«Էրեբունի-Երեւան 2797».- տոն, որ միայն տոն չէ – Այլ պատմական ծնունդ ու քաղաքականություն (1968թ. հատուկ գրվել է «Էրեբունի-Երեւան» երգը)… Պտույտ մը տոնին մեջ… Թիվ, որ շատերը կերազեն… Զավեշտ, որ հուշում է (Ադրբեջանի նախագահը ծաղրե՞լ է հայ արիներին, թե՞ ինքնածաղրվել է…)… Ոչ ոք չի մոռացվել…

Զավեշտ, որ հուշում է. - Ադրբեջանը, արհեստածին եւ ընդամենը 97 տարվա «պետություն» լինելով (www.hayary.org – չնայած ԽՍՀՄ փլուզումից հետո անկախացած Ադրբեջանը հրաժարվել է մուսավաթական Ադրբեջանի ժառանգորդը լինելուց ու 25 տարվա կյանք էլ չունի… Ինչեւէ` նույն արհեստածին երեւույթն է…), Իլհամ Ալիեւի գլխավորությամբ ամեն տարի մարտի 21-ին նշում է Ամանորը՝ Բաքվում մեծ կրակ վառելով՝ իրեն արիական ծագում վերագելով: Նախորդ տարի էլ նա իբր ծաղրե՜լ էր հայ արիներին՝ ադրբեջանական ավանդական տոնը գողանալու համար (www.hayary.org – երեւի թե՝ իրենց չ-արիական ծագումը «վեհացնելու» նպատակով)…

Իրականություն, որ սպասում է. - Հայ արիները քանիցս դիմել են Հայաստանի նախագահին՝ Հայոց Ամանորը ամեն տարի պաշտոնապես շնորհավորելու եւ դա ավանդույթ դարձնելու համար: Անգամ նշել են, որ գարնանային կամ աշնանային ամանորյա կամ այլ տոնական շնորհավորանքներ լինում են նախագահի կողմից՝ ուղղված քրդերին, հույներին, հրեաներին, ասորիներին, եզդիներին եւ այլն… Իսկ ինչու՞ այդպես չարձագանքել նաեւ Հայոց Ամանորին՝ ազդարարելով մե՛ր Արիական Ծագման մասին…

Էրեբունի-Երեւան. Տոն, որ միայն տոն չէ – Այլ պատմական ծնունդ ու քաղաքականություն

Հասարակությունը մշտապես ընդունում է այն, ինչ ընդունելի է ընդհանուր ձեւաչափերում: Այլ կերպ՝ ընդունում է այն, ինչ շտամպային է: Այս օրերին, կապված Էրեբունի-Երեւան տոնակատարությունների անցկացման հետ, երկու տեսակետ է իշխում. դրանք պետք է անցկացնել եւ, ճիշտ հակառակը, պետք չէ անցկացնել: Ու…խփվեց շտամպը. տոնը ուզողները համարվեցին դավաճաններ, չուզողները՝ հայրենասերներ: Ուշադիր հետեւում էի տպագիր ու էլեկտրոնային գրառումներին: Վերջին՝ չուզողների խմբում կուրծք ծեծող հայրենասերների թիվն անպակաս էր: Նրանցից շատերին ճանաչեցի: Մեկ-երկու բացառությունից զատ՝ մնացյալ հայրենասերներին կարող եմ չակերտել:

Ի՞նչով են նրանք բացատրում իրենց՝ Էրեբունի-Երեւանի տոնը չանցկացնելու որոշումը: Սահմանային վերջին դեպքերով: Դեմ չեմ, տեսակետ է, որ կյանքի կոչվելու իրավունք ունի:

Իսկ ինչո՞վ է մյուս մասը բացատրում իր՝ Էրեբունի-Երեւանի տոնը անցկացնելու որոշումը: Երկրի համար կարեւոր այս տոնը նշելու անհրաժեշտությամբ, անընդհատ չսգալու, հաղթելու ցանկությամբ: Սա էլ է տեսակետ, որ կյանքի կոչվելու իրավունք ունի:
Եվ այս երկու՝ ուզող ու չուզող կողմերն էլ կարող են գտնել ընդունելի հայտարարը, եթե, իհարկե, չուզող կողմը «ցանկանա» դա: Խոսեմ չուզող կողմի իմ ճանաչած հատվածից: Առիթով ասել եմ՝ քանի որ պատասխանատու եմ իմ յուրաքանչյուր դրած ստորակետի ու տառի համար, չճանաչած մասից չեմ խոսում: Եվ այսպես՝ տոնն անցկացնողներին դավաճան կոչողների ու մեր բանակի մասին հոգ տանողների մեջ կա մեկը, ով հայկական բանակում չի ծառայել (խորհրդայինում էլ չի ծառայել): Արցախյան ազատամարտի տարիներին եղել է պատանի, եւ անգամ պատանեկությանը բնորոշ տարիքային բռնկուն հայրենասիրությունը մեջը չի խաղացել, որ ռազմի դաշտ գնա: Գնացել է Ռուսաստան: Այնտեղից վռնդվելով՝ հայրենասիրաբար հայտնվել է Հայաստանում: Հիմա մեր լեռներում ու դաշտերում սիրասուն ընտանիքի հետ պարբերաբար հայտնվում է իբրեւ ներգնա զբոսաշրջիկ: Եվ հայրենասիրությունից կուրծք ծեծող այս հերոսի երեխաները հայերեն հասկանում են, բայց չեն խոսում: Մայրը ռուսաստանցի է:  Իմ ճանաչած մեկ այլ հայրենասերի օրը բացվում ու մթնում է բոլորի երեսով տալով իր շուշիական հայրենասիրությունը: Չկա ուրիշ հայրենասեր, ինքն է որ կա ու խոնարհում է պահանջում բոլորից: Մարտական անցյալին ծանոթ չեմ, նրանք, ովքեր ծանոթ են, չեն խոսում այդ մասին: Իսկ ես, արդեն հոգնած նրա ճառերից, երանի կտայի, որ Շուշին թեկուզ հեռվից տեսած չլիներ, որ էսօր իմ, քո, նրա աչքը չխոթեր իր փառահեղ անցյալը: Հա, ասում են բայց, որ ակտիվ մարտերի երբեւէ չի մասնակցել ու Շուշիի ամրոցների տակ մութ էջ մը ունի պահած:

Մեկ այլ հայրենասեր էլ, որ ֆ/բ-ում ամբողջ օրը հոխորտում էր հայրենիքի ցավը տանելու երազանքից, Հայ Աստվածներից եւ իրեն էլ «ֆիդայի» է կոչում, այդ ցավը մեկ ժամով անգամ չի տարել եւ ոչ միայն Հայ Աստվածների, այլ՝ ընդհանրապես Աստծո հարգը չգիտի, որովհետեւ ուրացել է իրեն հաց տվողին ու մարդամեջ մտցնողին: Հա, էս վերջերս էլ իրեն «վրեժ» անունն էր տվել, բայց հենց տարածքային ուժայինը ականջները ձգել էր գրառվող անբարո բառերի համար, էջը փակել ու մոռացել էր ազգ, հայրենիք, հայ դատ ու վրեժ:

Իմ ճանաչած այս հատվածը, որ իրականում ոչ մի կապ չունի հայկական ոչ մի բանի հետ (հայրենասիրությունը մշտապես նրանց վերջին հանգրվանն է եղել), չքննարկեց այն տեսակետը, որ, ըստ իս, ամենագործունն է: Այն է՝ Էրեբունի-Երեւանը անպայման պետք է նշել, պարզապես պետք է քննարկել, թե ինչպես է այն պետք նշել:

Օրինակ՝ նախապես հրապարակված ծրագիրը, համենայնդեպս, հուշում է, որ ամեն ինչ չափի մեջ է: Ինձ, ասենք, բավարարում է այն, որ, ինչպես վստահեցրել է քաղաքապետարանը, գալա-համերգին այս տարի արտերկրից երգիչ-երգչուհիներ հրավիրված չեն: Բավարարել է մասնակի նախաձեռնությունը (կամ նախաձեռնությունները՝ եթե լինեն)՝ ստացվելիք հոնորարը կրկնապատկել սեփական միջոցներով եւ ուղղել սահմանամերձ որեւէ համայնքի՝ որոշակի խնդրի լուծման համար: Բավարարել է այն, որ Երեւանի քաղաքապետարանի միջոցներով ավտոբուսներով մարզերից մայրաքաղաք կգան տոնին մասնակցել ցանկացողները:

Մի խոսքով, շատ բան է դուր եկել: Բայց որ այդ տոնը պետք է նշվի, միանշանակ է, որովհետեւ խնդիրը այս այլ հարթությունում եմ դիտարկում. սա տոն է, որ միայն տոն չէ: Սա ծնունդ է: Ծնունդից չե՞ն ուրախանում: Այն էլ՝ պատմական ծնունդ (այն, որ գուցե այդքան էլ չենք գիտակցում այդ ծնունդի կարեւորությունը, մեր «քննախույզ» պատմաբանների մեղքն է): Ծնունդ, որ ուտուշ-խմուշ չէ, քաղաքականություն է, աշխարհին ուղղվող կոչ, քարոզ, հին ու նոր հայկականության քարոզ, որը պետք է ճիշտ անել ու ըստ արժանվույն: Այ սրա շուրջ էր պետք քննարկումներ սկսել, ոչ թե անել-չանելու: Որովհետեւ ծնունդ նշում են հաղթող երկրները: Իսկ մենք հաղթող տեսակ ենք:

Աստղինե Քարամյան

Պտույտ մը տոնին մեջ

«Էրեբունի-Երեւան»-ի առաջին պաշտոնական տոնակատարությունն անցկացվել է 1968թ. հոկտեմբերին. նշվում էր մեր մայրաքաղաքի հիմնադրման 2750-րդ տարեդարձը։ Հոբելյանական հանդիսությունները տեւեցին մոտ մեկ շաբաթ։ Միջոցառումները շատ էին, բազմազան. հրատարակվեցին Երեւանի պատմությունը ներկայացնող նոր գրքեր, էկրան բարձրացան Երեւանի առօրյան արտացոլող նոր ֆիլմեր, բացվեցին ցուցահանդեսներ, ստեղծվեցին Երեւանի մասին նոր երգեր, թողարկվեցին բազմապիսի հոբելյանական հուշանվերներ, որոնք այժմ էլ հիշեցնում են այդ շքեղ տոնակատարության մասին։

Գեղեցիկ միջոցառումներ էին Ծաղկի տոնը, Երգի տոնը, որի ժամանակ 2750 հոգանոց երգչախումբն առաջին անգամ կատարեց «Էրեբունի-Երեւան» օրհներգը։

Այդ օրերի նշանակալից իրադարձություններից էր Երեւանի հիմնադրման թանգարանի բացումն Արին-Բերդ բլրի ստորոտում: Թանգարանին հարող փողոցն անվանակոչվեց «Էրեբունի», բացվեց 2750 շատրվաններով պուրակը, աղբյուր-հուշարձան տեղադրվեց Հանրապետության հրապարակում, նախագծվեց «Էրեբունի» գորգը, 2750 ծառ տնկվեց Արին-Բերդի ստորոտում եւ, վերջապես, հոբելյանական զանգվածային միջոցառումները եզրափակվեցին Հանրապետական մարզադաշտում՝ հանրահավաք-տոնահանդեսով։

Քաղաքի հրապարակներում, պողոտաներում, այգիներում, պուրակներում ու փողոցներում պատրաստված բեմահարթակների վրա մի քանի օր շարունակվում էին արվեստի խմբերի համերգները, երգի ու ցնծության հանդեսները։

Ավանդական դարձած այս տոնը տարեցտարի դարձավ ավելի բազմաբնույթ, ավելի ժողովրդական։ Տոնահանդեսի արդեն ավանդական դարձած միջոցառումների կողքին երեւան եկան նորերը. Բարեկամության տոն, Նորապսակների տոն, Բնակարանամուտի տոն, Պոեզիայի տոն, Աշխատանքային փառքի տոն, Պատանի երեւանցու տոն, դիմակահանդեսներ, ժողովրդական զբոսանքներ, ազգային խաղեր, մարզական մրցումներ, «Ոսկե աշուն» ամենամյա տոնահանդեսներ եւ այլն։

Ի դեպ, «Էրեբունի-Երեւան» տոնակատարության համար 1968թ. հատուկ գրվել է «Էրեբունի-Երեւան» երգը (խոսքը՝ Պարույր Սեւակի, երաժշտությունը՝ Էդգար Հովհաննիսյանի), որը հետագայում դարձել է քաղաքի օրհներգը: Այդ երգն առաջին անգամ կատարվել է 2750 հոգուց բաղկացած երգչախմբով՝ Թաթուլ Ալթունյանի ղեկավարությամբ:

Քաղաքի տոնը սովորաբար նշվում է հոկտեմբերի 10–11-ին:

2008թ. մեծ շուքով նշվել է քաղաքի հիմնադրման 2790-ամյակը:

Թիվ, որ շատերը կերազեն

Այս տարի «Էրեբունի-Երեւան-2797» տոնակատարությունները կնշվեն հոկտեմբերի 10-ին եւ 11-ին։ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում, «Էրեբունի-Երեւանի» ծրագրում ընդգրկվել են նաեւ տարելիցի ոգուն համապատասխան միջոցառումներ։ Հոկտեմբերի 10-ին Երեւանի Գլխավոր պողոտայի Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջանկյալ հատվածում, Հին Ջուղայի խոնարհված խաչքարերի կրկնօրինակների կողքին կցուցադրվեն Արեւմտյան Հայաստանում՝ Տուշպայում (Վան), Տիգրանակերտում եւ այլ քաղաքներում հայտնաբերված մի շարք սեպագիր անձանագրությունների կրկնօրինակներ՝ գիտական մեկնաբանությամբ, թարգմանությամբ։ Ցուցադրությունը կկրի «Քարե կոթողներ» խորագիրը։

Նույն օրը «Երախտագիտություն» խորագրով ցուցադրություն կբացվի Երեւանի քաղաքապետարանի ճեմասրահում։ Ցուցադրությունում ներկայացված կլինեն Ցեղասպանությունից փրկված հայերին օգնության ձեռք մեկնած՝ աշխարհի մի շարք քաղաքների ղեկավարների, քաղաքային իշխանությունների մասին արխիվային նյութեր ու դրանց պատճեները։ Ցուցադրությունը Երեւան քաղաքի պատմության թանգարանի եւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համատեղ նախաձեռնությունն է։ «Այդ օրերին Երեւանում բազմաթիվ հյուրեր են լինելու աշխարհի ամենատարբեր քաղաքներից, ովքեր եւս կիարզեկվեն այդ պատմություններին, միգուցե եւ՝ իրենց քաղաքների նախկին քաղաքապետերի այդ տարիներին գործունեությանը։

Հոկտեմբերի 10-ին՝ «Էրեբունի-Երեւան 2797»-ի առաջին օրը տեղի կունենա նաեւ ավանդական դարձած ժողովրդական արվեստի գործերի, ազգային խաղերի եւ տարազների ու խոհանոցի ցուցահանդրություն-տոնավաճառը՝ Էրեբունի փողոցում։ Տոնական առաջին օրը կամփոփվի «Երեւանում տոն է» խորագրով համերգով, որը կհաջորդի տոնավաճառին։ Հոկտեմբերի 11-ը՝ տոնակատարության ամենաբազմազան ու բազմաթիվ միջոցառումներով օրը, եւս կմեկնարկի ավանդական դարձած միջոցառումներով՝ ջրցանների շքերթով, արձանների լվացումով, Սարյանի պուրակում գեղարվեստի ցուցահանդեսով։ Քաղաքի տոնում նորույթ-միջոցառում է «Խոսող խաղալիք»-ը, որը «Երեւանյան ամառ 2015» ծրագրում այս տարի ընդգրկվել էր եւ ամենասիրված փառատոնային օրերից եղավ։ Երեւանի մանկական զբոսայգում տիկնիկային թատրոնները, թատերական խմբերը երեխաների համար ներկայացումներ կցուցադրեն։

«Էրեբունի-Երեւան 2797»-ը հագեցած է լինելու մարզական միջոցառումներով։ Իսակովի պողոտային զուգահեռ նորակառույց արագընթաց ճանապարհի հարակից, հատուկ հատկացված տարածքում մոտոկրոսսի, կվադրոցիկլի եւ լեռնային հեծանվասպորտի ցուցադրական ելույթներ են լինելու՝ բազմամյա փորձ ունեցող հմուտ մարզիկների մասնակցությամբ։ Ցուցադրական ելույթներ կարելի է տեսնել նաեւ Ազատության հրապարակում՝ օդային ակրոբատիկա, սթրիթվորքաութ, սթրիթբոլ, թռիչք բարձրությունից եւ այլն։ Ազատության հրապարակում մարզական ծրագրին հաջորդելու է ռոք համերգը։

Պաշտոնական հանդիսությունը այս տարի էլ Երեւանի քաղաքապետարանի դիմաց է կայանալու՝ ժ. 14։00-ին։ Հանդիսության ընթացքում մի շարք քաղաքացիների կշնորհվի Երևանի պատվավոր քաղաքացու կոչում։ Հանդիսությունից հետո, շքերթի փոխարեն, երաժշտաթատերական ներկայացում է լինելու, որին կհաջորդի պարային շքերթը։

Տպագրվել է Երեւանյան երգերի ժողովածու։ Այն իր տեսակի մեջ առաջինն է՝ նոտագրված, խոսքերով, հեղինակների ու կատարողների անուններով։

Կարապի լճում Հայաստանի էթնիկ համույթների բեմահարթակն է եւ էքսպո ցուցահանդեսը։ Հայաստանաբնակ ազգային փոքրամասնությունները կներկայացնեն իրենց երգարվեստը, պարարվեստը։ Ազնավուրի հրապարակում մարզերի քաղաքների ողջույն-համերգն է։ «Էրեբունի-Երեւան 2797»-ին առաջին անգամ Հայաստանի մարզկենտրոն քաղաքների լավագույն համույթներն են ելույթ ունենալու։ Մարզաբնակ երեխաներն էլ որպես հյուրեր են հրավիրված։ «Իմ ջերմ ու բարի քաղաք» խորագրով «Էրեբունի-Երեւան 2797»-ը կամփոփվի նույնանուն խորագրով գալահամերգով։ Ելույթ կունենան հայկական էստրադայի երգիչները, երգչուհիները, համույթները։ Համերգին կհաջորդի հրավառությունը, ապա՝ դիսկոտեկը։

Զավեշտ, որ հուշում է

Ադրբեջանը, արհեստածին եւ ընդամենը 97 տարվա «պետություն» լինելով, Ալիեւի գլխավորությամբ ամեն տարի մարտի 21-ին նշում է Ամանորը՝ իրեն արիական ծագում վերագելով: Նախորդ տարի էլ նա իբր ծաղրել էր հայ արիներին՝ ադրբեջանական ավանդական տոնը գողանալու համար (ոչ թերթային լրացված տեքստը տեսնել վերեւում՝ նյութի սկզբում):

Ոչ ոք չի մոռացվել

Ինչպես տեղեկանում ենք Երեւանի քաղաքապետարանից, արդեն երկրորդ տարին անընդմեջ, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, «Էրեբունի-Երեւան» տոնակատարությունն առանձնանում է նաեւ սոցիալական բաղադրիչով: Այս տարի եւս, Երեւանի ծննդյան տարիների թվով պայմանավորված, մայրաքաղաքի 2797 ընտանիք Երեւանի քաղաքապետարանի կողմից որպես նվեր կստանա էլեկտրատեխնիկական սարքավորումներ՝ սառնարաններ, լվացքի մեքենաներ, վառարաններ, գազօջախներ, հեռուստացույցներ, փոշեկուլներ, պլանշետներ, արդուկներ եւ թեյնիկներ։

«Իմ ջերմ ու բարի քաղաք» խորագրով անցկացվող «Էրեբունի-Երեւան 2797» տոնակատարության շրջանակում հոկտեմբերի 1-ին տրվել է սոցիալական ծրագրի մեկնարկը: Նվերներով բեռնված ու «Էրեբունի-Երեւան 2797» տոնակատարությունը խորհրդանշող համապատասխան ձեւավորմամբ մեքենաները, քաղաքապետարանի եւ վարչական շրջանների պատասխանատու աշխատակիցների ուղեկցությամբ, շարժվել են դեպի մայրաքաղաքի 12 վարչական շրջանների՝ ծրագրում ներառված համապատասխան հասցեներում բնակվող ընտանիքների բնակարաններ:

Հոկտեմբերի 1-ից 10-ը ներառյալ անցկացվող սոցիալական այս ծրագրով երեւանյան 2797 ընտանիքների համար ջերմ ու բարի քաղաքի սպասված ու սիրված տոնը կդառնա նաեւ հիշարժան:

Ծրագիրը ներառում է մայրաքաղաքի բնակչության սոցիալական բոլոր շերտերը:

Հարկ է նշել, որ այս տարվա ցուցակներում ընդգրկված ընտանիքները նախորդ տարվա սոցիալական ծրագրում չեն եղել, եւ ցուցակները կազմելիս հաշվի են առնվել համաքաղաքացիների առաջարկները:

Ծրագրում ընդգրկված են տարբեր խմբերի՝ Հայրենական պատերազմի վետերաններ, Արցախյան եւ աֆղանական պատերազմների մասնակիցներ, Արցախում զոհվածների ընտանիքներ, արցախյան պատերազմի հաշմանդամներ, հակառակորդի հետ շփման գծում 2014-2015թթ. զոհված զինծառայողների, հաշմանդամներ ունեցող, ինչպես նաեւ միաժամանակ 2 զինծառայողներ ունեցող ընտանիքներ, գիտության եւ մշակույթի գործիչներ, վաստակաշատ բուժաշխատողներ եւ մանկավարժներ, բազմազավակ, բազմանդամ ընտանիքներ, սիրիահայեր, երիտասարդ ընտանիքներ, միակողմանի, երկկողմանի ծնողազուրկ երեխա ունեցող ընտանիքներ, ինչպես նաեւ 100 եւ ավելի տարիք ունեցող տարեցներ, ցեղասպանությունը վերապրած անձինք:

Տոնի սոցիալական բաղադրիչը շատ կարեւոր է, մանավանդ մեր օրերում: Բայց նվերից զատ կարեւոր մի բան կա. երբ տոնին ընդառաջ ոչ ոք իրեն մոռացված ու անտեսված չի զգում: Սա դադարում է միայն երեւանյան տոն լինելուց, դառնում է հայության տոնը: Աշխարհում քանի՞ քաղաք կա, որ այս տարիքն ունի: Պատասխանը պարզ է: Ուրեմն՝ սիրենք մեր քաղաքը, ու այս անգամ քաղաքը սիրելով՝ սիրենք մեզ:

Նարե Մշեցյան

«Լուսանցք» թիվ 33 (379), 2015թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։