Հայկական խոհանոց – Խուրջին… Աշխարհի մարզական հեւքից – Հայկական մարզաշխարհ… ՀԱՄ պաշտոնական կայքը (www.hayary.org) տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – («Հայկական խոհանոց» խորագիրը վարում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

«Արվասար»-ը հայտվել է Ճապոնիայում տարածված զբոսաշրջային ուղեցույցի էջերին: Խորհուրդ տրվող ուտեստը խուրջինն է: Այդ տեղեկույթում մասնավորապես նշվում է այն փաստը, որ ռեստորանն աչքի է ընկնում բնական՝ մաքուր սնունդով: «Տեղում թխված հացը, ռեստորանում պատրաստվող թթուների տեսականին եւ հորած պանիրը ամենից շատ են գրավել մեր հաճախորդներին»,-վստահեցնում է Ռ. Նահապետյանը՝ մեզ սիրով տրամադրելով խուրջինի բաղադրատոմսը:

- Խուրջին

Բաղադրությունը - Միս (հորթի, խոզի, հավի, գառան)- 200 գրամ, գլուխ սոխ – 1 հատ, տաքդեղ՝ կանաչ, կարմիր – 0.5-ական, լոլիկ – 1 հատ, տոմատ – 1 ճաշի գդալ, աղ, սպիտակ պղպեղ, ռեհան կամ ծիտրոն՝ ըստ ճաշակի – չոր, բուսայուղ, լավաշ – 0.5 հատ:

Պատրաստման եղանակը – Սոխը կտրատել կիսալուսնաձեւ, տապակել բուսայուղով, ավելացնել տոմատը, կտրտած լոլիկը:

1-2 րոպե անց ավելացնել նախապես ձողաձեւ կտրտած, եփած միսը: Տապակել մինչեւ մսի փոքր-ինչ վարդագունելը: Ավելացնել խոշոր կտրտած տաքդեղները, լավ խառնել, համեմել, կրակի վրայից վերցնել:

Լավաշի «շիտակ» երեսին վրձնով քսել յուղ (լավաշի մի կողմից կտրել 2 սմ լայնությամբ շերտ՝ գոտի): Հակառակ երեսի կենտրոնում դնել մի կտոր լավաշ, վրան լցնել միջուկը: Ավելացնել կանաչեղենը: Լավաշը կողքերից հավաքել՝ խուրջինի ձեւ տալով: Լավաշե գոտիով կապել՝ փայտիկով ամրացնելով: Դնել ջեռոցը եւ եփել 2000-ի տակ 4-5 րոպե:

Ի դեպ, այս ուտեստը շատ համեղ է եւ հագեցնող: Այն հրաշալի ուտեստ է նաեւ բուսակերների համար, երբ միսը փոխարինվում է սնկով կամ բանջարեղենի տեսականիով: Բարի ախորժակ:

* * *

Աշխարհի մարզական հեւքից –

Արթուր Ալեքսանյանը՝ աշխարհի կրկնակի չեմպիոն

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մասնակցեց ԱՄՆ Լաս Վեգասում ըմբշամարտի աշխարհի առաջնությանը: Մեր հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը տարվա գլխավոր մրցաշարում հայտավորել էր 8 ըմբիշ՝ Ռոման Ամոյան (59 կգ քաշային կարգ), Միհրան Հարությունյան (66 կգ), Վարշամ Բորանյան (71 կգ), Արսեն Ջուլֆալակյան (75 կգ), Էդուարդ Սարգսյան (80 կգ), Մաքսիմ Մանուկյան (85 կգ), Արթուր Ալեքսանյան (98 կգ) եւ Էդգար Խաչատրյան (125 կգ):  Իմիջիայլոց, ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն ավելի քան մեկ շաբաթ է, ինչ գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ իր վերջին հավաքն է անցկացնում աշխարհի առաջնությունից առաջ: Մեր հավաքականը Արայիկ Բաղդադյանի գլխավորությամբ հանդես կգա 7 մարզիկով՝ Գարիկ Բարսեղյան (57 կգ), Վոլոդյա Ֆրանգուլյան (61 կգ), Դավիթ Սաֆարյան (65 կգ), Գրիգոր Գրիգորյան (74 կգ), Մուսա Մուրթազալիեւ (86 կգ), Էդգար Ենոքյան (97 կգ), Լեւան Բերիանիձե (125 կգ):

Լաս Վեգասում կխաղարկվեն 2016թ. օլիմպիական խաղերի ուղեգրեր: Դառնալով հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությանը, նշենք, որ 98 կգ քաշային կարգի մրցումներում մեր մարզիկ 23-ամյա Արթուր Ալեքսանյանը հերթական անգամ ապացուցեց, որ առայժմ չունի իրեն արժանի մրցակիցներ: Նա 1/16 եզրափակիչ փուլից սկսած վստահ հաղթեց իր բոլոր ախոյաններին եւ մտավ եզրափակիչ, որտեղ ուժերը չափեց իրանցի Ղաշեմ Ռեզաիի հետ: Հայ ըմբիշը վճռական մարտում 3:0 հաշվով առավելության հասավ եւ գրավեց 1-ին տեղը՝ երկրորդ տարին անընդմեջ նվաճելով աշխարհի չեմպիոնի կոչումը:

66 կգ քաշային կարգում Միհրան Հարությունյանը հասավ մինչեւ կիսաեզրափակիչ, 3-րդ տեղի համար մրցամարտում զիջեց ռուսաստանցի Արտյոմ Սուրկովին եւ զրկվեց բրոնզե մեդալից: 2014թ. աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալաքյանը 75 կգ քաշային կարգում անհաջող մեկնարկեց եւ արդեն առաջին փուլում 0:6 հաշվով պարտվեց ռուսաստանցի Ռոման Վլասովին: Վերջինս հասավ եզրափակիչ, եւ մեր մարզիկն իրավունք ստացավ պայքարելու բրոնզե մեդալի համար: Սփոփիչ մրցաշարում Արսեն Ջուլֆալակյանը տարավ 2 հաղթանակ, սակայն մյուս գոտեմարտում զիջեց ղազախստանցի Դոշան Կարտիկովին եւ դուրս մնաց պայքարից:

Մեր շախմատիստները Բաքվում խնդիր չե՞ն ունենա

«Հայաստանի շախմատիստների համար լրացուցիչ պայմաններ չենք ստեղծի, նրանք մյուս մասնակիցների հետ կապրեն նույն հյուրանոցում: Իհարկե, նրանց ներկայության պատճառով հյուրանոցում ավելի կուժեղացվի անվտանգությունը, սակայն քաղաքում տեղաշարժվելու ժամանակ հայ շախմատիստները ոչ մի խնդիր չեն ունենա»,- Բաքվում կայանալիք շախմատի աշխարհի գավաթի խաղարկության մեկնարկից առաջ հայտարարել է մրցաշարի տնօրեն, Ադրբեջանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Մաիր Մամեդովը: Նա տեղի զլմ-ներին հորդորել է անտեղի լարվածություն չստեղծել հայ շախմատիստների շուրջ, հատկապես, եթե ճակատագրի բերումով նրանք դառնան ադրբեջանցի շախմատիստների մրցակիցը. «Հայ եւ ադրբեջանցի շախմատիստները բազմիցս հանդիպել են վերջին 20 տարիների ընթացքում: Նախկինում որոշակի լարվածություն կար նրանց հարաբերություններում, սակայն ներկայումս նման կրքեր չեն լինում»:

Հիշեցնենք, որ Բաքվում կայանալիք շախմատի գավաթի խաղարկությունում հանդես կգան մեր 4 շախմատիստները: Առաջին փուլում, որը կկայանա սեպտեմբերի 11-13-ը, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը կհանդիպի լյուքսեմբուրգցի Մայքլ Վիդենկելլերի հետ: Գաբրիել Սարգսյանը նույն փուլում ուժերը կչափի լեհացի Մաթեուշ Բարտելի, Հրանտ Մելքումյանը‘ ամերիկացի Գատա Կամսկու, իսկ Սամվել Տեր-Սահակյանը՝ ռուսաստանցի Նիկիտա Վիտյուգովի հետ:

Հ.Գ. – Հայաստանի շախմատիստներն արդեն Բաքվում են

Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցող Հայաստանի շախմատիստներն մեկնել են Բաքու: Մրցաշարի մամուլի ծառայության ներկայացուցիչները կարճ հարցազրույց են վերցրել մեր առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանից: Նա նշել է, որ մտադիր է հաջող հանդես գալ խաղարկությունում, ինչպես նաեւ հնարավորության դեպքում լինել Բաքվի տեսարժան վայրերում:

Տեղի է ունեցել մրցաշարի բացման արարողությունը եւ վիճակահանությունը: Կենտ համար ստացած շախմատիստներն առաջին պարտիայում հանդես կգան սպիտակ խաղաքարերով: Լեւոն Արոնյանը խաղալու է 9, Գաբրիել Սարգսյանը՝ 44, Հրանտ Մելքումյանը՝ 82, իսկ Սամվել Տեր-Սահակյանը՝ 101 համարի տակ:

Առաջին՝ 1/64 եզրափակիչ փուլը, կկայանա սեպտեմբերի 11-13-ը: Խաղերը կսկսեն տեղի ժամանակով 15:00-ին:

Հ.Գ. - Այսօր Բաքվում մեկնարկած մրցաշարի առաջին փուլի անդրանիկ պարտիայում Լեւոն Արոնյանը արդեն 33-րդ քայլին պարտության մատնեց միջազգային վարպետ, լյուքսեմբուրգցի Մայքլ Վիդենկելլերին: Մեր մյուս շախմատիստններից այս պահին իր պարտիան ավարտել է նաեւ Գաբրիել Սարգսյանը, որը սեւ խաղաքարերով գրոսմայստերական ոչ-ոքի արեց լեհացի Մաթեուշ Բարտելի հետ: Հրանտ Մելքումյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը շարունակում են իրենց խաղերը: Երկուսն էլ այժմ դիրքային առավելություն ունեն:

– Հայաստանի շախմատիստ Հրանտ Մելքումյանը նույնպես հաղթանակով սկսեց ելույթները, Բաքվում մեկնարկած շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում: Աառաջին փուլի առաջին խաղում մեր շախմատիստը սեւ խաղաքարերով հաղթեց ամերիկացի փորձառու գրոսմայստեր Գատա Կամսկուն: Իսկ ահա մեր երիտասարդ շախմատիստ Սամվել Տեր-Սահակյանը ռուսաստանցի գրոսմայստեր Նիկիտա Վիտյուգովի հետ խաղի սկզբում դիրքային առավելություն ստացավ, սակայն միջնախաղում թուլացրեց ճնշումը եւ բավարավեց ոչ-ոքի արդյունքով:

ԱՄՆ ներկայացնող հայազգի շախմատիստ Վարուժան Հակոբյանը առաջին խաղում սպիտակներով խաղաղ դաշն կնքեց չեխացի Վիկտոր Լազնիչկայի հետ, իսկ 15-ամյա Սամուել Սեւյանը սեւերով պարտվեց ադրբեջանցի փորձառու շախմատիստ Թիմուր Ռաջաբովին:

Առաջին փուլի երկրորդ պարտիաները կկայանան վաղը` սեպտեմբերի 12-ին: Նշենք, որ գավաթի խաղարկությունն անցկացվում է նոկաուտ մրցակարգով եւ յուրաքանչյուր փուլը բաղկացած է երկու խաղից: Ոչ-ոքիի դեպքում հաղթողը որոշվում է թայ-բրեյքում:

ՈւԵՖԱ-ն կսատարի Համլետ Մխիթարյանին

ՈւԵՖԱ-ն կանի հնարավորը, որ հայ ֆուտբոլիստը բաց չթողնի Ադրբեջանում կայանալիք խաղը: ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինոն անդրադարձել է Դորտմունդի «Բորուսիա»-ի եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ կապված իրավիճակին: Եվրոպայի լիգայի խմբային փուլում «Բորուսիա»-ն կհանդիպի ադրբեջանական «Գաբալա»-ի հետ: Հայ ֆուտբոլիստի մասնակցությունն Ադրբեջանում կայանալիք հանդիպմանը հրացականի տակ է, քանի որ նա համարվում է Ադրբեջանի սահմանն ապօրինի հատած անձ՝ 2011թ. Հայաստանի հավաքականի խաղացողն այցելել էր Արցախ: «Մենք հույս ունենք, որ յուրաքանչյուր ֆուտբոլիստ քաղաքացիությունից եւ մուտքի թույլտվություն ստանալու անհրաժեշտությունից անկախ իրավունք կունենա հանդես գալ մեր մրցաշարերում: Կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի այդպես էլ լինի»,- ասել է ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինոն: «Գաբալա»-«Բորուսիա» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին:

- Հայ ֆուտբոլիստը կմեկնի Ադրբեջան

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիեւը մեկնաբանել է Դորտմունդի «Բորուսիայի» կազմում հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Ադրբեջան այցի հետ կապված իրավիճակը: «Ուրախալի է, որ Եվրոպայի լիգայի խմբային փուլում մեր երկիրը միանգամից 2 ակումբներ են ներկայացնում՝ «Ղարաբաղ»-ն ու «Գաբալա»-ն: Յուրաքանչյուր երկիր, որը հանդես է գալիս ՈՒԵՖԱ-ի հովանու տակ անցկացվող մրցաշարերում, պարտավորվում է կատարել ընդհանուր կանոնները եւ համաձայն դրանց է անցկացնում տնային խաղերը: Ֆուտբոլի յուրահատկությունը թիմային խաղի մեջ է: Այստեղ հիմք են ընդունվում ոչ թե անձերը, այլ՝ թիմը: Ստացվում է՝ Ադրբեջան է այցելելու ոչ թե առանձին անձը, այլ թիմը՝ «Բորուսիա»-ն:

Մենք չենք քաղաքականացնում սպորտը եւ այն չենք օգտագործում քաղաքական նպատակներով: Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանի ԱԳՆ-ի «սեւ ցուցակին», ապա այստեղ գործը դիտարկվում է մասնավոր կարգով»,- նախարարի խոսքերը մեջբերել են ադրբեջանական զլմ-ները:

Հայաստանի հավաքականը՝ լուրջ մրցակից, բայց…

«Հայաստանի հավաքականը, չնայած հեղինակավոր թիմերի թվին չի պատկանում, բավական լուրջ մրցակից է: Հայ ֆուտբոլիստները ֆիզիկապես լավ են պատրաստված եւ հստակ գիտեն իրենց պարտականությունները»,- Սերբիա-Հայաստան խաղից առաջ ասել էր դաշտի տերերի հավաքականի գլխավոր մարզիչ Ռադովան Չուրչիչը: Սա գրեթե բոլոր թիմերի մարզիչների տեսակետն է, բայց, ցավոք, մեր թիմը բարոյական «հաղթական» գնահատականներից առաջ չի գնում՝ «առաջ է ընթանում» անհաղթանակ:

Եվրո-2016-ի ընտրական փուլի Սերբիա-Հայաստան խաղն ավարտվեց սերբերի հաղթանակով՝ 2:0, իսկ Հայաստան-Դանիա հանդիպումն ավարտվեց առանց գոլերի՝ 0:0:

Արթիկի թիմը՝ կանանց ամառային մրցաշարի հաղթող

Սեպտեմբերի 9-ին ավարտվեց Հայաստանի կանանց ֆուտբոլի 2015-2016թթ ամառային ստուգողական մրցաշարը: Եզրափակիչ հանդիպումը կայացավ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտին կից խաղադաշտում: Մրցաշարի հաղթողի կոչումը վիճարկեցին Երեւանի «Երեւան Լ.Հ.» եւ Արթիկի «ԱՖԴ-աղջիկներ» թիմերը: 2:0 հաշվով հաղթեցին արթիկցիները:

Մրցաշարի հաղթողի գավաթը թիմին հանձնեց Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Լեւոն Հայրապետյանը:

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝ 52-53-01

«Հայփոստ»՝           51-45-01               «Հայմամուլ»՝   58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ

6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ

3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ

1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 30 (376), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։