Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակի առիթով – Ազգային ողբերգության ուրախալի պատահարը… Այն արդէն սկսուել է տօնախմբուել Այնճար բնակավայրի համախումբ Մուսա Լեռցիների կողմից…

Մեծայարգ Տիկին՝ Արմէնուհի Մելքոնեան

Ես, բնիկ Մուսա Լեռցի Պօղոս Արմէնակ Լագիսեանն եմ: Հայաստան այցելութեան առիթով միշտ եղել եմ «Հայ Արիական Միաբանութեան» գրասենեակ, իմ հեղինակած գրքերից նուիրել միաբանութեանը, որոնք հայոց նախնիների ու նրանց արիական հաւատքի փառաբանումն են:

Սեպտեմբերի 12-ին Մուսա Լեռան հերոսամարտի 100 ամեակն է, որն արդէն տօնախմբւում է: Անգլիայի «Կապոյտ Գիրք»-ի մի հատուածում հրապարակուած հաղորդագրութիւնն եմ թարգմանաբար հրատարակութեան յանձնել մի շարք լրագրերում: Մուսա Լեռցիների Եգիպտոս անմիջապէս հասնելուց յետոյ հերոսամարտի «Պաշտպանական Խորհուրդ»-ի նախագահ Տիգրան Անդրէասեանի հարցազրոյցն է Անգլիացի պաշտօնակատարների հետ, հրատարակուած Լոնդոնի «Արարատ» լրագրի 1915թ. Նոյեմբերի 15-ի համարում: Ամէն Մուսա լեռցի ու ամէն Արիացի Հայ ուրախ պիտի լինէր այն ընթերցելու Ձեր խմբագրած՝ «Լուսանցք» լրագրում: Անձամբ երախտապարտ պիտի լինէի ձեզ:

Յարգանքներիս Յաւաստիքը, Պօղոս Արմէնակ Լագիսեան

Մուսա Լեռ, Լորտ Ճէյմս Բրայս, «Կապոյտ Գիրք» (Հայերի վիճակը Օսմանեան Կայսրութիւնում 1915-1916թթ.)

(անգլերէնից հայացրեց՝ Պօղոս Արմէնակ Լագիսեան)

Հարիւր ամեակն է նաեւ Մուսա Լեռան հերոսամարտի:

Այն արդէն սկսուել է տօնախմբուել Այնճար բնակավայրի համախումբ Մուսա Լեռցիների կողմից:

Ամէն Մուսա Լեռցի ուրախ ու երախտապարտ պիտի լինէր իրենց քաջ նախնիների պայքարի վաւերագրական պատմութեան հրապարակումը տեսնել: Արմին-հայերի «1915 թուակաի ազգային ողբերգութեան միակ ուրախալի պատահարն է» այն: Պատիւ ունեմ աշխարհ եկած լինելու Մուսա Լեռան կեդրոնական Եօղունօլուգ գիւղում, նաեւ լինելու հերոսամարդի կրտսեր մասնակից ու Հայկական Լեգէոնի Կապրալ Լագիսեան Արմէնակի որդին: Տիգրան Անդրէասեանի «Զէյթունի Տարագրութիւնը եւ Սուէտիոյ Ապստամբութիւնը» յուշերի գրքի առաջին ու երկորդ հրատարակութիւնների հետ համեմատած, որոշ դրուագներ չեն մանրամասնուած ներքոյիշեալ հարցազրոյցում:

Պօղոս Արմէնակ Լագիսեան

Մուսա Լեռան հարաւային եւ արեւելեան լանջերի գիւղերը վարչականօրէն ընդգրկուած էին Հալէպի Վիլայեթի (նահանգ) մէջ: Այդ նահանգում տարագրութեան ծանուցումները աւելի ուշ թուականի էին տրուել, «Մուսա Լեռան պարագային՝ Յուլիսի 13-ին: Աշխարհագրական ու պատմական ընդհանրութիւններով այդ նահանգը սերտօրէն կապուած էր Կիլիկեան բարձրաւանդակին: Մուսա Լեռը, Ամանոս լեռան ուղղակի հարաւային շարունակութիւնն է: Եօղունօլուգը ու Մուսա Լեռան միւս գիւղերը Տէօրթեօլի ու Զէյթունի հետ հայրենակցական համայնքներ էին: Նրանք, հայկական ցեղի դէպի արաբական աշխարհի ամենահարաւային առաջապահ ուղեկալներն էին:

Քանի դեռ տարագրութեան ազդարարութեան գիր չէր հասել նրանց, Մուսա Լեռան գիւղերի աւագանին հետեւել էր Կիլիկիայի իրենց ազգակիցների տարագրութեան ընթացքին, լիակատար գիտակցել էին, թէ ի՜նչ է տարագրութիւնը: Նրանք վճռել էին դիմադրել, ապաւինել իրենց լեռան անտառների անառիկութեանը: Այն սկիզբ էր առնում գիւղերի հիւսիս-արեւմուտքից, նրա աւելի հեռու զարիթափ կողը ընկղմում էր ծովը: Այս հատուածի փաստաթղթերը հաւաստում են նրանց յաջող պաշտպանութիւնը եւ առասպելական փրկութիւնը Ֆրանսական նաւատորմիղի կողմից, որը Օսմանեան կայսրութիւնում հայերի ազգային ողբերգութեան մէջ միակ ուրախալի պատահարն էր:

Մուսա Լեռ: Լեռան պաշտպանութիւնը եւ նրանց պաշտպանների փրկութիւնը Ֆրանսական նաւատորմի կողմից ու մի ականատեսի՝ Զէյթունի Աւետարանչական եկեղեցու հովիւ-քարոզիչ, Պատուելի Տիգրան Անդրէասեանի պատմութիւնը:

Այս զրոյցի պատմութիւնը գրի էր առնուել գաղթականների Եգիպտոս ժամանելուց անմիջապէս յետոյ, Անգլերէնի թարգմանուել Գահիրէի Ամերիկեան Կարմիր Խաչի պատուելի՝ Ստիֆըն Տրոպրիտճի կողմից: Նրա միջոցով այն յաղորդուել է Լոնտոնում հրատարակուած «Արարատ» հայկական լրագրի խմբագրին: Այն հրատարակուել է նոյն լրագրի 1915 թուականի Նոյեմբեր ամսուայ համարում: Այսպէս է Պատուելի Տիգրան Անդրէասեանի հարցազրոյցի խօսքը.

– Այն օրից, երբ Թուրքիան պատերազմի մէջ մտաւ, մեծ մտավախութիւն առաջացաւ Զէյթուն քաղաքի բնակչութեան շրջանում: Մտահոգուել էին, որ թուրքերը արդեօք մի նո՞ր ձեւի դաժանութեամբ ու ճնշումներով պիտի վարուէին լեռնային շրջանների հայերի հետ: Զէյթունը է, հիմա պէտք է ասենք էր, Տաւրոսի լեռների ստորոտում: 7 հազար բնակչութեամբ ամբողջութեամբ «Հայ» քաղաք էր այն, շրջապատուած էր նաեւ Քրիստոնեայ բազմաթիւ գիւղերով:

– 1915 թուականի վաղ գարնանը, կառավարութիւնը սկսեց Զէյթուն քաղաքի հանդէպ սպառնալի կեցուածք ընդունել: Հարցաքննութեան էին հրաւիրել քաղաքի աւագներին ու նշանաւոր դէմքերին, որի ընթացքում գանակոծման պատժամիջոցներ էին կիրառել նրանց հանդէպ: Դրամ շորթելու նպատակով՝ անհեթեթ ու անհաւանական թուացող մեղադրանքներ էին յարուցուել հայերի հանդէպ: Միեւնոյն ժամանակ, վեց հազար կանոնաւոր թրքական զօրամիաւորում կայք էր հաստատել քաղաքի վերեւի մասի զօրանոցներում: Թուրքերը, վանքը գրոհով վերցնելու փորձ արեցին, բաւական շատ մարդկային կորուստներ տալով ձախողուեց նրանց նպատակը: Երիտասարդ տղամարդիկ խիզախօրէն պաշտպանեցին վանքը: Թուրքերը կարողացել էին այն նուաճել՝ դաշտային հրետանիով կազմակերպուած նոր գրոհով:

– Այնուհետեւ, հրամանատարի հետ խորհրդակցութեան նպատակով, Զէյթունի յիսուն ղեկավար տղամարդկանց հրաւիրեցին զօրանոցներ: Անմիջապէս բոլորին բանտարկեցին, լրաբերների միջոցով տեղեակ պահեցին նրանց ընտանիքներին: Ամէն մէկը անձկալի սպասում էր կալանաւորուած մարդկանց տուն վերադառնալուն: Որոշ ժամանակ յետոյ իմացուել էր, որ նրանց բոլորին դէպի անյայտ վայրեր էին տարել: Այդ դէպքից կարճ ժամանակ անց, հոծ խմբերով ընտանիքներ քաղաքի զօրանոցներ էին տարուել, սպառնալիքներով ու հայհոյանքներով անմիջապէս քշուել էին դէպի հեռաւոր աքսորի: Նոյն ատեն, քաղաքում մնացած 3 կամ 4 հարիւր ընտանիքները եւս նման ձեւով քշուել էին աքսորի: Առանց ուտելիքի պատշաճ պաշարի, լեռների խոտոր ճանապարհներով քայլել էին դէպի հիւսիս-արեւմուտք՝ Կոնեայի շրջանի ուղղութեամբ: Մի մասն էլ հարաւ-արեւելք՝ դէպի Միջագետքի տաք ու անառողջ տափաստաններ:

– Օրըստօրէ ականատես եղանք քաղաքի տարբեր թաղերի բնակիչների նոյն կերպ աքսորի տարուելուն, մինչեւ որ միայն առանձին մի շրջանի բնակչութիւն մնաց: Ի լրումն իմ պարտականութիւնների, որպէս հովիւ պատասխանատու էի նոյնպէս տեղի «Միսիոնարական Որբանոձի»: Մի առաւօտ, որբանոցի ղեկավար պաշտօնեան եկաւ ու պատուիրեց ինձ անմիջապէս մեկնելու պատրաստ լինել՝ «Ձեր կինն էլ պէտք է գնայ, նաեւ որբանոցի երեխաները» հրահանգեց: Մենք, շտապ կերպով կատարեցինք մեզ կարգադրուած հրահանգը: Քիչ բան էր թոյլատրուած վերցնելու մեզ հետ: Մենք մեկնում էինք ցաւոտ սրտով, ես ետ նայեցի ու տեսայ մեր սիրելի եկեղեցին դատարկ ու միայնակ: Մեր 7 հազար ժողովուրդի վերջին գումարտակը ներքեւի հովիտն էր իջնում՝ գնում դէպի տարագրութիւն: Մենք տեսել էինք կոտորածներ, սակայն նմանը նախկինում երբեք չէինք տեսել: Մի կոտորած վերջանում է արագ, բայց հոգու այս տառապանքը համբերատարութիւնից գրեթէ վեր է: Առաջին օրուայ երթը ուժասպառ արեց բոլորին: Երբ մթութեան մէջ թաց գետնի վրայ պառկում էինք քնելու, թրքական ջորեպանները գալիս ու կողոպտում էին այն մի քանի էշերն ու ջորիները, որ մենք ունէինք: Տարագրութեան երթի յաջորդ օրը անմխիթար վիճակում էին գտնւում երեխաները, որոնք ուռած ու բշտիկներով ծածկուած ոտքերով երկար ճանապարհ էին անցել:

– Հասանք Մարաշ: Ամերիկեան միսիոնարի ազդու խնդրանքով՝ տեղի կառավարիչից մի հրամանագիր էր ձեռք բերուած ինձ ու կնոջս համար: Ծովին մօտիկ իմ հայրենի բնակավայր՝ Մուսա Լեռան Եօղունօլուգ գիւղ վերադառնալու համար: Անտիոք քաղաքից դէպի արեւմուտք, տասնըերկու մղոն (19,3 կմ) հեռաւորութեան վրայ էր գտնւում այն: Կառավարիչը այդ թոյլտւութիւնը շնորհել էր, նկատի ունենալով, որ ես ու կինս Զէյթունի բնակիչներ չէինք: Խռով էր սիրտս, բաղձանքս էր իմ համայնքի մի հատուածի հետ կիսելու տարագրութիւնը եւ կինս համեմատաբար աւելի ապահով վայր՝ հօրս տունը, փոխադրելու ցանկութիւնը: Սակայն, հրամանագիրը արդէն արձակուած էր եւ ես այլ ընտրանք չունէի՝ քան հնազանդիլը:

– Այնթապում, հայկական խոշոր համայնքը ծայր աստիճան մտավախութեան մէջ գտանք, երբ դէպի մեր հայրենի տուն մեկնելու հրամանագիրը դեռ չէր ստացուած: Շշուկներ հասան մեզ, որ ծովեզրեայ գիւղերը ահաբեկուած վիճակում էին: Թէեւ այդպիսի մի ժամանակ ճանապարհորդութիւնը դժուար ու վտանգաւոր էր, սակայն խորհեցինք, որ լաւագոյնն էր ճանապարհը շարունակել դէպի հարաւ:

– Մեր ճանապարհի վերջին հատուածը գտնւում էր պատմական մի հովիտում՝ Անտիոք քաղաքի բարեբեր դաշտն էր այն: Մինչեւ Բիւզանդիա կանչուելը, այդտեղ էր Խրիզոսթոմը (Ոսկեբերան) իր վաղ ծառայութեան ատեն քարոզել մեծ աւիւնով: Աստուծոյ հետ հաղորդակցելու նպատակով, սովոր էր եղել աղօթքի համար առանձնանալ մեր լեռան կողի մատուռում: Տղեկի նման զարմանքով ու յարգանքով դիտել եմ Ոսկեբերանի մատուռի աւերակների վիթխարի ժայռաբեկորները: Անտիոքում էր, որ Բարաբասը ու Պօղոսը հոգեկան սքանչելի աւիւնով աշխատանք էին տարել: Հռովմէական ճանապարհը, որտեղով նրանք Անտիոքից Սելեւկիա էին գնում, իմ հայրենի գիւղի ներքեւով էր անցնում: Տակաւին հնարաւոր էր նրա հետքերով գնալ: Սելեւկիայի ափամերձ ծովապատնէշների քարերը, որտեղից Հռովմէական նաւերն էին նաւարկում, փոթորիկներից ու երկրաշարժերից դեռ բոլորովին քանդուած չէին: Ժամանակին, խաչակիրների կողմից քաջաբար պաշտպանուած Անտիոք քաղաքը, երկար ժամանակից ի վեր թուրքական տիրապետութեան տակ էր, իսլամի մինարէթները տասն անգամ աւելի բազմաթիւ էին քան եկեղեցիների զանգակատները: 1909 թուականի Ապրիլ ամսին, տեղի բողոքական եւ լուսաւորչական համայնքները պատմութեան մէջ ամենադաժան հալածանքները կրեցին:

– Իմ հայրենի գիւղ Եօղունօլուքի բնակիչները, համեստ ու ջանասէր մարդիկ էին: Երկար տարիներ իրենց զբաղմունքը եղել է ամուր փայտից ու ոսկորից, ձեռքով սղոցելով ու փայլեցնելով սանտրեր պատրաստել: Մեր մարդկանցից շատերը փայտի վրայ փորագրող վարպետներ էին: Մեր ժողովուրդը չափազանց սիրել է իր եկեղեցիները: Ամերիկեան միսիոնարների կողմից դպրոցներ բացուելուց յետոյ, մեր երեխաներից շատերը կարդալ ու գրել էին սովորել: Իւրաքանչիւր տուն շրջապատուած էր թթենու ծառերով, բազմաթիւ պտղատու գեղեցիկ այգիները ծածկում էին դէպի հարաւ ու արեւմուտք գնացող դարաւանդների լանջերը: Հարաւային Իտալիա այցելած Ճանապարհորդները մեզ պատմում էին, որ Նէապոլի քաղաքի կողքի գիւղերը շատ նման էին մեր գիւղերին: Նրանց հիւսիսային կողմի՝ «Մուսա Տաղի» (Մովսէսի Լեռ) թիկունքին բարձրանում էր Արաբերէնով ճանաչուած՝ Ժիպալ-ալ-Ահմար լեռը: Մեր սիրելի լեռան իւրաքանչիւր ձոր, անդունդ, բարձունք ծանօթ էր մեր տղաներին ու մարդկանց:

– Մեր գիւղի վերաբերեալ այս իրողութիւնները յիշատակում եմ նրա համար, որ դուք կարողանայիք զցացմունք տածել նրա հանգիստ ու ուրախ կեանքի մասին, որը այնքան վայրենաբար ու այնքան լրիւ խաթարուած էր մեր ցեղը ոչնչացնելու թուրքերի վերջին ձեռնարկումներով:

– Մեր տուն ժամանելուց տասնըերկու օր յետոյ, Անտիոքի թրքական կառավարչութիւնից պաշտօնական մի հրամանագիր էր ուղղուած «Մուսա Տաղի» 6 գիւղերին՝ 8 օրուայ ընթացքում տեղահանման պատրաստուելու համար:

«Լուսանցք» թիվ 30 (376), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։