Անկախությունը՝ բնական կարգ, ազատությունը՝ բնատուր վիճակ – Սեպտեմբերյան տոները Հայաստանի եւ Արցախի հանրապետություններում… Ամերիկյան անկախացավ – 300 տարվա պատմություն չոնեցող երկիրը սեփականացրել է անկախության գաղափարը…

Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձին ընդառաջ տեղի ունեցան տարբեր միջոցառումներ, համերգային ծրագրեր, ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում: Գլխավոր միջոցառումը սեպտեմբերի 21-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրավիրված տոնական ընդունելությունն էր, որին մասնակցեցին պետական, քաղաքական, հասարակական ու գիտական ու մշակութային ոլորտների գործիչներ, կաթողիկոսը եւ հոգեւոր դասի ներկայացուցիչներ, Արցախի նախագահն ու այլ պաշտոնյաներ, զինվորականներ ու ազատամարտիկներ, գործընկեր պետությունների ներկայացուցիչներ եւ դիվանագետներ, այլ հյուրեր: Մինչ այդ Սերժ Սարգսյանը երկրի այլ պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

Նախագահն Անկախության տոնի առթիվ հանդես է եկել շնորհավորական ուղերձով, որում մասնավորապես նշել է. «Հայ ժողովրդի հազարամյա ընթացքը մեր օրացույցի ամեն մի էջը լցրել է անթիվ-անհամար հիշողություններով։ Լցրել է ուրախության արցունքներով ու կորուստների ցավով։ Լցրել է պայքարի հաստատակամությամբ ու հերոսական մարտակոչերով… Մեր ժողովուրդը շատ լավ հիշում է պայքարի ու մաքառման իր օրացույցի յուրաքանչյուր թերթը։ Հիշում է մեր բազմադարյա ճանապարհին ընկածներին եւ տոնում մեր միասնականության հաղթանակի ամեն օրը։ Մեր պատմության օրացույցում կան թերթեր, որոնք շարված են ոսկե տառերով, թերթեր, որոնք մեր ճակատագիրն են դարձել տասնամյակներ, դարեր ու հազարամյակներ շարունակ։ Դարձել են նաեւ մեր ազգային կերպարն աշխարհին ներկայացնող անձնագրի էջերը։ Ոսկետառ հենց այսպիսի նոր էջ գրեց մեր ժողովուրդն իր պատմական հիշողության օրացույցում 24 տարի առաջ՝ այս օրը։ 1991թ. սեպտեմբերի 21-ին մի ամբողջ ժողովուրդ գրեթե միաբերան հայտարարեց ի լուր աշխարհի, որ վերստանձնում է սեփական ճակատագիրը տնօրինելու բեռը, պատասխանատվությունը, պատիվը»։

Նախագահը նշել է, որ մենք վերահաստատում ենք մեր պայքարի ուխտը եւ ի լուր աշխարհի հայտարարում, որ այստեղ ենք, անսասան ենք ու հաստատակամ, որ մենք ենք մեր ճակատագրի տերը, ու մերն է մեր նախնիների ժառանգությունը, որ մենք ենք մեր զավակների անամպ առավոտների երաշխավորն ու մեր ծնողների խաղաղ մայրամուտի գրավականը. «Մենք՝ եւ ոչ այլ ոք»։ Զուգադիպություն է, թե ճակատագիր, բայց հենց այս օրը, երբ մեր ժողովուրդը ցնծում է անկախ ու խաղաղ ապրելու իր կամքի տոնին, Միավորված ազգերի կենտրոնակայանում զարկում է Խաղաղության զանգը… Մեր սահմաններին, մեր գյուղերում, մեր լեռներում, մեր հովիտներում էլ սեպտեմբերի 21-ի գիշերը երբեմն, ավաղ, լուսանում է ոչ թե Խաղաղության զանգի հնչյուններով, այլ մարտական ահազանգի կոչնակով:  Ըստ երկրի ղեկավարի, սեպտեմբերի 21-ի գլխավոր խորհուրդը մեր որոշումների գինն է սերունդների համար ու մեր պատասխանատվությունը գալիքի հանդեպ։

Սեպտեմբերի 21-ը նաեւ վերածննդի խորհուրդ ունի, քանզի հիշում եւ հիշելու ենք, որ մեր երակներում Վանում, Մուշում, Տրապիզոնում, Երզնկայում, Մարաշում, Սեբաստիայում, Էրզրումում ու Խարբերդում Օսմանյան կայսրության սրով նահատակված մեր հարազատների արյունն է հոսում։ Մերն է նաեւ նրանց պատգամը՝ անել ամեն հնարավորն ու անհնարինը, որպեսզի մեր տեսակի գլխին այլեւս երբեք չծանրանա բնաջնջման ու կոտորածի վտանգը։ Մերն է հավատը, որ հակասություններով ու վտանգներով լի աշխարհում, որ խելահեղ ու արագընթաց մեր օրերում հայի հարատեւության միակ իրական երաշխիքը հայոց ինքնիշխան, անկախ պետականությունն է։ «Սեպտեմբերի 21-ը մեր հավատի, մեր համոզմունքների ու մեր վստահության խորհրդանիշն է»,- ավարտել է խոսքը Հանրապետություն նախագահը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին էլ Արցախում է նշվել Անկախության տոնը: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նշել է, որ հակամարտության վերջնական կարգավորումը հնարավոր կլինի կարգավորել՝ միայն հաշվի առնելով 1991թ. անկախության հանրաքվեն եւ 2006թ. Սահմանադրական հանրաքվեն: Այդպես է Արցախի ժողովուրդը միջազգային իրավական նորմերին համապատասխան վճռել իր ճակատագիրը: Նշվել է, որ ԼՂՀ-ն շարունակելուէ գործունեությունը՝ զարգացնելով եւ ամրապնդելով առկա դրական միտումները, որոնք պայմանավորված են առաջին հերթին անկախ ժողովրդավարական պետականության կառուցման գործում Արցախի ձեռքբերումներով։

Բայց շատերիս համար առավել հոգեհարազատ է ՀՀ եւ ԼՂՀ գերագույն օրենսդիր մարմինների այն որոշումները, որոնք ազդարարել են Արցախի վերամիավորումը Հայաստանի հետ:

Սա եղել եւ մնում է նաեւ «Լուսանցք»-ի համար ընդունելի միակ տարբերակը, որով վերականգնված ու պաշտպանված են ինչպես բնական ու պատմական, այնպես էլ իրավական ու ժողովրդավարական չափորոշիչներով պաշտպանված սկզբունքները:

«Զվարթնոց» տաճարի տարածքում զորահանդես անցկացվեց՝ ի պատիվ Անկախության 24-ամյակի: Անկախությանն էր նվիրված նաեւ «Զվարթնոց»-ի արգելոց-թանգարանում բացված ցուցահանդեսը, որը պատմում էր 19-20-րդ դարերի Ալեքսանդրապոլ-Գյումրիի քաղաքային մշակույթի մասին: Օրը տոնական էր, սակայն պատասխանատուները չշրջանցեցին մշակութային ոլորտում առկա խնդիրները: Իսկ դրանք բազմահազար են:

Արտակ Հայոցյան

Ամերիկյան անկախացավ

ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Ջոն Քիրբին աաել էր, թե «Հակամարտության բազմակողմանի կարգավորման համատեքստում մենք ճանաչում ենք սեփական ապագան որոշելու գործում ԼՂ-ի բնակչության դերը, սակայն ԱՄՆ-ն չի ճանաչում ԼՂ-ն որպես անկախ ինքնիշխան պետություն: Եվ մենք չենք ճանաչի սեպտեմբերի 13-ի այսպես կոչված ընտրությունների ազդեցությունը շրջանի իրավական կարգավիճակի վրա»:

300 տարվա պատմություն չոնեցող երկիրը սեփականացրել է անկախության գաղափարը Ըստ ամերիկյան անկախացավի հիվանդության՝ «այսպես կոչված ընտրությունները» որեւէ կերպ չեն կանխորոշելու Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կամ բանակցությունների արդյունքները: Ավելի վաղ տարածած մամլո հաղորդագրության մեջ Պետքարտուղարությունը ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ էր արել զերծ մնալ բռնությունից… էլի հաշվի չառնելով, որ նախահարձակ կողմը Ադրբեջանն է…

«Լուսանցք» թիվ 32 (38), 2015թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։