանդուրժել պետք չէ, այլ ընդունել նրանց այնպիսին, ինչպիսին կան,- շեշտում է «Ունիսոն»-ի ղեկավարը՝ հավելելով, որ շատ դպրոցներում չկան համապատասխան մասնագետներ։

Ինչեւէ, որոշումն ընդունված է եւ մինչեւ 2025թ. Երեւանի բոլոր դպրոցները կիրականացնեն ներառական կրթություն:

Ներառական կրթության հետ կապված լրագրողական իմ դիտարկումը հետաքրքիր պատկեր է բացահայտել. իրականում հենց ոչ դպրոցներն իրենք, ոչ մանկավարժները, ոչ ուսուցիչները եւ ոչ էլ ծնողներն ու աշակերտները չեն պատկերացնում՝ ինչ է դա: Եվ այս շրջանակներից ոչ մեկին մեղադրել չես կարող, որովհետեւ նրանց հանկարծ դեմ են տվել մի համակարգի, ասել են՝ քաղաքակիրթ աշխարհը վաղուց է անում ու՝ վերջ: Չի բացատրվել, չի պարզաբանվել, չի տեղայնացվել եւ, ամենակարեւորը, անցման փուլերն ու արձագանքները հաշվի չեն առնվել:

Դրա համար էլ այսօր ունենք այս պատկերը՝ եւ՛ ուսուցիչներն են տանջվում, եւ՛ ծնողներն ու երեխաները: Իսկ գիտե՞ք ինչ կասեն ԿԳՆ-ում, այն՝ ինչ բոլոր պետական կառույցներում՝ ինչպե՞ս թե չի պարզաբանվել, սեմինարներ ենք անցկացրել բոլոր մարզերում ու համայնքներում եւ այլն եւ այլն…

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը նշել է, որ ներառական դպրոցները 2015թ. եւս ավելացել են. 6 դպրոցներ ընդգրկվել են ներառական դպրոցների ցուցակում։

«2014թ. դեկտեմբերի 1-ին հանրակրթության մասին օրենքում կատարված փոփոխությունից հետո սկսվում է համընդհանուր ներառման գործընթաց։ Աստիճանաբար այլեւս չի լինելու տարանջատում, որակում՝ ներառական կամ ոչ ներառական դպրոց»,- բանախոսը հավելել է, որ մինչ այս ծրագրի ավարտը մեծ գործընթաց է սպասվում, այդ թվում՝ բազմամասնագիտական կամ աջակցող թիմի անդամների՝ սոցիալական աշխատողների, հոգեբանների, լոգոպեդների, հատուկ մանկավարժների խորացված վերապատրաստմամբ։

Մեկ հուշում՝ նախարարին

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի բանասիրության ֆակուլտետում մասնակցել է հանրապետության ավագ դպրոցների տնօրենների եւ մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությանը:

Նա նկատել է, որ 2006թ. իրականացված կրթական բարեփոխումների հետեւանքով այս տարի 9-րդ դասարան ավարտածների թվաքանակը կրկնակի պակասել է, որի հետեւանքով ավագ դպրոցները կունենան որոշակի խնդիրներ. «Այս պարագայում եթե անխուսափելի են ուսուցիչների կրճատումները, ապա դրանք պետք է չկրեն զանգվածային բնույթ եւ լինեն բացարձակ օբյեկտիվ, հատկապես կենսաթոշակային տարիքի հասած մանկավարժներին պետք հայտնենք մեր շնորհակալությունը, որպեսզի նրանք տեղը զիջեն երիտասարդ կադրերին»,- նշել է նախարարը՝ ընդգծելով, որ ըստ որոշ ուսումնասիրությունների՝ մեր երկիրն ամենատարեց ուսուցչական կազմ ունեցող երկրներից է:

Այս համապատկերում ընդգծվել է, որ հաճախ աշխատանքային մեծ փորձով մանկավարժները չեն տիրապետում արդի մանկավարժական մեթոդաբանությանը, ինչի արդյունքում կրթության ոլորտի ճկուն բարեփոխումները տեղերում դժվար են աշխատում:

ԿԳ նախարարին հուշենք, որ պետք չէ թոշակառու ուսուցիչներին կրճատել միայն այն պատճառով, որ ինչ-որ ուսումնասիրություն ինչ-որ բան է ցույց տվել: Տարիքը կապ չունի:

Եթե նախարարն իր բարձունքներից մի քիչ ներքեւ իջնի, կտեսնի, որ կան թոշակառուներ, որ ավելի արագ ու ճկուն են արձագանքում բարեփոխում կոչվածներին, քան շատ երիտասարդ կադրեր: Եվ բացի այդ՝ 30 տարի դպրոցին միս ու արյունով կապվածին մեկ օրում հաջողություն ասելը նախ՝ հակամանկավարժական երեւույթ է:

Այդ մեծ ու զզվելի խախտումը

Հանրակրթական պետական դպրոցների աշակերտների թվաքանակը վերջին 5 տարվա կտրվածքով աճել է՝ 2014-ին կազմել է 37.482 աշակերտ, իսկ 2009թ. նրանց թիվը եղել է 35.293:

Անդրադառնալով դպրոցահասակ երեխաների թվի փոփոխություններին՝ ասել է ԱՎԾ սոցիալական ոլորտի եւ բնապահպանության վիճակագրության բաժնի պետ Նելլի Բաղդասարյանը: Տեղեկացրել է, որ ոչ պետական դպրոցներում նույնպես առաջին դասարանցիների թիվն ավելացել է: Ոչ պետական եւ պետական դպրոցներում դասավանդել են 39.018 ուսուցիչ:

Իմիջիայլոց, Արմեն Աշոտյանի կրտսեր որդին եւս սովորում է ոչ պետական դպրոցում («Այբ»-ում): Նախարարը չի համաձայնել, որ իր այդ ընտրությունն արդեն իսկ վերաբերմունք է պետական դպրոցների նկատմամբ եւ պնդել է, որ Հայաստանում կան բազմաթիվ լավ դպրոցներ ու դասվարներ: Նշենք, որ «Այբ»-ում տարեկան ուսման վարձը 2,5 միլիոն դրամ է: Նախարարը մեղմացուցիչ հանգամանք է փաստել՝ ասելով, որ «երկրորդ երեխայի դեպքում զեղչեր են կիրառվելու»:

Արմեն Աշոտյանը, որպես ՀՀ քաղաքացի, ճիշտ է, օրենք չի խախտել՝ իր երեխաներին մասնավոր կրթարան տալով: Բայց, որպես ԿԳ նախարար, նա շա՜տ բան է խախտել. նախ՝ անվստահություն է սերմանել հանրային՝ անվճար դպրոցների նկատմամբ, անուղղակիորեն հաստատել է, որ անվճար դպրոցներում գիտելիք չեն տալիս, որակ չեն տալիս եւ հետո՝ որ ամենազզվելին է, նախարարը «փաստել» է, որ անվճար դպրոցներում այլեւս սովորելու են միայն սովորական՝ շարքային մարդկանց երեխաները…

Պատկերը՝ թվերի լեզվով

Ըստ Նելլի Բաղդասարյանի, 2015թ. հետ կապված վիճակագրական տվյալներ դեռեւս չկան. «Այդ վիճակագրությունը դպրոցներից հավաքվելու է ԿԳ նախարարությունը հոկտեմբերի 5-ին, ստուգվելուց հետո նոր 2016թ. փետրվարի 25-ին կներկայացվի մեզ»:

Անդրադառնալով աշակերտների ներհոսքին եւ արտահոսքին, նշել է, որ 2014-ին այլ մարզեր տեղափոխվել է 2512 աշակերտ, հանրապետությունից դուրս է եկել 5838 աշակերտ, որը 2009-ի համեմատ ավելացել է մոտ 2 հազարով, այսպես՝ 2009թ. հաճախել է 386.954 աշակերտ, իսկ 2014 թիվը նվազել է՝ կազմելով 352.029:

Իսկ ոչ պետական դպրոցների աշակերտների թիվը հակառակը՝ ավելացել է, 2009-ին կազմել է 5992, 2014-ին դարձել է 7530:

Այս վերջին թիվը հաստատում է իմ ասածը՝ անվճար դպրոցների նկատմամբ ԿԳ նախարարի վերաբերմունքի հետեւանքը:

«Դպրոցներից հեռացած եւ ուսումը անավարտ թողած աշակերտների քանակը շեշտակի նվազել է: Եթե 2009թ. նման աշակերտների թիվը կազմել է 5480, 2014-ին՝ 244 աշակերտ, որոնցից 143 դպրոցը թողել են սոցիալ-տնտեսական վատ պայմանների պատճառով, 59-ի ծնողները թույլ չեն դպրոց հաճախել, 25-ը տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ, մնացածն էլ չեն հաճախում մտավոր զարգացման եւ ֆիզիկական խնդիրների պատճառով»,- տեղեկացրել է ԱՎԾ սոցիալական ոլորտի եւ բնապահպանության վիճակագրության բաժնի պետը:

2009թ. պետական դպրոցները եղել են 1404-ը, այժմ մնացել են 1391-ը, 5 տարվա կտրվածքով փոփոխություններ են եղել եւ նվազել է նաեւ ոչ պետական դպրոցների թիվը՝ 53-ից դարձել է 46:

Դպրոցներից 453-ը հիմնական են, 109-ը՝ ավագ, 17-ը վարժարան, 811-ը միջնակարգ:

Հատուկ կարիքներով երեխաների համար Հատուկ հանրակրթական դպրոցների թիվն այժմ հանրապետությունում 27-ն է եւ բոլորը պետական դպրոցներ են:

* * *

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել, համաձայն որի՝ ԿԳ նախարարի 2007թ. մայիսի 11-ի «Ներառական կրթություն իրականացնող դպրոցների ցանկը հաստատելու մասին» հրամանի, հավելվածը լրացվել է նոր կետերով:

Մասնավորապես, ներառական կրթություն իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատությունների ցանկն ավելացել է եւս 11 դպրոցով, որոնցից 2-ը՝ Երեւանում, 9-ը մարզերում:

Ավելացված դպրոցներն են Երեւանի թիվ 144 եւ թիվ 163 դպրոցները, Կոտայքի մարզի Գառնիի թիվ 1, Արագածոտնի մարզի Թալինի թիվ 1 եւ թիվ 2, Արմավիրի մարզի Արմավիրի թիվ 3, թիվ 9 եւ թիվ 10 հիմնական, Արմավիրի մարզի Հայթաղի, Նոր Արմավիրի եւ Քարակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցները:

«Ազգային երգ ու պար» առարկան կշարունակվի 6-րդ դասարանում

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել` «Հանրակրթական հիմնական դպրոցի 6-րդ դասարանի «Ազգային երգ ու պար» առարկայի ծրագիրը հաստատելու մասին»: ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ համաձայն հրամանի` առարկային 6-րդ դասարանում կհատկացվի տարեկան 51 ժամ, շաբաթը` 1,5 դասաժամ: 6-րդ դասարանում շարունակվելու են նախորդ տարվա ընթացքում սովորողների ձեռք բերած գիտելիքների, կարողությունների, հմտությունների եւ արժեքային համակարգի զարգացման ուղղությամբ տարվող ուսումնադաստիարակչ ական աշխատանքները:

Սովորողներն այս դասարանում կծանոթանան համայնքային, ծիսական, հարսանեկան ու աշխատանքային պարերին եւ պարերգերին, կխորացնեն գիտելիքները պաշտամունքային պարերի եւ պարերգերի մասին, ինչպես նաեւ կսովորեն մանկական խաղերգեր և հայրենասիրական երգեր:

Ծրագրում կարեւոր տեղ է հատկացվել որսորդական պարերին եւ հատկապես ռազմապարերին:

Կլինե՞ն նոր փորձարարություններ

ՀՀ-ում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի նորանշանակ ղեկավար Տանյա Ռադոչային ընդունել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նախարարը բարձր է գնահատել հիմնադրամի‘ ավելի քան 2 տասնամյակ շարունակվող գործունեությունը Հայաստանում, նշել, որ այս տարիներին հիմնադրամի երեւանյան գրասենյակը լավ համագործակցություն է հաստատել Հայաստանի կառավարության, պետական եւ հասարակական կառույցների հետ, ինչը նպաստում է մանկական տարբեր ծրագրերի արդյունավետ իրականացմանը։

Տանյա Ռադոչայը շնորհակալություն է հայտնելով ընդունելության եւ «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի գործունեության բարձր գնահատականի համար, հույս է հայտնել, որ Հայաստանի կառավարության հետ մշակված ծրագրերը կշարունակեն հաջողությամբ կյանքի կոչվել, «ինչը կնպաստի երեխաների իրավունքների պաշտպանությանը եւ նրանց առողջապահական պայմանների ու կրթության մակարդակի բարելավմանը»։ Վերահաստատելով ՀՀ ԱԳՆ-ի՝ համագործակցության պատրաստակամությունը, նախարարը խոստացել է ամենայն աջակցություն ցուցաբերել ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի նորանշանակ ղեկավարին իր գործունեության ընթացքում: Մտքեր են փոխանակվել Հայաստանի եւ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի միջեւ համագործակցության տարբեր հարցերի շուրջ։

Իմիջիայլոց, Հայաստանում ծնելիությունը նվազել է, իսկ ինքնասպանության փորձերի թիվն՝ ավելացել: Շատերն են հայտնում, որ հետեւելով ծնողների խորհրդին՝ ցանկացել են շատ զավակներ ունենալ, բայց պայմաններն այն չեն… Հայաստանում այս տարի ավելի քիչ երեխաներ են լույս աշխարհ եկել՝ հունվար-հունիսին մեր երկրում ծնվել է 18.719 երեխա՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 19.249-ի փոխարեն։ Որոշ ոուսումնասիրությունների հիմամբ է նշվում, որ Հայաստանում ինքնասպանության եւ ինքնասպանության փորձերի թիվն ավելացել է 23%-ով։ Այս տարվա 6 ամիսներին գրանցվել է այդպիսի 397 դեպք: Ընդ որում, ինքնասպանության են դիմում հիմնականում 30-65 տարեկան տղամարդիկ։

Հանուն ֆիզիկական եւ հոգեկան առողջության

Ուսումնական տարին սկսվել է, երեխաները հաճախում են դպրոց եւ անհրաժեշտություն կա, որպեսզի ծնողները ուշադրություն դարձնեն իրենց երեխաների կենսակերպին եւ առողջությանը: Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Լիլիթ Ավետիսյանը հատնել է, որ ծնողներն իրենց երեխաներին դպրոց ուղարկելիս պետք է սովորեցնեն տարրական հիգիենայի կանոնները: «Երեխայի, այնուհետեւ դեռահասի առողջությունը կախված է մի շարք գործոններից: Երբ երեխան գնում է դպրոց, ծնողը պետք է վստահ լինի, որ ուղարկում է առողջ վիճակում: Ծնողը հիմա պետք է հետամուտ լինի, որ երեխան առողջ հաճախի դպրոց, որովհետեւ հետո ֆիզիկական ծանրաբեռնվածության, վատ սնման պատճառով կարող է զարգանալ առկա հիվանդությունը»,- ասել է նա:

Մասնագետը հորդորել է ծնողներին երեխաների պայուսակում միշտ դնել անձեռոցիկներ ու բացատրել, թե ինչքան կարեւոր է ուտելուց առաջ եւ հետո ձեռքերը լվանալը. «Երեխան պետք է իմանա, որ զուգարանից հետո, խաղից հետո, պետք է պարտադիր լվացվել, որովհետեւ տարբեր բակտերիաներ կարող են ներթափանցել օրգանիզմ: Նաեւ երեխաներին պետք է բացատրել, որ չի կարելի տարբեր առարկաներ դնել բերանը, հատկապես գրչի ծայրը, որը լի է մանրէներով: Նաեւ ձեռքերը պետք է լվանալ օճառով, հոսող ջրի տակ»: Իսկ ծնողներին հորդորել է հատկապես դեռահասության տարիքի երեխաների դեպքում հետեւել մաշկի հիգիենային: «Ծնողները այստեղ մեծ աշխատանք պետք է տանեն, քանի որ դեռահասների մոտ հորմոնային դաշտը ակիտվանում է եւ նրանց խնամքը ավելի մեծ պետք է լինի»,- ասել է նա: Թեեւ բոլոր ծնողներն են ցանկանում, որ երեխան լավ սովորի, սակայն չպետք է պարտադրեն, որ անընդմեջ դաս անի, քանի որ պակաս կարեւոր չէ ֆիզիկական զբաղվածությունը: Օրը պետք է բախշել այնպես, որ ժամանակ տրամադրի խաղալուն, ժամանցին ու ուսմանը: Կարուոր է երեխաների մեջ սեր առաջացնել դեպի ֆիզիկական աշխատանքը:

Անի Մարության եւ Գոհար Վանեսյան

«Լուսանցք» թիվ 29 (375), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։