Շնորհավոր Մեծ ու Մեծ տոնդ, ի՛մ երկիր – Թույլ չե՛նք տա, որ պոռոտախոսները վիճարկեն Հայրենիքի անկախության օրն ու գաղափարը…- Արմենուհի Մելքոնյան («Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր)

Սկզբունքորեն ֆ/բ-ում այսպես ասած «ստատուսների» չեմ անդրադառնում: Բայց վերջին օրերին խախտել եմ որոշումս: Այդ օրն էլ այն օրն է, որ չեմ կարող չխոսել: Կարդում եմ՝ ինչ են գրում ինձ ծանոթ մարդիկ Անկախության օրվա առթիվ: Ինձ ծանոթ եմ ասում, որովհետեւ ես սովոր եմ ամեն գրածս տառի ու դրածս ստորակետի համար պատասխան տալ: Հետեւաբար, անծանոթների գրառումների, դրանցում տեղ գտած պատճառաբանությունների ու բացառությունների «երաշխավորը» լինել չեմ կարող:

http://www.hayary.org/wph/?p=2223

https://www.facebook.com/armenuhi.melqonyan

Ուրեմն՝ գամ ծանոթներիս գրառումներին:

Մոտավորապես այսպես են արտահայտվում. անկախություն չկա, որ շնորհավորենք, մարդկանց սրտերում տոն չկա, որ շնորհավորենք, այսինչը չկա, այնինչը չկա, չկա, չկա, չկա… Նրանց չեմ ասի, որ Անկախությունը բացարձակ արժեք է եւ վերջ, որ 24 տարին պատմության համար ակնթարթ է, իսկ մեզ համար մի պատմություն, որ պիտի կարողանանք փայփայել՝ ակնթարթը դարերով հավերժելու համար:

Չեմ ասի, որովհետեւ նրանց գիտեմ տարիներ արդեն: Որովհետեւ նրանք ոչինչ չեն արել մեր երկրի համար, մեր երկրի անկախությունն ամրապնդելու համար ջանք անգամ չեն ներդրել, մեկ լումա անգամ չեն ծախսել, նրանց բան ու գործը վեհ գաղափարներից խոսելն է եղել: Միայն:

Մինչդեռ այսօր նրանք երկրում չեն կամ երկրում են՝ բայց երկրից բացակա: Օտյանական «Որ մենք հերոս»-ն ինձ համար մշտապես մեր ժամանակների հերոսն է: Այդ «ստատուս» գրողներից մեկն, օրինակ, ամբողջ օրը դժգոհում է մեր երկրում իրավիճակից, բայց ոչինչ չի անում այդ իրավիճակը բարեփոխելու համար: Անգամ ոչինչ չի անում ի՛ր վիճակը բարելավելու համար: Ոչ թե որ չի կարողանում, այլ՝ իրականում չի ուզում:  Վատ բան եմ ասում, բայց շատերին է ձեռք տալիս «սովետական պրոլետարիատի» հոգեբանությունը: Ժրաջան մեղու լինելը պատասխանատու գործ է:

Ավելի լավ է, նստել բազմոցին, ինտերնետի առաջ, մտնել ֆ/բ ու… խոսել երկնքից, բույսերից, ծառ ու ծաղկից, հայրենիքից, բայց հայրենիքի համար դժվար օրերին լինել հայրենիքից դուրս ու հայրենիք վերադառնալ ոչ թե սիրուց, կարոտից դրդված, այլ՝ որովհետեւ դրսից էլ շպրտվեցին:

Հիմա՝ ասեմ, թե ինչու գրեցի այս ամենը:

Իմ տեսակը, որ ժրաջան մեղվի պես, օրական երբեմն 24 ժամից էլ ավելի մաքառում է ու շատ հաճախ անբերք, երբեք թույլ չի տա, որ իր ներկայությամբ պոռոտախոսները վիճարկեն Հայրենիքի անկախության օրն ու գաղափարը:

Թույլ չեմ տա, նույնիսկ եթե համացանցը ազատ արտահայտվելու տիրույթ է:

Որովհետեւ «Որ մենք հերոս»-ների իրավունքը, թեկուզ համացանցում, վերջանում է այնտեղ, որտեղ սկսվում է ի՛մ իրավունքը:

Իսկ ի՛մ իրավունքն ասում է՝ շնորհավոր տոնդ, ի՛մ երկիր:

Մեծ ու փոքր տոնդ:

Մեծ, որովհետեւ Անկախության տոները Մեծ են լինում: Փոքր, որովհետեւ դեռ առջեւում է մեր այն Մեծ Տոնը՝ Մեծ անելիքը:

Որովհետեւ իմ Մեծ Հայրենիքից մնացած այս փոքր հատվածում Արցախյան ազատամարտով սկսվել, բայց շարունակվելու են նորօրյա հաղթությունները:

Ու Մեծ անելիքի ցատկը այստեղից է սկսվելու: Ու հանուն մեր Մեծ անելիքի մեր ամեն օրը պիտի քայլ, պայքար, նպատակ ու երազանք լինի:

Շնորհավոր Մեծ ու Մեծ տոնդ, ի՛մ երկիր:

Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր

Ամերիկյան անկախացավ

ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Ջոն Քիրբին աաել էր, թե «Հակամարտության բազմակողմանի կարգավորման համատեքստում մենք ճանաչում ենք սեփական ապագան որոշելու գործում ԼՂ-ի բնակչության դերը, սակայն ԱՄՆ-ն չի ճանաչում ԼՂ-ն որպես անկախ ինքնիշխան պետություն: Եվ մենք չենք ճանաչի սեպտեմբերի 13-ի այսպես կոչված ընտրությունների ազդեցությունը շրջանի իրավական կարգավիճակի վրա»:

300 տարվա պատմություն չոնեցող երկիրը սեփականացրել է անկախության գաղափարըԸստ ամերիկյան անկախացավի հիվանդության՝ «այսպես կոչված ընտրությունները» որեւէ կերպ չեն կանխորոշելու Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կամ բանակցությունների արդյունքները: Ավելի վաղ տարածած մամլո հաղորդագրության մեջ Պետքարտուղարությունը ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ էր արել զերծ մնալ բռնությունից… էլի հաշվի չառնելով, որ նախահարձակ կողմը Ադրբեջանն է…

«Լուսանցք» թիվ 32 (38), 2015թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։