Հետահայաց.- Երեւանյան փառատոն, որ հավակնում է ազգային ապրանքանիշ դառնալու – Քսենոփոնը ուղղակիորեն վկայել է, որ գարեջրագործության հայրենիը Հայկական լեռնաշխարհն է եղել…

Ազատական տնտեսահարբերությունների անբաժանելի մասը գովազդ, փի ար, մարկետինգ կոչվածն է: Հատկապես գովազդը երբեմն այնպիսի անհեթեթության է հասնում, որ ստիպում է զարմանալ, թե ինչ համարձակությամբ է կեղծվել պատմությունը: Այդպիսի մի անհեթեթության հետեւանքով այսօր աշխարհի որ երկրում գարեջուր է արտադրվում, գարեջրի հայրենիքը այդ երկրին է վերագրվում: Բավարացին, ասենք, համոզված է, որ գարեջրի հայրենիքը Բավարիան է: Հազիվ թե ուսումնասիրած լինի պատմությունը, ամենայն գովազդն է այդպես ասում, գուցե չեխերը նաեւ այդպես մտածեն, չգիտեմ. նրանց գարեջրի գովազդները տեսնել չի հաջողվել: Գուցե վաղը ռուսներն այդպես համարեն: Մի գովազդի հարց է, ի՜նչ կա որ: Իսկ մարդիկ կախված են գովազդից: Գովազդը, ցավոք, բայց ժամանակակից մարդու թիվ մեկ ճշմարտությունն է: Ինչու՞ եմ սա ասում: Որպեսզի հասկանալի դառնա, թե ինչու մենք չենք կարող խուսափել դրանից ու պիտի գործի դնենք այն՝ արդի աշխարհում արդի օրենքներով (մանավանդ որ մենք կեղծելու կարիք չունենք): Այս համապատկերում նաեւ ասեմ, թե ինչու եմ «Երեւանյան ամառ» միջոցառումներից ամենաշատը հենց գարեջրի փառատոնը սիրում:  Ամառն անցավ, բայց հետադարձ հայացք նետեմ: Մի կողմ թողնեմ բերնեբերան լցված բաժակներն ու լիառատ տրամադրությունը, գարեջրի գործարանների ու գարեջրատուն-ակումբների մեկտեղումը, հյուրառատ Երեւանի տեսքը, աշխույժ ու բազմապիսի մրցույթները: Այս փառատոնում կարեւոր մի բան կա. այն հավակնում է ազգային փառատոն դառնալու, որ, դարձյալ ազատական տնտեսահարաբերությունների տրամաբանությունից ելնելով, կարող ենք արտահանել՝ բայց միայն նախապես դրան դաջելով հայրենականի ապրանքանիշը:

«Ամառվա երեք ամիսներին քաղաքապետարանը «Երեւանյան ամառ» ծրագրով բազմաթիվ միջոցառումներ է կազմակերպել. Գարեջրի փառատոնը, որպես զբոսաշրջային բաղադրիչ պարունակող փառատոն, ծրագրեցինք անցկացնել հենց օգոստոսին, երբ Երեւանը լի է նաեւ մայրաքաղաքի հյուրերով։ Որպես Երեւանի Գարեջրի փառատոն՝ կազմակերպությունների, մասնակիցների այսպիսի ներգավվածությամբ, բացօթյա այս փառատոնն առաջինն է ու նախաձեռնել ենք ամենամյա, ավանդական դարձնելու մտայնությամբ եւ, որպես գարեջրի պատրաստման 3000-ամյա վկայություն ունեցող քաղաք, լիիրավ ենք այն բրենդային փառատոն դարձնելու։ Ի դեպ, քաղաքապետարանի կազմակերպած Գարեջրի փառատոնի շեշտադրումը հայկական գարեջրի լավագույն ավանդույթների տարածումն է եւ ճանաչվածության խթանումը»: Սա մեջբերում է փառատոնի համակարգող, Երեւանի քաղաքապետարանի մշակույթի եւ տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանի խոսքից։ Լավ է, որ ասվեց գարեջրի պատրաստման 3000-ամյա վկայություն ունեցող քաղաքի մասին: Դրանով ազգայինի շեշտը դրվեց:

Համեմատության համար նշեմ, որ Հայաստանում երբեմն տոներ են կազմակերպվում, որոնք ազգային են, բայց չգիտես ինչու, առանց դրա բուն արմատի մասին խոսելու, այն միանգամից վերածվում է միջազգայինի եւ եկեղեցու թեթեւ ձեռքով կրոնական շղարշ է ստանում: Սրա մասին՝ սակայն առիթով:

Գանք գարեջրի փառատոնին: Այն կարող է վերաճել, ընդլայնվել, տարածվել եւ քարոզչական ավելի մեծ ծավալ ստանալ: Դա հուշում է փառատոնի կազմակերպման ձեւը, բովանդակությունը, պատրաստակամությունը, նպատակադրումները: Հաջորդ տարի, օրինակ, փառատոնի մասնակիցներն ու օտարերկրյա հյուրերը կարող են իմանալ, որ հույն նշանավոր պատմիչ ու զորավար Քսենոփոնը, տպավորվելով Հայաստան կատարած ճամփորդություններից, հիշատակարանում գրում է.

«Այնտեղ կար նաեւ ցորեն ու գարի եւ ընդեղեն ու կրատերների մեջ գարուց պատրաստված գինի, որի երեսին լողում էին գարու հատիկներ, կրատերների մեջ կային նաեւ եղեգներ՝ մեծ ու փոքր, առանց ծնկի: Ծարավելու դեպքում մարդ պետք է այդ եղեգի ծայրը բերանին դներ ու ծծեր: Եվ այն շատ թունդ էր, եթե ջուր չխառնեին, իսկ սովոր մարդու համար շատ ախորժելի ըմպելիք էր»: Ասենք, որ Քսենոփոնը «կրատեր» ասելով նկատի ուներ կարասները, սովոր մարդ ասելով՝ հայերին: Շատ աղբյուրներից է հայտնի, որ հույները գարեջուրը չէին կարողանում անխառն խմել:

Մինչեւ Քսենոփոնը օտարազգի պատմիչներից որեւէ մեկի մոտ կա՞ հիշատակություն գարուց ստացվող ոգելից ըմպելիքի մասին, գոնե այս պահին հայտնի չէ: Քսենոփոնը ուղղակիորեն վկայել է, որ գարեջրագործության հայրենիը Հայկական լեռնաշխարհն է եղել: Հնագիտական ու բուսաբանական շատ հետազոտություններ են վկայում, որ գարուց ստացված ըմպելիքը հայկական ծագում ունի: Ավելին՝ այդ ըմպելիքը չի կարող այլ հայրենիք ունենալ այն պարզ տրամաբանությամբ, որ գարու հայրենիքն էլ Հայկական լեռնաշխարհն է: 1958թ. երբ Կարմիր բլուրում պեղումներ էին արել, հայտնաբերվել էր գարեջուր պատրաստելու շինություն: Այնտեղ գտնվել է տուֆից պատրաստված խոշոր տաշտ, որի մեջ թրջվում էին գարին կամ կորեկը, օգտագործված ջուրն ամրոցից դուրս բերելու խողովակներ եւ ավելի քան 40 անոթ՝ գարեջուր պատրաստելու համար: Հերոդոտոսն, օրինակ, վկայել է, որ Հայաստանն է գինու եւ գարեջրի հայրենիքը: Ք.Ծ.ա 400թ. երբ հունական զորքերն անցել են մեր երկրով (ընդգծում եմ՝ անցել են), հյուրասիրվել են գինով ու գարեջրով: Մենք նաեւ առաջինն ենք զբաղվել այս ոգելից խմիչքների արտահանմամբ: Այդ մասին էլ տեղեկություններ կան:

Նաեւ նշանավոր ծագումնաբան ու բուսաբույծ Ն. Վավիլովն է գրել, որ ցորենի, գարու, խաղողի, ծիրանի, նռան եւ խնձորի մշակումը Հայկական լեռնաշխարհում է եղել։ Մերձավոր Արեւելքի հնագիտական տվյալների համաձայն, գինու, օղու, գարեջրի եւ քացախի ստացումը նույնպես իրականացվել է մեր երկրում։

Մի խոսքով, այս ամենը եւ, հատկապես խնդրո առարկա գարեջուրը, առաջնայնության յուրահատկություն է մեզ տալիս: Ու սա կորցնելու իրավունք մենք չունենք: Հակառակը՝ արդի մեթոդները՝ գովազդը, փի արը գործի դնելով, ընդ որում՝ ազնվորեն օգտագործելով (առանց արդի խաբկանքի մեթոդների), կարող ենք ընդգծել այդ առաջնայնությունը: Հավատանք՝ աշխարհը հոգնել է միօրինակությունից, միապաղաղությունից, նրան նորություն ու թարմություն է պետք: Իսկ ամեն նորություն չասված հինն է:

Աստղինե Քարամյան

«Լուսանցք» թիվ 30 (376), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։