ՀԷՑ-ի գնորդը՝ կրկի՞ն ռուսական կողմ – Դժվար է կանխատեսել, թե իրականում ով է կանգնած այս ամենի հետեւում… Երեւանի ՋԷԿ-ում եւս մեկ նոր բլոկ կունենանք… Մեծամորի ատոմակայանը նորոգվում եւ վերալիցքավորվում է…

ՀԷՑ-ի գնորդը՝ կրկի՞ն ռուսական կողմ

Արդեն տեղեկացրել ենք, որ կառավարության նախորդ շաբաթվա նիստում «Հայաստանի էլեկտրական ցանցերին» վերաբերող հարց քննարկվեց: Ըստ այդմ, «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի. Վի.» ընկերությունը հայտ է ներկայացրել կառավարություն՝ իրեն պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը «Լիորմանդ հոլդինգզ լիմիթեդ» ընկերությանն օտարելու մտադրության մասին։

Կառավարությունը հանձնարարեց շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ էներգետիկայի եւ բնական պաշարների, արդարադատության, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարներին, ուսումնասիրել «Լիորմանդ հոլդինգզ լիմիթեդ» ընկերության համապատասխանությունը սկզբունքների չափանիշներին, բանակցել եւ մշակել պայմանագրի նախագիծ, որով «Լիորմանդ հոլդինգզ լիմիթեդը» ամբողջովին կստանձնի ՀՀ կառավարության եւ «Միդլենդ ռեսուրսիս հոլդինգ լիմիթեդ» ընկերության միջեւ 2002թ. օգոստոսի 26-ին կնքված «Հայաստանի էլեկտրական ցանցերի» բաժնետոմսերի վաճառքի պայմանագրից բխող գնորդի բոլոր պարտավորությունները։

«Լուսանցք»-ը տեղեկացրել էր, որ ոչ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը եւ ոչ էլ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը չասացին, թե ինչ ընկերություն է դա: Փոխարենը մենք տեղեկացրինք, որ «Լիորմանդ հոլդինգզ լիմիթեդը» գրանցված է Կիպրոսում՝ օֆշորային գոտում։ Ավել տեղեկատվություն հնարավոր չեղավ ստանալ, քանզի այն փակ էր եւ վճարովի:

Հստակեցնեմ նախորդ տարիների դառը փորձից, որ օֆշորային գոտում գրանցված որեւէ տեղեկատվության վճարովի լինելը հավասար է, ըստ էության, գումար կորցնելուն, քանզի այդպես էլ ստույգ տեղեկատվություն չի տրվում:

Ինչեւէ, շրջանառվեց, որ ՀԷՑ-ի իրական նոր տերերը լինելու են Սամվել Կարապետյանը, Հարություն Փամբուկյանը, Գագիկ Ծառուկյանը, թեեւ վերջինիս մամլո խոսնակը հերքել էր դրա՝ իրականությանը համապատասխանությունը:  Բոլորովին այլ բանից է տարակուսած ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ում կարծիքով՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության՝ ՀԷՑ-ի վաճառքը տրամաբանական կհամարվեր, եթե այն արվեր խոստացված աուդիտի ավարտից հետո. «Տրամաբանական կլիներ, օրինակ՝ եթե ես գնորդ լինեի, սպասեի մինչեւ աուդիտի ավարտը, որպեսզի իմանայի, թե ինչեր են ներսում կատարվել, պիտի պարզեի, արդյո՞ք շահութաբեր է, թե չէ, քանի որ 300 միլիոն դոլար մինուսով է աշխատում»:

Արամ Մանուկյանի ասածի տրամաբանությունը հասկանալի է՝ բայց տնտեսական համապատկերում: Ու քանի որ ՀԷՑ-ի վաճառքը ամենեւին էլ տնտեսական գործարք չէ, ուստի հասկանալի է, որ քաղաքական ակնկալիք ունեցողները լավ գիտեն, թե ՀԷՑ-ում իրականում ինչ է կատարվում եւ ինչ կունենան իրենք ՀԷՑ-ը ձեռքբերելուց հետո:

Այստեղ էլ այլ հարթություն է առաջ քաշվում, որ ստիպում է կասկածներին արդեն հաստատուն վերաբերվել, այն է՝ եթե նոր սեփականատերը չի սպասում աուդիտի ավարտին, ուրեմն նա գիտի, որ ՀԷՑ-ն անտեղի է բարձրացրել էլեկտրաէներգիայի սակագինը, եւ իրականում ոչ թե պարտքով է աշխատել, այլ ցույց է տվել, թե պարտքով է աշխատում:

Այլ կերպ՝ ինքը՝ ՀԷՑ-ի տերը նաեւ տնտեսական շահավետ գործարք է ունենում փաստորեն. էլէներգիայի սակագինը չի էժանացնի եւ կաշխատի գերշահույթով: Իսկ որ էլէներգիայի սակագինը, անկախ աուդիտի արդյունքներից, չի էժանանա, մեզ դրան արդեն պատրաստել է Երվանդ Զախարյանը եւ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Գանք այլ խնդրի: Ինչու՞ չեն ուզում ՀԷՑ-ն ազգայնացնել: Չէ՞ որ իրենց այդքան սիրած Եվրոպայում կան այդպիսի օրինակներ, երբ պետությունը, մասնավորի կառավարումը չհավանելով, հետ է վերցնում տվածը:

Էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը արտահայտվել է ընդդեմ ՀԷՑ-ի ազգայնացման. «Նման իրավիճակում, երբ ունենք խնդիրներ գործունեության հետ կապված, երբեւէ պետությունը նման գործ ավելի որակով, քան մասնավորը չի կարող անել»:

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը այլ կարծիքի է. խնդրի լուծման լավագույն տարբերակը կարող էր լինել ՀԷՑ-ի ազգայնացումը: ՀԷՑ-ի բաժնետոմսերը պետք է վաճառվեն հանրությանը եւ հնարավորություն տրվի, որ բնակիչներն էլ հնարավորություն ունենան ձեռք բերելու դրանք: Այդ դեպքում սպառողը դառնում է նաեւ վերահսկող»:

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը կարծում է, որ սկզբում հոսանքի սակագինը բարձրացումը, հետո Բաղրամյանի պայքարը, հետո հայտարարությունը աուդիտ սկսելու ցանկության մասին, իսկ հետո Կիպրոսում գրանցված ընկերությանը ՀԷՑ-ը վաճառելու մտադրության մասին հայտարարությունները մի տեսակ շախմատի էին նման: Գուցե այս ամենի նպատակը ՀԷՑ-ը ռուսական ընկերությունից «վերցնելն» էր:

Սակայն նա մամուլում չի խուսափել խոսել ուշագրավ մի փաստի մասին: Բանն այն է, որ Կիպրոսում գրանցված ընկերությունների մեծ մասն աշխատում են ռուսական կապիտալով եւ մեծ է հավանականությունը, որ ՀԷՑ-ի գնորդը նույնպես նրանցից է։ Դժվար է սակայն կանխատեսել, թե իրականում ով է կանգնած այս ամենի հետեւում։

Թեեւ եթե հաշվի առնենք, թե ովքեր են շրջանառվող գնորդները, ապա… այստեղ էլ տեսնում ենք ռուսական կապիտալի ձեռքը: Իսկ եթե սա ճիշտ է, ուրեմն մի բան հաստատ է, որ ռուսական կողմը Հայաստանում ոչ մի բան ձեռքից բաց թողնել չի պատրաստվում եւ դա կարող է անել անգամ հայերի ձեռքով:

Երեւանի ՋԷԿ-ում եւս մեկ նոր բլոկ կունենանք

Մեր երկիրը Երեւան ՋԷԿ-ում համակցված շրջափուլով աշխատող երկրորդ շոգեգազային էներգաբլոկն ունենալու մտադրություն ունի, որը կլինի 400-450 ՄՎտ հզորությամբ: Այս մասին, իբրեւ պետական նշանակության կարեւորագույն ներդրումային ծրագրի, տեղեկանում ենք էկոնոմիկայի նախարարությունից:

Մենք Երեւանի ՋԷԿ-ում արդեն ունենք համակցված շրջափուլով աշխատող մեկ էներգաբլոկ: Ինչով է պայմանավորված երկրորդի անհրաժեշտությունը:

Երեւանի գործող՝ ՀՇԳՑ նոր էներգաբլոկն ունի 271,7 ՄՎտ դրվածքային ընդհանուր հզորություն, որից էլեկտրականը՝ 242ՄՎտ, ջերմային հզորությունը՝ 434,9 Գջ/ժ: Դատելով մեր երկրի էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչեւ 2036թ.) զարգացման ուղիներից՝ նախատեսվում է նոր ՀՇԳՑ ոչ թե եւս մեկ, այլ՝ եւս երկու էներգատեղակայանքների կառուցում՝ 2018թ-ին.՝ 400 ՄՎտ, եւ 2021թ-ին.-220 ՄՎտ հզորությամբ: Այս հզորությունների անհրաժեշտությունը, ըստ էներգետկայի եւ բնական պաշարների նախարարության, պայմանավորված է Իրան-Հայաստան գազ-էլեկտրաէներգիայի փոխանակման պայմանագրի պարտավորությունների կատարմամբ, ինչպես նաեւ Հրազդան ՋԷԿ-ի գործող բլոկների շահագործման դադարեցմամբ:

Էկոնոմիկայի նախարարությունը խոսում է Երեւանի ՋԷԿ-ի երկրորդ էներգաբլոկից. «Երեւանի ՀՇԳՑ առաջին էներգաբլոկը ամենամրցունակն է Հայաստանի էներգահամակարգի ջերմային էլեկտրակայանների, ինչպես նաեւ շատ այլ ՀԷԿ-երի նկատմամբ: Նախատեսվում է 2-րդ էներգաբլոկը աշխատեցնել ՀՀ էներգահամակարգի բազային բեռի գրաֆիկով: Երեւանի ՋԷԿ-ում 400-450 ՄՎտ հզորությամբ համակցված ցիլով աշխատող երկրորդ շոգեգազային էներգաբլոկի կառուցումը պահանջված է մինչեւ 2.8-3.1 մլրդ կՎտ.ժ էլեկտրաէներգիայի արտադրությամբ»: Արդյունքը այն կլինի, որ ՋԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի կառուցմամբ մեր երկրի էլէներգիայի արտահանման պակասուրդը կնվազի մոտ 400 ՄՎտ-ով: Նոր էներգաբլոկը կփոխարինի Հայաստանի էներգահամակարգի հին, ռեսուրսը սպառած եւ ցածր արդյունավետության պատճառով խիստ բարձր սակագներով աշխատող ագրեգատներին:

Ծրագրի ընդհանուր արժեքը 400-450 մլն ԱՄՆ դոլար է տրվում:

Միայն թե լավ կլինի, որոշ՝ նախապես որոշված դրույթներ՝ հատկապես ֆինանսականի մասով չխախտվեն: Օրինակ, երբ կառուցվում էր ներկայիս բլոկը, որոշված գումարը 150 մլն դոլարից վերջում հասավ գրեթե կրկնապատիկին:

Սա արդեն այլ թեմա է, որին առիթով կանդրադառնանք:

Աստղինե Քարամյան

Մեծամորի ատոմակայանը չի աշխատի մինչեւ նոյեմբերի 2-ը

Ս.թ. սեպտեմբերի 18-ին, ժամը 00-ին Հայաստանի ատոմային էլեկտրակայանը դուրս է կբերվել էներգաարտադրության ցանցից՝ տարեկան պլանային նորոգման եւ վերալիցքավորման աշխատանքներ իրականացնելու նպատակով:

ՀԱԷԿ-ի 2-որդ էներգաբլոկում աշխատանքները կտեւեն մոտ 46 օր։

Նախատեսված է ՀԱԷԿ-ը էներգաարտադրության ցանցին միացնել ս.թ. նոյեմբերի 2-ին:

«Լուսանցք» թիվ 32 (38), 2015թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։