Եթե Ադրբեջանը պատերազմը վերսկսի, կվերանա՛ որպես պետություն – Հայերն այն ավարտին կհասցնեն հենց Բաքվում.. Հայանպաստ իրավիճակի դեպքում՝ կլուծի նաեւ Արեւմտյան Հայաստանի հայապատկանության հարցը…

Մեր զինուժը մնում է հավատարիմ իր խոստմանը եւ թշնամու յուրաքանչյուր սադրանք ոչ միայն արժանի հակահարված է ստանում, այլեւ հարվածների է արժանանում հայկական կողմից: Եվ ոչ մի սադրանք անպատասխան չի մնալու հայտարարությունը վաղուց կյանքի է կոչվել:

Իսկ հակառակորդը անտեսելով իր զոհերի ու վիրավորների ավելացող քանակը, փորձում է իր երկրում պահպանել «պատերազմական վիճակը», որպեսզի ներքաղաքական սրացումների դեմն առնելու հնարավորություններ ունենա: Միաժամանակ էլ փորձում է սահմանային սադրանքներով միջազգային հանրությանը ցույց տալ, թե տարածաշրջանը կկայունանա, եթե Արցախը նորից բռնակցեն Ադրբեջանին:

Հայաստանա-ադրբեջանական եւ արցախա-ադրբեջանական սահմանների երկայնքով երկար ժամանակ շարունակվում էր սրացումը: Ադրբեջանական կողմը սկսել է կրակել տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից, մասնավորապես նաեւ ականանետերից: Հայկական կողմի պատասխան կրակոցներից հետո են միայն լռում ադրբեջանցիները, քանի որ մեր պատասխանն ավելի կտրուկ եւ դիպուկ է լինում:

Լարվածության հենց առաջին օրերից մեր ՊՆ պատասխանատուները խոսում են առանց գաղտնիքների եւ բացահայտ, ինչը վստահություն է ներշնչում: ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը պարբերաբար տեղեկատվություն է տալիս իրավիճակի մասին: Առաջին իսկ դեպքերից հետո նա հայտնեց, որ Վազաշեն համայքնի մոտակայքում 3 քաղացիական մարդիկ են վիրավորվել, նաեւ 1 պայմանագրային զինծառայող՝ Տավուշի մարտական հենակետերում: Լավ է, որ գոնե վնասվածքները թեթեւ էին եւ նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Անգամ «իրավիճակի թուլացման որոշակի միտում» լինելու դեպքում էլ մեր հանրությունը մնում է ուշադիր բանակի եւ սահմանային իրավիճակների նկատմամբ եւ բանակ-լրագրող-հանրություն կապը աշխատում է թափանցիկ եւ ճշգրիտ: Իհարկե կան բացառություններ, երբ որոշ զլմ-ներ այս կամ այն ռազմաքաղաքական ուղղության ջրաղացին ջուր լցնելու համար պատվերով են երգում: Այդ զլմ-ներին արդեն գրեթե բոլորը գիտեն եւ այլեւս լուրջ չեն վերաբերում դրանց խուճապային կամ հակահայ տեղեկատվությանը…

Խոսելով արհեստածին լարվածության ստեղծման մասին, ՊՆ մամուլի քարտուղարն ասել է. «Պետք է հատուկ նշեմ, որ օրեր առաջ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարը կեղծ, իրենց սրբի տեղ դրած փորձում էր լուր տարածել եւ խոսել միջազգային մարդասիրական իրավունքի մասին, այն ժամանակ, երբ իրենց զինվորականների հետ միասին սադրում էին իրավիճակը, մեր դիրքերի մոտ հրաձգային զինատեսակների հասանելիության մարտական գոտում, զինվորական ավաններում, վրանների մեջ իբր հարսանիք էին արել, իբր հայտնվել էին մեր կրակային գոտում: Դա փորձեցին օգտագործել մեր բնակավայրերի վրա կրակելու համար: Բնականաբար, մեր զինված ուժերը չէին կարող անպատասխան թողնել: Պատասխանների հետեւանքներն իրենց մամուլում արդեն իսկ տեսնում ենք, թե ինչ խուճապ է ստեղծվել իրենց մոտ, ինչ ծանր վիճակ է, գյուղերից բնակիչները դուրս են գալիս, արգելապատնեշ են սարքում՝ խուճապի դեմն առնելու համար: Իսկ Տավուշում ժողովուրդը հանգիստ իր գործն է անում: Տավուշցին երբեք այդ խնդիրը չի ունեցել»:

Միջազգային կողմին էլ դիմելով՝ Ա. Հովհաննիսյանը նշել է, որ ոչ մի սադրանք անպատասախան չի մնալու, չնայած հայկական կողմը մշտապես կողմնակից է եղել, որպեսզի ընդհանուր իրավիճակը լիցքաթափվի, նման լարումներ չառաջանան: «Մենք որեւէ բան չենք սադրել»,- շեշտել է նա: Այս պահին սահմանում վիճակը հանգիստ է, լարումները հիմնականում լինում են երեկոյան, ուշ ժամերին: Հայտնի է դարձել, որ հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը՝ կիրառելով նաեւ թուրքական արտադրության հրթիռահրետանային կայանք եւ այլ զինատեսակներ:

Պաշտոնական Երեւանը՝ ի դեմս նախագահ Սերժ Սարգսյանի, բազմիցս հայտարարել է, որ հայերը չեն վախենում պատերազմելուց, սակայն ամեն ջանք գործադրում են, որ Արցախի հարցը խաղաղ ճանապարհով լուծվի: Սակայն, եթե Բաքուն վերսկսի պատերազմը, ապա հայերը այն ավարտին կհասցնեն հենց Բաքվում… Սա հայտարարել են նաեւ նախկին ազատամարտիկները, ովքեր իրենց գործը համարում են կիսատ թողած… Անգամ մտորումներ են երեւան գալիս, թե Անկարայի՝ հարցին խառնվելու դեպքում էլ՝ ռազմա-քաղաքական նոր հեռանկարներ կբացվեն տարածաշրջանում, որը չի բացառի աշխարհի նոր վերաձեւման այն ծրագիրը, որ հայանպաստ է՝ կլուծի նաեւ Արեւմտյան Հայաստանի հայապատկանության հարցը…

Պատերազմի դեպքում Ադրբեջանը դատապարտված է ոչնչացման, այսպես է մտածում Կոմանդոսը՝ Արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանը: Ըստ նրա՝ ներկայի լարվածությունը հետեւանք է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նկատմամբ համաշխարհային մեծ հետաքրքրության եւ Հայաստանի՝ այդ մասշտաբով պատրաստության ու հետագա քայլերի կիրարկման: «Ադրբեջանի գործողությունները անհաջողության կմատնվեն: Եթե պատերազմ սկսվի՝ Ադրբեջանը կվերանա որպես պետություն»,- ասել է Կոմանդոսը:

Համապատկերում Ռուսաստանի պահվածքի վերաբերյալ Կոմանդոսն ասել է, որ Ռուսաստանի գործողություններն ուղղված են Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանը. «Ռուսաստանն իր հետաքրքրություններով է առաջ շարժվում: Պետք է հասկանանք, որ այն քայլերը, որոնք Մոսկվան է անում, ավելի շատ ուղղված են մեր հարաբերությունների բարելավմանը: Նրանք պետք է նաեւ հաշվի առնեն թուրք-ադրբեջանական գործողությունների հնարավորությունը»: Որպես բարիդրացիական օրինակ՝ Կոմանդոսը նշել է Ռուսաստանի նախագահի՝ Հայաստան այցը ապրիլի 24-ին, երբ թուրքերը Վլադիմի Պուտինին սպասում էին Անկարայում…

Այնուամենայնիվ պետք է նշել, որ ռուսական կողմը հաճախակի է տարվում թուրք-ադրբեջանական խաղերով եւ այդ ընթացքում վնասում է ռազմավարական գործընկեր երկիր Հայաստանի շահերը: Այս մասին շատ է խոսվել եւ կան ակնհայտ փաստեր: Մեր քաղաքական կառույցները բացի քննադատությունից, նաեւ տարբեր ձեւերով դիմել-առաջարկել են, որ Մոսկվան սատարի Հայաստանին ոչ թե բարի կամքի դրսեւորմամբ, այլեւ՝ ԱՊՀ-ՀԱՊԿ պայմանավորվածությունների ու փաստաթղթերի համաձայն: Եվ ոչ միայն Ռուսաստանը, այլեւ ՀԱՊԿ մյուս երկրները, որոնց մի մասը հաճախ ադրբեջանամետ կեցվածք է ընդունում…

Իսկ Հայ դատի հանձնախումբը կոչ է արել ԱՄՆ-ի նախագահին, որպեսզի նա զերծ մնա անբարո քաղաքականությունից: Հայտարարության մեջ, որով դատապարտվում է Իլհամ Ալիեւի կողմից սահմանային լարվածություն հրահրելը, կոչ է արվում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային հրաժարվել կողմերի միջեւ հավասարեցնող հայտարարություններ անելուց, ինչը Ադրբեջանի առաջ կանաչ լույս է վառում ամեն անգամ:

Իմիջիայլոց այսպես են վարվում նաեւ եվրոպացիները եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունները նույն՝ հավասարության պահպանման ոճով են հրապարակվում՝ անկախ այն բանից, թե ով է մեղավորը:

Իսկ նշյալ հայտարարությունում մասնավորապես ասված է. «Օբամայի վարչակազմը Բաքվի առաջ կանաչ լույս է վառում ամեն անգամ՝ Ալիեւի ակնհայտ ագրեսիայի դեպքում սահմանափակվելով միայն կողմերին բռնությունների գործադրումից զերծ մնալու կոչեր անելով: ԱՄՆ-ում բոլորը՝ սկսած բարձրագույն հատուկ ծառայություններում աշխատող պաշտոնյաներից մինչեւ 9-րդ դասարանի աշակերտներ, ովքեր հետեւում են միջազգային քաղաքականությանը, գիտեն, որ հենց Ադրբեջանի նախագահն է հրահրում այս հարձակումները: Այս ամենը չտեսնելը եւ հակառակը ձեւացնելը բացահայտ կեղծություն է, որը հղի է մահացու հետեւանքներով»: Նշվել են տարբեր առաջարկներ, դրանցից են միջազգային միջնորդների կողմից արված առաջարկները, որոնց համաձայն են Հայաստանը եւ Արցախը, որոնք մերժում է Ադրբեջանը: Նման առաջարկ է դիպուկահարներին հետ քաշելը, ԵԱՀԿ-ի կողմից լացուցիչ դիտարկումների անցկացումը եւ շփման գծում միջազգային հսկողությամբ հրաձգությունները տեղորոշելու համակարգի տեղադրումը:

Ադրբեջանական սադրանքները արդեն զայրացրել են հայ ազատամարտիկներին, ովքեր համախմբված սպասում են հրամանի՝ թշնամուն հակահարված տալու համար: Իսկ Արցախի ազատամարտիկների միության նախաձեռնությամբ Ստեփանակերտից Տավուշի սահմանագոտի էր մեկնել ավելի քան 100 ազատամարտիկ՝ ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի եւ միության նախագահ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ: Իմիջիայլոց, ադրբեջանական զլմ-ներն անմիջապես ահազանգել են ազատամարտիկների այս կամ այն դիրքերում հայտնվելու փաստերին:

Եթե քաղաքացիական բնակչության ուղղությամբ կրակոցներն ավելանան, ապա թերեւս ճիշտ կլինի նրանց ժամանակավորապես տարհանել եւ թշնամուն հուժկու հակահարված հասցնելուց հետո հետ բերել իրենց բնակավայր: Այս առումով Դիլիջանի «Լեռնային Հայաստան» առողջարանը պատրաստ է աջակցել: «Շանթ 2015» զորավարժության ընթացքում խաղարկվեց ռազմական իրադրության եւ աղետների ժամանակ տարհանվածների ընդունման սցենարը, որի ժամանակ մարդկանց պիտի տեղավորել հենց նման առողջարաններում կամ այլ վայրերում:

ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի տեղակալ, մայոր Սամվել Հովսեփյանը զորակոչը լուսաբանողներին հայտնել էր, որ «Լեռնային Հայաստան» առողջարանը գործում է շուրջ տարին, այն ցանկացած պահի պատրաստ է պատերազմի կամ աղետների ժամանակ ընդունել Տավուշի եւ Լոռու մարզերի տարհանված բնակչությանը:

«Առողջարանը կծառայի որպես կացարան եւ հոսպիտալ: Այն հագեցած է բոլոր անհրաժեշտ բուժական պարագաներով, դեղորայքով եւ բուժանձնակազմով: Հոսպիտալն առաջին օգնությունն է ցուցաբերելու տարհանվածներին՝ նրանց ուղղորդելով հարակից մասնագիտացված հոսպիտալներ»,- ասել է մայորը: Նա ընդգծել է, որ իրենք արտակարգ իրավիճակների համար ունեն նախապես մշակված սցենարներ, որոնցով առաջնորդվելու են իրադրությունից ելնելով: Առողջարանն այսօր իսկ հագեցած է ֆիզիոթերապեւտիկ սարքավորումներով, լազերային ապարատով, առողջարանային բուժման համար նախատեսված սարքավորումներով, ինչպես նաեւ անձեռնմխելի դեղորայքի պաշարով, որը պարբերաբար թարմացվում է»,- հայտնել են առողջարանի բուժպատասխանատուները:

Եվ սա ճիշտ քաղաքականություն է, պետք է մնալ հայտնի խոսքի շրջանակներում՝ «Խաղաղությու՞ն ես ուզում՝ պատրաստվի՛ր պատերազմի»: Հիշենք, որ վերջին օրերի դեպքերի ժամանակ մոտ 20 գյուղ այս կամ այն չափով հայտնվել է կրակի տակ:

Իհարկե, հակառակորդը լռեցվել է, սահմաններն էլ անառիկ են մնացել, բայց բնակչության պաշտպանությունն ու անվտանգությունը անչափ կարեւոր հարց է:

Միջազգային Կարմիր Խաչը եւս անհանգստացած է, քանի որ ռազմական գործողությունները կարող են հանգեցնել ռազմագերիների նոր հոսքի: Արցախի ԱԳ նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղում Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելության ղեկավար Թոմաս Հալյեյին, ով ավարտում է իր առաքելությունն Արցախում: Հանդիպմանը Թոմաս Հալյեն ներկայացրել է Դրագոսլավ Բլաժեւիչ Չիրոյին, որն առաջիկայում կզբաղեցնի ԼՂՀ-ում ԿԽՄԿ առաքելության ղեկավարի պաշտոնը:

Կողմերը քննարկել են ԼՂՀ-ում ԿԽՄԿ գրասենյակի գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել առաքելության առաջիկա ծրագրերին: ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատել է Արցախի իշխանությունների պատրաստակամությունը հնարավորինս աջակցել հանրապետությունում Կարմիր Խաչի գործունեությանը:

Չնայած պետք է միշտ հիշել, թե ինչքան դանդաղ էին աշխատում ՀՀ եւ ԼՂՀ ԿԽՄԿ ներկայացուցիչները՝ հայ ռազմագերիների վերադարձման կամ քաղաքացիական անձանց սահմանը հատելով անցնելու եւ գերի ընկնելու դեպքերի ժամանակ: Սահմանը պատահաբար հատած եւ գերի ընկած քաղաքացիական անձանց անգամ չեն խնայում ադրբեջանցիները:

Սեպտեմբերին Արցախ ժամանած Ֆրանսիայի խորհրդարանի սոցիալիստական խմբակցության անդամները եւս այցելել են ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետեր: Առաջնագծում ֆրանսիացի խորհրդարանականները հետաքրքրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հաճախականությամբ, ծանոթացել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին եւ առաջնագծում մարտական հերթապահության կրման առանձնահատկություններին:

Մինչ այդ՝ Ստեփանակերտում Արցախի ժողովրդավարական կուսակցությունը Հռչակագիր էր ստորագրել Եվրոպական ազատ դաշինքի հետ: Կարեւորվել էր Արցախի բնակչության ինքնորոշվելու իրավունքը եւ անկախ Արցախի պաշտպանությունը:

Խրախուսվել էր Եվրամիության ավելի լայն ներգրավվածությունը Արցախի հանրային կյանքում:

Օրինակ էր բերվել այն հանգամանքը, որ ԵՄ հաստատությունները բազմիցս ընդգծել են Եվրամիության հարեւանության երկրներում ժողովրդավարական արժեքների եւ խաղաղ համագործակցության տարածման անհրաժեշտությունը, ուստի Արցախի հարցում եւս պետք է ճանաչել ԵՄ առանձնահատուկ նշանակությունը: Անգամ այսպիսի կետ կա Հռչակագրում. «Փոխանակել անկախության գործընթացի եւ ժողովրդավարական ու խաղաղ միջոցներով ինքնիշխանության հասնելու ԼՂՀ փորձը ԵԱԴ եւ անդամ կուսակցությունների հետ»:

Սա մեկ անգամ եւս ընդգծում է, որ Արցախը տարածաշրջանում կայացած պետություն է, որ անգամ օրինակելի կարգավիճակ ունի:

Շատ կարեւոր է այն փաստը, որը սույն փաստաթղթում արձանագրվեց այսպես. «Ներգրավել ԼՂՀ-ին միջազգային գործընթացների մեջ, ինչպես նաեւ ԵՄ հաստատություններում ու մարմիններում, եւ նպաստել Արցախի ներկայացուցիչների մասնակցությանը այդ հարթակներում՝ սատարելով նրա միջազգային ճանաչմանը: Նպաստել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ԼՂՀ ուղղակի մասնակցությամբ եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա՝ բացառելով բոլոր կարգի բռնություններն ու ագրեսիաները»:

Եվրոպական ազատ դաշինքի նախագահ Ֆրանսուա Ալֆոնսիի եւ Եվրախորհրդարանի անդամ Ջորդի Սեբաստիայի հավաստմամբ՝ Եվրոպական ազատ դաշինքը պայքարում է նույն գաղափարների համար, ինչին ձգտում է Արցախը:

Իսկ ԼՂՀ ՊՆ-ն հանդես է եկել մեկ այլ հայտարարությամբ, որ՝ «Առաջնային գծում ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվող սադրիչ գործողությունների հաճախականությունը եւ այդ ընթացքում կիրառվող զինատեսակների քանակական ու որակական աճի դինամիկան փաստում է, որ Բաքուն, հանձինս իր ռազմաքաղաքական ղեկավարության, որդեգրել է իրավիճակը պատերազմականին մոտեցնելու հանցավոր մարտավարություն»:

ԵԱՀԿ-ին դիմելով նշվել է նաեւ, որ «վերջին շրջանում հակամարտ զորքերի շփման գոտում տեղ գտնող զարգացումներն ու դրանց զուգահեռ իրականացվող ռազմաշունչ հայտարարությունները ասվածի վկայությունն են: Այսօր արդեն Ադրբեջանը ոչ թե, ինչպես նախկինում էր, սեփական քարոզչությամբ փորձում է իր իսկ կողմից ձեռնարկվող նախահարձակ գործողությունները մատուցել որպես հայկական կողմին ուղղված պատասխան քայլեր, այլեւ տարբեր տրամաչափի հրետանային, ռեակտիվ հրթիռահրետանային եւ հրաձգային զենքերից‘հայկական դիրքերի ուղղությամբ պարբերաբար իրականացվող արկակոծումներն ու գնդակոծումները բացահայտ լկտիությամբ ներկայացնում է ոչ այլ կերպ, քան իր ռազմական հնարավորությունները ցուցադրելու մարտավարական ու ռազմավարական կարևորության մտահաղացման իրագործում»:

Ինչպես ՀՀ ՊՆ-ն էր հայտարարել նախկինում, ԼՂՀ ՊՆ-ն եւս նախազգուշացրեց, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության որդեգրած այդօրինակ գործելաոճը ոչ միայն պատճառ են դառնում չարդարացված ու անդառնալի կորուստների, այլեւ դեպքերի նման զարգացման շարունակականության խորացումը հնարավոր է հանգեցնի անկանխատեսելի հետեւանքների:

Ելնելով վերոնշյալից՝ Արցախի ռազմական գերատեսչության ղեկավարությունը տեղեկացնում է ինչպես Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, այնպես էլ ադրբեջանա-արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմամբ զբաղվող միջազգային կառույցներին, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որ հակամարտ զորքերի շփման գծում տեղ գտնող հետագա սրացումների ու դրանցից բխող հետեւանքների ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա:

Երեկ սահմանային լարվածության հարցերին է անդրադարձել նաեւ ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 30 (376), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։