Հայաստանը՝ թուրք-քրդական բախումների խաչմերուկում… «Այլեւս երբեք»-ը պետք է ասվի միայն մեկ եւ վերջին անգամ – Հայաստանի նախաձեռնած բանաձեւը ՄԱԿ-ում… ՄԱԿ-ի ԱԽ կազմը կարող է ընդլայնվել…

Այն, որ քրդերը փորձում են ստեղծել երբեւէ չգոյ Քրդստան պետություն, առավել քան պարզ է: Որ դա ցանկանում են նաեւ որոշ գերտերություններ ու գաղտնի-մութ ուժեր, պարզ է: Իսկ այս իրավիճակի ամենապարզ կարգավիճակում մենք՝ հայերս ենք, քանի որ Քրդստան կոչվածի հիմնական մասը Հայկական Լեռնաշխարհում է ծրագրված՝ մեր բնական ու պատմական հայրենիքի մի զգալի հատվածի վրա:

Բայց աշխարհում իրավիճակներ են փոխվել, եթե աշխարհի վերաբաժանման քարտեզներում հիմնականում Թուրքիայի, Իրանի, Սիրիայի եւ Իրաքի մասնատմանը հետեւում էր «Մեծ Քրդստանի» ստեղծումը, որը իսրայելա-ամերիկյան ծրագրերում է առավելապես, ապա արդեն նաեւ այլ քարտեզներ են հայտնվել: Հայաստանը հաճախ է ընդարձակվում այդ քարտեզներում, չնայած դեռ ամբողջական Հայք-Հայաստանի տարածքներով կարգավիճակում չի հայտնվել… բայց կարող է հայտնվել, եթե հայկական դիվանագիտությունը արագ ու վճռական գործի:

Այլապես կարող ենք երկար ժամանակ դուրս մնալ միջազգային անցուդարձերի կենտրոնում լինելուց: Չպետք է մոռանալ, որ հայերս պահանջատեր ենք ոչ միայն Արեւմտյան Հայաստանի ուղղությամբ, այլեւ՝ Արեւելյան Հայաստանի, որտեղ ադրբեջանցիներն են դեռ պատասխան տալու: Քուրդ զինյալները հիմնականում հարձակումներ են կատարում թուրքական այսօրվա տարածքների վրա, ինչը վերջերս խախտվել է, նրանք գրոհել են նաեւ Նախիջեւանի սահմանի ուղղությամբ: Եվ սա մեզ առավել զգոն լինելու եւ Հայ Դատի քաղաքականությունը միջազգայնացնելու քայլերի է մղում: Իգդիր նահանգում քուրդ զինյալները հարձակում են գործել Թուրքիա-Նախիջեւան սահմանի անցակետի վրա: Սպանվել է 10 ոստիկան, կան վիրավորներ: Իգդիրի պայթյունի զոհերի թվում է եղել նաեւ Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի նախկին թիկնապահը:

Բաքվում լուրջ մտահոգություն են առաջացրել այս իրադարձությունները: Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան haqqin.az-ին ասել է, որ Իգդիրն անցել է ՔԲԿ-ի վերահսկողության տակ, եւ պետք է մոբիլիզացնել Իգդիրի ադրբեջանական համայնքին, որպեսզի ընտրությունների ժամանակ հաղթի համայնքի ներկայացուցիչը: Նա ասել է, որ Նախիջեւանը, որին սպառնում է Հայաստանը, հայտնվել է նաեւ ՔԲԿ-ի սպառնալիքի տակ:

Իսկ առհասարակ պիտի ներքաշվե՞լ թուրք-քրդական բախումների մեջ, թե՞ սպասել ավելի հարմար պահի: Բայց արդյո՞ք հետո ուշ չի լինի: Այս եւ նման հարցերը շատ են:

Թուրքիայի արեւելյան շրջաններում քուրդ զինյալները լուրջ պարտիզանական պատերազմ են սկսել, ինչը կարելի է համեմատել Աբդուլլա Օջալանի ազատության մեջ եղած ժամանակների զանգվածային ընդհարումների հետ: Անկարան ամիսներ առաջ զուր չէ, որ մտահոգված էր եւ ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ հաջող ռազմական գործողություններ իրականացնող քրդական ուժերի դիրքերին շարունակաբար հարվածում էր, որպեսզի կասեցնի քրդերի հաջողությունը: Նրանց ճամբարներին օդային հարվածներ էր հասցնում, ինչը քրդերը հաստատ չէին մոռանա…

Այսպիսով՝ թուրքերը փորձեցին սիրաշահել ծայրահեղ իսլամականներին՝ միաժամանակ լռեցնելով քրդերին: Սակայն ձախողեցին երկուսն էլ. ԻՊ ահաբեկիչներն արդեն սպառնում են նաեւ Թուրքիային, իսկ քրդերը լի են վրեժով: Թուրքական զինուժը զայրացրել է ոչ միայն Սիրիայի քրդերին, ներխուժելով Իրաք, այլեւ փորձել է ոչնչացնել հյուսիսային շրջաններում գործող քրդական զինված խմբավորումներին, ինչը եւս ձախողեց…

Այս ամենն էլ նպաստեց, որ Անկարան բացի արտաքին հարձակումների վտանգից, առերեսվի Թուրքիայի քրդերի հետ սեփական տարածքի արեւելյան շրջաններում պատերազմելու փաստի հետ: Սա հղի է անսպասելի ու անկանխատեսելի այնպիսի հետեւանքներով, որը կարող է հանգեցնել Թուրքիայի մասնատմանը: Այս հանգամանքից սարսափում են ինչպես Անկարայում, այնպես էլ՝ Բաքվում:

«Լուսանցք»-ը գրել էր. որ Մերձավոր Արեւելքում սկսված պատերազմը, մտնելով Թուրքիա, մոտենում է Հայաստանին: Իգդիրում՝ Նախիջեւան տանող ճանապարհին, Հայաստան-Թուրքիա ներկայիս պետական սահմանի անմիջական հարեւանությամբ քրդերը պայթեցրին ոստիկաններ տեղափոխող ավտոբուսը: Սա առաջին նման պատահարն է Հայաստանի սահմաններին շատ մոտ: Անկարան կրակը չհանգցրեց, հակառակը՝ թեժացրեց եւ սկսեց օդային ռմբահարումներ իրականացնել քրդական դիրքերի վրա: Իսկ սա նշանակում է, որ Հայաստանի ներկայիս սահմանների մոտ դեռ դեպքեր կզարգանան...

Թուրք-քրդական բախումները կարող են ունենալ մի շարք ծավալումներ: Նախ՝ դա կարող է նպաստել Թուրքիայի մասնատմանը եւ, հետեւաբար, կամ Հայաստանի ծավալմանը, կամ Քրդստանի ստեղծմանը: Հնարավոր հանգուցալուծում: Բայց չի բացառվում, որ ինչպես նախկինում, Անկարան կարողանա համաձայնության գալ իր Թուրքիայի մասնատումը ծրագրած գերուժերի հետ, ինչը կարող է հանգեցնել քրդերի զանգվածային կոտորածների:

Սա կարող է լինել հայկական տարբերակի քրդական կրկնությունը: Այս դեպքում՝ քրդերը կփորձեն Հայաստանում եւս ժամանակավոր ապաստան գտնել, ինչը մեկ այլ տարբերակ է առաջացնում՝ վտանգներով հանդերձ: Ցայսօր քրդերը փորձում են շահարկել կոմունիստների մոգոնած «Կարմիր Քուրդիստան»-ի հարցը՝ Քաշաթաղի ներկայիս տարածքում: Այս հեռանկարի դեպքում Հայաստանը չի կարող նրանց առջեւ բացել իր սահմաները, բայց մի հարցական էլ այստեղ է ծագում՝ իսկ ռուս սահմանապահները կբացե՞ն սահմանն անցնելու փորձ կատարող անզեն փախստականների առաջ:

Չի բացառվում, որ Թուրքիայի դեմ երկրորդ ճակատ բացելու նկատառումով հենց քրդերը գնան սադրանքների:

Այս դեպքում Հայաստանը պետք է տարբերակի իր քայլերը եւ ինքը որոշի՝ ներքաշվե՞լ այդ բախումների մեջ, թե՞ ոչ: Ինչպես հայ-ադրբեջանական սահմանների կողմից են որոշակի սադրիչ, դիվերսիոն գործողություններ լինում, այնպես էլ կարող են թուրքական ուղղությամբ սկսվել…

Սրանք լուրջ խնդիրներ են եւ լուրջ պիտի նախապատրաստվել բոլոր տարբերակներին՝ ունենալով համապատասխան քայլերի հերթականությունը:

Արամ Ավետյան

«Այլեւս երբեք»-ը պետք է ասվի միայն մեկ եւ վերջին անգամ

ՄԱԿ Գլխավոր Ասամբլեան ընդունել է դեկտեմբերի 9-ը Ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օր ճանաչելու եւ այդ հանցագործությունը կանխարգելելու վերաբերյալ Հայաստանի նախաձեռնած բանաձեւը: ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը Գլխավոր Ասամբլեայում ունեցած ելույթում, մասնավորապես, ասել է. «Հպարտությամբ, պատվի եւ պարտավորվածության զգացումով է, որ Հայաստանը ներկայացնում է այս բանաձեւի նախագիծը: Այս նախագիծը ներկայացված է նաեւ մեր համահովանավոր երկրների անունից, որոնց Հայաստանը խորապես շնորհակալ է: Այս բանաձեւը հաջորդում է Հայաստանի կողմից նախաձեռնված եւ Մարդու իրավունքների խորհրդում այս տարվա մարտին ընդունված մեկ այլ փաստաթղթի, որի 22-րդ կետը կոչ էր արել Գլխավոր Ասամբլեային հռչակել այսպիսի (հիշատակի) միջազգային օր»:

«ՄԱԿ-ը իր անդամների եւ ամբողջ համակարգի միջոցով պետք է ցուցադրի իր կարողությունը համատեղ գործողությամբ այս անմարդկային հանցագործությունից աշխարհը վերջնականապես ազատելու նպատակով: Գործիքներից եւ կառույցներից ավելի կազմակերպությունը ամուր կամք ցուցադրելու կարիք ունի: «Այլեւս երբեք» արտահայտությունը պետք է կրկնվի միայն մեկ եւ վերջին անգամ»,- հայտարարել է մեր դեսպանը:

Պաշտպանելու պատասխանատվության գլոբալ կենտրոնը (The Global Centre for the Responsibility to Protect) հանդես է եկել հայտարարությամբ՝ ողջունելով Հայաստանի առաջնորդությունը եւ ջանքերը մոտ 80 երկրների աջակցությամբ այս բանաձեւը ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայում ընդունելու կապակցությամբ: Սեպտեմբերի 11-ին ընդունված բանաձեւը վերահաստատում է 1948թ. Ցեղասպանության կանխարգելման եւ պատժի վերաբերյալ բանաձեւում ներառված երկրների պարտավորվածությունը՝ հիշատակելու ցեղասպանությունների զոհերին ապագայում այս հանցագործության կրկնությունը կանխարգելելու նպատակով:

ՄԱԿ-ի ԱԽ կազմը կարող է ընդլայնվել

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը սեպտեմբերի 15-ին մեկնարկած 70-րդ նստաշրջանքում վերադառնալու է ԱԽ վերակազմավորման ու ընդլայնման հարցին: Նման որոշում կայացվել էր 69-րդ նստաշրջանում: Բանաձեւում նշվում է, որ պետք է աշխատանքային խումբ ստեղծվի ԱԽ-ում արդարացի ներկայացվածության եւ դրա ընդլայնման հարցերի շուրջ:

Վերջին անգամ ՄԱԿ ԱԽ-ն ընդլայնվել է 1963թ., երբ դրա կազմը 11 անդամից հասել է 15-ի, որոնցից 5-ը, որպես մշտական անդամներ, վետոյի իրավունք ունեն: Վերջին 8 տարում ԱԽ-ն ընդլայնելու շուրջ միջկառավարական բանակցություններ են ընթանում: Այսօր մի շարք երկրներ հավակնում են դառնալ ԱԽ մշտական անդամ: Օրինակ, աֆրիկյան երկրները 2 տեղի են հավակնում: Այլ պետություններ առաջարկում են ԱԽ-ում ստեղծել նոր կարգավիճակ՝ «կիսամշտական անդամներ», որոնք պետք է ընտրվեն ոչ թե 2, այլ 8 տարով՝ վերընտրվելու հնարավորությամբ: Բացի այդ, կոչեր են հնչում վետոյի իրավունքը չեղյալ համարելու կամ սահմանափակելու վերաբերյալ, ինչին կտրականապես դեմ է Ռուսաստանը:

«Լուսանցք» թիվ 31 (377), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.