Կառավարության երեկվա նիստից հետո ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում տեսակետ արտահայտեց, թե իր համոզմամբ՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունն ամրապնդել է մեր երկրի տնտեսական անվտանգության հեռանկարները:
Լրագրողների հակառակ դիտարկումներին ի պատասխան ՀՀ փոխարտգործնախարարը հստակեցրեց, որ «խոսքը վերաբերում է ոչ թե բուն պաշտպանական հարցերին, քանի որ ԵՏՄ-ն մաքուր տնտեսական դաշինք է, այլ տնտեսական շահույթներին, որոնք բարձրացնելու են Հայաստանի պետական բյուջեի եկամուտներն ու թույլ են տալու ավելի լավ դիմակայել պարտադրված սպառազինությունների մրցավազքին»:
Նա միաժամանակ հավելեց, թե որեւէ ինտեգրացիոն դաշինքին անդամակցելու տնտեսական առավելությունն ապրանքների ու կապիտալի ազատ տեղաշարժն է: Այդ առումով, ԵՏՄ-ին անդամակցելն ադապտացվելու երկար ժամանակ Հայաստանից չի խլել. «Եվրաինտեգրման փորձը ցույց է տվել, որ շատ երկրների տարիներ են պահանջվել համապատասխանության հասնելու համար, այսօր էլ կան երկրներ, որոնք առանձին ապրանքների գծով համապատասխանության չեն հասել: Իսկ մենք ԵՏՄ-ում ապրանքների որակով եւ չափորոշիչներով չենք զիջում մյուս երկրներին, ինչ-որ բանով էլ առաջ ենք»: Այնուամենայնիվ, ԵՏՄ շրջանակներում սահմանային լարվածության հարցը քննարկվե՞լ է: «Ո՛չ,- ասաց նա,- այդ հարցը չի բարձրացվել, քանի որ, կրկնում եմ, ԵՏՄ-ն որեւէ կապ չունի անվտանգության հետ: Դա մաքուր տնտեսական բլոկ է»:
Իսկ ՀԱՊԿ-ը, սա էլ հո տնտեսական բլոկ չէ: «ՀԱՊԿ-ի վեհաժողովը նախագահների մակարդակով լինելու է սեպտեմբերի 15-ին, եւ ինչպես դուք լսեցիք, դրա մասին ասաց նաեւ մեր նախագահը՝ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ, այնտեղ եւս այդ հարցի մասին կխոսվի»:
Իսկ ՀԱՊԿ-ից ի՞նչ է ակնկալում մեր երկիրը կամ՝ ընդհանրապես ունի՞ ակնկալիք: Ի պատասխան լրագրողների այս կարգի հարցադրորմների, փոխարտգործնախարարը անկեղծացավ ու շատ դիպուկ մի արտահայտություն արեց. «Մեր անվտանգության ու պաշտպանության հարցում առաջին հերթին հույսը պետք է դնենք մեզ վրա: Ինչ վերաբերում է դաշնակից երկրների աջակցությանը կամ պայմանագրային պարտավորությունների կատարմանը, դա այլ բան է: Բայց մենք պետք է ունենանք այն գիտակցումը, որ որեւէ երկիր, եթե իր պաշտպանության հույսը դնում է ուրիշի վրա, ներողություն, դա կարող է շատ տխուր ավարտ ունենալ»:
Այ սա պետք է մի՛շտ հիշենք՝ չսպասելով ոչ ոքի աջակցությանը:
Իսկ արդյո՞ք ՀՀ եւ ՌԴ նախագահներ Սերժ Սարգսյան – Վլադիմիր Պուտին հանդիպման ժամանակ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապված զիջումների հարցը: Այս հարցին ի պատասխան Շավարշ Քոչարյանը զարմացավ, թե բազմիցս է ասվել, որ զիջումների մասին խոսք լինել չի կարող: «Ի՞նչ զիջման մասին կարող է խոսք լինել: Կա գործընթաց՝ Մադրիդյան գործընթաց, կան համանախագահների հայտարարություններում դրա տարրերը, եւ դա մենք ընկալում ենք որպես մեկ միասնական փաթեթ, որտեղ կա եւ Ղարաբաղի կարգավիճակի հարցը, եւ անվտանգության երաշխքիների, եւ այլ հարցեր: Քանի որ Ադրբեջանը շեշտադրումը դնում է միայն այն հարցերի վրա, որն իրեն է ձեռնտու, այդ պատճառով առաջընթաց չկա եւ չի լինի այնքան ժամանակ, քանի Ադրբեջանն այդպես կվարվի»:
Ու ընդհանրապես, լրագրողներս լավ կանենք զիջումների մասին հարց այլեւս չհնչեցնենք: Փոխարենը հարցեր կարող են ծագել, թե՝ եթե Բաքուն մեծածավալ գործողություններ սկսի, հայկական կողմը ի՞նչ տարածքներ կազատագրի այս անգամ:
Կամ՝ հայկական կողմը Արցախյան ազատամարտի առաջին փուլից դասեր քաղե՞լ է, որպեսզի այս անգամ չանսա ռուսական կողմի պահանջին, եւ որպեսզի վերջնականապես հարվածի այն պետությանը, որն արհեստածին է եւ միայն վերջերս է ստեղծվել:
Կամ՝ ինչու՞ հայկական կողմը չի աշխատում հակաթյուրքական ուժերի հետ եւն…
Աստղինե Քարամյան
«Լուսանցք» թիվ 30 (376), 2015թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում