Ոչ թե սահմանադրական բարեփոխում, այլ՝ ամբողջական վերափոխում… ՀԱԿ-ի գյուտը՝ «Կուժ ասեմ՝ կուլա հասկացիր» տարբերակով կարելի է շարունակել… Լռության ժամ է – ոստիկանները հիմա էլ բարի գիշեր են մաղթում…

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ԲՀԿ խմբակցության անդամ Աբրահամ Մանուկյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարել է. «Չեմ կարծում, համոզված եմ, որ Սահմանադրության բարեփոխումները իշխանությունների վերարտադրվելու համար են արվում»: Նա բացատրել է, թե ինչու է ԲՀԿ-ն փոխել իր դիրքորոշումը, քանի որ հայտնի է, ավելի վաղ հայտարարում էր, թե բովանդակային քննարկման մեջ չի մտնի Սահմանադրության փոփոխությունների նախագծի շուրջ:

Ըստ պատգամավորի՝ մինչեւ փետրվար վիճակն ուրիշ էր, իրենք նախագահի թեկնածու էլ ունեին՝ կուսակցությունը որոշել էր, որ Գագիկ Ծառուկյանն է իրենց նախագահի թեկնածուն: «Այսօր ես չեմ գտնում ԲՀԿ-ում մի լիդեր, որ լինի նախագահի թեկնածու»,- հայտարարել է գործարար պատգամավորը, ով տեղեկացրեց նաեւ, որ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը չի ցանկանում նախագահ լինել:

«Բանկերում իրենց հաշիվներն արդեն լիքն են, դրա համար էլ ամեն ինչ անում են, որ անցկացնեն այս նախագիծը»,- Սահմանադրության փոփոխումն այսպես է հասկանում Համահայկական ծնողական կոմիտեի նախագահ Արման Բոշյանը։ Նախագծին դեմ բոլոր ուժերը պետք է համախմբվեն եւ թույլ չտան այս փոփոխությունը։ «Հանրաքվեի չպիտի հասնի այս նախագիծը»,- նա շեշտել է, որ իր ղեկավարած կազմակերպությունն ուղարկել է առաջարկների փաթեթ, սակայն միայն բանավոր պատասխաններ են ստացել:  Համահայկական ծնողական կոմիտեի անդամները վտանգավորներից են համարում հողի վաճառքի մասին հոդվածը. «Ի՞նչ է նշանակում հողը կարող է վաճառվել օտարերկրացու, օտար երկրի ցանկացած քաղաքացու։ Նշանակում է՝ մեր հայրերն իզուր են կռվել այս հողի համար։ Իսկ հիմա մի խումբ մարդիկ որոշել են երկիրը վաճառել»,- ասում են նրանք։

Նաեւ կարծում են, որ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող երիտասարդները պիտի միաժամանակ պայքարեն ընդդեմ այս սահմանադրության: Եթե ընդդեմ չեն խոսում, ապա «Մենք ենք տերը մեր երկրի» լոզունգն անիմաստ է լինում, քանի որ գլխավոր օրենքի տառից է ամեն ինչ սկսվում…

Շատերն են կարծում, որ գործող Սահմանադրությունը փոփոխման կարիք ունի, սակայն ոչ այս ձեւով, այլ՝ ամբողջությամբ… Հիշեցնենք, որ Հայ Արիական Միաբանությունը եւս ամբողջական Սահմանադրության նախագիծ էր ներկայացրել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին, որն «Ազգային Սահմանադրություն» է կոչվում, որտեղ Հայաստանը Հանրապետություն չէր, այլ՝ Ազգային Պետություն եւ ազգային օրենքներն էլ ստորադաս չէին միջազգային օրենքների առջեւ…

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցն էլ է մտահոգվել այսօրվա փոփոխությունների առիթով՝ ասելով. «Ի՞նչ է անում այս իշխանությունը, թե՞ որոշել է երկիրը հանձնել։ Մի՞թե կաշառքն այնքան մեծ է, որ չեն կարող հրաժարվել այս գործընթացից։ Գոնե բնազդաբար պետք է վախ ունենան, որ ամեն ինչ ի վերջո ավարտվելու է։ 1995թ. լեւոնական Սահմանադրությունը խոշոր խախտումներով անցավ, հիմա էլ սա՞…»։

Քաղաքագետը վստահ է, որ այս փոփոխությունը թելադրված է արեւմուտքից. «Իսկ մեր ընդդիմությունը լուրջ ոչինչ չի ասում, քանի որ իրենք, այսպես ասած՝ տարբեր երկրների գործակալներ են, եւ դրա դիմաց աշխատավարձ են ստանում»։

Անի Մարության

ՀԱԿ-ի գյուտը

ՀԱԿ-ը մերժում է կառավարման մոդելի փոփոխությունը այս բացատրությամբ՝ աշխարհի կայացած ժողովրդավարական բոլոր երկրները մեկ անգամ ընտրում են կառավարման մեկ մոդել, որն ընդմիշտ մնում է եւ այլեւս չեն փոխում…

«Կուժ ասեմ՝ կուլա հասկացիր» տարբերակով կարելի է շարունակել. ՀԱԿ-ը կարծում է, որ ՀՀՇ-ական «առաջին կառավարման մոդելը» պիտի չփոխվեր, իսկ որպեսզի չփոխվեր … ՀՀՇ-ի իշխանությունը պիտի չփոխվեր…

Հիմա էլ բարի գիշեր են մաղթում

«Ոչ թալանին» նախաձեռնության կազմակերպած հավաք-երթի եւ Բաղրամյան պողոտա մտնելու նոր փորձը նոր բաներ պարզեց:

Մինչեւ նախաձեռնության անդամները կոչ արեցին բոլոր քաղաքական ուժերին, մտավորականներին ու շոուբիզնեսի ներկայացուցիչներին՝ գալ եւ կանգնել ժողովրդի կողքին, ոստկանությունը ժամանակ տվեց ցուցարարներին պողոտան ազատելու համար:

Հայտարարությամբ հանդես եկավ փոխոստիականպես Վալերի Օսիպյանը եւ զգուշացրեց, որ ժամը 23:00-ից սկսվում է լռության ժամը, եւ ցուցարարները պիտի դադարեցնեն աղմուկը, բարձարախոսներով հայտարարություններ անելը եւ նման այլ բաները:

Ոստիկանները որոշել են այսուհետ նաեւ հետեւողական լինել անօրինական ցույցերը կանխելու առումով՝ եթե երթ կամ հավաք անցկացնելու համար չկա քաղաքապետարանի թույլտվությունը:

Խիստ հրահանգ է իջեցված ոստիկաններին, որ ոստիկանական միջոցառումների իրականացման ընթացքում առերեւույթ իրավախախտում կատարած անձինք տարվելու են ոստիկանության բաժիններ, որտեղ արագորեն պիտի քննվեն բոլոր գործերը:

«Լուսանցք» թիվ 31 (377), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։