Ապացուցվեց որոշվածը.- ՀԷՑ-ը կրկին ռուսական կապիտալի ձեռքում է – Գնորդը թեեւ մեր հայրենակիցն է, բայց նրա կապիտալը ռուսական ծագման է – Սա առավելապես քաղաքական գործարք է…

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տեղեկացրեց, որ ի կատարումն ՀՀ կառավարության, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի եւ «Դելոյթ ընդ տուշ» միջազգային խորհրդատվական ընկերության միջեւ կնքված «Պետության կարիքների համար էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության մատուցման» պայմանագրի, «Դելոյթ ընդ տուշ» խորհրդատվական ընկերության կողմից ներկայացվել է պայմանագրի 1-ին փուլի հաշվետվությունը։

Նշենք, որ հաշվետվության մեջ մասնավորապես գրված է. «Մենք վերլուծեցինք Հայաստանում ստեղծված իրավիճակը, երբ երկրի միակ էներգամատակարարը հայտնվել էր դեֆոլտի եզրին, ինչը հիմնականում պայմանավորված էր համակարգի օպերատորի կանխատեսումների եւ հզորությունների բեռնավորման անհամապատախանությամբ: Ընկերությունում ֆինանսական միջոցների պակասորդն իրենց վրա արդեն զգացել էին էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունները, ինչը կարճաժամկետ հեռանկարում կառաջացներ սպառնալիք երկրի ողջ էներգահամակարգի կայունության համար: Այս պայմաններում, սակագնի բարձրացման վերաբերյալ կարգավորող մարմնի որոշումը՝ ուղղված ոլորտում իրադրության կայունացմանը եւ սպառողների հուսալի էներգամատակարարման պահպանմանը, մեր տեսանկյունից համարվում է հիմնավորված»:

«Լուսանցք»-ի կանխատեսումը, ցավոք, այս անգամ էլ ճիշտ դուրս եկավ: Այն, որ դեռ աուդիտ անելու որոշումը չկայացրած՝ մեր ղեկավարներն ասում էին, որ սակագինի թանկացումը հիմնավորված է, նշանակում էր, որ աուդիտն ընդամենը միտված էր լինելու ապացուցելու այդ հիմնավորումը:

Ու եթե իրավիճակը չփոխվի, մեղավորը միայն ղեկավարները չեն լինի, այլ՝ սակագնի թանկացման դեմ բողոքողները, որ առաջին հաջողությունից ոգեւորված, ջահելություն արեցին ու բաժան-բաժան եղան՝ քաղաքական այս ու այն չիրացված ուժերի սին խոստումներին տուրք տալով:

«Լուսանցք»-ը մի հարցում էլ ճիշտ դուրս եկավ: ՀԷՑ-ը կրկին ռուսական կապիտալի ձեռքում է: Գնորդը թեեւ մեր հայրենակից՝ «Տաշիր»-ի Սամվել Կարապետյանն է, բայց նրա կապիտալը ռուսական ծագման է: Եվ նաեւ. սա առավելապես քաղաքական գործարք է, որ հետո Սամվել Կարապետյանին մեծամեծ տնտեսական օգուտներ է բերելու:

Որպեսզի սրանում համոզված լինենք, ուշադիր հետեւենք վարչապետի խոսքին՝ ասված երեկ կառավարության նիստում՝ մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը:

Եվ այսպես՝ «Դելոյթ ընդ Տուշ» ընկերությունը ներկայացրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից էլէներգիայի

սակագների հաստատման եւ հնարավոր օպտիմալացման գործընթացն ուսումնասիրող խորհրդատվության առաջին փուլի հաշվետվությունը: Փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը երեկ համառոտ ներկայացրեց արդյունքները: Նա նշեց է, որ երեք փուլով առաջադրանքը, որը տրված էր «Դելոյթ ընդ Տուշ»-ին, հետեւյալն էր. առաջին փուլ՝ Հայաստանի էներգաշուկայի ուսումնասիրում եւ եզրակացություն կատարված գործողությունների վերաբերյալ, երկրորդ՝ սակագնի նվազեցման հնարավորությունների բացահայտում, երրորդ՝ ոլորտի երկարաժամկետ զարգացման ռազմավարության փոփոխմանն ուղղված առաջարկությունների մշակում, մասնավորապես, կառավարության կողմից պատրաստված 2016-2036 թթ. ռազմավարական ծրագրի վերաբերյալ կարծիքներ: Փոխվարչապետի խոսքով՝ առաջին փուլում ուսումնասիրվել են արտադրության բաշխման ծախսերը, հանդիպել են բոլոր ընկերությունների հետ: Արդյունքում ամրագրել են, որ ԱՊՀ երկրների սակագների համեմատության մեջ Հայաստանը գտնվում է նախավերջին տեղում: «Իհարկե, հարաբերական տեսակետից մեզ մոտ ավելի բարդ է իրավիճակը, եւ նշել են պատճառները: Երկրում էլեկտրաէներգիա արտադրող ակտիվների պատմականորեն ձեւավորված կառուցվածքն է հիմնական խնդիրը, քանի որ այն ակտիվները, որոնք ձևավորվում են, ունեն որոշակի կառուցվածք և նրանց ձևավորած արտադրանքով է որոշվում սակագինը: Չնայած ոչ թանկ հիդրո եւ ատոմային էլեկտրաէներգիայի արտադրությանը՝ միշտ կա եզրափակիչ կայանի դերը: Եզրափակիչ կայանը մեզ մոտ Հրազդանի ՋԷԿ-ն է, որն ունի բարձր ինքնարժեք, ինչի հետեւանքով կան խնդիրներ եւ, ի վերջո, սակագնի բարձրացում հատկապես այն պարագայում, երբ էժան հիդրոռեսուրսները կամ ատոմակայանն ինչ-ինչ պատճառներով հնարավոր չի լինում ամբողջովին օգտագործել: Երկրորդ՝ ի տարբերություն հարևան երկրների, մենք չունենք խաչաձեւ սուբսիդավորման հնարավորություն, ասենք՝ տրանզիտով գնացող գումարների ուղղում դեպի սակագնի նվազեցում եւ այլն: Ի վերջո, մանրամասն վերլուծելով կառուցվածքը, «Դելոյթ ընդ Տուշ» ընկերությունը տվել է 2015-2016թթ. համար սահմանված Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սակագների հետևյալ եզրակացությունը: Մենք վերլուծեցինք Հայաստանում ստեղծված իրավիճակը, երբ երկրի միակ էներգամատակարարը հայտնվել էր դեֆոլտի եզրին, ինչը հիմնականում պայմանավորված էր համակարգի օպերատորի կանխատեսումների եւ հզորությունների բեռնավորման անհամապատասխանությամբ: Խոսքը վերաբերում է բազմիցս նշված հիդրոռեսուրսներին եւ ատոմակայանի կանգին: Ընկերությունում ֆինանսական միջոցների պակասորդն իրենց վրա արդեն զգացել էին էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունները, ինչը կարճաժամկետ հեռանկարում կառաջացներ սպառնալիք երկրի ողջ էներգահամակարգի կայունության համար: Այս պայմաններում սակագնի բարձրացման վերաբերյալ կարգավորող մարմնի որոշումն՝ ուղղված ոլորտում իրադրության կայունացմանը և սպառողների հուսալի էներգամատակարարման պահպանմանը, մեր տեսանկյունից համարվում է հիմնավորված: Ըստ էության, հիմնական հարցադրված պահանջները՝ արդյոք հիմնավորված է եւ ինչ կլիներ, եթե չլիներ որոշումը, մենք ստացել ենք հստակ պատասխան առաջին փուլի արդյունքներով»,-հայտնեց Վաչե Գաբրիելյանը:

Գանք երկրի վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսքին, որն, ի միջի այլոց, ներկայացնում ենք բառացի:

«Այսպիսով, կարող ենք փաստել, որ սակագները հիմնավորված են եւ դրանց փոփոխության անհրաժեշտությունը չկա: Միաժամանակ, մենք քննարկել ենք հարցը ՀՀ նախագահի հետ եւ որոշել ենք, որ կառավարությունը կանի ամեն ինչ, որպեսզի մեր քաղաքացիների նորմալ կենսագործունեության համար սակագնի բարձրացումը խոչընդոտ չհանդիսանա:

Ի լրումն սակագների հիմնավոր լինելու հարցին, հասարակությանը հուզում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կառավարման հարցը: Ինչպես վերջին ամիսների իրողությունները ցույց տվեցին, այս իրավիճակում հրամայական է դարձել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում նոր, ժամանակակից կառավարման համակարգերի ներդրումը:

Քանի որ «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը ցանկություն էր հայտնել վաճառելու «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, ապա առաջացան բարենպաստ պայմաններ կառավարման համակարգի էական բարելավման համար: Հաշվի առնելով «Տաշիր» խմբի երկարամյա փորձը էներգետիկ ծառայությունների մատուցման և էներգոհամակարգերի կառավարման ոլորտում, մասնավորապես, այն փաստը, որ «Տաշիր» խմբի կազմում գործող «Կասկադ-Էներգո» ընկերությունը հանդիսանում է լավագույններից մեկը Ռուսաստանի Դաշնությունում, Հայաստանի իշխանությունները դիմել էին «Տաշիր» խմբի նախագահ, մեր հայրենակից Սամվել Կարապետյանին՝ քննարկել բաժնետեր «Ինտեր ՌԱՕ» ընկերության հետ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի ձեռք բերման հարցը: Ընդառաջելով մեր խնդրանքին, կարճ ժամանակահատվածում «Տաշիր» խումբը բանակցեց եւ արդեն ստորագրեց Հայաստանում էներգետիկ ակտիվների ձեռք բերման պայմանագիր «Ինտեր ՌԱՕ» խմբի հետ, որի համար հայտնում ենք մեր շնորհակալությունը:

Այսօր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն իսկ համաձայնություն է տվել այդ գործարքին: Մեր խնդրանքով, «Տաշիր» խումբը պարտավորվել է 5 տարիների ընթացքում ընկերությունում ներդնել միջազգային ստանդարտներին համապատասխան կառավարում եւ իջեցնել տեխնոլոգիական ու առեւտրային կորուստները: Միաժամանակ, կառավարության հետ հավասար հիմունքներով «Տաշիր» խմբի նախագահ Սամվել Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել իր անձնական միջոցների հաշվին մինչեւ 2016թ. օգոստոսի 1-ը փոխհատուցել սակագների տարբերությունն ամսական մինչեւ 250 կիլովատտ էլեկտրաէներգիա օգտագործող բնակչության եւփոքր բիզնեսի համար, ինչի համար մեր հայրենակցին հայտնում ենք մեր խորին երախտագիտությունը:

Մանրամասնեմ մեր մոտեցումը: Հայաստանի Հանրապետության 766 հազար 889 բաժանորդներից միջին հաշվով 250 կիլովատտ ամսական օգտագործում են 604 հազարը, կամ բնակչության շուրջ 79 տոկոսը: Մենք փոխհատուցելու ենք բնակչության այդ հատվածի եւ ամսական միչեւ 500 կիլովատտ օգտագործող փոքր բիզնեսի համար 250 կիլովատտ էլեկտրաէներգիայի արժեքը: Իսկ ավելի մեծ սպառում, այսինքն՝ ավելի մեծ ֆինանսական հնարավորություններ ունեցող քաղաքացիները, կարծում եմ, պետք է իրենց վրա վերցնեն օբյեկտիվ իրավիճակով պայմանավորված սակագների տարբերությունը:

Հանձնարարում եմ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին երկշաբաթյա ժամկետում, խորհրդակցելով «Տաշիր» խմբի ներկայացուցիչների հետ՝ ներկայացնել իրավական ակտի նախագիծ՝ համապատասխան մանրամասն հաշվարկներով»:

Հիմա տեսնենք, թե ինչ է կատարվում: Այդպես էլ պարզ չդարձավ, թե 250 կՎտ-ից ավել սպառողը թանկ է վճարելու ավել սպառածի դիմա՞ց, թե հենց ամբողջ սպառածի: Այդ հարցի պատասխանն անգամ էկոնոմիկայի նախարարը չուներ: Սա դեռ ոչինչ, հիմա դեռ տաք է: Իսկ ձմռանը քանի՞ ընտանիք է մինչեւ 250 կՎտ էլէներգիա սպառելու: Շատ քչերը: Այսինքն՝ ձմռանը բոլորը վճարելու են թանկ ու շատ: Եվ սկսվելու է էլեկտրիկների գործը: Բնակիչների հետ գործարքի ճանապարհ է բացվելու: Այստեղից էլ՝ տնտեսական շահույթը ՀԷՑ-ի: Աստված մի արասցե, եթե ռուսական կապիտալի տակ սովետական բարքերը թաքնված լինեն, համակարգը լրիվ է քանդվելու… Ժամանակը ցույց կտա:

Բայց որ Սամվել Կարապետյանը փող աշխատելու ձեւը լավ գիտի, հաստատ է: Հետեւաբար, նա չէր գնի ՀԷՑ-ը, եթե համոզված լիներ, որ վնասով աշխատող հիմնարկ է: Ի սեր աստծո, միայն թե կրկին չսկսվեն հայրենասիրական ճառերը եւ չասվեն խոսքեր ի խորոց սրտի՝ առ հայրենիքն ու հայ ժողովուրդը…

Աստղինե Քարամյան

* * *

Միջազգային խորհրդատվական ընկերությունը եզրակացրել է, որ ՀԱԷԿ-ի վերանորոգման ծրագրի բաշխումը երկու սակագնային տարիների միջեւ, «Հրազդան -5»-ի նոր բլոկի բեռնավորման հետ մեկտեղ, թույլ կտա պահպանել էլեկտրաէներգիայի վերջնական սակագինը ընթացիկ մակարդակում:

Սակագնի աճի փոփոխական գործոնների շրջանակը խորհրդատվական ընկերության կողմից սահմանափակվել է հետեւյալ ենթադրություններով. Հայաստանում էներգիայի սպառման դինամիկան ընդունվում է 2015-2016թթ. սակագնային ժամանակահատվածի մակարդակի, այն է՝ 5,6 մլրդ կՎտժ:

Բացի դրանից, չստացված մարժայի փոխհատուցումը եւ արագացված մաշվածությունը չեն ներառվում սակագնի հաշվարկում:

«Լուսանցք» թիվ 33 (379), 2015թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։