Գլխներիս մի նոր «Նաիրիտ» է սկսվում – ՀԷՑ-ի բաժնետոմսերը վաճառվում են օֆշորային ընկերության… Կենսաթոշակներն ու հիվանդությունները…

Կառավարության երեկվա նիստում «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ին վերաբերող հարց քննարկվեց: Ըստ այդմ, «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի. Վի» ընկերությունը հայտ է ներկայացրել կառավարություն՝ իրեն պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը «Լիորմանդ հոլդինգզ լիմիթեդ» ընկերությանն օտարելու մտադրության մասին:

Կառավարությունը հանձնարարեց շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ էներգետիկայի եւ բնական պաշարների, արդարադատության, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարներին՝ ուսումնասիրել «Լիորմանդ հոլդինգզ լիմիթեդ» ընկերության համապատասխանությունը սկզբունքների չափանիշներին, բանակցել եւ մշակել պայմանագրի նախագիծ, որով «Լիորմանդ հոլդինգզ լիմիթեդ»-ն ամբողջովին կստանձնի ՀՀ կառավարության եւ «Միդլենդ ռեսուրսիս հոլդինգ լիմիթեդ» ընկերության միջեւ 2002թ. օգոստոսի 26-ին կնքված «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի բաժնետոմսերի վաճառքի պայմանագրից բխող գնորդի բոլոր պարտավորությունները: Այդ թվում՝ նաեւ այն պարտավորությունները, որոնք «Երեւանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» եւ «Կենտրոնական էլեկտրացանց» ընկերությունների մասնավորեցման մասին» եւ «Էներգետիկայի մասին» օրենքներով սահմանված են ռազմավարական ներդրողի համար:

Նշյալ շահագրգիռ կառույցները նաեւ պետք է ուսումնասիրեն «Ինտեր ՌԱՕ հոլդինգ Բի.Վի.» ընկերության եւ «Լիորմանդ հոլդինգզ լիմիթեդ» ընկերության միջեւ կնքվող «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի 100 տոկոս բաժնետոմսերի օտարման պայմանագիրը եւ համապատասխան եզրակացություն տան:  Գործադիրի նիստի ավարտից հետո էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը լրագորղների հետ զրույցում ասաց, որ կառավարությունը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը «Լիորմանդ հոլդինգզ լիմիթեդ» ընկերությանը օտարելու շուրջ իր եզրակացությունը կներկայացնի մեկ շաբաթվա ընթացքում: «Մենք մեկ-երկու օրից կսկսենք ներկայացված հայտի ուսումնասիրությունը, եւ այն կտեւի մեկ շաբաթ»,- վստահեցրեց նախարարը:

Ի դեպ, «Լիորմանդ հոլդինգզ լիմիթեդ» ընկերությունը գրանցված է Կիպրոսում՝ օֆշորային գոտում (LIORMAND HOLDINGS LIMITED): Գրանցման ժամանակահատված է նշվում 2010թ. նոյեմբերի 30-ը: Ընկերության թե՛ սեփականատերերի եւ թե՛ ղեկավարների մասին տեղեկատվությունը փակ է՝ վճարովի: Կամ՝ ամեն տեղեկատվության համար՝ 50 եվրո, որը կտրամադրվի 12 ժամվա ընթացքում: Միամտություն կլինի կարծել, որ թեկուզ 50 եվրոյով ստույգ տեղեկատվություն ստանալ հնարավոր կլինի: Այդպես լիներ, մեր կառավարությունը մինչեւ այսօր չէր «փնտրի», թե ով է «Նաիրիտ»-ի իրական տերը… Ինչեւէ, թե ՀԷՑ-ը գնել ցանկացող ընկերությունը նախկինում ինչ գործունեություն է ծավալել, նույնպես տեղեկատվություն չկա:

Ասենք նաեւ, որ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը դժվարացավ պատասխնել, թե ինչ գնով է վաճառվելու ՀԷՑ-ը:

Մտավախություն չկա՞, որ ՀԷՑ-ի հետ էլ կկատարվի այն, ինչ եղավ մեր երբեմնի քիմիական արտադրության գերհսկա «Նաիրիտ»ի հետ: Երվանդ Զախարյանը ասաց, թե չի կարծում, որ «այս դեպքում այդպես կլինի»: Թե ինչ հիմքեր ունի, որ չի կարծում, պարզ չէ:

Ումն է օֆշորային գոտում գրանցված այդ ընկերությունը, չի ասվում: «Չգիտեմ, թե ում է պատկանում այդ ընկերությունը՝ «Լիորմանդ հոլդինգզ լիմիթեդ» -ը: Դեռ հայտնի չէ,-լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, – անվանումը, որ նոր ներկայացվեց, դեռ ոչինչ չի ասում, դեռ չենք իմանում: Հանձանարարություն եղավ, որպեսզի համապատասխան նախարարությունները տվյալ առաջարկի վրա ներկայացնեն իրենց եզարակացությունները: Փաստաթղթերին ծանոթանալուց հետո միայն կներկայացնենք մեր եզրակացությունը»:

Իսկ հնարավո՞ր է, որ ՀԷՑ-ի վաճառքից հետո աուդիտը «կանգնի»: «ՀԷՑ-ի վաճառքից հետո էլ այնտեղ աուդիտը կշարունակվի»,- ասել է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը:

Բայց կա՞ տարբերակ, որ ՀԷՑ-ի վաճառքից հետո էլեկտրաէներգիայի սակագինը կվերանայվի: «Չի վերանայվի»,- համառոտեց Երվանդ Զախարյանը:

Այդ ինչու՞, չէ՞ որ դեռ չգիտեք, թե ինչ կեղտեր են դուրս գալու աուդիտից հետո: Չնայած, հաստատ գիտեք…

Ի դեպ, անդրադառնալով էլեկտրաէներգիայի վարձավճարներն ուռճացված ներկայացնելու փաստի մասին լուրերին՝ Երվանդ Զախարյանը շեշտեց, որ նման բան հնարավոր չէ: «Նոր բովանդակությամբ պայմանագրեր սպառողների հետ դեռեւս չեն կնքվել՝ հաշվի առնելով, որ գործում է նոր սակագինը, ուղղակի փոփոխություններ են կատարվում պայմանագրին կից հավելվածների մեջ: Եթե կան նման դեպքեր, թող դիմեն նախարարություն»:

Աստղինե Քարամյան

Հ.Գ. – իսկ Կիպրոսը «Լիորմանդ հոլդինգզ լիմիթեդ» ընկերության մասին հուշում է հետեւյալ տեղեկատվությունն ընդամենը:

LIORMAND HOLDINGS LIMITED

Reg. Number 277812

Type Limited Company

Name Status Current Name

Registration Date 30/11/2010

Organisation Status Active

* * *

Կենսաթոշակային հաշվում առկա միջոցները մասնակիցները կարող են ամբողջությամբ ստանալու պահանջ ներկայացնել այն դեպքում, եթե որոշ հիվանդություններ ունեն: Այսպես հաստատվել է կառավարության երեկվա նիստում ընդունված որոշմամբ: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի եւ առողջապահության նախարարները որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 ամսում պետք է հաստատեն այդ ցանկում ներառված հիվանդություններով հիվանդանալու դեպքում՝ առողջապահության նախարարության կողմից եզրակացության տրամադրման կարգը:

Ըստ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի, այդ հիվանդություններից են արյան շրջանառության, ներզատական եւ նյարդային համակարգերի հիվանդություններն ու նորագոյացությունները:

«Լուսանցք» թիվ 31 (377), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.