«Վաղարշապատի ներսիսյան վարժարանը» հիմնադրել ենք 1991թ., այն դժվարին ժամանակներում, երբ ազատագրական պայքար էինք մղում Արցախի ազատագրման համար եւ առաջին ջոկատներն էինք տարել Արցախ՝ Հադրութ: Նոր էր կազմավորվում անկախ մեր հայկական Հանրապետությունը: Մտածեցինք բարձրացնել նաեւ կրթական համակարգի որակը Հայաստանում: Էջմիածնում հիմնադրեցի Ներսիսյան վարժարանը: Այն Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի ավանդույթների շարունակությունն է:
Բացման արարողությանը ներկա էին Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի շրջանավարտներ Ռուբեն Զարյանը, Հովհաննես Մալխասյանը եւ շատ ուրիշներ, ովքեր ուրախությունից լաց էին լինում:
Ներսիսյան վարժարանում մենք ընդգրկեցինք կրթության մասին եղած նորագույն ու լավագույն մեթոդները, որոնք կիրառվում էին աշխարհի լավագույն դպրոցներում՝ հատկապես Ճապոնիայում, Գերմանիայում, Ռուսաստանում եւ այլ երկրներում:
Ընդունում էինք միայն օժտված երեխաներին:
Փոփոխությունները շատ էին: 1991թ. առաջինը ներդրեցինք 10 գնահատականը, որը զարմացրեց բոլորին, բայց տարիներ հետո այն ընդունվեց Հայաստանի բոլոր դպրոցներում: 1994թ. վարժարանոմ ստեղծեցինք հոսքային ուսուցում՝ իններորդ եւ տասներորդ դասարաններում: Հետո դա նույնպես ընդունվեց դպրոցներում:
Անարդար երեւույթ է, երբ աշակերտների մեջ համահարթեցում է կատարվում: Մենք տեսնում ենք, թե ինչպես դասարանի գերազանցիկները երբեմն անուշադրության են մատնվում, որովհետեւ ուսուցիչը դասը բացատրում է միջակների եւ թույլերի համար, որոնք շատ դժվարությամբ են ըմբռնում, հասկանում: Մենք զուգահեռ դասարանները‘4-րդ դասարանից բաժանեցինք երկու մասի՝ ուժեղների եւ թույլերի. ուսուցումը, ուսուցիչներին եւս առանձնացրինք: Արդյունքը հիանալի էր, գերացանց: Ուրիշ շատ նորամուծություններ էլ արեցինք:
Վարժարանում 1992-93 ուս. տարվանից բազմաթիվ նոր առարկաներ մտցրեցինք, որոնք մինչ այդ չկային դպրոցների ծրագրերում: Կարծում եմ՝ տեղին կլինի թվարկելը. վարժարանում մտցված առարկաներն էին. 1. գիտություն – 1, 2, 3 դասարաններում, 2. շախմատ – 1, 2, 3, 4 դասարաններում, 3. հեքիաթ – 3, 4 դասարաններում, 4. հայկական պար – 3, 4 դասարաններում, 5. վարվեցողություն – 4, 5 դասարաններում, 6. գեղագիտություն – 6-րդ դասարանում, 7. բարոյագիտություն – 6-րդ դասարանում, 8. ճարտասանություն – 6-րդ դասարանում, 9. դիցաբանություն – 8-րդ դասարանում, 10. կրոնագիտություն – 9-րդ դասարանում, 11. հոգեբանություն – 9-10 դասարաններում, 12. փիլիսոփայություն – 10-րդ դասարանում, 13. համաշխարհային գրականություն – 10-րդ դասարանում, 14. տրամաբանություն – 9-րդ դասարանում, 15. արտաերկրային քաղաքակրթություն – 10-րդ դասարանում, 16. թուրքերեն – 5-10 դասարաններում:
Նշված առարկաներից մի քանիսը հիմա արդեն ընդգրկվել են դպրոցներում:
Վարժարանում կային նաեւ բազմաթիվ խմբակներ՝ շախմատի, պարի, լեզվի, գրականության, երգի, հետաքրքրասերի, սպորտի եւ այլն:
Աշակերտներն ամենեւին չէին հոգնում, որովհետեւ դրանք բոլորի համար հետաքրքիր առարկաներ էին եւ դասավանդում էին ժամանակակից մեթոդներով:
Անընդհատ դասալսման էին գալիս կրթության նախարարները, փոխնախարարները՝ հետները բերելով ուսուցիչներ, մասնագետներ:
Վարժարանում պարապող ուսուցիչների մեծ մասը գիտական աստիճաններ ունեցող մասնագետներ էին՝ համալսարանի դասախոսներ, մեթոդիստներ, վաստակավոր ուսուցիչներ, ովքեր… վարժարանը փակվելուց հետո գնացին:
Գրեթե բոլոր շրջանավարտներն, առանց լրացուցիչ պարապմունքների, ընդունվում էին բուհեր:
Մոտ 54 ուսանող ունեինք միայն Երեւանի բժշկական ինստիտուտում, որոնցից 14-ը գերազանցիկներ էին: Մի քանի անգամ բժշկական ինստիտուտի ղեկավարությունը ինձ կանչել է եւ շնորհակալություն հայտնել այդքան լավ, հարուստ գիտելիքներ ունեցող շրջանավարտներ տալու համար:
Վարժարանի հիմնադրմանը եւ հետո էլ անչափ շատ է օգնել Ամենայն Հայոց կաթողիկոս, մեր սիրելի Վազգեն Վեհափառը, որ վարժարանի գերազանցիկներին 1991-1992-1993 թվականներին թոշակ էր տալիս:
Վարժարանում մի քանի անգամ դասալսումների են եկել Մոսկվայից, Թուրքիայից: Մոտ մեկ շաբաթ Անկարայից հեռուստատեսային հաղոդումներ էին տալիս Ներսիսյան վարժարանի մասին:
Բազմաթիվ աշակերտներ ունեինք Իրանից, Ջավախքից եւ այլ երկրներից:
Կարճ ժամանակում վարժարանը մեծ հեղինակություն ձեռք բերեց ոչ միայն մեզ մոտ, այլեւ դրսում:
Եվ այսքանից հետո, բոլորիս համար անսպասելի, առանց պատճառների, վարժարանը քանդեցին, դարձրին հիմնական դպրոց՝ առաջինից մինչեւ իններորդ դասարան: Հավաքվեց ծնողների 500-ից ավելի ստորագրություն: Նրանք կրթության նախարարին բողոքեցին եւ խնդրեցին, որ վարժարանը մնա եւ իրենց երեխաները սովորեն Ներսիսյան Վարժարանում, որովհետեւ նրանք այստեղ կայուն եւ հարուստ գիտելիքներ էին ստանում:
Ոչ ոք ուշադրություն չդարձրեց այդ 500 ստորագրությանը: Անուշադրության մատնվեց այդքան մարդկանց խնդրանքը, բողոքը: Ոչ մի տեղ նման բան չի եղել: Դա եզակի երեւույթ Է:
Կրկին խնդրում ենք բազմաթիվ ծնողների եւ բազում աշակերտների անունից, որ օգնեք, որպեսզի Ներսիսյան վարժարանը վերականգնվի իր նախկին ձեւով:
Վերականգնումից հետո, խնդրում ենք կրթության բնագավառի լավագույն մասնագետներին գալ վարժարան՝ դասալսումների:
Այսօր Հայաստանում կրթական համակարգը աննախադեպ անկում է ապրում, եւ դա բոլորն են տեսնում ու հասկանում:
Պետք է վերականգնենք: Խնդրում ենք Ձեր աջակցությունը վարժարանը վերականգնելու համար, քանզի այն ռազմավարական մեծ նշանակություն ունի մեր երկրի զարգացման, ամրապնդման եւ հզորացման գործում:
Համլետ Նահատակյան. ՀՀ վաստակավոր ուսուցիչ,
Վաղարշապատի Ներսիսյան վարժարանի հիմնադիր–տնօրեն
«Լուսանցք» թիվ 32 (38), 2015թ.
«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru–ում:



