Պաշտոնական Երեւանն անցնում է գրոհի – Խաղաղասերը կդառնա ամենառազմատենչը… Պատժիչ գործողություններ է խոստացել Բաքվին… Իրավիճակը սահմաններին կտրուկ փոխվել է… Անկարան իր ահից է սատարում Բաքվին… Համարժեք հակահարված…

Խաղաղասերը կդառնա ամենառազմատենչը

Հայաստանի նախագահի նստավայրում մեկնարկած եւ կառավարության ընդունելությունների տանը կայացած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6-րդ նիստի օրակարգի հարցերի քննարկմանն անցնելուց առաջ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձավ այս օրերին Ադրբեջանի կողմից հրադադարի կոպիտ խախտման դեպքերին: Երկրի ղեկավարը վստահեցրեց, որ մեր երկիրն ամեն ինչ անելու է հետեւողականորեն բացահայտելու, հայտնաբերելու եւ հետապնդելու նման հանցագործությունների յուրաքանչյուր մեղավորի: Իր խոսքում նա, մասնավորապես, ասել է. «ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի նախօրեին եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական խաղարար ջանքերի ընթացքում Ադրբեջանը ողջ աշխարհի աչքի առջեւ, իր անպատժելիությանը վստահ, միջազգային բազմաթիվ դերակատարների կողմից հակամարտության մեջ ներգրավված կողմերի գործողությունների միջեւ հավասարության նշան դնելու պրակտիկայից ոգեւորված, հերթական անգամ լկտիաբար խախտեց հրադադարի պահպանման՝ իր իսկ ստանձնած պարտավորությունները։ Հրադադարի խախտման արդյունքում ցավալի կորուստներ ունեցանք. զոհվեցին 4 հայ երիտասարդներ՝ սեփական հայրենիքի անդորրը հսկող մեր զինվորները, զինվորներ, ովքեր անմիջական վտանգից շատ հեռու էին եւ առաջին գծից 5 կմ հեռավորության վրա զբաղված էին իրենց առօրյա գործունեությամբ: Իսկ մեկ օր առաջ էլ իրենց տանը, իրենց այգում, իրենց սիրելիների աչքի առջեւ զոհվեցին խաղաղ աշխատանքով իրենց ընտանիքի հոգսերը հոգացող երեք կին՝ մայր, քույր, դուստր»։

Նախագահի միայն այն խոսքը, որ հակառակորդն իր լկտի պահվածքը չի մարսելու, արդեն բավարար է հասկանալու, որ անգամ դիվանագիտության լեզուն է տեղի տալիս, երբ խոսքը հայ մարդու կյանքին ու ապագային է վերաբերում:

Պատժիչ գործողություններ է խոստացել Բաքվին

Ընդգծենք՝ առաջին անգամն է, որ ՀՀ նախագահն այսպես կտրուկ է արտահայտվում: Սա հավաստում է, որ այն ինչ նա եւ մեր պաշտոնյաներն ասել են այդուհետ, պիտի կատարվի… «Նրանք զոհվեցին, որովհետեւ մի ամբողջ աշխարհ չի կարողանում Ադրբեջանին հասկացնել, որ մարդկային կյանքի, արյան, զրկանքների ու կտտանքների, սեփական քաղաքացիների ձայնը բանտերում խեղդելու ճանապարհը չի տանում դեպի խաղաղություն, չի տանում դեպի բարօրություն, չի տանում դեպի կայունություն եւ անվտանգություն։ Ինչպես բազմիցս ապացուցել է մարդկության ժամանակակից պատմությունը, Ադրբեջանի իշխանությունների որդեգրած ուղին, մարդկության դեմ հանցագործությունների ուղին կա՛մ հասցնում է միջազգային պատժի, կա՛մ տանում է դեպի համբերության բաժակը մինչեւ վերջ լցված սեփական ժողովրդի կանգնեցրած կառափնարան։ Հակամարտության խաղաղ կարգավորման ուղուց շեղվելով՝ Ադրբեջանն օր օրի շեղվում է նաեւ միջազգային իրավունքի այլ սկզբունքների ճանապարհից։ Օր օրի Ադրբեջանի հանցագործ ռեժիմն ավելի ու ավելի է խրվում մարդկության դեմ հանցագործությունների ճահիճը»,- ասել է Սերժ Սարգսյանը: Մեր երկրի ղեկավարը նաեւ հիշեցրել է, որ քաղաքակիրթ աշխարհի օրենքը կոչ է անում մարդկությանը վերջ դնել մարդկության հանդեպ հանցագործությունների անպատժելիությանը, իսկ «Հայաստանը հաստատակամ է այս խնդրում։ Մենք հետեւողականորեն բացահայտելու, հայտնաբերելու եւ հետապնդելու ենք նման հանցագործությունների յուրաքանչյուր մեղավորի՝ հրաման կատարող շարքայինից, մինչեւ նման հրաման արձակող հրամանատարություն։ Եթե այլընտրանք չլինի, ուրեմն հենց մենք ենք լինելու մարդկության պատժիչ սուրը այս հանցագործությունները կատարողների նկատմամբ։ Մենք ենք լինելու, քանի դեռ քաղաքակիրթ աշխարհը ավելի գործուն մեխանիզմ չի կարողանում գտնել»։

Նախագահը նաեւ հիշեցրել է, որ երբ ասում ենք, որ պատերազմից վախենում ենք, բայց կռվելուց չենք վախենում, դատարկ խոսքեր չեն, ինչը կարող ենք ապացուցել անհրաժեշտության դեպքում: Եվ ամենակարեւորը՝ Սերժ Սարգսյանն ի լուր աշխարհի առաջին անգամ հայտարարեց, որ «երբ ես ասում եմ Հայաստանը՝ Լեռնային Ղարաբաղը նրա անբաժան մասն է»: Սա արձանագրել են նաեւ միջազգային լրատվամիջոցները: Հատուկ շեշտվել է, որ մեր տարածաշրջանը Երկրագնդի ամենառազմականացված տարածքներից է, ինչը իմանալով հանդերձ՝ Հայաստանը պատրաստ է պատերազմի: «Դեռ մեր պապերն են ասել՝ կռվի մեջ փլավ չեն բաժանում: Եվ պարտադրված հրադադարի ավելի քան 20 տարվա ընթացքում, որը, Բաքվի իշխանավորների կամոք, այդպես էլ հնարավոր չեղավ վերածել խաղաղության, մենք ամեն ինչ արել ենք՝ խուսափելու համար նոր առճակատումից:

Այժմ էլ անելու ենք ու դրա մեջ պատժիչ գործողություններն էլ են մտնում, որպեսզի հակառակորդը չմտածի, թե մարսեց իր լկտի պահվածքը: Մենք կստիպենք, վստահաբար կստիպենք Ադրբեջանի կառավարությանը հաշվետու լինել իր ժողովրդին՝ նրան պատճառած նորանոր տառապանքների համար: Առայժմ այսքանը»,- զգուշացրել է մեր երկրի ղեկավարը:

Իրավիճակը սահմաններին կտրուկ փոխվել է

Ադրբեջանական զինուժը հակամարտության գոտու երկայնքով դիմել էր ագրեսիայի, որի հետեւանքով Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում զոհվել են խաղաղ բնակիչներ: Իսկ ԼՂՀ հյուսիս-արեւելյան ուղղությամբ հարձակման զոհ են դարձել հայկական զինուժի զինծառայողներ, կան նաեւ վիրավորներ:

Այս առումով արտահայտվել են ՀՀ եւ ԼՂՀ նախագահները, ովքեր տվել են կտրուկ գնահատականներ եւ խոստացել համարժեք պատասխան տալ ադրբեջանական սադրանքներին: ԼՂՀ ԱԺ նախագահը եւս հրավիրել էր աշխատանքային խորհրդակցություն: Աշոտ Ղուլյանը հանդիպել է մշտական հանձնաժողովների նախագահների, նրանց տեղակալների ու աշխատակազմի պատասխանատուներին, ներքաղաքական այլ հարցերի հետ քննարկվել է նաեւ երկրի ներքին կայունության եւ սահմանների պաշտպանության խնդիրները:

ԼՂՀ ԱԳՆ-ն միջազգային հանրությանը կոչ է արել գործուն միջոցներ ձեռնարկել՝ Ադրբեջանի իշխանությունը սթափեցնելու համար, մասնավորապես նշված է, թե «ափսոսանք է առաջացնում այն, որ Ադրբեջանի նման գործողությունները տեղի են ունենում այն ժամանակ, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպումներ են անցկացնում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ՝ լարվածությունը թուլացնելու նպատակով: Հրաժարվելով Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմներից ու այդպիսով ստեղծելով եւ հետագայում օգտագործելով մի իրավիճակ, երբ միջնորդներն ի վիճակի չեն բացահայտել լարվածության սրման իրական մեղավորին, Ադրբեջանը կանխամտածված եւ նպատակաուղղված նեղացնում է արցախա-ադրբեջանական հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու հնարավորությունների շրջանակը»:

Շահագրգիռ միջազգային հանրությանը կոչ ենք անում գործուն միջոցներ ձեռնարկել՝ Ադրբեջանի իշխանություններին սթափեցնելու համար, եւ հետեւանքների բացառմանն ուղղված կոչերի փոխարեն իրավիճակի սրման պատճառներն արմատախիլ անելուն…

ԼՂՀ ՊԲ հայտարարությունը ոչ դիվանագիտական ու ավելի հասկանալի էր, հստակ ասվել է, որ այժմ հետեւանքի պատասխանատվություն կրելու է Ադրբեջանը, քանի որ հայկական զինուժը անցնում է պատասխան հարվածների՝ «Հայկական ուժերը ոչ թե պատասխան գործողություններ են իրականացնում, այլ, ըստ անհրաժեշտության, պատժիչ գործողություններ են իրականացնում»,- հայտարարել է ԼՂՀ ՊՆ-ն: Հայկական զինուժը պատժիչ գործողություններ է իրականացրել, ինչի հետեւանքով ադրբեջական կողմն ունի զգալի կորուստներ. մասնավորապես ոչնչացվել է մասամբ կամ ամբողջովին հակառակորդի 2 հենակետային ռազմական բազա, այլ ռազմատարածքներ, որի ընթացքում հակառակորդը տվել է 2-3 տասնյակ զոհ եւ շուրջ 100 վիրավոր:

Այլեւս հայտարարված է, որ բանակցային գործընթացին աջակցելու նպատակով ՀՀ եւ ԼՂՀ զինված ուժերն օգտագործելու են խոցման համարժեք միջոցներ:

ՀՀ ՊՆ հայտարարությունում նշված է, որ հակառակորդի կողմից իրադրության հետեւողական լարումը պարբերաբար հանգեցնում է մարդկային կորուստների, իսկ միջազգային հանրության անհասցե քննադատությունն ու մտահոգություններն արդեն անընդունելի են, ուստի հակառակորդին լռեցնելու, նրա գործողությունները կանխարգելելու նպատակով մեր զինուժի կողմից այսուհետ օգտագործվելու են հրետանային եւ հրթիռային խոցման միջոցներ՝ մշտական հարվածի տակ պահելով ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների տեղակայման վայրերը, բոլոր զորաշարժերը, զինտեխնիկան եւ կենդանի ուժը:

Հայկական կողմը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ միջազգային կառույցների ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ հրադադարի ռեժիմի խախտման ընթացքում ադրբեջանական կողմից հրետանու կիրառումը շփման գծում նոր իրադրություն է ստեղծում, ինչը լայնածավալ ռազմական գործողությունների անցման հերթական քայլն է: Հակամարտության կարգավորման քաղաքական գործընթացին աջակցելու նպատակով մինչ այժմ ՀՀ զինված ուժերի զուսպ պահվածքը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների եւ միջագային կառույցների արձագանքը որեւէ կերպ չեն ազդում հակառակորդի վրա հրադադարի ռեժիմի պահպանման հարցում, դեռ ավելին, նրա մոտ սեփական զինված ուժերի գերազանցության պատրանք են ստեղծում՝ հրահրելով անպատժելիության մթնոլորտում դիմելու նորանոր արկածախնդրությունների:

Անկարան իր ահից է սատարում Բաքվին

Հետաքրքիր է, որ այս համապատկերին Թուրքիայում եւս բորբոքվում են հակահայ տրամադրություններ: Թուրք-քրդական հերթական զինված բախումներից մեկի ժամանակ սպանված թուրք ոստիկան Օլգուն Քուրբանօղլուի հուղարկավորությանը մի քաղաքացի, որի ինքնությունը չի նշվել, հայտարարել է, թե ՔԲԿ-ի բոլոր ներկայացուցիչները իրականում ոչ թե քուրդ են, այլ՝ հայ: Իսկ ՔԲԿ-ն թուրքական իշխանությունների կողմից ճանաչված է որպես ահաբեկչական կազմակերպություն, ինչը ենթադրում է, որ հայերի դեմ եւս չեն բացառվում հալածանքները…

Նշյալ թուրք քաղաքացու մերկապարանոց հայտարարությունը, որպես լուր, իր կայքում հրապարակել է նաեւ Թուրքիայի իշխանամետ «Sabah» թերթը հետեւյալ վերտառությամբ՝ «ՔԲԿ-ականները բոլորը հայեր են»… Լուրին կից տեսանյութում երեւում է, թե ինչպես է այդ թուրքը ոգեւորված ու սպառնալից բղավում. «Այս ՔԲԿ-ականները բոլորը հայեր են, իրենց ինքնությունը թաքցնում են: Ես քուրդ եմ, ես մուսուլման եմ, բայց ես հայ չեմ: Հայերի վերջը գալու է: Մենք ձեր վերջը տալու ենք: Ինչ էլ անեք՝ իզուր է, այ հայեր: Մենք ձեզ գիտենք: Ինչ էլ անեք՝ իզուր է»…

Այս ամենը կատարվում է հայ-ադրբեջանական սահմանային ընդհարումների ժամանակ, որպեսզի թուրքական հայատյացությունը ներկայացվի որպես կրքերի բորբոքում: Բայց այլեւս հասկանալի է, որ հայկական պհանաջատիրական առաջին իսկ քայլերից հետո Անկարան ավելի ու բացահայտ հայատյաց է, քան՝ Բաքուն:

Համարժեք հակահարված

Հայկական զինուժի պատասխանը, մի շարք ուղղություններով, հակառակորդին հասցրել է խուճապային վիճակի: Սակայն դեռ կշարունակվեն պատասխան քայլերը, քանի դեռ ՄԽ համանախագահները կոշտ հայտարարություններից կոշտ քայլերի չեն անցել…

ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը նշել է, որ «Ադրբեջանին առաջին հերթին տեղը կդնի հայկական բանակը, բայց նաեւ ՄԽ համանախագահության կոշտ հայտարարությունը պետք է սթափեցնող լինի, կամ էլ հետագա քայլերը պետք է ավելի կոշտ լինեն»: Նա պնդել է, որ հայկական բանակը համարժեք հակահարված է տալիս, «Ամեն ինչ արվում է, որ կրկնակի ուժով հակահարված տրվի… Թեեւ միշտ էլ այդպես է արվում ու որեւէ դեպք անպատասխան չի մնում: Այժմ իրենք բազմաթիվ զոհեր ունեն եւ միշտ էլ այդպես է լինելու»:

ԼՂՀ բանակը զգուշացրել է նաեւ, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը որդեգրել է հակամարտության լուծումը խաղաղ բանակցությունների սեղանից ուժային դաշտ տեղափոխելու հանցավոր մարտավարություն: Խաղաղ բնակավայրերի վրա արկակոծումներն ու հայկական դիրքապահների ուղղությամբ նախահարձակ գործողությունները, որոնք կրում են առավել ցինիկ ու նպատակաուղղված բնույթ, ցույց են տալիս, որ հակառակորդը հակված է միտումնավոր ու սադրիչ քայլերով իրավիճակին հաղորդել անկանխատեսելի հետեւանքներով հղի զարգացումներ:

Ելնելով ստեղծված վիճակից՝ ԼՂՀ ՊՆ-ն մեկ անգամ եւս «համաշխարհային հանրության ու հատկապես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմամբ զբաղվող միջազգային կառույցների ուշադրությունն է հրավիրում պաշտոնական Բաքվի որդեգրած եւ շարունակ կյանքի կոչվող ապակառուցողական ու սադրիչ քաղաքականության վրա եւ տեղեկացնում, որ ստեղծված դրությունից բխող ամեն մի հետեւանքի պատասխանատվություն կրելու է ոչ այլ ոք, քան ադրբեջանական կողմը»:

Այսօր մեր ՊՆ-ն հերթական անգամ անում է այն, ինչն առաջին հերթին ԱԳՆ գործառույթն է: Բայց բանակը ստիպված է ստանձնում այդ գործառույթը, քանի որ ադրբեջանական կողմը հասկանում է միայն մեր ուժային դիրքերից խոսելուց հետո: Այժմ թշնամու կրակոցներն արդեն դադարել են, նա պատժված է, բայց միչեւ ե՞րբ: Այս պատասխանը պետք է տա միջազգային հանրություն կոչվածը, պետք է տա ԵԱՀԿ ՄԽ համանախագայների խորհուրդը, այլապես պատերազմն անխուսափելի է:

Մնում է գլխավոր հարցը՝ իսկ ինչ-որ մեկին պե՞տք է պատերազմի վերսկսումը… Կարծում ենք՝ այս պահին Ադրբեջանին հաստատ պետք չէ:

Արամ Ավետյան

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։