Աշխարհի մարզական հեւքից – Նշվեց ՀԱՕԿ-ի 25-ամյակը – Գինեսի գրքում 25 հայ ռեկորդակիր ունենք – Ֆուտբոլի Հայաստանի գավաթին կմասնակցի ընդամենը 8 թիմ – Ֆրանսահայ հանրահայտ ֆուտբոլիստ Յուրի Ջորկայեֆը՝ Հայաստանում… Երեւանյան կիսամարաթոն – Մարզական այլ լուրեր… Այցելե՛ք www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Նշվեց ՀԱՕԿ-ի 25-ամյակը

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն Երեւանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում նշեց իր հիմնադրման 25-ամյակը: ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով հանդիսությանը մասնակցեցին Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեն, ազգային օլիմպիական կոմիտեների նախագահ շեյխ Ահմեդ ալ Սաբահին, բազմաթիվ երկրների օլիմպիական կոմիտեների ներկայացացուցիչներ, մասնավորապես` Ուկրաինայի ԱՕԿ-ի նախագահ, օլիմպիական չեմպիոն, հայտնի ձողացատկորդ Սերգեյ Բուբկան: Նրանց հետ միասին պատվո ուղով անցան նաեւ մեր օլիմպիական չեմպիոններն ու մեդալակիրները` մեծանուն մարզիկ Ալբերտ Ազարյանի գլխավորությամբ:

ՀԱՕԿ-ն առաջին անգամ կլուսաբանի հայկական ֆուտբոլը

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն այսուհետ հանրությանը կներկայանա նոր կայքէջով: Այդ մասին հայտարարեց ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը: «Մեր նպատակն է արդիականացնել կոմիտեի կայքէջը, որպեսզի այն հնարավոր լինի դիտել տեխնիկական բոլոր միջոցներով, այդ թվում բջջային հեռախոսներով, պլանշետներով եւ այլն: Մենք առաջին հերթին կլուսաբանենք հայկական սպորտը, որը շատ քիչ տեղ է զբաղեցնում հանրապետության լրատվամիջոցներում»,- հավելել է ՀԱՕԿ-ի պաշտոնյան:

Այն հարցին, թե արդյո՞ք ՀԱՕԿ-ը սկսելու է լուսաբանել նաեւ Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը, ինչը մինչ այսօր չի արվել, Հրաչյա Ռոստոմյանն ասել է. «Ֆուտբոլը նույնպես պատշաճ ձեւով է մատուցվելու, ինչպես բոլոր մարզաձեւերը, սակայն կան հարցեր կապված հեղինակային իրավունք ձեռք բերելու հետ: Այդ հարցը ընթացքում կկարգավորենք»:

Կվերահրատարակվի «Հայկական մարզադարան» գիրքը

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ֆինանսավորմամբ կվերահրատարակվի Ավետիս Բայրամյանի «Հայկական մարզադարան» գիրքը՝ նվիրված ՀԱՕԿ-ի հիմնադրման 25-ամյանին: Գիրքը պարունակում է հայկական սպորտի եւ մարզաշխարհի տարբեր ոլորտներին վերաբերող տեղեկատվություն` հայկական մարզաշխարհի պատմական տվյալների, տարբեր մարզաձևերում հայ մարզիկների ունեցած հաջողությունների եւ ձեռքբերումների մասին: ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի հետ հանդիպման ժամանակ գրքի հեղինակը ներկայացրել է այն մեծ աշխատանքը, որն ինքը կատարել է երկար տարիների ընթաքում` հավաքելով եւ գրի առնելով հանրագիտարանային բազմազան տվյալներ հայկական սպորտի մասին, որոնք վերաբերվում են մարզիկների կենսագրությանը, տեղեկատվական հրապարակումներին, մարզաձեւերի առանձնահատկություններին, համահայկական խաղերին, հեղինակավոր այլ մրցաշարերին, եւ անգամ, թողարկված նամականիշերի եւ մետաղադրամների պատմությանը:

Ավետիս Բայրամյանի հեղինակությամբ դեռեւս 2005թ. հրատարակվել է նաեւ «Մարզաշխարհի անվանի հայերը» գիրքը` նվիրված ՀՀ անկախության 20 ամյակին, որն էլ համալրվել է հետագա 10 տարների ընթացքում հայ մարզաշխարհի ձեռքբերումների, կատարված փոփոխությունների մասին տեղեկատվությամբ, եւ այլ անհրաժեշտ ու հետաքրքիր մանրամասներով` դառնալով «Հայկական մարզադարան»: Ինչպես նշել է ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, այս գիրքը, որ պարունակում է բազմազան հետաքրքիր եւ անհրաժեշտ տեղեկատվություն, օգտակար կլինի ինչպես մարզիկների եւ մարզասերների, այնպես էլ սպորտով հետաքրքրվող բոլոր անձանց համար` անկախ տարիքից եւ մասնագիտությունից:  Ռոման Սահրադյանը պատրաստվում է ռեկորդ սահմանել

Գինեսի գրքի ռեկորդակիր Ռոման Սահրադյանը սեպտեմբերի 30-ին Երեւանի Բուենոս Այրեսի անվան այգու մարզահրապարակում պատրաստվում է նոր ռեկորդ սահմանել: Նա կփորձի մեկ րոպեում պտտաձողի վրա կատարել 45-50 պտույտ: «Անցած տարի ես փորձնական կատարել եմ 41 պտույտ: Այն առայժմ չի գրանցվել Գինեսի գրքում: Դրա համար ցանկանում եմ ավելացնել դրանց քանակը եւ սահմանել նոր ռեկորդ: Սակայն ուշագրավն այն է, որ այս անգամ ես անմիջական մրցակից ունեմ, հանձին իմ գործընկեր Նարեկ Ադամյանի, որը կփորձի կրկնել իմ ցույց տված արդյունքը»: Թե ինչ նպատակով է ցանկանում սահմանել Գինեսի գրքի ռեկորդ, Ռոման Սահրադյանն ասել է. «Իմ նպատակը մեկն է, բարձրացնել Հայաստանի իմիջն աշխարհում: Այլ ակնկալիքներ ես չունեմ»:

Հիշեցնենք, որ Ռոման Սահրադյանը 2014թ. պտտաձողի վրա 30 րոպեում կատարել է 1001 «մեծ պտույտ ետ վարժություն»:

Գինեսի գրքում 25 հայ ռեկորդակիր ունենք

Ապրած 27 տարիներից 17-ը կրկեսի դերասան Մուշեղ Խաչատրյանը հեծանիվ է վարում։ Ամեն ինչ սկսվեց, երբ արտերկրից ժամանած կրկեսային խմբի անդամներից մեկի միակնանի հեծանիվը տեսավ։ 2 օր անց Մուշեղը հոր ձեռքով պատրաստված նույնանման հեծանիվ ուներ։ «Սկսել եմ միակնանիով, հետո ունեցել եմ երկակնանի, հետո երեք ակնանի մոտո եմ քշել ու հիմա արդեն մեքենա էլ»,- նշում է նա։ Մուշեղը հասցրել է գրանցվել Գինեսի գրքում՝ 3 մ բարձրությամբ հեծանվով վարելով 25 մ տարածություն։ Երիտասարդը չի վհատվում, որ արտասովոր կարողություններով մարդիկ պետական աջակցություն չեն ստանում։ Մեկ անգամ դիմել է Մշակույթի նախարարությանը, ներկայացրել իր գործունեությունը, մի քանի րոպե անց աշխատակիցը հարցրել է. «Դուք ո՞ր ժանրում եք երգում»։ Այդպիսով հասկացել է, որ խոսակցությունն այլեւս անիմաստ է ու դուրս է եկել։ Միեւնույն է, հպարտ է, որ Հայաստանի դրոշն ու իր անունը տեղավորել է պատմության մեջ։

Սուրեն Աղաբեկյանն էլ մատների ուժն է փորձել։ 10 տարեկան հասակում նրան ոգեշնչել է Ջեկ Լոնդոնի «Ծովագայլը» ստեղծագործությունը։ «Գլխավոր հերոսի ֆիզիկական ուժն ընդգծելու համար հեղինակը մի դրվագ է պատկերում, որտեղ գայլ Արսենը մեկ ձեռքով ճզմում է հում կարտոֆիլ։ Ես այն ժամանակ փորձեցի մի ձեռքով, հետո նույնիսկ 2 ձեռքով, չկարողացա։ Ու այդ օրվանից սկսեցի արդեն մարզել մատներս»,- պատմում է երիտասարդը։ Արդյունքում նրան հաջողվեց ճկույթով 110 կգ ծանրություն բարձրացնել։ Այս վարժությունը Սուրենին ևս հնարավորություն տվեց գրանցվելու այնքան բաղձալի Գինեսի գրքում։

Ունենք նաեւ հայկական Գինեսի գիրք՝ Դյուցազնագիրք անվամբ։ 1990թ. ստեղծված գրքում վերջին 16 տարիների ռեկորդները գրանցվում են Վարդան Թովմասյանի ղեկավարությամբ։ «Սա առաջին ազգային գիրքն է, եզակիների եզակին է,- շեշտում է պարոն Թովմասյանը եւ հավելում։- Հզոր ազգ ենք, գնահատել է պետք։ Շատ շատերը բաժակ են բարձրացնում, դյուցազնի կենաց էլ են խմում, բայց ոչ մի բանով չեն ուզում օգնել»։

Դյուցազնագրքի առաջին հատորում գրանցված է 63 ռեկորդակիր՝ 134 ռեկորդով։ Ընդ որում՝ 12 ռեկորդակիր նվաճումն ունեցել է Զինված ուժերում ծառայելու ընթացքում։ Ներկայում ընդհանուր հաշվով ունենք գրանցված 178 հայազգի ռեկորդակիր՝ 430 ռեկորդով։ Դրանցից 25-ը տեղ են գտել Գինեսի գրքում։ Դյուցազնագրքի ղեկավարը շեշտում է. այս մարդիկ ազգ են ներկայացնում, բարձր պահում հայի պատիվը, եւ անկախ դժվարություններից՝ շարունակելու են սահմանել նոր ռեկորդներ։

Մուշեղ Խաչատրյանը՝ Գինեսի ռեկորդակիր

2014թ. մարտ վերջերին միականի հեծանվորդ Մուշեղ Խաչատրյանը սահմանեց իր 2-րդ գինեսի ռեկորդը։ Նա բոլորին հրավիրել էր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի աստիճանների մոտ՝ դիտելու, թե ինչպես է միականի հեծանվով բարձրանում 62 աստիճան։ Ընդամենը 26:50 վայրկյանում հաղթահարեց փորձությունը եւ գերազանցեց 2007թ. շվեդացու կողմից 30 վայրկյանում 56 աստիճան բարձրանալու ռեկորդը: Ռեկորդը սահմանելիս ներկա են եղել Երեւանի Պետական կրկեսի տնօրեն Սոս Պետրոսյանը եւ Հայաստանի ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի ֆեդերացիայի փոխնախագահ Սուրեն Դանիելյանը։ Մուշեղ Խաչատրյանը Լեոնիդ Ենիգիբարյանի կրկեսային ստուդիայի շրջանավարտ է։ Դեռեւս մանկուց փորձել է ինքնուրույն վարել միականի հեծանիվ, իսկ հետո արդեն մասնագիտանում է, ու կրկեսում նրան օգնում է Սոս Պետրոսյանը։ Իր 1-ին ռեկորդը եղել է 2013թ., երբ 3 մ 8 սմ բարձրություն ունեցող միականի հեծանիվով անցել է 25 մ ։

Գնել Մեջլումյանի անվան գավաթի 10-րդ խաղարկությանն ընդառաջ

Հոկտեմբերի 2-3-ը Երեւանի «Միկա» մարզահամալիրում կայացավ ազատ ոճի ըմբիշ ԽՍՀՄ կրկնակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, ԽՍՀՄ եւ աշխարհի գավաթակիր, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր ու Բարի կամքի խաղերի արծաթե մեդալակիր Գնել Մեջլումյանի անվան 10-րդ հոբելյանական միջազգային կարգի գավաթի խաղարկությունը: Մրցաշարի հանդիսավոր բացումը հոկտեմբերի 3-ին է: Այս մրցաշարում իրենց ուժերը կչափեն 1999, 2000 եւ 2001 թթ. ծնված ըմբիշները՝ 150 մարզիկներ Երեւանից, Հայաստանի բոլոր մարզերից, Արցախից, Վրաստանից եւ Իրանից:

Այս մրցաշարը Հայաստանում ըմբշամարտի միակ գավաթային խաղարկությունն է: Թիմերը կստանան գումարային պարգեւներ, գավաթներ, մեդալներ, պատվոգրեր ու նվերներ: Մրցաշարի պատվավոր հյուրերն են Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանը, ԱԺ պատգամավոր Բազմասեր Առաքելյանը, Նոր Նորք համայնքի թաղապետ Արմեն Ուլիխանյանը, Հայաստանի ընբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանը, ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր եւ աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը, բռնցքամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն եւ աշխարհի գավաթակիր Սամսոն Խաչատրյանը եւ այլք: Գավաթի խաղարկությանը ներկա կլինեն նաև ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի անդամները, ովքեր Գնել Մեջլումյանի անվան հուշամրցաշարի հաղթողներ եւ մրցանակակիրներ են: Մրցաշարհի գլխավոր մրցավարը պատանիների ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արշակ Հայրապետյանն է:

Հայաստանը կմասնակցի 10 ծանրորդով

Հոկտեմբերի 3-10-ը Կլայպեդայում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնություններում Հայաստանը կներկայացնի 10 ծանրորդ: Մինչեւ 20 տարեկան աղջիկների մրցաշարում հանդես կգան 58 կգ քաշային Իզաբելա Յայլյանը եւ 69 կգ քաշային Սոնա Պողոսյանը: Տղաների նույն տարիքային խմբում Հայաստանի պատիվը կպաշտպանեն Դավիթ Դավայանն ու Մարզպետ Մինասյանը (երկուսն էլ 56 կգ քաշային կարգ), Ազատ Հակոբյանը (69 կգ), Նորայր Ավետիսյանը (85 կգ), Կարուշ Ղուկասյանն ու Սամվել Գասպարյանը (94 կգ): Մինչեւ 23 տարեկանների առաջնությանը կմասնակցի երկու ծանրորդ` 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը եւ 94 կգ քաշային Միքայել Միքայելյանը:

Մանուել Պետրոսյանն ու Արամ Հակոբյանը՝ մեդալակիրներ

Խորվաթիայի Պորեչ քաղաքում ավարտված Եվրոպայի 8-18 տարեկան պատանիների եւ աղջիկների առաջնությունում գերազանց արդյունքի են հասել Հայաստանը ներկայացնող շախմատիստներ Մանուել Պետրոսյանն ու Արամ Հակոբյանը: Մինչեւ 18 տարեկան տղաների մրցաշարում հանդես եկող Պետրոսյանը 9 հնարավորից վաստակել է 6,5 միավոր եւ արժանացել արծաթե մեդալի, իսկ մինչեւ 14 տարեկան տղաների մրցաշարում ելույթ ունեցող Արամ Հակոբյանը 7 միավորով բրոնզե մեդալ է նվաճել: Հայաստանը ներկայացնող 4 շախմատիստներ տեղ են զբաղեցրել ուժեղագույնների տասնյակում. Մամիկոն Ղարիբյան (մինչեւ 12տ.)՝ 6-րդ տեղ, Ռոբերտ Փիլիպոսյան (մինչեւ 8տ.)՝ 4-րդ տեղ, Մարիամ Մկրտչյան (մինչեւ 12տ.)՝ 8-րդ տեղ եւ Հասմիկ Քոչինյան (մինչև 10տ.)՝ 5-րդ տեղ:

Մեր հայրենակիցներից մեկը, այնուամենայնիվ, Խորվաթիայում նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Դա Հոլանդիան ներկայացնող Աննա-Մայա Ղազարյանն է, ով 16 տարեկան աղջիկների մրցաշարում վաստակեց 7,5 միավոր եւ գրավեց 1-ին տեղը:

Լեւոն Արոնյանը կպաշտպանի ռուսական ակումբի պատիվը

Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը հանդես կգա 2015թ Եվրոպայի ակումբային առաջնությունում, որը տեղի կունենա հոկտեմբերի 18-24-ը, Մակեդոնիայում: Մրցաշարին մասնակցելու հայտ են ներկայացրել 47 ակումբներ, որոնց կազմում ընդգրկված են 45 երկրների 343 շախմատիստ: Լեւոն Արոնյանը կրկին հայտավորվել է ռուսական «Սիբիր» ակումբի կազմում: Նա հանդես կգա2-րդ խաղատախտակին, քանի որ առաջին համարի տակ հայտավորվել է աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը: Հայ շախմատիստի հավանական մրցակիցներ կարող են լինել բուլղարացի Վեսելին Թոփալովը, ուկրաինացի Վասիլի Իվանչուկը, ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը, կուբացի Լեյնիեր Դոմինգեսը:

Լեւոն Արոնյանը սեանս անցկացրեց ներառական դպրոցների աշակերտների հետ

Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը «Սպորտը հանուն հավասար հնարավորությունների» ակցիայի շրջանակում այսօր Տիգրան Պետրոսյանի անվան Շախմատի տանը անցկացրեց միաժամանակյա շախմատային սեանս Երեւանի ներառական կրթություն իրականացնող դպրոցների 22 աշակերտների հետ: Այն կազմակերպեցին «Հույսի կամուրջ» եւ «Առաքելություն Արեւելք» ՀԿ-ները` Դանիայի ԱԳՆ ֆինանսական աջակցությամբ: Հարկ է նշել, որ Լեւոն Արոնյանն արդեն 6-րդ անգամ է մասնակցում այս միջոցառմանը: Այն հարցին, թե ինչու մեր մյուս շախմատիստները չեն մասնակցում նմանատիպ ակցիաների, «Հույսի կամուրջ» կազմակերպության նախագահ Զարուհի Բաթոյանն ասաց. «Մեր գործունեության առաջին 2 տարիներին մենք հրավիրել ենք մեր տարբեր գրոսմայստերներին, բայց հետո դժվար էր լինում նրանց հավաքել նույն օրը: Այդ իսկ պատճառով որոշեցինք հրավիրել միայն Լեւոն Արոնյանին: Այս տարի կրճատել ենք մասնակիցների թիվը եւ ֆորմատը, քանի որ նախորդ սեանսները բավական երկար էին տեւում` 4-5 ժամ, ինչը նպատակահարմար չէր մասնակիցների համար»:

Ի դեպ, սեանսից առաջ կազմակերպված հարցազրույցի ժամանակ Լեւոն Արոնյանը կտրականապես հրաժարվեց խոսել Բաքվում կայացած աշխարհի գավաթի խաղարկության մասին, որտեղ նա բավական անհաջող էր հանդես եկել եւ արդեն 2-րդ փուլից դուրս էր մնացել:

«Փյունիկ»-ը ջախջախեց «Ալաշկերտ»-ին

Կայացան Հայաստանի ֆուտբոլի առաջնության 8-րդ տփուլի վերջին 2 հանդիպումները: Մրցաշարի միանձնյա առաջատար Երեւանի «Ալաշկերտ»-ը սեփական դաշտում 1:4 հաշվով զիջեց «Փյունիկ»-ին: Վերջինս վաստակած միավորներով հավասարվեց 3-րդ տեղում գտնվող «Շիրակ»-ին, իսկ «Ալաշկերտ»-ն առաջին պարտությունը կրեց այս մրցաշրջանում: Երեւանի «Միկա»-ն իր հարկի տակ նվազագույն՝ 1:0 հաշվով առավելության հասավ «Բանանց»-ի նկատմամբ: Այս հաղթանակից հետո միկացիները վաստակեցին 10 միավոր եւ բարձրացան 5-րդ տեղ, սակայն 4-րդ հորիզոնականից դեռ ետ են մնում 4 բալով:

Հաջորդ` 9-րդ տուրի խաղերը տեղի կունենան հոկտեմբերի 3-ին եւ 4-ին:

«Շիրակ»-ը «Գանձասար-Կապան»-ին թույլ չտվեց ռեւանշի հասնել

Նախ «Գանձասար-Կապան»-ը սեփական դաշտում չկարողացավ հաղթել Գյումրիի «Շիրակ»-ին եւ ռեւանշի հասնել առաջին շրջանում կրած պարտության դիմաց: Գրանցվեց մարտական ոչ-ոքի՝ 1:1, ընդ որում շիրակցիները պարտությունից խուսափեցին հանդիպման վերջին՝ 95-րդ րոպեին: Օրվա հաջորդ խաղում Երեւանի «Արարատ»-ը հյուրընկալվելիս 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ մրցաշարի ետնապահ «Ուլիս»-ի նկատմամբ՝ 2:1: Այդպիսով, արարատցիները ընդհատեցին իրենց պարտությունների շարքը, իսկ ահա ուլիսցիները երկարաձգեցին առանց հաղթանակի սերիան, որն արդեն հասել է 8 խաղի:

Ֆուտբոլի Հայաստանի գավաթին կմասնակցի ընդամենը 8 թիմ

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի 2015-2016թթ խաղարկության վիճակահանությունը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Գավաթի խաղարկությանն այս անգամ էլ կմասնակցի 8 թիմ՝ «Փյունիկ»-ը, «Ուլիս»-ը , «Շիրակ»-ը , «Ալաշկերտ»-ը , «Միկա»-ն, «Բանանց»-ը , «Գանձասար-Կապան»-ը եւ «Արարատ»-ը:

Քառորդ եզրափակիչ հանդիպումները կկայանան այս տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, կիսաեզրափակիչ խաղերը՝ 2016թ մարտ-ապրիլ ամիսներին: Եզրափակիչը նախատեսված է եկող տարվա մայիսի 4-ին: Գավաթի հաղթողը, եթե այն երկրի չեմպիոնը չէ, իրավունք կստանա մասնակցելու Եվրոպայի լիգայի հաջորդ մրցաշարին:

Հայաստանի ֆուտբոլի հավաքականները տարանջատվել են

Հայաստանի ֆուտբոլի տարբեր հավաքականները շուտով կսկսեն նախապատրաստվել Եվրոպայի առաջնությունների ընտրական փուլերի հերթական խաղերին: Մեր ազգային թիմը հոկտեմբերի 5-6-ը կանցկացնի ուսումնամարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Իսկ ահա Հայաստանի երիտասարդական եւ մինչեւ 19 տարեկանների հավաքականները այդ հանդիպումներից առաջ կհանգրվանեն «Ռեժինե» հյուրանոցում, ինչը զարմանալի փաստ է, քանի որ ՀՖՖ Տեխնիկական կենտրոնը նախատեսված է Հայաստանի բոլոր, այդ թվում ֆուտզալի եւ կանանց հավաքականների համար:

Ինչեւէ, Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 8-ին Ֆրանսիայում կմրցի այդ երկրի ընտրանու հետ, իսկ երեք օր անց սեփական դաշտում կընդունի Ալբանիային: Մեր երիտասարդական ընտրանին նախ հոկտեմբերի 9-ին կհանդիպի Բուլղարիայի հետ, նրա իսկ դաշտում, իսկ հոկտեմբերի 13-ին Երեւանում կհյուրընկալի Լյուքսեմբուրգի այդ տարիքային հավաքականին: Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը հոկտեմբերի 8-13-ը Էստոնիայում կմասնակցի Եվրոպայի 2016թ պատանեկան առաջնության ընտրական 12-րդ խմբի մրցաշարին: Մեր ֆուտբոլիստները հոկտեմբերի 8-ին կմրցեն Չեխիայի, հոկտեմբերի 10-ին՝ Սերբիայի եւ հոկտեմբերի 13-ին` դաշտ տերերի թիմի հետ:

Հայաստանի հավաքականը նահանջել է 8 հորիզոնականով

Հոկտեմբերի 1-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը նահանջել է 8 հորիզոնականով եւ այժմ զբաղեցնում է 91-րդ հորիզոնականը: 1. Արգենտինա-1419 միավոր, 2. Գերմանիա-1401, 3. Բելգիա-1387, 4. Պորտուգալիա-1235, 5. Կոլումբիա-1228, 6. Իսպանիա-1223, 7. Բրազիլիա-1204, 8. Ուելս-1195, 9. Չիլի-1177, 10. Անգլիա-1161, 22. Ֆրանսիա-899, 24. Ուկրաինա-874, 26. Ռուսաստան-845, 28. Դանիա-835, 32. Ալբանիա-755, 63. Սերբիա-538, 74. Ոււզբեկստան-464, 87. Էստոնիա-388, 91. ՀԱՅԱՍՏԱՆ-377, 98. Բելառուս–350, 103. Լատվիա-3385, 105. Ադրբեջան-328, 110. Վրաստան-308, 116. Լիտվա-298, 132. Մոլդովա-239, 142. Ղազախստան-199, 146. Ղրղզստան-195, 155. Թուրքմենստան-172, 160. Տաջիկստան-156…

Յուրի Ջորկայեֆը ժամանեց Հայաստան

Սեպտեմբեր 30. Ֆուտբոլի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկայեֆը ժամանեց Հայաստան, նա կմասնակցի Երեւանյան առաջին կիսամարաթոնին: «Նախեւառաջ ես հրավեր էի ստացել մեծ չեմպիոնից` Ռոբերտ Էմմիյանից: Ուզում եմ իմ ներկայությամբ հաճույք պատճառել առաջին հերթին հանդիսատեսին ու հայ ժողովրդին, ինչպես նաեւ Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիային ու մեր չեմպիոնին: Հայաստանում իմ նկատմամբ միշտ ջերմ են եղել եւ հյուրընկալ»,- ասել աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնը: Ապա հավելել է, որ Հայաստանում առաջին բանը, որ պիտի անի, խորոված ուտելն է:

Երեւանում 2015թ. հոկտեմբերի 3-ին առաջին անգամ տեղի կունենա վազքի միջազգային կիսամարաթոն` «Երեւան ՌԱՆԱՐՄ 2015»-ը, որը կրելու է ամենամյա բնույթ՝ նպատակ ունենալով խթանել սպորտաձեւի տարածումը, քարոզել առողջ ապրելակերպ ու զարգացնել սպորտային տուրիզմը Հայաստանում: Կիսամարաթոնը կանցկացվի Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության, Երեւանի քաղաքապետարանի, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ու Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի հովանու ներքո, որին իր մասնակցությունը կբերի նաեւ աշխարհահռչակ հայազգի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը:

Յուրի Ջորկաեֆը ընդդեմ Վարդան Մինասյանի՞… – Շատերի կարծիքով ֆրանսահայ հանրահայտ ֆուտբոլիստը կարող է մեծ օգուտ բերել Հայաստանի ազգային հավաքականին, եթե դառնա մեր առաջին թիմի գլխավոր մարզիչը:

Յուրի Ջորկաեֆ. «Միշտ այստեղ կլինեմ՝ երեխաներին օգնելու համար»

Ֆրանսիական ֆուտբոլի լեգենդ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը այսօր ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի թիմի կազմում մասնակցեց Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականի հետ բարեգործական հանդիպմանը, որի նպատակն է աջակցել սահմանամերձ Խաչիկ գյուղի դպրոցին, ինպես նաեւ Գավառ քաղաքի մանկատանը: Խաղից հետո նա panorama.am– թղթակցի հետ զրույցում շեշտեց, որ հաճախ է մասնակցում նման միջոցառումների՝ երեխաներին օգնելու համար:

– Ի՞նչ կարծիք ունեք բարեգործական խաղերի վերաբերյալ:

– Միշտ լավ է, երբ խաղում ես և անում ինչ-որ բան՝ երեխաներին օգնելու համար: Դա միշտ մեծ հաճույք է ինձ համար:

– Կուզենայի՞ք այսպիսի ևս մեկ խաղի մասնակցել:

– Այո: Միշտ մասնակցում, նաև կազմակերպում եմ այսպիսի հանդիպումներ: Միացյալ Նահանգներում ունեմ բարեգործական հիմնադրամ, որն զբաղվում է կարիքավոր երեխաներին օգնելով: Ամեն տարի բարեգործական հանդիպումներ եմ կազմակերպում մեծ խաղացողների մասնակցությամբ, որոնցից ստացված ամբողջ գումարը ծախսվում է երեխաներին օգնելու նպատակով:

– Ի՞նչ կարծիք ունեք Հայաստանի հավաքականի մասին:

– Կարծում եմ` լավ թիմ է (լույսը հանդերձարանում անջատվեց- խմբ.): Հենց խոսում եմ հավաքականի մասին, լույսը անջատվում է (ծիծաղում է): Կան լավ խաղացողներ: Խնդիրն այն է, որ ոչ մի կերպ չի ստացվում առաջխաղացում ունենալ: Բայց ներդրումների շնորհիվ ապագայում հնարավոր է լավ արդյունքի հասնել: Հայաստանը մարզական երկիր է, իսկ երեխաների համար սպորտը շատ կարևոր է: Մարմնամարզությունը, ֆուտբոլը, սպորտի բոլոր տեսակները շատ կարեւոր են երկրի համար:

– Կուզենայի՞ք գլխավորել Հայաստանի հավաքականը:

– (Ծիծաղում է): Գիտեի, որ այդ հարցն ուղղելու եք ինձ: Դա իմ ձեռքերում չէ, ես չեմ որոշողը, բայց կարծում եմ՝ լավ կլիներ անել դա: Ուրախ կլինեի: Հայաստանը իմ տատերի եւ պապերի երկիրն է, իմ մեջ հայկական արյուն է հոսում, և ուրախ կլինեմ մի օր օգնել այդ թիմին:

– Անրիի եւ Զիդանի պես լեգենդների հետ խաղալն ինչպիսի՞ զգացողություն է:

– Ինչքան շատ են լավ խաղացողները քո թիմում, այդքան դու ես լավը դառնում, այդքան ավելի լավ ես խաղում: Ես շատ լավ հնարավորություն եմ ունեցել՝ խաղալու նման մեծ ֆուտբոլիստների կողքին:

– Այն ֆուտբոլիստներից, ում հետ խաղացել եք, ո՞վ է մեծագույնը:

– Ռոնալդոն: Բրազիացի Ռոնալդոն: Մինչեւ վնասվածք ստանալը նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն էր: Օգտվելով առիթից՝ ուզում եմ մի բան ավելացնել. ինչ ժամանել եմ Հայաստան, ամեն ինչ հրաշալի է. զարմացած եմ, թե ինչքան են ինձ այստեղ սիրում, եւ ինչքան եմ ես սիրում մարդկանց: Շատ եմ սիրում այս երկիրը: Շնորհակալ եմ բոլորին: Շնորհակալ եմ լրագրողներին, ովքեր ուղեկցում են ինձ: Կտեսնվենք վաղը` առաջին կիսամարաթոնի ժամանակ: Մեր չեմպիոն Ռոբերտը (Էմմիյան- խմբ.) հրավիրեց ինձ, եւ ես մեծ հաճույքով ընդունեցի հրավերը: Դա ինձ համար շատ կարևոր է: Սպորտը, ոչ միայն ֆուտբոլը, շատ կարեւոր է ինձ համար: Կվազեմ մի քիչ, չեմ կարող վազել ամբողջը: Ներկա եմ լինելու, որպեսզի աջակցեմ հայոց ժողովրդին: Ամենակարևորն այն է, որ օգնենք երեխաներին եւ ներգրավենք նրանց: Միշտ այստեղ կլինեմ՝ երեխաներին օգնելու համար:

* * *

Հոկտեմբերի 3-ին Հանրապետության հրապարակում մեկնարկեց «Երեւան ՌԱՆԱՐՄ 2015» վազքի միջազգային կիսամարաթոնը: ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ֆինանսավորմամբ անցկացվող կիսամարաթոնը կազմակերպել են Երևանի քաղաքապետարանը, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիան՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի աջակցությամբ: Միջոցառմանը ներկա կգտնվեն նախարար Գաբրիել Ղազարյանը, հեռացատկորդ, Եվրոպայի չեմպիոն Ռոբերտ Էմմիյանը, ֆրանսահայ հայտնի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը եւ այլ պաշտոնատար անձինք ու հրավիրված հյուրեր:

Ռոբերտ Էմմիյան. «Երազանքս կատարվեց»…

Սպորտային մարզահագուստ, 4 գույնի մարզաշապիկներ, լարված դեմքեր եւ մարտական տրամադրվածություն: Եվ ահա հնչեց կրակոցը, ու վազքարշավի մասնակիցները պոկվեցին տեղից: Մինչ նրանք կանցնեն ճանապարհը լեգենդար հեռացատկորդ Ռոբերտ Էմմիյանը մերչ թղթակցի հետ զրույցում կիսվում է իր տպավորություններով: Նա հսկայական ջանքեր է գործադրել, որպեսզի «Երեւան ՌԱՆԱՐՄ 2015» վազքի միջազգային կիսամարաթոնն իրականություն դառնա: «Չափից ավելի ուրախ եմ, որ երազանքս կատարվում է, քանզի կիսամարաթոնը առաջին անգամ է անցկացվում,- նշեց Էմմիյանը:- Ուրախ եմ, որ շատ երեխաներ, պատանիներ են մասնակցում վազքարշավին: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր կազմակերպիչներին, ՀՀ կառավարությանը, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը, ոստիկաններին, կամավորներին: Այս մասնակիցներն առաջին ծիծեռնակներն են, ովքեր սկիզբ են դնում կիսամարաթոնին: Աշխատելու ենք ամեն տարի ընդլայնել այս ծրագիրը եւ ներառել ավելի ու ավելի շատ մասնակիցների: Նպատակս այն է, որ երեխաները շատ մասնակցեն: Մեր ժողովուրդը մարզասեր է, աջակցենք և քաջալերենք մեր մարզիկներին:

Կիսամարաթոնն առաջինն է, եւ մենք շատ հյուրեր ունենք արտասահմանից: Բոլորի մասնակցությունը կարևոր է: Մասնակիցներ կան Հունաստանից, Ռումինիայից, Լատվիայից ու այլ երկրներից: Ամեն տարի պետք է կազմակերպենք այսպիսի մարաթոններ. նշանակվելու է շարժական օր, եւ մարաթոնն անցկացվելու է ոչ միայն Երեւանում, այլ Հայաստանի մարզերում ու Ղարաբաղում:

Հոկտեմբերի 3-ին Երևանում առաջին անգամ անցկացվեց «Երևան ՌԱՆԱՐՄ 2015» վազքի միջազգային կիսամարաթոնը, որը ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ու Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի (ՀԱՖ) կողմից կազմակերպված միակ միջազգային վազքարշավն է: Միջոցառման պաշտոնական կազմակերպիչն է «ՌԱՆԱՐՄ» ընկերությունը՝ Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի ղեկավարությամբ: Նշենք, որ միջոցառմանը ներկա էր ֆուտբոլային լեգենդ հայազգի Յուրի Ջորկաեֆը, ով մասնակցեց 2,5 կիլոմետր երկարությամբ վազքարշավին: Ջորկաեֆին վազքարշավին մասնակցելու էր հրավիրել Ռոբերտ Էմմիյանը: Միջոցառումը մեկնարկեց Հանրապետության հրապարակից եւ ներառեց 4 վազքարշավ` կիսամարաթոն (21,097 կմ), փոխանցումավազք (2×10,550 կմ), 5 կմ վազք և 12-15 տարեկան դպրոցականների համար՝ 2,5 կմ վազք:

Սերգեյ Լուկինը` Երեւանի առաջին կիսամարաթոնի հաղթող

Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիան ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի եւ Երեւանի քաղաքապետարանի հետ համատեղ այսօր անցկացրեց Երեւանի առաջին կիսամարաթոնը: Մրցավազքին մասնակցեցին մոտ 4000 վազքասերներ` երեխաներ, պատանիներ, երիտասարդներ, վետերաններ, ովքեր մասնակցեցին 2,1 կմ, 5 կմ եւ 10,5×2 կմ վազքերին:

Սակայն գլխավոր իրադարձությունները ծավալվեցին կիսամարաթոնի ժամանակ, որին մասնակցեցին մոտ 100 պրոֆեսիոնալ աթլետներ: Կանանց մրցավազքում հաղթեց ռուսաստանցի Իրինա Սերգեեւան: 2-րդ արդյունքը ցույց տվեց ուկրաինուհի Կատարինա Կարմանենկոն, 3-րդ` ռումինուհի Անդրեա Պիսկուն: Երեւանի կիսամարաթոնի տղամարդկանց մրցավազքում 21,5 կմ տարածությունը բոլորից արագ անցավ ռուսաստանցի Սերգեյ Լուկինը: Մրցանակային 2-րդ տեղը զբաղեցրեց ալբանացի Իլիր Գելեզիin, իսկ3-րդ ճանաչվեց իրանահայ վազորդ Արաբո Ղազարյանը:

Անցկացվելու է ՀՀ Նախագահի մրցանակի համար «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթը

2015 թվականի հոկտեմբերի 8-11-ը Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում անցկացվելու է ՀՀ Նախագահի մրցանակի համար «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթը, որի ծրագրում ընդգրկված են հետեւյալ մարզաձեւերը՝ շախմատ, սեղանի թենիս, դարթս, լող՝ 50 մետր, շաշկի, բասկետբոլ եւ շախմատ (միայն տեսողության խնդիրներ ունեցող անձինք): Մրցումներն անցկացվում են տվյալ մարզաձևի գործող կանոնների համաձայն: Մրցույթին կարող են մասնակցել հաշմանդամություն ունեցող լսողական, տեսողական եւ հենաշարժողական խնդիրներ ունեցող անձինք:

Առանձին մարզաձեւերից 1-ին, 2-րդ, 3-րդ տեղերը գրաված մարզիկները եւ բասկետբոլի թիմի անդամները կպարգեւատրվեն նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով և դրամական մրցանակներով: Մրցույթի նախապատրաստման եւ անցկացման աշխատանքները համակարգում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մասսայական սպորտի եւ ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչությունը։

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝ 52-53-01

«Հայփոստ»՝           51-45-01               «Հայմամուլ»՝   58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ

6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ

3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ

1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 33 (379), 2015թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։