ԱՄՆ-ն պատրաստվում է սահմանների վերաձեւման նոր փորձի՞ն – Արեւմտյան Հայաստանի հարցը պիտի նախապես լուծել Արեւելյան Հայաստանում… Թուրքիան հաշտվու՞մ է իր վիճակի հետ… Նորից միջուկային զենքի եւ կործանարար վտանգի մասին…

ԱՄՆ-ն պատրաստվում է սահմանների վերաձեւման նոր փորձի՞ն

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է, որ Ռուսաստանին չեն կարող ՄԱԿ Անվտանգության խորհրդում զրկել վետոյի իրավունքից: Նա նշել է, որ պարբերաբար նման փորձեր լինում են, սակայն անարդյունք են ավարտվում: ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում, սակայն, ՄԱԿ կանոնակարգում փոփոխություններ կարող են առաջարկվել, որով կարող են արգելել այն երկրների վետոյի իրավունքը, որոնց հետ կապված են քննարկվող որոշակի հանցագործություններ կամ իրադարձություններ:

Այս հարցն առավել հրատապ է դարձել ուկրաինական հակամարտության համապատկերին, երբ Ռուսաստանը վետո է դրել Դոնբասում խփված Բոինգ ինքնաթիռի գործով տրիբունալ ստեղծելու ՄԱԿ Անվտանգության խորհրդի որոշման վրա: Վետոյի իրավունքը մնացել է Մոսկվայի միակ գործիքը (չհաշված միջուկային զենքը, որի մասին արդեն մի քանի անգամ նշել է Կրեմլը): Եթե հաջողվի փոփոխություններ մտցնել ՄԱԿ կանոնակարգում, Ռուսաստանն այդ լծակից էլ կզրկվի եւ սա մի նոր աշխարհակարգի սկիզբ կդնի:

Պետք է նշել, որ միաբեւեռ աշխարհին վերադառնալը շատ վտանգավոր կլինի: Եթե հաշվի առնենք, որ Թուրքիան Արեւմուտքի գլխավոր ՆԱՏՕ-ական երկիրն է տարածաշրջանում, ապա վտանգը ավելի քան տեսանելի է…

Միայն մի բայց կա, որ կարող է օգտակար լինել Հայաստանի համար, եթե արդեն որոշված է, որ Թուրքիան պետք է մասնատվի: Այս դեպքում կարելի է պնդել, որ նույնը կսպառնա նաեւ Ադրբեջանին: Բայց սա դեռ տեսակետ է եւ աշխարհը վերաձեւողների համար ոչ առաջնային:

Դառնալով ՄԱԿ-ում ծավալվող իրադարձություններին, նշենք, որ շատ կարեւոր կորուստ կլինի Մոսկվայի համար արգելանք դնելու իրավունքից զրկվելը, որովհետեւ ՄԱԿ-ը մոտ ժամանակներս կարող է քննարկել նաեւ այնպիսի հարցեր, որոնցում Մոսկվան ուղղակի կամ անուղղակի խառնված է կամ շահագրգռված:  Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը տագնապով նկատել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է իր իշխանությունը տարածել ամբողջ աշխարհում: Վաշինգտոնը չի էլ թաքցնում դա՝ հայտարարելով իր մեծապետական համաշխարհային իշխանության վերականգնման մասին:

ԱՄՆ-ն ունի եվրոպական երկրների աջակցությունը, գրեթե կարգավորել է հարաբերությունները Չինաստանի, Իրանի եւ Կուբայի հետ: Հատկապես Չինաստանն է կարեւորվել, քանի որ Պեկինը եւս ունի վետո դնելու իրավունք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: ԱՄՆ-ի, այսպես կոչված առաջին վեհապետական նախագիծը կարող է լինել «Մեծ Մերձավոր Արեւելքի» վերաձեւումը, եւ այդ հարցերը նույնպես հարկ է լինելու քննարկել ՄԱԿ-ում: Այս մասին, ինչպեսեւ՝ «Նոր Մերձավոր արեւելքի» ձեւավորման մասին գրել է «Լուսանցք»-ը:

Այս օրերին ամերիկյան մամուլում ազդեցիկ փորձագետները քննարկում են Թուրքիայի իրավիճակը, տարածաշրջանի դասավորությունը, որը ձեւավորվել է Սեւրի պայմանագրի ստորագրումից ու Օսմանյան կայսրության փլուզումից 95 տարի անց, նոր պետությունների ստեղծման հավանականությունը: Այստեղ է, որ Հայաստանն ու համայն հայությունը բոլոր լծակներով պիտի ազդեն վերջնական որոշման վրա: Կարծիք կա, որ ԱՄՆ-ն 100 տարի առաջ Մերձավոր Արեւելքում իր հայեցողությամբ չի կարողացել գծել սահմանները, եւ ներկայիս խնդիրները կապված են այն բանի հետ, որ Եվրոպան, Ռուսաստանը եւ Թուրքիան «շրջանցել են» ԱՄՆ-ին ու «սխալ» սահմաններ գծել, որոնք վերաձեւման կարիք են զգում:

Կարելի է ասել՝ ԱՄՆ-ն պատրաստվում է իր երկրորդ փորձին, եւ այս անգամ իր ցանկությամբ սահմանները գծելու համար ՄԱԿ-ում վետոյի իրավունքը պետք է սահմանափակվի, որպեսզի ամերիկյան ծրագրերը օրինական տեսքի գան:

Հետաքրքիր որոշում է կայացրել վերջերս ԱՄՆ Գերագույն դատարանը, որը պատմական վճիռ է կայացրել առ այն, որ միայն երկրի նախագահը իրավունքներ ունի օտարերկրյա պետությունների ճանաչման հարցում: Մի դրվագում, օրինակ, սահմանելով, որ Երուսաղեմում ծնված անձանց չի թույլատրվում անձնագրերում գրանցել Իսրայելը իբրեւ իրենց ծննդյան երկիր, անհանգստացրել է Իսրայելին, որ այդ հարցում Կոնգրեսի ջանքերը համարել է երկրի Սահմանադրության խախտում: Նախագահներ Ջորջ Բուշ-կրտսերը եւ Բարաք Օբաման նախկինում հայտարարել են, որ անձնագրերի մասին 2002թ. ընդունված օրենքի շրջանակներում Երուսաղեմը կարող է մեկնաբանվել իբրեւ Իսրայելին պատկանող տարածք, մինչդեռ այս հարցը պիտի լուծում գտնի ոչ թե ամերիկյան օրենսդրությամբ, այլ հակամարտող կողմերի միջեւ համաձայնության արդյունքում: 2 նախագահներն էլ արգելել են Պետքարտուղարությանը քաղաքացիների նման դիմումներին ընթացք տալ: Վճռի կայացումից հետո ԱՄՆ Գերագույն դատարանի դատավոր Էնթոնի Քեննեդին ասել է, թե Կոնգրեսը դերակատարում ունի պետության արտաքին հարաբերությունները կարգավորելու, բայց ոչ այլ պետությունների եւ կառավարությունների ճանաչման հարցում: «Ճանաչումը այն հարցն է, որի առնչությամբ պետությունը պետք է խոսի մեկ ձայնով: Եվ այդ ձայնը պետք է լինի Նախագահը», – իր կարծիքում գրել է դատավոր Քեննեդին: Այսպես նոր երանգ է հայտնվել նաեւ պաղեստինա-իսրայելական հակամարտության հարցում, ինչը եւս պիտի նպաստի Մերձավոր Արեւելքի վերաձեւման ծրագրի իրագործմանը:

Այս համապատկերին հետաքրքիր է դիտարկել ԱՄՆ կոնգրեսական Աննա Էշուի տեսակետը, ով հայկական արմատներ ունի, մայրական կողմից էլ կրում է Բաբայան ազգանունը: «Ես զգում եմ, որ հատուկ պատասխանատվություն ունեմ, այսպես ասած, սուրբ պարտավորվածություն՝ օգնելու հայ ժողովրդի հետ հարաբերությունների զարգացմանը»,- նշել է նա: Վերջինիս խոսքով՝ Միացյալ Նահանգները պետք է աջակցի Հայաստանում պետական եւ հանրային հաստատությունների զարգացմանը, քանզի հենց այդ հաստատություններն են դառնում ժողովրդավարության զարգացման լավագույն գործիքը, ինչն էլ իր հերթին բերելու է տնտեսական վիճակի բարելավման: Ցեղասպանության հիշատակի օրերին Հայաստան կատարած իր այցի տպավորությունների մասին խոսելիս՝ կոնգրեսկանն ասել է, որ Հայաստանում տաղանդավոր երիտասարդների բազմություն է նկատել, ովքեր նայում են դեպի Արեւմուտք եւ ցանկանում են այդպիսի ժողովրդավարություն կառուցել, որը թույլ կտա երկիրը ոտքի կանգնեցնել: Նա նաեւ նշել է, որ հայերն Ամերիկայի կոնգրեսում բազմաթիվ բարեկամներ ունեն եւ պետք է ավելի գործուն քայլեր անեն տարածաշրջանում:

Հայ-թուրքական հարաբերությունների սառեցման վերաբերյալ վերլուծությունները միանշանակ մեղադրում են Անկարային, ինչը եւս քաղաքական լծակ է դարձել պաշտոնական Երեւանի ձեռքին: Իսկ Անկարան շարունակում է սխալներն ինչպես նորօսմանյան եւ նոր համաթուրքական քաղաքականության ծավալմամբ, այնպես էլ ծայրահեղ իսլամականներին աջակցելու քաղաքականությամբ: Այստեղ իր մեղքերն է կուտակել նաեւ Ադրբեջանը… Եվ արդեն հաճախ են հնչում այնպիսի մեկնաբանությունները, որոնք ավարտվում են այնպես, որ մեր պահանջատիրության հետ միասին պետք է հզորացնենք Հայաստանն ու Արցախը՝ միջազգային ասպարեզում ընդունելի դարձնելով վերամիավորման գաղափարը: Այսինքն՝ Արեւմտյան Հայաստանի հարցը պետք է նախապես լուծել Արեւելյան Հայաստանում՝ մեր վճռականությամբ:

Թուրքիան շարունկավում է առերեսվել մի շարք խորը եւ լուրջ խնդիրների հետ, դժվարանում է չեզոքացնել քրդական ուժերին, ինչը բխում է մեր շահերից, քանի որ Թուրքիան չի կարողանում կենտրոնանալ արտաքին քաղաքականության վրա, որը հիմնականում հակահայկական է: Սակայն պետք է հետեւել թուրք-քրդական հարաբերությունների ծավալմանը, որպեսզի Արեւմտյան Հայաստանում Թուրքիայի փոխարեն չառաջանա Քրդստան…

Արամ Ավետյան

Թուրքիան հաշտվու՞մ է վիճակի հետ

Հայոց ցեղասպանության հարցի լուծումը տեղափոխվում է Թուրքիայի մայրաքաղաք: Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու Թուրքիան Բելգիայից եւ այլ երկրներից հետ չկանչեց իր դեսպաններին այն բանից հետո, երբ մի շարք երկրներ ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը. «Թուրքիայի իշխանությունները հետ չկանչեցին իրենց դեսպաններին, որովհետեւ այլ ելք չեն տեսնում, հաշտվել են այն իրականության հետ, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն անշրջելի է, եւ սկսել են գիտակցել, որ Ցեղասպանության հարցի լուծումը այդ ողբերգությունը ճանաչած երկրների մայրաքաղաքներից տեղափոխվում է Թուրքիայի մայրաքաղաք»:

Կարծում ենք՝ դա այնքան էլ այդպես չէ: Անկարան գուցե ցուցադրական այնպիսի քայլեր է անում, որ հանգեցնի հենց այն մտածելակերպին, ինչն ասել է նաեւ Շ. Քոչարյանը: Բայց թուրքական խորամանկությունը գործում է ստվերային: Անկարան շարունակում է իր լոբբիստական գործունեությունը: Թուրքիան վճարում է ԿՀՎ տնօրենին եւ լոբբիստներին՝ ինչպես հայկական հարցի շրջափակման, այնպես էլ՝ քրդերի եւ Իսլամական պետության դեմ հարձակումները խեղաթյուրելու համար:

Սակայն Անկարան խնդիրների է հանդիպում, չնայած թուրքական լոբբիստական գործին նաեւ Բաքուն է միացել: Վերջին շրջանում հազարավոր հոդվածներ են հրապարակվել ամբողջ աշխարհում, որոնք մերկացնում են Թուրքիայի ռազմավարական խաբեությունը՝ օգտագործելով «Իսլամական պետության» դեմ պայքարի պատրվակը ձեռնարկելու համար ցեղասպանական ռմբակոծության արշավ ընդդեմ քրդերի: Քուրդ զինյալների դեմ մարտնչելու պատրվակով Անկարան տարածքային ոտնձգություններ է ծրագրում Սիրիայի եւ Իրաքի նկատմամբ: Այս ամենին դիմագրավելը դժվարացել է, հատկապես Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ կատարված եւ շարունակվող միջոցառումների համապատկերում:

Նորից միջուկային զենքի եւ կործանարար վտանգի մասին

Ուկրաինական հակամարտության ժամանակ Մոսկվան առաջին անգամ վերջին տասնամյակներում բարձրաձայնեց միջուկային հարված հասցնելու իր հնարավորության մասին:

Արեւմուտքի պատժամիջոցները պրկել էին ռուսական նյարդերը, եւ դրանք տեղի տվեցին այն ժամանակ, երբ ՆԱՏՕ-ն Արեւելյան Եվրոպայում ծավալվելու փորձեր արեց: Լեհաստանն ու Լատվիան պատրաստ են նաեւ այսօր կատարել Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի հրահանգները:…

Սակայն, Ռուսաստանն ու Բելառուսը հասկացրեցին, որ ՆԱՏՕ-ն կրակի հետ է խաղում:

Կրեմլը մի քանի անգամ նշեց, որ պետք չէ մոռանալ, որ Ռուսաստանը տիրապետում է մեծ քանակությամբ միջուկային զենքի, ինչն անպայման կկիրառի, եթե իր սահմանների վրա ոտնձգություններ լինեն կամ արհամարհվեն ռուսական շահերը տարածաշրջանում:

Կրեմլը այսօր էլ նշել է, որ Ռուսաստանը համապատասխան գործողությունների է դիմելու, եթե Միացյալ նահանգները միջուկային նոր զենք տեղակայի Գերմանիայի տարածքում:

Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի՝ զլմ-երին տրված մեկնաբանություններին նախորդել էր գերմանական ZDF հեռուստաընկերության կողմից տեղեկատվության հրապարակումը,

որ ԱՄՆ-ն աշխատանքներ է տանում Գերմանիայում տեղակայված ռազմա-օդային ռազմակայանում B61-12 միջուկային զենք տեղակայելու ուղղությամբ։

ZDF-ի հաղորդմամբ՝ իրենց տեղեկատվությունը հիմնված է ԱՄՆ դաշնային բյուջեի զեկույցների ուսումնասիրությունների վրա։

Այս կապակցությամբ Դմիտրի Պեսկովը նշել է. «Ցավոք, այդ քայլը կարող է խարխլել Եվրոպայում ռազմավարական հավասարակշռությունը եւ այդպիսով հստակորեն կստիպի Ռուսաստանին համապատասխան հակաքայլեր ձեռնարկել հավասարակշռությունը վերահաստատելու ուղղությամբ»… Նա չի մանրամասնել, թե որոնք են այդ հակաքայլերը։

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 32 (38), 2015թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։