Այլեւս վախով չեն ապրի – Երեւանի քաղաքապետը մինչեւ տարեվերջ խոստանում է լուծել… Աշխարհում աղբահանությունը դեռ մեծ խնդիր է.- Եթե սմբակավորները չպակասեն (կոչենք ամեն ինչ իր անունով ու մաքրենք մայրաքաղաքը)…

Այլեւս վախով չեն ապրիԵրեւանի քաղաքապետը մինչեւ տարեվերջ խոստանում է լուծել

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան 45 հասցեի նորակառույց շենքի հանդիսավոր բացման արարողությանը: 4-րդ կարգի վթարայնության Սիսակյան 3 եւ Նոր-Արեշ 35 փողոց N127/1 հանրակացարանային շենքերում բնակվող շուրջ 100 ընտանիքներ այսուհետ կապրեն անվտանգ ու հարմարավետ բնակարաններում: Երջանիկ տանտերերին նոր բնակարանների բանալիներն ու սեփականության վկայականները հանձնել է անձամբ քաղաքապետը: Շնորհավորելով բնակիչներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ եւս վստահեցրել է, որ քաղաքապետարանը մշտապես եղել եւ լինելու է մայրաքաղաքի բնակիչների կողքին ու շարունակելու է հետզհետե լուծումներ տալ տասնամյակներ շարունակ անլուծելի թվացող խնդիրներին:

«4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների խնդիրը մշտապես եղել է քաղաքային իշխանության ուշադրության կենտրոնում ու հատկապես վերջին տարիներին այս ուղղությամբ մենք հստակ քայլեր նախաձեռնեցինք: Դեռ 2012թ. իմ որոշմամբ ստեղծված հանձնաժողովի աշխատանքի արդյունքում մենք կարողացանք հստակեցնել պահանջարկն ու խնդրի վերջնական լուծման համար անհրաժեշտ ծավալները: Խնդիրը նաեւ Հանրապետության Նախագահի ուշադրության կենտրոնում էր եւ մենք, կառավարության հետ համատեղ, 2013թ. լուծեցինք առաջնահերթ վերաբնակեցման ենթակա 207 ընտանիքներին նոր բնակարաններով ապահովելու խնդիրը: Որպես ծրագրի շարունակություն՝ անցյալ տարի մենք սկսեցինք եւս 4 շենքերի կառուցումը, որոնցից Մարգարյան 45 հասցեի այս շենքից շուրջ 100 բնակարաններ այսօր հանձնեցինք Սիսակյան 3 եւ Նոր-Արեշ 35 փողոցի N127/1 հանրակացարանային շենքերի բնակիչներին»,- ընդգծել է քաղաքապետը:

Նախկին վթարային շենքերի տեղերում կառուցված ու դեռեւս կառուցվող բոլոր շենքերը համապատասխանում են սեյսմակայունության ժամանակակից չափորոշիչներին:

Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների 15, Շինարարների 6 եւ Սիսակյան 16 հասցեներում կառուցվող շենքերը մինչեւ տարեվերջ հետզհետե շահագործման կհանձնվեն:

Ինչպես վստահեցնում են Երեւանի քաղաքապետարանից, ընդհանուր առմամբ՝ 4 նոր շենքերի կառուցմամբ կլուծվի 4-րդ կարգի վթարայնության շենքերում բնակվող եւս շուրջ 450 ընտանիքների վերաբնակեցման խնդիրը, որով էլ, ըստ էության, մայրաքաղաքում ամբողջությամբ լուծում կստանա 2014թ. հունվարի 1-ի դրությամբ հաշվառված 4-րդ կարգի վթարային շենքերի բոլոր բնակիչներին բնակարաններով ապահովման խնդիրը:

«Ուզում եմ մեկ անգամ եւս շեշտել, որ 4 շենքերի շինարարության ավարտով մենք, ինչպես եւ խոստացել էինք, մինչեւ տարեվերջ ամբողջությամբ լուծում ենք 2014թ. հունվարի 1-ի դրությամբ հաշվառված 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչներին բնակարաններով ապահովման խնդիրը: Եվ սա իսկապես մեծ ձեռքբերում է, քանզի, այսպիսով, վերջնականապես լուծում ենք շուրջ 650 ընտանիքների վերաբնակեցման խնդիրը: Մեր քաղաքականությունը հստակ է, եւ եթե առաջիկա տարիների ընթացքում նման խնդիր էլի առաջանա, ապա մենք շարունակելու ենք լինել մեր բնակիչների կողքին ու լուծումներ տալ այդ խնդրին»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետը շրջել է բնակարաններում եւ բնակիչների հետ միասին գնահատել կատարված աշխատանքը: Ի դեպ, բազմաբնակարանի կառուցման ողջ ընթացքը մշտապես եղել է քաղաքապետի հսկողության ներքո, ինչին հաճախ նա հետեւել է հենց տեղում՝ աշխատանքային շրջայցերի ժամանակ:

Բոլոր բնակարանները բնակիչներին հանձնվում են լիովին հարդարված ու բնակության համար միանգամայն պատրաստի վիճակում: Յուրաքանչյուր բնակարան ապահովված է նաեւ ջեռուցման անհատական համակարգով:

Փաստորեն, այս ծրագիրը սոցիալական կարեւոր նշանակություն ուներ, մի ծրագիր, որ սպասված էր տասնամյակներ շարունակ:

Հստակեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանի կողմից իրականացվող այս ծրագիրը 4-րդ կարգի վթարայնության շենքերի բնակիչների վերաբնակեցում է, ինչը, վթարային բնակարանում հաշվառված անձանց թվով պայմանավորված, լրացուցիչ բնակարան հատկացնելու կամ բնակարանային պայմանների բարելավում չի ենթադրում: 4-րդ կարգի վթարայնության շենքերի բնակիչների վերաբնակեցման ծրագրով բնակարանները հատկացվում են զբաղեցրած բնակմակերեսը հաշվի առնելով: Ավելորդ չէ նշելը, որ շատ դեպքերում, մասնավորապես՝ հանրակացարանների դեպքում, փաստացի հատկացվող նոր բնակարանների մակերեսը շուրջ 3 անգամ մեծ է վթարային շենքում ընտանիքի զբաղեցրած տարածքի մակերեսից:

Բացի այդ, բոլոր նոր բնակարանները հատկացվում են սեփականության իրավունքով՝ անկախ այն բանից, թե վթարային շենքում փաստացի զբաղեցված տարածքի հանդեպ ինչ կարգավիճակ է ունեցել վերաբնակեցվող ընտանիքը:

Սեփ. լրատվություն

Հ.Գ. – Վթարային շենքերում բնակվող ընտանիքներին նոր բնակարաններով ապահովելուց անմիջապես հետո տվյալ շենքերն ապամոնտաժվում են: Այսինքն՝ բարձիթողի չի մատնվում վթարված շենքը եւ միջավայրի համար վտանգավոր չի դառնում: Նաեւ՝ շատ կարեւոր մի գործոն կա՝ վստահության գործոնը: Դեռ նոր բնակարան չտեղափոխվածները այլեւս հանգիստ կլինեն՝ ամուր տանիք հաստատ ունենալու են:

* * *

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ամենաընդարձակ հանգստյան հանրային գոտիներից մեկում՝ Վահան Զատիկյանի անվան զբոսայգում, վերագործարկվել է շատրվանը։ Նորով է փոխարինվել շատրվանի խողովակաշարը, 160 քառակուսի մետր հայելով ջրավազանը վերանորոգվել է, ներկվել ավազանի ջրակայուն ներկով։

Եթե սմբակավորները չպակասեն… – Կոչենք ամեն ինչ իր անունով ու մաքրենք Երեւանը

Այսօր ամբողջ աշխարհում աղբահանությունը մեծ խնդիր է քիչ թե շատ մեծ քաղաքների համար: Ասենք՝ շատերի երազանքների քաղաք Փարիզի քաղաքապետերը բնակիչներին հաշվետվություն ներկայացնելիս զեկույցներում գլխավոր տեղ են հատկացնում քաղաքի աղբահանության խնդրին: Եվրոպական շատ քաղաքներում էլ այս խնդիրը կա (հերքողներին կխնդրեմ քաղաքների կենտրոններից մի փոքր հեռանալ): Չեն փրկում ոչ բնապահպանական ոստիկանության ստեղծման միջոցով ձեռնարկվելիք քայլերի առաջարկները, ոչ էլ նախակրթարաններից ուսուցանվող բնապահպանական կրթությունը: Կամ՝ մասամբ են փրկում: Չեմ հերքում, քաղաքներ էլ կան, որ շատ մաքուր են, օրինակ՝ Ստոկհոլմը: Բայց, ինչպես ասում են, ինձ ուրիշի ոչ մաքուրից է տաք, ոչ էլ կեղտոտից սառը: Իմ հոգսը, ցավը, երազանքն ու տունը Երեւանն է:

Հիշեցնեմ, որ Երեւանում աղբահանության գործընթացը կանոնակարգելու նպատակով քաղաքապետարանի կողմից հայտարարված միջազգային մրցույթում հաղթած լիբանանյան «Sanitek s.a.r.l» ընկերությունը մայրաքաղաքում տվել է պայմանագրով պահանջվող համապատասխան ծառայությունների մատուցման մեկնարկը: Նոր մեքենասարքավորումները Շահումյան հրապարկում նախ ներկայացվել էին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Դեռ 2012թ. հայտարարված միջազգային մրցույթին աշխարհի 8 երկրներից հայտ ներկայացրած մասնագիտացած ընկերություններից էր 2013թ. ընտրվել լիբանանյան «Sanitek s.a.r.l» ընկերությունը:

«Աղբահանության կազմակերպումը յուրաքանչյուր մեծ քաղաքի համար է լուրջ հիմնախնդիր ու Երեւանն էլ բացառություն չէ,-ասել է Տարոն Մարգարյանը:- Եվ մենք ոլորտի կանոնակարգման ուղղությամբ դեռ 2012թ. սկսեցինք կոնկրետ քայլեր ձեռնարկել»:

Այսօր «Սանիթեք»-ի մեքենաներն ու աղբամանները ամենուրեք ենք տեսնում: Անգամ կենտրոնի փողոցները լվացող մեքենաներն են գործում: Համաձայնեք, որ մինչ այս սրա մասին մենք ընդամենը լսում էինք: Այս ընկերության հայաստանյան մասնաճյուղի ղեկավարը Երեւանի քաղաքապետին խոստացել էր, որ հաշվի առնելով աղբահանության եւ սանմաքրման ոլորտում ծառայությունների մատուցման մասնագիտացած, երկարամյա փորձը, ընկերության մատուցած ծառայությունները կբավարարեն Երեւանի բնակիչների սպասումներն ու կարդարացնեն Երեւանի քաղաքապետարանի վստահությունը:

Գործն սկսված է: Ամիսը մեկ հաղորդվող լուրերը՝ տեսանելի: Երեւանցիներն իրենք էին համոզվում, որ, ասենք Աջափնյակում նախկին 450 լիտր տարողությամբ թվով 300 հին աղբամանների փոխարեն տեղադրվել են 1100 լիտր տարողությամբ թվով 500 նոր աղբամաններ, որոնք համապատասխանում են սահմանված ժամանակակից չափանիշներին (ընթացիկ տարվա մայիսի տվյալներով): Կամ՝ Դավթաշենում նախկին 240 աղբամանի փոխարեն տեղադրվել էր միջազգային չափանիշներին համապատասխանող 290 նոր աղբաման՝ դարձյալ ծավալով նախկիններից մեծ:

Կարեւորն այն է, որ նոր աղբամանններ են տեղադրվել նաեւ մասնավոր տնատիրության հատվածներում, որտեղ նախկինում աղբահավաք մեքենան որոշակի ժամերի էր լինում:

Ինչեւէ, գործընթացն այնքան էլ չի կարող արդյունավետ լինել, եթե մեր մայրաքաղաքի մաքրությունը բոլորիս ամենօրյա հոգսը չդառնա: Ես Ավանում եմ ապրում, եւ չեմ կարողանում բակում գոնե ամիսը մեկ անգամ հանգիստ նստել: Բացատրեմ ինչու: Մեր այգում, օրինակ, առանց չափազանցության, ամեն նստարանից ամենաշատը երկու մետր հեռավորությամբ մեկական աղբաման է դրված: Գիտեք ինչ են անում էսօրվա կնանիք: Չրթում-լցնում են սեփական սմբակների տակ (հանկարծ ձեռքը չերկարացնեն կամ մի երկու քայլ չանեն աղբամանին հասցնելու համար): Ու քանի որ անտարբեր մնալ չեմ կարողանում, դիտողություն եմ անում: Ու սկսվում է իմ ու սմբակավորների վեճը (ի դեպ, երեւույթներն ու դրանց կրողներին իրենց անունով կոչելը անքաղաքավարություն չեմ համարում):

Մինչդեռ Երեւանը կարող է մաքուր, շատ մաքուր քաղաք լինել: Եթե դրսերում ամենաօրինապահ, բայց սեփական երկրում խոզի կեցվածքով գեղցիներ (ոչ թե գյուղացիներ) մեր մայրաքաղաքում հնարավորինս քիչ ապրեն: Բայց սա, կարելի է ասել, դրախտի տեսությունից է: Եվ ցանկության փոխարեն պետք է անցնել գործնական քայլերի:

Օրինակ, ամենայն լրջությամբ առաջարկում եմ տուգանել աղբն աղբարկղի մեջ չգցող քաղաքացիներին (դրա մեխանիզմները կան եւ հեծանիվ հայտնաբերել պետք չէ): Հավատացեք, հենց Երեւանը կեղտոտողի գրպանը մտնես, նա անմիջապես շատ մաքրասեր, օրինապահ եւ խելոք կդառնա: Սա է միակ արդյունավետ ձեւը: Իսկ բնապահպանական կրթությունն ու քարոզչական ձեւերը գիտակից մարդու համար են, իսկ գիտակիցն առանց այն էլ հասկանում է մաքրության անհրաժեշտությունը:

Աստղինե Քարամյան

«Լուսանցք» թիվ 32 (38), 2015թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։