Մեր էպոսի ազգային ու գիտական միտքը – «Սասնա ծռեր»-ի այժմեականությունը… Հայոց Անին՝ 10 լավագույն հնավայրերի ցանկում… Եվ 5 կորած քաղաքների շարքում…

Մեր էպոսի ազգային ու գիտական միտքը

«Սասնա ծռեր» էպոսին նվիրված փառատոնի ծրագրի շրջանակում՝ ««Սասնա տուն» քաղաքացիական հասարակության զարգացմանն աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպությունը, սեպտեմբերի 6-ին, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում գտնվող Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում անցկացրել է ««Սասնա ծռեր» էպոսը եւ հայ ժողովրդի ազգային ազատագրական շարժումը» խորագրով գիտաժողովը:

Գիտական համաժողովին մասնակցել եւ ելույթ են ունեցել էպոսագետներ, պատմաբաններ, ազգագրագետներ ու բանասերներ, որոնց զեկուցումներում արծարծվել են էպոսի կերպարների եւ ազգային ազատագրական շարժման հերոսների ընդհանրությունները:

Բովանդակալից զեկուցումներով հանդես են եկել գրականագետ Ազատ Եղիազարյանը, բանագետ Թամար Հայրապետյանը, ազգագրագետ Հարություն Մարությանը, պատմաբան Երվանդ Մարգարյանը, բանասեր Կարո Վարդանյանը, ինչպես նաեւ շոտլանդանցի լեզաբան, բանասեր Պիտեր Քաուին:

Սեփ. լրատվություն

Հայոց Անին՝ 10 լավագույն հնավայրերի ցանկում

The Guardian պարբերականը կազմել է «Ավերակ հնավայրերի լավագույն 10-ի» ցուցակը: Կամբոջայի Կոհ Կեր տաճարի, Պերուի Չոկեկիրաո ինկերի քաղաքի, պորտուգալական Կոնիմբրիգա հռոմեական բնակավայրի եւ մյուսների կողքին հայտնվել է նաեւ հայկական Անին: 

«Թուրքիայի ծայր արեւելքում (Արեւմտյան Հայաստան) բազմաթիվ հիանալի գանձեր կան, որոնցից մեկն էլ Անին է՝ հայկական Բագրատունի դինաստիայի մայրաքաղաքը մինչեւ 11-րդ դարը, որը գտնվում էր առեւտրային ճանապարհների վրա եւ 400 տարի շարունակ ծաղկում: Այն իր ծաղկման գագաթնակետին 100 հազար բնակչությամբ ավելի մեծ էր, քան ժամանակի ցանկացած եվրոպական քաղաք:

Անին ավերվել է 1319թ. երկրաշարժի հետեւանքով: Գեղեցիկ եկեղեցիների, տաճարի, պալատների ու պարիսպների մնացորդներն այսօր սփռված են ողջ քաղաքի երկայնքով»:

The Guardian-ի ցուցակում ընդգրկված մյուս հնավայրերն են Կոհ Կեր տաճարը Կամբոջայում, Չոկեկիրաո ինկերի քաղաքը Պերույում, Կոնիմբրիգա հռոմեական բնակավայրը Պորտուգալիայում, Հան Յանգլինի արձանները Չինաստանում, Պելլայի տաճարը Հորդանանում, Վատիկանի ստորգետնյա փողոցներն Իտալիայում, Թախտ է-Սոլեյման վայրն Իրանում, Ֆաթեհպուր Սիքրի մոնղոլական քաղաքը Հնդկաստանում, Պուլայի ամֆիթատորնը Խորվաթիայում:

… Եվ 5 կորած քաղաքների շարքում

Մարդիկ լքում են քաղաքները, քաղաքներն ամայանում են, անցնում գետնի տակ, ոչնչանում: Ռուսական russian7.ru-ն ներկայացրել է աշխարհի 5 կորած քաղաքները՝ լեգենդար Տրոյայից եւ հայտնի Բաբելոնից մինչեւ մայաների Տիկալը:

Հնգյակը եզրափակում է հայկական Անի քաղաքը: «Այն այսօր գտնվում է Թուրքիայի տարածքում, կառուցվել է հայերի կողմից»,- նշել է հեղինակը:

«Իր ծաղկման գագաթնակետին Անին անվանել են հազար ու մի եկեղեցիների քաղաք: Այն եղել է համանուն թագավորության մայրաքաղաը: Դա մի մեծ ու բազմամարդ մայրաքաղաք էր՝ եզակի ճարտարապետությամբ: Մինչ 1064թ.-ը՝ թուրքերի կողմից քաղաքի ավերումը, Անիի բնակչությունը հասել է մինչեւ 1 միլիոնի: Քաղաքի ճակատագրի վերջակետը դրեց 1319թ. երկրաշարժը:

Մեր օրերում այս քաղաքի ավերակները համարվում են մշակույթի ամենաարժեքավոր հուշարձաններից մեկը»,- գրում է russian7.ru-ն:

Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 30 (376), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։