Գառնին՝ նաեւ Մարսի վրա… Ո՞վ է հովանավորել Գառնո տաճարի կառուցումը – Ի՞նչ է ասում հունարեն արձանագրությունը… Հայ արիները դիմել են իշխանություններին՝ Գառնո արիադավան-հեթանոսական տաճարը գործող տաճար դարձնելու, նաեւ քրմական հոգածությամբ պահպանելու համար…

Այսօր էլ հայ արիները եւ հեթանոս այլ հայեր ծիսական կամ տոնական արարողություն են կատարում Գառնո տաճարում, ինչպես Միհր, այնպես էլ հայոց այլ Աստվածներին եւ նախնյաց նվիրված Հայ Արիական Միաբանությունը դիմել է երկրի բարձագույն այրերին՝ Գառնո արիադավան-հեթանոսական տաճարը գործող տաճար դարձնելու, նաեւ քրմական հոգածությամբ պահպանելու համար: Հայ արիները հայտնել են, որ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը դիմել է նաեւ հայոց ազգային հավատին (հեթանոսություն, հեթանոս-էթնոս-ազգ) իրավական կարգավիճակ տալու եւ դա Սահմանադրությամբ հավաստելու խնդրով: Ի վերջո կան երկրներ, որտեղ միջազգային կրոնների կողքին, որոնք համարվում են պետական կրոններ, գործում են նաեւ ազգային հավատները…

Մարդկությունը մշտապես փնտրել է իր նմանին Տիեզերքում, եւ այդ փնտրտուքը դեռ շարունակվում է: Կա՞ արդյոք կյանք այլ մոլորակում, եթե կա՝ ինչպիսի՞ն է այն եւ այլն: Երկար ժամանակ է, որ կյանքի նշույլներ հիմնականում փնտրվում է Մարս մոլորակում:

Վերջերս կրկին անդրադարձ եղավ այս թեմային, քանի որ ՆԱՍԱ-ի Մարսի հետազոտական արբանյակը ապացույցներ է տրամադրել, ըստ որոնց որոշ ընդհատումներով Մարս մոլորակի վրա ջուր է հոսում: Սա պաշտոնապես հաստատվել է ամերիկյան կողմից, որ Մարս մոլորակում հեղուկ վիճակում ջուր է հայտնաբերվել:

Ավելի վաղ «Մարս-Էքսպրես» տիեզերակայանի միջոցով Մարսի վրա հայտնաբերվել Է վիթխարի խառնարան, որի հատակին սառած ջուր կա: Եվ 2005թ. նորից հնչեց բոլորին ցանկալի խոսքը՝ «Մարսի վրա ջուր կա, իսկ կա՞ արդյոք կյանք Կարմիր մոլորակի վրա»…

Հետո խոսք եղավ այն մասին, որ Մարս մոլորակի վրա հայտնաբերվել են քաղցրահամ ջրի հետքեր: Opportunity մարսագնացը Մարս մորոլարակի «Ինդեւոր» խառնարանի կավի շերտի տակ հայտնաբերել է խմելու համար պիտանի ջրի հետքեր: Իսկ մինչ այդ գիտնականներին հաջողվել էր Կարմիր մոլորակի վրա հայտնաբերել միայն բարձր թթվայնույթան ջրի հետքեր:

Եվ ահա օրերս մի նոր տեղեկատվություն ստացվեց, որ Մարս մոլորակի «Գառնի» խառնարանում հայտնաբերվել են աղի ջրի հետքեր…

Մարս մոլորակը հետազոտող գիտնականները հայտարարել են, որ մոլորակի մակերեսին տարվա տաք եղանակին հայտնվող մուգ բծերը, հնարավոր է, հայտնվում են հեղուկ ջրի հոսքի հետեւանքով: Աստղագետ Լուջենդրա Օջիի ղեկավարության ներքո Ջորջիայի տեխնոլոգիական համալսարանում արված եւ Nature Geoscience ամսագրում տպագրված հետազոտությունում նշվում է, որ տվյալները նշանակում են Մարսում կյանքի առկայության հավանականություն, քանի որ ջրի առկայությունը բարձրացնում է միկրոբների նման պրիմիտիվ օրգանիզմների գոյության հավանականությունը:

Աղի ջրի հետքերը հայտնաբերված են Գառնի խառնարանում. նշել են աշխարհի զլմ-ները: Այն կրում է հայկական Գառնի բնակավայրի անունն ու անվանակոչվել է 2015թ. ապրիլի 24-ին:  2011թ. Արիզոնայի համալսարանի գիտնական Ալֆրեդ Մաքուենը կոլեգաների հետ՝ հետազոտելով HiRISE խցիկով արված լուսանկարները, հայտնաբերեցին խառնարանում 0,5-5 մետր լայնությամբ մուգ բծեր, որոնք հայտնվում էին ամռանն ու անհետանում ձմռան ժամանակ: Գիտնականները ենթադրեցին, որ դա աղի բարձր պարունակությամբ ջրի հետքեր են: Այսպիսի ջուրը չի սառում ամռանը, երբ ջերմաստիճանը տվյալ հատվածում բարձրանում է մինչեւ 250-300 կելվին (-23-ից -26 ջերմաստիճան Ցելսիուսի սանդղակով): Այն ժամանակ նշվում էր, որ զուտ դիտարկումը չի ապացուցում «առուների» գոյությունը:

Նոր աշխատանքում, որը NASA-ն անվանել է Մարսի գաղտնիքի բացահայտում, Մաքյուենի խումբն ապացույցներ է բերել նախնական վարկածի օգտին: Վերջին հետազոտությունը հստակեցնում է, որ Մարսի ջուրը ֆիքսված է Գառնի կոչվող խառնարանում: Այժմ հստակեցվում է նաեւ, որ աղահամ ջուրը Գառնու խառնարանի լանջերից դուրս է հորդում ամռան ամսիներին: Ի դեպ, երեւույթը առաջին անգամ ֆիքսվել էր դեռեւս 2011-ին:

ՆԱՍԱ-ի հետազոտողները Մարսի հետազոտական արբանյակից տվյալներ են ստացել Կարմիր մոլորակի վրա խոնավ անօրգանական նյութերի առկայության վերաբերյալ: Բլուրների վրայի այս սեւ գծերը հայտնվում եւ հոսում են դեպի ներքեւ տաք եղանակների ժամանակ եւ հետո երբ եղանակը ցրտում է դրանք անհետանում են: Դրանք Մարսի տարբեր հատվածներում հայտնվում են երբ ջերմաստիճանը գերազանցում է -23C աստիճանը եւ անհետանում են, երբ ջերմաստիճանը սկսում է իջնել: ՆԱՍԱ-ի Վաշինգտոնի կենտրոնի աշխատակից, տիեզերագնաց Ջոն Գրունսֆելդը ասում է, որ տիեզերքում կյանքի որոնման ընթացքում, իրենց ձգտումը եղել է Մարսի վրա ջրի հետքեր գտնելը, եւ այժմ իրենք ունեն դրա ապացույցը: «Իսկ սա մեծագույն բացահայտում է»,- շեշտում է նա։

Մարսի Գառնի կոչվող խառնարանի երկայնքով հարյուրավոր մետրերով ձգվում են կրկնվող լանջային սեւ գծերը: Գիտնականների կարծիքով այս խոնավ անօրգանական նյութը առնչվում է ջրի հետ: Այս գծերի վրա հայտնաբերվել է աղ, ինչի շնորհիվ ջուրը չի սառցակալում, այն նույն եղանակով ինչպես սառույցը հալվում է աղով լի ասֆալտապատ ճանապարհին:

Ջորջիայի տեխնոլոգիաների համալսարանի գիտնական Լուջենդրա Օջին նաեւ ասել է, որ խոնավ անօրգանական նյութեր են հայտնաբերվել միայն այն տարածքներում որտեղ սեւ գծեր կան, եւ դրանց վերանալուց հետո վերանում են նաեւ նյութերը: Մարսի վրա հայտնաբերված խոնավ անօրգանական նյութերի հատկությունները նմանեցնում են պերքլորատներին: Խոնավ աղերը, հավանաբար մագնեզիումի պերքլորատի եւ սոդիումի պերքլորատի խառնուրդ են: Երկրի վրա պերքլորատների գոյացությունները հիմնականում հանդիպում են անապատներում: Աստղագետն ասում է, որ նախկինում, երբ մարդիկ խոսում էին Մարսի վրա ջրի առկայության մասին, նկատի ունեին հնում գոյություն ունեցող կամ սառցակալած ջրերը: Սակայն այս բացահայտումը ապացուցում է, որ Մարսի վրա ներկայումս ջրի հետքեր կան: Իսկ ջուրը կյանքի գոյության գլխավոր պայմաններից մեկն է։

ՆԱՍԱ-ի Ռեակտիվ շարժման լաբորատորիայի (JPL)-ի հայազգի ինժեներ Ռիչարդ Օհանյանը հայտնել է, առայժմ պարզ չէ, թե որտեղի՞ց է գալիս Մարսի ջուրը, գիտնականների տեսակետներն այս առումով մի քանի մասին են բաժանվում: Նա շատ կարեւոր համարեց ՆԱՍԱ-ի այս բացահայտումը՝ նշելով, որ հաջորդ փնտրտուքը տանում է դեպի Մարսի վրա կյանք որոնելուն: Ե ՞րբ է մարդը իջնելու Մարսի վրա եւ ի՞նչ ուղղությամբ է ՆԱՍԱ-ն նախագծում իր հաջորդ մարսագնացը, որը Կարմիր մոլորակի վրա է իջնելու 2020թ.: Մարսի վրա աշխատող Curiosity մարսագնաց ծրագրի մասնակից, Գլենդելի համայնքային քոլեջի դասախոս Ռիչարդ Օհանյանն ուրախությամբ է նշել, որ 2015թ. ապրիլի 24-ին Մարսի վրա հայկական տեղանվան նմանությամբ խառնարանը Գառնի է անվանակոչվել եւ ուսումնասիրություններն այդտեղ են ընթանում:

Վահագն Նանյան եւ Կարեն Բալյան

Ո՞վ է հովանավորել Գառնո տաճարի կառուցումը – Ի՞նչ է ասում հունարեն արձանագրությունը

Երբ խոսք է լինում անտիկ ճարտարապետության կանգուն մնացած, ցավոք այսօր իր ձեւով եզակի Գառնո տաճարի կառուցման մասին, ապա ակամա հպարտանում ես մեր նախնյաց հզոր հավատի ու այդ հավատին համարժեք տաճարներ, մեհյաններ ու բագիններ կառուցելու իմացությամբ:

Գառնիի կառուցման մասին նշվում է, որ այն կառուցել է հայոց արքա Տրդատի (52-88թթ./) կողմից՝ 77թ.-ին: Կառուցողը Տրդատն էր (ի դեպ, նա նաեւ Հայաստանի գերագույն քուրմն էր), բայց փորձում են ամեն կերպ ապահայկականացնել Հայոց արդարադատության Աստծուն՝ Միհրին նվիրված Գառնո տաճարը, քանի որ տաճարի տարածքում հայտնաբերվել է նաեւ հունարեն արձանագրություն: 1945թ. անվանի գեղանկարիչ Մարտիրոս Սարյանը Գառնիում գտնում է հանրահայտ հունարեն արձանագրությունը, որի վերաբերյալ կարճ ժամակահատվածում գրվեցին բազմաթիվ հոդվածներ: Ահա արձանագրության թարգմանությունը՝ ըստ Գ. Սարգսյանի. «Հելիոս Տրդատը, թագավորը Մեծ Հայքի.. .որպես դեսպոտ հիմնեց Ագ…. թագուհու համար, այս անառիկ բերդը իր թագավորության 11-րդ տարում: Մեննեասը, իշխանավորի հովանավորության ներքո, վճարում է որպես լիտուրգոս մեծ եռանդով եւ շնորհակալությամբ գինը Մատե վկայի ներկայությամբ»:

Արձանագրությունից մենք իմանում ենք, որ ամրոցի (տաճարի) շինարարության ծախքը, որպես լիտուրգոս, իր վրա է վերցրել Մեննեասը: Իսկ ի՞նչ է լիտուրգիան: Վերջինս հունական միջավայրի երեւույթ էր, որ թարգմանաբար նշանակում է «հասարակական պարտավորվածություն», երբ պետությունը մեծահարուստներին ստիպում էր փակել որոշ ծախքեր: Դրանով պետությունը կարծես մի կողմից թեթեւացնում էր իր հոգսը, մյուս կողմից էլ մեղմում հարուստների եւ աղքատների հակասությունը: Եվ ահա, այդ հարուստները կոչվում են լիտուրգոսներ, իսկ նրանց կողմից հովանավորված շինարարությունը (ու ոչ միայն)՝ լիտուրգիա:

Հայաստանում եւս տարածված է եղել լիտուրգիան: Չմոռանանք, որ հելենիստական քարոզչությունը նաեւ Հայաստան էր հասել: Օրինակ, Պլուտարքոսը նշում է, որ Տիգրան Մեծի կառավարման տարիներին, մեծահարուստները թագավորի սիրուց եւ հարգանքից դրդված իրենց միջոցները տրամադրում էին քաղաքաշինության համար: Սա նաեւ պատմության մեջ մնալու ձգտում էր: Ավելի ուշ, Անիի կառուցման ժամանակ, մեծահարուստը հովանավորելով պարսպի ինչ որ հատվածի շինարարություն, իրավունք ու հնարավորություն էր ստանում իրենց անունով համապատասխան արձանագրություն անելու հատուկ վեմի վրա։

Այնպես որ, մեր պատմության այս հատվածի աղավաղումը եւս ապազգային դրսեւորման հետեւանք է, այլոց պատվերների կատարում՝ հանուն ինչ-որ վարձատրության, ուրիշ ոչինչ:

Այսօր էլ հայ արիները եւ հեթանոս այլ հայեր ծիսական կամ տոնական արարողություն են կատարում Գառնո տաճարում, ինչպես Միհր, այնպես էլ հայոց այլ Աստվածներին եւ նախնյաց նվիրված…

Նշենք, որ հայ Արիական Միաբանությունը դիմել է երկրի բարձագույն այրերին՝ Գառնո արիադավան-հեթանոսական տաճարը գործող տաճար դարձնելու, նաեւ քրմական հոգածությամբ պահպանելու համար: Հայ արիները հայտնել են, որ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը դիմել է նաեւ հայոց ազգային հավատին (հեթանոսություն, հեթանոս-էթնոս-ազգ) իրավական կարգավիճակ տալու եւ դա Սահմանադրությամբ հավաստելու խնդրով: Ի վերջո կան երկրներ, որտեղ միջազգային կրոնների կողքին, որոնք համարվում են պետական կրոններ, գործում են նաեւ ազգային հավատները:

Այսպես՝ Հնդկաստանում բուդդայականության կողքին գործում է հինդուականությունը, Իրանում իսլամականության կողքին՝ զրադաշտականությունը, նույն բուդդայականության կողքին՝ Ճապոնիայում եւ Չինաստանում գործում են սինտոյականությունն ու լամայականությունը, անգամ կոնֆուցիականությունը եւ այլն…

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 33 (379), 2015թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։