Աշխարհի մարզական հեւքից – Վերսկսվեցին խաղերը ֆուտբոլի բարձրագույն խմբում – Ստեփանակերտում նշել են Ֆիզկուլտուրնիկի օրը – «Լավագույն մարզական ընտանիք-2015» – այլ մարզական լուրեր… Օգտվե՛ք ՀԱՄ պաշտոնական կայքից – տեղադրե՛ք նաեւ ձեր գովազը… «Լուսանցք»-ը ազգային արժեհամակարգի հետեւորդ է – պաշտպանում է հայ ազգայնականության շահերը…

Աշխարհի մարզական հեւքից

Վերսկսվեցին խաղերը բարձրագույն խմբում

Կայացան ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի վերսկսված առաջնության հանդիպումները: անրապետության չեմպիոն Երեւանի «Փյունիկ»-ը 2:0 հաշվով հաղթեց մրցաշարի ընդգծված ետնապահ «Ուլիս»-ին: «Բանանց»-«Գանձասար-Կապան» խաղի ելքը վճռեց հյուրերի խփած միակ գոլը՝ 1:0: Առաջնության միանձնյա առաջատար «Ալաշկերտ»-ը պարտության մատնեց «Միկա»-ին՝ 2:0, իսկ հետապնդման ելած «Շիրակ»-ը նույն հաշվով հաղթեց «Արարատ»-ին:

Հ.Գ. – «Ալաշկերտ»-ը Գյումրիում հաղթեց «Շիրակ»-ին

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 7-րդ փուլում միմյանց հետ հանդիպեցին մրցաշարի երկու առաջատարները: 2-րդ տեղում ընթացող Գյումրիի «Շիրակ»-ն իր հարկի տակ ընդունեց միանձնյա առաջատար «Ալաշկերտ»-ին: Դաշտի տերերը չնայած առաջինը բացեցին հաշիվը, սակայն հետո 2 գոլ ընդունեցին սեփական դարպասը եւ պարտություն կրեցին՝ 1:2: Այդպիսով.- «Ալաշկերտ»-ն էլ ավելի ամրապնդվեց առաջատարի դիրքում: Մեկ այլ խաղում առաջնության ետնապահ «Ուլիս»-ը հյուրընկալեց «Բանանց»-ին՝ թիմերը երկուական գոլ փոխանակեցին եւ խաղաղությամբ բաժանվեցին իրարից՝ 2:2: «Ուլիս»-ը վերջապես առաջին միավորը վաստակեց առաջնությունում: Մյուս երկու հանդիպումներում կհանդիպեն «Միկա»-ն եւ հանրապետության չեմպիոն «Փյունիկ»-ը, «Գանձասար-Կապանը»-ը եւ «Արարատ»-ը:

Հայաստանի երիտասարդականը կրկին պարտվել է

Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում մեր թիմի պարտությամբ ավարտվեց Եվրոպայի մինչեւ 21 տարեկանների 2017թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ռումինիա հանդիպումը՝ 2:3 հաշվով: Այդպիսով, մեր երիտասարդականը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց առաջնությունում եւ իր խմբում եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Նույն վիճակն է նաեւ Հայաստանի ազգային հավաքականի դեպքում՝ «Եվրո-2016»-ի ընտրական փուլում:

Հայ ֆուտբոլիստը փայլում է իր խաղով

Հենրիխ Մխիթարյանի խաղը համեմատվել է Մեսսիի եւ Ռոնալդուի կողմից ցուցադրվող խաղերի հետ: Այսպես է անդրադարձել իսպանական InVictos-ն՝ Դորտմունդի «Բորուսիա»-ի եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի վերջին շրջանի խաղերին: «Հենրիխ Մխիթարյանն իր լավագույն պահերն է ապրում՝ Դորտմունդի «Բորուսիա» տեղափոխվելուց հետո: Հայազգի ֆուտբոլիստն ուղղակի պայթեցնում է գերմանական ֆուտբոլը։ Իր խաղով նա ապացուցում է, որ գերմանական ակումբի պատմության ամենաթանկ տրանսֆերն իզուր չէր։ Մրցաշրջանի առաջին 9 խաղերում 26-ամյա ֆուտբոլիստը ցուցադրեց խաղ, որ սովոր ենք տեսնել Մեսսիի եւ Ռոնալդուի կողմից: Նա 9 խաղերում 16 անգամ է աչքի ընկել, ինչը հարձակվողական ոճի կիսապաշտպանի համար փայլուն արդյունքն է»,- գրել է կայքը։ (2015-16 մրցաշրջանի սկզբում Մխիթարյանը գրանցել է հետեւյալ արդյունքը. «Վոլֆսբերգ»-«Բորուսիա».1 գոլային փոխանցում, «Բորուսիա»-«Վոլֆսբերգ»՝ 3 գոլ, 1 գոլային փոխանցում, «Խեմնիցեր»-«Բորուսիա»՝ 1 գոլ, 1 գոլային փոխանցում, «Բորուսիա Դ.»-«Բորուսիա Մ՝ 2 գոլ, «Օդդ»-«Բորուսիա»՝ 1 գոլ, «Ինգոլշտադտ»-«Բորուսիա»՝ 1 գոլային փոխանցում, «Բորուսիա»-«Օդդ»՝ 1 գոլ, 2 գոլային փոխանցում, «Բորուսիա»-«Հերտա»՝ 1 գոլային փոխանցում, «Հանովեր»-«Բորուսիա»՝ 1 գոլ):

Աշխարհի հնագույն ֆուտբոլային ակումբն ապահով ձեռքերում է

Քաթարի մեծահարուստները պատրաստ են օգնության ձեռք մեկնել աշխարհի հնագույն ֆուտբոլային ակումբին՝ «Շեֆիլդ» ՖԱ-ին: Քաթարի աշխարհի առաջնության հիմնադրամը օրերս 150 հազար ֆունտ սթերլինգ կտրամադրի անգլիական ակումբին, որպեսզի վերջինս վերագնի իր նախկին մարզադաշտը, բացի այդ, ստեղծի կանանց թիմ: «Նրանք չեն հետաքրքրվում մեր ակումբով, որպեսզի ցույց տան իրենց ֆինանսական ուժը: Սա պարզ համագործակցություն է ներկայիս հարուստների եւ աշխարհի հնագույն ակումբի միջեւ: Նրանք ցանկանում են պահպանել ֆուտբոլի պատմությունը»,- ասել է ակումբի նախագահ Ռիչարդ Տիմսը: («Շեֆիլդ»-ը ստեղծվել է 1857թ.: Այժմ հանդես է գալիս Անգլիայի սիրողական առաջնության 1-ին դիվիզիոնում, որը պրեմիեր լիգայից հեռու է 7 աստիճանով):

Կիրսան Իլյումժինովը դեռ որոշում չի կայացրել

ՖԻԴԵ-ի ղեկավար Կիրսան Իլյումժինովը գնահատել է ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններին իր մասնակցության հնարավորությունը: «Առաջարկ հնչել է, բայց առայժմ որոշում չեմ կայացրել առաջադրման մասին: Ինձ համար այդ հարցով դեռ ոչինչ չեմ որոշել»,- նշել է նա:

Հայ շախմատիստների պայքարը՝ Բաքվում…

Բաքվում ընթացող աշխարհի շախմատի գավաթի խաղարկությանը մասնակցում են Հայաստանի 4 շախմատիստներ՝ Լեւոն Արոնյանը, Հրանտ Մելքումյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը: Մեր հայրենակիցներ Վարուժան Հակոբյանը եւ Սամուել Սեւյանը ներկայացնում են ԱՄՆ-ն: Հայաստանի պատվիրակներից առաջին արգելքը՝ 1/64 եզրափակիչը, հաղթահարեցին 3-ը՝ Լեւոն Արոնյանը, Հրանտ Մելքումյանը եւ Գաբրիել Սարգսյանը: Առաջին երկուսն իրենց մրցակիցներին հաղթեցին դասական երկու խաղերում, իսկ ահա Գաբրիելը 9 խաղերից հետո միայն կարողացավ առավելության հասնել լեհ Մատեուշ Բարտելի նկատմամբ՝ արմագեդոնում ոչ-ոքի խաղալով սեւերով: Իսկ ահա Սամվել Տեր-Սահակյանը թայ-բրեյքում 0:2 հաշվով զիջեց ռուսաստանցի Նիկիտա Վիտյուգովին եւ ավարտեց ելույթները: Գավաթի խաղարկությունից դուրս մնացին նաեւ ԱՄՆ ներկայացնող մեր հայրենակիցները՝ Վարուժան Հակոբյանը եւ Սամուել Սեւյանը, որոնք նույնպես ձախողվեցին թայ-բրեյքում:

1-ին փուլում հայ շախմատիստների արդյունքները հետեւյալն էին՝ Արոնյան-Վիկենդելլեր՝ 2:0; Մելքումյան-Կամսկի՝ 1,5:0,5; Տեր-Սահակյան-Վիտյուգով՝ 1,5:2,5; Հակոբյան-Լազնիչկա՝ 0,5:1,5; Սեւյան-Ռաջաբով՝ 1:3: Սարգսյան-Բարտել՝ 4,5:4,5 (լրացուցիչ հանդիպումները տեղափոխվել են մինչեւ մահվան պարտիա՝ արմագեդոն, որտեղ Գաբրիելին բաժին են հասել սեւ խաղաքարերը, եւ քանի որ խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ հաջորդ փուլի ուղեգիր նվաճել է հայ շախմատիստը): Կայացան նաեւ 1/32 եզրափակիչ փուլի առաջին խաղերը: Մեր առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը ուկրաինացի Ալեքսանդր Արեշչենկոյի հետ խաղի սկզբում, չնայած դիրքային առավելությանը, չկարողացավ այն վերածել նյութական առավելության եւ 35-րդ քայլին խաղաղ դաշն կնքեց: Գաբրիել Սարգսյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ, իսկ մրցաշարը վստահ սկսած Հրանտ Մելքումյանն անհաջող մեկնարկեց այս փուլում եւ սեւերով պարտվեց կուբացի գրոսմայստեր Լեյներ Դոմինգեսին:

Հ.Գ. - Մեր 2 շախմատիստները` Գաբրիել Սարգսյանը եւ Հրանտ Մելքումյանը, պարտվելով 1/32 եզրափակիչ հանդիպումներում, դուրս են մնացել գավաթի խաղարկության հետագա մրցապայքարից: Գաբրիել Սարգսյանը պարտվել է Մաքսիմ Վաշիե-Լագրավին (Ֆրանսիա), Հրանտ Մելքումյանը` Լենիեր Դոմինգես Պերեսին (Կուբա) 0,5:1,5 հաշվով: Հայ առաջատար գրոսմայստեր Լեւոն Արոնյանն ուկրաինացի Ալեքսանդր Արեշչենկոյի հետ հանդիպումը ավարտեց ոչ-ոքի` 1:1, եւ այս զույգի հաղթողը կորոշվի չորեքշաբթի նախատեսված թայ-բրեյքում:

Մերոնք՝ Նոնա Գափրինդաշվիլու գավաթի խաղարկությունում

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ընթացող «Նոնա Գափրինդաշվիլու գավաթ 2015» անվանումը կրող օփենում հաջող խաղ են ցուցադրում Հայաստանը ներկայացնող շախմատիստներ Հովիկ Հայրապետյանը, Վահե Բաղդասարյանը եւ Տիգրան Կ. Հարությունյանը, ովքեր խաղացված 5 փուլից հետո ունեն 4-ական միավոր եւ գտնվում են առաջատարների խմբում: Հայկ Մարտիրոսյանն ու Դավիթ Շահինյանն ունեն 3,5-ական միավոր:

Հ.Գ.- Հայ շախմատիստները հաջող են հանդես գալիս «Նոնա Գափրինդաշվիլու գավաթ 2015»-ում:  Գերազանց խաղ են ցուցադրում Հովիկ Հայրապետյանն ու Տիգրան Կ. Հարությունյանը, ովքեր խաղացված 7 փուլերից հետո ունեն 5,5-ան միավոր եւլխավորում են մրցաշարային աղյուսակը: Արման Միքայելյանն ունի 5 միավոր: Մինչեւ պայքարի ավարտը մնացել է 2 փուլ:

Ազատ ոճայինների միակ օլիմպիական ուղեգիրը

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը լիովին ձախողվեց Լաս Վեգասում ավարտված ըմբշամարտի աշխարհի առաջնությունում: Մեր 7 ըմբիշներից միայն ծանր քաշային Լեւան Բերիամիձեն մեդալ նվաճելու հնարավորություն ստացավ, քանի որ նրան հաղթած թուրք մարզիկը հասավ եզրափակիչ եւ դարձավ աշխարհի չեմպիոն: Բայց բրոնզե մեդալի համար անմիջական մրցամարտում Լեւան Բերիանիձեն բոլոր առումներով զիջեց ռուսաստանցի Բիլյալ Մախովին՝ 0:11, եւ բավարարվեց միայն Ռիո-2016-ի օլիմպիական խաղերի ուղեգրով:

Այդպիսով, ԱՄՆ-ում մեր ըմբիշներն ընդհանուր առմամբ 1 մեդալ նվաճեցին: Հայկական ըմբշամարտի պատիվն այս առաջնությունում պահեց միայն հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, որը 98 կգ քաշային կարգում 2-րդ տարին անընդմեջ գրավեց 1-ին տեղը:

Շահեն Աբաղյանն ու Վահագն Հովսեփյանը՝ Եվրոպայի մեդալակիրներ

Հայաստանի ձյուդոյիստները 2մեդալ նվաճեցին Ավստրիայում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությունում: Մեր մարզիկներ Շահեն Աբաղյանն ու Վահագն Հովսեփյանը մինչեւ 55 կգ քաշայինների մրցումներում զբաղեցրին 3- տեղը եւ արժանացան բրոնզե մեդալների: Նրանք միայն կիսաեզրափակիչ փուլում զիջեցին իրենց մրցակիցներին: Իսկ այա 66 կգ քաշայիններ Արսեն Ղազարյանն ու Հարություն Դերմիշյանը եւ 73 կգ քաշային Ալբերտ Մկրտչյանը անհաջող հանդես եկան եւ արդեն նախնական փուլից դուրս մնացին մրցանակների համար պայքարից:

Թիմային հաշվարկով Հայաստանը 30 երկրների մեջ զբաղեցրեց 17-րդ տեղը:

Հայաստանը՝ առագաստանավային սպորտի աշխարհի չեմպիոն

Ֆրանսիայի Կարնակ քաղաքում կայացել է առագաստանավային սպորտի «Կատամարան» դասի աշխարհի առաջնությունը, որին մասնակցել են մոտ 15 երկրների առագաստանավորդներ: Կլասիկ դասում, 10 մրցափուլեր հաղթահարելուց հետո, աշխարհի չեմպիոն է դարձել Հայաստանը ներկայացնող Միշել Զաքարյան եւ Ջերեմի Իալենտի զույգը:

ԱԺ նախագահը մրցանակներ է հանձնել լավագույն հեծանվորդներին

Սեպտեմբերի 19-ին ՀՀ Ազգային ժողովը եւ ՀՀ հեծանվային մարզաձեւի ֆեդերացիան ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին նվիրված կազմակերպել էին «Անկախ սերունդ, առողջ սերունդ» հեծանվավազք՝ «ԱԺ նախագահի գավաթ» մրցաշարը: Մրցաշարը մեկնարկել է Իսակովի պողոտայի հեծանվահրապարակից: Ընթանալով Երեւանի մի շարք փողոցներով՝ շուրջ 100 հեծանվորդներ մրցավազքն սկսել են Բաղրամյան պողոտայի սկզբնամասից՝ անցնելով 450 մ: Հաղթական սահմանագիծը հատած 3մարզիկներն ԱԺ բակում զբաղեցրել են պատվո հարթակի իրենց տեղերը: Հաղթանակած հեծանվորդներին մրցանակները հանձնել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, 3-րդ տեղն զբաղեցրած Մհեր Մկրտչյանը եւ 2-րդ տեղն զբաղեցրած Պավել Ստեփանյանն արժանացել են մեդալների, իսկ առաջին պատվավոր տեղն զբաղեցրած Դավիթ Մկրտչյանին խորհրդարանի ղեկավարը հանձնել է խորհրդանշական գավաթը:

ԱԺ նախագահի ոսկե հուշամեդալով է պարգեւատրվել Եվրոպայի չեմպիոն, աշխարհի փոխչեմպիոն Էդգար Ստեփանյանը, իսկ ՀՀ հեծանվային մարզաձեւերի հավաքականի մարզիչ Արմեն Գյոզալյանն արժանացել է ԱԺ պատվոգրի եւ դրամական պարգեւի: Նշենք, որ միջոցառմանը ներկա էին նաեւ ԱԺ պատգամավորներ, ՀՀ սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանը եւ ՀՀ հեծանվային մարզաձեւի ֆեդերացիայի նախագահ Արման Սահակյանը: Մրցաշարի կապակցությամբ ԱԺ բակում կազմակերպվել էր տոնական համերգ:

Ստեփանակերտում նշել են Ֆիզկուլտուրնիկի օրը

Արցախի նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 17-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ներկա է գտնվել Ֆիզկուլտուրնիկի օրվան նվիրված տոնական միջոցառմանը: Երկրի ղեկավարը նշել է, որ ֆիզիկական կուլտուրայի զարգացումը հանդիսանում է երկրի առաջընթացի կարեւոր ուղղություններից մեկը, եւ այդ ոլորտին վերաբերող հարցերը մշտապես կլինեն պետության ուշադրության կենտրոնում:

«Լավագույն մարզական ընտանիք-2015»

Սեպտեմբերի 12-ին Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի խաղադաշտում տեղի ունեցավ ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք-2015» ամենամյա մրցույթի փակման հանդիսավոր արարողությունը եւ հաղթող ընտանիքների պարգեւատրումը: Մրցույթը հերթական անգամ անցկացվել է սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանի ղեկավարությամբ, ինչպեսեւ Ծաղկաձորի բժշկական ամբուլատորիայի ընտանեկան բժիշկ Արթուր Գալստյանի ու նրա անձնակազմի վերահսկողությամբ, որոնք մրցումների ամբողջ ընթացքում հերթապահել են մրցավայրերում:

12-րդ տարին անընդմեջ անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի 2015թ. եզրափակիչ փուլի մրցումները եւս դիտարժան էին: Նախագահի 2015թ. հունիսի 4-ի կարգադրությամբ մրցույթը բաժանվել է 3 ուղղությունների՝ «Լավագույն մարզական ընտանիք-2015» մրցույթ, որն անցկացվում է հունիս-սեպտեմբերին, «Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ» եւ «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթներ, որոնք կանցկացվեն հոկտեմբերին:

«Լավագույն մարզական ընտանիք-2015» մրցույթի 1-ին փուլին Արցախից, Երեւան քաղաքից եւ Հայաստանի 10 մարզերից մասնակցել է 2.065 ընտանիք կամ 6.195 մարդ, իսկ ս.թ. հոկտեմբերին նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ» եւ «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթներին մասնակցել են 6000-ից ավելի երեխաներ ու հաշմանդամություն ունեցող մարդիկ: Ընդհանուր առմամբ, 3 մրցույթների ընթացքում ՀՀ նախագահի մրցանակի համար մասնակիցների թիվն այս տարի գերազանցել է 12.000-ը:

«Լավագույն մարզական ընտանիք-2015» մրցույթն անցկացվել է 3 փուլով, 4 տարիքային խմբերով՝ 6-7 մրցաձեւերում: Եզրափակիչ փուլ է անցել նախնական փուլերը հաջողությամբ հաղթահարած 144 ընտանիք: Մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցել են նաեւ իր կազմում հաշմանդամ անձ ունեցող 19 ընտանիք՝ ՀՀ մարզերից, Երեւան քաղաքից եւ Արցախից:

Եզրափակիչ փուլ անցած բոլոր ընտանիքների բոլոր երեխաները նախագահի կողմից ստացել են խրախուսական նվերներ:

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝ 52-53-01

«Հայփոստ»՝           51-45-01               «Հայմամուլ»՝   58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ

6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ

3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ

1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 31 (377), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։