Լրագրությունը մի՛ դարձրեք անմարդկայնության մասնագիտություն – Արմենուհի Մելքոնյան («Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)

Եթե հետեւենք մեր՝ հատկապես էլեկտրոնային լրահոսին, ապա Հայաստանի երկնքում ոչ մի օր արեւ չի բացվում: Օրն սկսվում է հայրերի կողմից երեխաներին բռնաբարելով, սկեսրարների ու հարսների՝ միմյանց մերձենալով, վթարներով, դժբախտ պատահարներով, ինքնասպանություններով: Ոչ մի լավ լուր, ոչ մի լավ բան: Կործանվում ենք ու կործանվում: Բոլորը հեղափոխականներ են: Բոլորը ազգի փրկիչներ են:

Ու այս վիճակի մեղավորը նաեւ լրագրողներն են (չեմ ասում՝ լրագրողներս, քանզի, ճիշտ է, գերակշիռ են, բայց բոլորը չեն այդպիսին): Լրագրող ասելով նկատի ունեմ նաեւ խմբագիրներին, ովքեր լրագրողներից պահանջում են այնպիսի նյութեր գրել, որոնք ավելի շատ դիտում կունենան: Եվ…դրվում են վերնագրեր՝ հա-ախ նյութի հետ կապ չունեցող (եթե, իհարկե, նյութ է լինում), դրվում են վերնագրեր՝ «Մորը սպանեց…», «Աղջկան բռնաբարեց…», «Թալանեց…», «Կերավ…», «Խաբեց…», «Մեքենայի տակ ճզմվեց…», «Կամրջից գցվեց…»: Այնպիսի տպավորություն է, որ աշխարհը հանգիստ է, իսկ Հայաստանում երկրագնդի վերջն է:

Տնտեսական թեմաներով գրող մի լրագրող կար: Մահացել է: Շատ էի հարգում նրան: Դուրս էր եկել մի կայքից, որտեղ տարիներ էր աշխատել: Երբ պատճառը հարցրի, ասաց, թե իրեն գումար է պետք, իսկ ինքը սկսել է վատ վճարվել միայն այն պատճառով, որ իր թեմաները չեն տեղավորվում սպանության, թալանի, վթարի… մեջ: Այսինքն՝ իր նյութերը քիչ դիտում ունեն: Կայքի պահանջն էր բավարարել հանրության «պահանջը», ոչ թե հանրությանը տանել իր հետեւից: Ու քանի որ իմ գործընկերը տանող էր, ոչ թե բավարարող, անհամաձայնություն էր ծագել ղեկավարության հետ ու գերադասել էր դուրս գալ աշխատանքից:  Ու քանի որ բոլորը չէ, որ նրա պես են, ծնվել է մերօրյա՝ բավարարող ժուռնալիստիկան: Իսկ կրթող, դաստիարակող, ուսուցանող, վերլուծել, մտածել տվող լրագրությունը մնացել է «սպիտակ ագռավների» մենաշնորհը:

Դրա համար էլ այսօր ունենք այն, ինչ ունենք՝ ոչ մի լավ լուր: Բանը հասել է նրան, որ ամեն օր լուրերին հետեւում ես, որպեսզի տեսնես՝ ծանոթդ, մտերիմդ, հարազատդ հո ինքնասպանություն չեն գործել, կամ սպանվել, բռնաբարվել կամ՝ վթարի ենթարկվել: Հատկապես վերջինս շատ արդիական թեւ է դարձել մեր լրագրության համար: Մեր լուրերի թողարկումը դարձել է ոստիկանության հավելվածը՝ ճանապարհատրանսպորտային պատահարների մասով: Առիթով, երբ անթաքույց արտահայտում եմ դժգոհությունս, լուրերի մատուցման ու ձեւի մեջ խտրականություն չդնող խմբագիրները կրկնում են. «Ժամանակակից աշխարհում կարեւորը արագ լուր տալն է»: Մի անգամ չդիմացա: Նրանցից մեկին հարցնում եմ. «Քո պատկերացրած ժամանակակիցի աշխարհագրությունում որ երկրներն են մտնում»: «Դե, Ամերիկա, Եվրոպա»,- ասում է: «Դու տեսե՞լ ես, որ եվրոպական որեւէ երկրում լուրերի թողարկումը մասնավոր վթարով կամ ինքնասպանության բոթով սկսեն»,- զարմանում եմ: «Առաջին դեմքերինը տալիս են»,- սկսում է ինձ ատելությամբ նայել: «Ապրես, առաջին, առավելագույնը երկրորդ (նրա մտաբերած միակ օրինակը Դիանային էր վերաբերում), բայց ես ամեն օր լսում եմ, որ այսինչ գեղից Պետրոսյանը Պետրոսը մեքենայի տակ է գցել Վարդուշ Վարդուշյանին: Ես չեմ ուզում այդ լուրը լսել իբրեւ երկրի համար կարեւորագույն լուր: Ուզեմ Վարդուշի ճակատագիրն իմանալ՝ կմտնեմ ոստիկանության կայքէջ կիմանամ: Կամ ձեզ մոտ առանձին հավելած սարքեք, հետաքրքրվեմ՝ կնայեմ»: «Չես ուզում՝ մի կարդա»,-ատելությունն այլեւս չի թաքցնում: «Բայց դու ուրիշ կարդալու բան չես տալիս»,- «օձիքը» բաց չեմ թողնում: «Դու թերթից ես, արագությունից բան չես հասկանում»,-ասում է ու հեռանում:

Փողոցային խոսակցականով ասած՝ ինձ մի լավ բացեց: Ճիշտ է ասում, արագությունից այդ խմբագիրը լա՜վ է հասկանում, CNN-ից ու BBC-ից արագ է աշխատում, այնքան արագ, որ հենց մի տեղ վթար է ու թե բախտը բերի զոհ էլ կա (ցավոք, բայց այդ տեսակը ուրիշի դժբախտության վրա լայք է հավաքում), արագ գտնում է տուժածի հարազատին ու թե՝ ասեք, պատժելու՞ եք մեղավորին, բա գիտե՞ք մեղավորն ով է, այսինչ պաշտոնյայի այսինչ ծանոթի այսինչ զարմիկը կամ՝ այսինչ օրենքով գողի այսինչ խնամու այսինչ զարմիկը: Տուժածի հարազատը չգիտի՝ լացի՞, թե՞…

Էդ թե-ն արդեն լրագրողը գիտի՝ ինչ անի-ոնց գրի, միայն թե արագ, միայն թե ահասարսուռ, միայն թե ինչքան դժոխային, այնքան՝ լավ: Կարեւորը՝ ու՜խ, մի լայք էկավ… Կամ՝ մի տեղ ինքնասպանություն է: Ինչքան ջահել՝ այնքան լավ, այնքան ցավերը՝ շատ, լացողները՝ շատ, գրելիքը՝ շատ, վիդեոն կա ու կա: Մերը զավակի դիակը գրկած մղկտում է, լրագրողը նկարում է ու՝ ու՜խ, լայք է հավաքում: Է՞ս է ձեր պատկերացրած արագությունը:

Ոստիկանությունը տվյալ է տրամադրում. 2014թ. հանրապետության տարածքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 3156 պատահար, որոնց հետեւանքով զոհվել է 297 եւ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել 4479 մարդ: 2013 թ. նույն ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել էր ճանապարհատրանսպորտային 2824 պատահար, որոնց հետեւանքով զոհվել էր 316, մարմնական վնասվածք ստացել՝ 3994 մարդ:

Հավատացեք, այս թվերի հետեւում միայն 297 զոհ չէ (բա ընտանիքի, հարազատի ողբերգությունը), 297 X 10, 316x 10 զոհ է, ու այս թվերն արդեն մեր երկրի համար ահազանգ են: Այդ ամենի մասին առանձին-առանձին գրել ու կենտրոնական լրահոսում կադրերով ցույց տալը, կներեք, բայց խնդիր է եւ՛ գրողի եւ՛ կարդացողի հոգեկան առողջության համար:

Հիմա՝ էստեղ ո՞րն է ձեր արագությունը: Թերեւս ձեզ հասկանան նրանք, ովքեր գեղերից (ոչ թե գյուղերից) մայրաքաղաք գլխապտույտ արագությամբ են եկել, գեղերի (ոչ թե գյուղերի) գոմերից վազքով ընկել են ԱԺ ու կառավարություն՝ նիստերը լուսաբանելու եւ այս ու այն պաշտոնյայի, հատկապես՝ պատգամավորների «քֆուրների տարափից» հրճվել են՝ դա վերագրելով մասնագիտական կայացվածությանը: Ու էս վազքի արագությունից մոռացել են լուր տալու մեջ մարդու՛ ցավը, վիշտը, տեղեկատվության առաջնայինն ու առաջնայինից զտումը, լուրի առաջնայնությունը որոշելը ու կարծել են, թե լրագրությունը անմարդկայնության մասնագիտությունն է:

Ու մտահոգությունը միայն ես չէ, որ ունեմ: Վերջերս Հայկական հոգեբուժական ասոցիացիան կոչ ուղղեց ԶԼՄ-ներին՝ իրենց ամենօրյա աշխատանքներում դժբախտ պատահարների, բռնությունների, սպանությունների, ինքնասպանությունների, չապացուցված հանցագործությունների, ինչպես նաեւ մասնագիտական գործունեության ընթացքում ենթադրվող սխալների վերաբերյալ լուսաբանումներում առաջնորդվել նաեւ իրենց կողմից մատուցվող տեղեկատվության սպառողների շահերով՝ խնայելով նրանց ընդհանուր առողջության ամենակարեւոր բաղադրիչներից մեկը՝ հոգեկան առողջությունը: «Մարդու էությունը հիմնված է երկու հզոր մղումների վրա՝ ձգտում դեպի կյանք կամ մահ, որոնք անգիտակցական մակարդակում դրված են յուրաքանչյուրիս մեջ, մեկը ստեղծագործ էներգիան է, մյուսը՝ կործանարար: Որ էներգիան սնուցենք, այն էլ մարդու մեջ սկսում է գերակշռել: Նույնը հասարակության մեջ է: Իսկ 21-րդ դարում հասարակության հետ աշխատելու միակ միջոցը ԶԼՄ-ներն են, որոնք մարդուն կարող են դարձնել ամենաազդեցիկ անձնավորությունը կամ՝ հակառակը, հասարակությանը կարող են դարձնել ամենակազմակերպվածը կամ դրդել դեպի ստիգմայի դրսեւորումների»,- զգուշացրել էր Հայկական հոգեբուժական ասոցիացիայի ղեկավարը:

Էլ ասելու բան չունեմ: Մնաց նեղացած «գործընկերներիս» բացատրություն տամ:

Արմենուհի Մելքոնյան

* * *

Աշխարհում տիրող իրավիճակը բուլղարացի հայտնի պայծառատես Վանգայի կանխատեսումներին նոր իմաստ է հաղորդում, ինչին անդրադարձել են համաշխարհային զլմ-ները:

«Շատ մարդիկ կտուժեն։ Դժբախտությունները կթափվեն բոլոր կողմերից, կվերաբերեն բոլոր ազգերին։ Մարդիկ կքայլեն բոկոտն ու մերկ, կլինեն քաղցած, կապրեն առանց վառելիքի եւ լույսի»,- գուշակել է Վանգան նախորդ դարի 80-ականներին։

Դեռեւս մի քանի տարի առաջ մեկնաբանները ենթադրում էին, որ խոսքը համաշխարհային տնտեսական ճգնաժամի մասին է։ Սակայն, ըստ մեկնաբանների, Վանգան մի քանի տասնամյակ առաջ «տեսել» էր ներկայիս փախստականների ամբոխները։

«Լուսանցք» թիվ 31 (377), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Արվեստ, Հոդվածներ. Bookmark the permalink.