Գերհանդիպում, որ պարտադրված էր – Ուկրաինական եւ սիրիական իրադարձությունները կրկին երկփեղկեցին աշխարհը՝ այն դարձնելով երկբեւեռ – Խաղարկվում է նաեւ Արցախի հարցը… Արդյո՞ք Ադրբեջանին միջուկային հարված է սպասվում…

Գերհանդիպում, որ պարտադրված էր

Աշխարհը սպասում էր ԱՄՆ եւ ՌԴ նախագահների հանդիպմանը, որը կայացավ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանի շրջանակներում: Ուկրաինական հակամարտությունը աշխարհը 2 ճամբարների էր բաժանել՝ Եվրոպա-ԱՄՆ եւ Ռուսաստան անվանումներով, ինչը Ղրիմի՝ Ռուսաստանի հետ վերամիավորվելուց հետո սկիզբ դրեց նաեւ «սառը պատերազմի» քաղաքականության վերականգնմանը:

ԱՄՆ-ԽՍՀՄ «սառը պատերազմը» հեռվում էր մնացել, քանի որ Խորհրդային Միության կազմաքանդումից հետո այլեւս դրա կարիքը չկար: Ավելին՝ Միացյալ Նահանգները կարողացավ գերազանցել ԽՍՀՄ-ին փոխարինած Ռուսաստանի Դաշնությանը բոլոր առումներով եւ որպես պետություն դարձավ «համաշխարհային ոստիկան»՝ աշխարհը միաբեւեռ դարձնելով:

Բայց ուկրաինական եւ սիրիական իրադարձությունները կրկին երկփեղկեցին աշխարհը՝ այն դարձնելով երկբեւեռ: Այս առումով Մոսկվային սատարեց նաեւ Չինաստանը, որի հնարավորությունները նպաստեցին, որպեսզի Ռուսաստանը կարողանա դիմակայել Արեւմուտքի տնտեսական ու քաղաքական պատժամիջոցներին եւ ամրապնդել 2-րդ համաշխարհային բեւեռը:

Իհարկե, Արցախյան խնդիրը եւս փորձեցին խաղաքարտ դարձնել այս բեւեռացեւմների ժամանակ, ինչն ավելի սրվեց Եվրոպական ու Եվրասիական միությունների մրցակցության պայմաններում: Սրան նպաստեցին նաեւ Թուրքիան ու Ադրբեջանը՝ փորձելով բեւեռների հակամարտության ընթացքում շահավետ գործարքներ ունենալ: Սակայն, եղավ հակառակը, թուրք-ադրբեջանական տարածաշրջանային բոլոր տնտեսական ձեռնարկները՝ նավթա-գազային, Մետաքսի ճանապարհ, էներգետիկ եւ այլ ոլորտներին առնչվող ծրագրեր, տապալվեցին, քանի որ Արեւմուտքն ու Ռուսաստանը խաղացնում էին այդ ծրագրերը, բայց զգուշորեն մոտենալով նորօսմանական, համաթուրքական եւ համաադրբեջանական քաղաքական ծրագրերին: Այստեղ ավելի կտրուկ են Հայաստանը, Իրանն ու Չինաստանը, ինչը եւս ազդում է տարածաշրջանային նշյալ ծրագրերի կյանքի կոչման վրա:  Ահա այս իրավիճակում էր աշխարհը սպասում Բարաք Օբամա – Վլադիմիր Պուտին հանդիպմանը: ԱՄՆ նախագահը շատ կտրուկ էր արտահայտվում ՌԴ նախագահի հասցեին, ինչը էլ շարունակվեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։ Իր ելույթում նա փորձեց պաշտպանել ՄԱԿ-ին, որին շատ երկրներ համարում են ԱՄՆ-ի կցորդ… Վաշինգտոնի պաասխաատւն նշել է, որ ՄԱԿ-ի հիմնադրումից 70 տարի անց «անհրաժեշտ է անդրադառնալ» կազմակերպության ձեռքբերումներին, քանի որ կազմակերպությունն աջակցել է ամուր ժողովրդավարություններին, ինչպես նաեւ հաստատել միջազգային մի կարգ, որով «ճանաչվում է բոլոր մարդկանց արժանապատվությունը եւ հավասարությունը»։ Բարձր է գնահատվել «միջազգային սկզբունքները» ստեղծումը, որոնք հնարավորություն են ընձեռնել կանխել մեծ երկրների կողմից «իրենց կամքն առավել փոքր երկրներին պարտադրելը»։ Բայց այստեղ չի կարելի չնկատել, որ հենց ԱՄՆ-ն է «առավել փոքր երկրներին կամք պարտադրողը», որի մասին բացահայտ խոսում են բազում երկրներ…

Ըստ ԱՄՆ նախագահի՝ իշխանական ղեկի մոտ կանգնածներին դիմելու ազատությունն առանձին երկրների գաղափարախոսություն չէ, այլ համամարդկային առաջընթացի հիմք. «Այլախոհությունը ճնշող կառավարությունները թուլություն են ցուցադրում, այլ ոչ թե ուժ. պատմությունն ապացուցում է, որ սեփական ժողովրդից վախեցող վարչակազմերը տապալվում են: Սա, կարծես, ասվում էր նաեւ ՌԴ նախագահի համար: Բարաք Օբաման քննադատել է այն առաջնորդներին, ովքեր պաշտոնին մնալու համար համապատասխան փոփոխություններ են կատարում սահմանադրություններում՝ ընդգծելով. «Մեզանից ոչ ոք հավերժ չէ»։ Սիրիայի հարցի վերաբերյալ նա ընդգծել է, որ որեւէ այլ տեղ միջազգային պարտավորվածություններն առավել մեծ փորձության չեն ենթարկվել, որքան Սիրիայում։

«Երբ բռնակալը կոտորում է տասնյակ հազարավոր իր քաղաքացիների, դա միայն մեկ երկրի մարդու իրավունքների խնդիր չի կարող համարվել»,- ասել է նա։ Հակառակ սրան, պաշտոնական Մոսկվան օրինական հիմքերի վրա դրեց Սիրիայի իշխանությունների դիմումը՝ ռազմական օժանդակություն ցուցաբերելու համար: Եվ ռուսական օդուժը արդեն հարվածներ է հասցնում ոչ միայն Իսլամական պետության դիրքերին, այլեւ՝ սիրիական ընդդիմադիրների… Վլադիմիր Պուտինը արդեն Մոսկվայում հայտարարեց, որ բացի Ռուսաստանից, բոլոր մյուս երկրներն ապօրինաբար են զինուժ կիրառում Սիրիայի եւ հարեւան երկրների տարածքներում՝ չունենալով ոչ ՄԱԿ-ի, ոչ էլ տվյալ պետության համաձայնությունը:

Սիրիայի հարցում Վաշինգտոնը բացառել է ցանկացած վերադարձ մինչպատերազմյան ստատուս-քվոի. «Պետք է վերահսկվող անցում կատարվի Ասադից նոր առաջնորդին։ Դա հնարավորություն կընձեռնի Սիրիայի ժողովրդին վերականգնվել։ Հանգուցալուծման մաս է կազմում նաեւ ԻԼԻՊ-ի՝ իսլամն ահաբեկչությանը հավասարեցնող թունավոր գաղափարախոսության դեմ պայքարը»։

Անդրադառնալով Ղրիմի հիմնահարցին՝ ԱՄՆ նախագահը նշել է, որ կարծես թե «անցում է կատարվում մինչ ՄԱԿ-յան դոկտրինայի, համաձայն որի «ուժեղ պետությունները կարող էին իրենց կամքը պարտադրել թույլերին… մենք չենք կարող անտարբեր լինել, երբ ազգի ինքնիշխանությունը կոպտորեն խախտվում է»։

Նա նշել է, որ ի տարբերություն ռուսական պետական լրատվամիջոցների կողմից տրամադրվող տեղեկատվության՝ Մոսկվայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները Սառը պատերազմին վերադառնալու ցանկություն չեն ազդարարում. «Արդյունքներն ակնհայտ են. Ուկրաինայի ժողովուրդը առավել շահագրգռված է Եվրոպային միանալու հարցում, իսկ ինտելեկտուալ ռուսները լքում են երկիրը։ Առավել լավ կլիներ, եթե Ռուսաստանը համագործակցեր միջազգային հանրության եւ Ուկրաինայի հետ, անկախ գործելու եւ «ուժի օրենքը» կիրառելու փոխարեն»։

Այս բոլոր հարցերը, նաեւ Արցախյան խնդիրը քննարկվել են ԱՄՆ եւ ՌԴ նախագահների հանդիպմանը, որը բոլորի համար անսպասելի երկար՝ 1 ժամ 40 րոպե է տեւել: Համաշխարհային զլմ-ները նշել են, որ՝ «հանդիպումն ակնհայտ անցանկալի էր: Կաշկանդված կենաց, խուսափողական հայացքներ, չորուցամաք ձեռքսեղմում, այսինքն՝ ԱՄՆ ու ՌԴ նախագահները միայն աշխարհաքաղաքական մրցակիցներ չեն, այլ 2 մարդ, որ իրար պարզապես տանել չեն կարողանում»: Հետո ՌԴ նախագահն այս հանդիպումը «գործնական ու անկեղծ» է անվանել եւ հայտարարել, որ «Օբաման էր ձգտում հանդիպման», սակայն Սպիտակ տունը միանշանակ ժխտում է դա՝ հակառակը պնդելով…

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւս առանձնազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, որի ժամանակ քննարկել են համահայկական նշանակության եւ փոխադարձ հետաքրքրության հարցեր: Սա, իհարկե, Վլադիմիր Պուտինի սրտով չի եղել եւ, վստահաբար, նա կնախաձեռնի Հայաստանի նախագահի այցը Մոսկվա:

Իսկ հայության մի զգալի մասը այլեւս չի կասկածում, որ ռուսական կողմի մատը խառն է հայ-ադրբեջանական հակամարտության բորբոքման մեջ, որպեսզի իր գործերը հաջողի Սիրիայում: Այսպիսի մի պահ եղավ նաեւ ուկրաինական հակամարտության ժամանակ… Հայաստանում նաեւ համոզվում են, որ ՀԱՊԿ-ն մեր երկրի համար գործուն անվտանգության համակարգ չէ, այլ Ռուսաստանին հարմարեցված կառույց է… Այս հարցերը հաստատ կքննարկվեն առաջիկայում պաշտոնական Մոսկվայի պահանջով:

Իսկ մինչ այդ, ՀՀ նախագահը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ եւ տեղեկացրել հայկական կողմի մտադրությունների մասին՝ ադրբեջանական սադրանքներից հետո:

Հայկ Թորգոմյան

Արդյո՞ք Ադրբեջանին միջուկային հարված է սպասվում

Ադրբեջանցի որոշ քաղաքագետներ անհանգստացած են հայ-ադրբեջանական հակամարտության նորովի բորբոքումից: Նրանք զգուշացնում են, որ պատերազմ սկսելուց առաջ լավ պետք է մտածել հայկական կողմի՝ միջուկային մարտագլխիկներ ունենալու հավանականության մասին:

Քաղաքագետ Հեյդար Ջամալը անգամ հանդես է եկել պարզաբանումներով: Moderator.az-ի հաղորդմամբ, Minval.az-ի թղթակցի հետ զրույցում Հեյդար Ջամալը, ով քաղաքագետ լինելուց բացի, նաե Ռուսաստանի իսլամական կոմիտեի ղեկավարն է, ասել է, որ «…կան տեղեկություններ, որոնց համաձայն Հայաստանը դեռ խորհրդային շրջանից ժառանգություն մնացած միջուկային մարտագլխիկներ ունի, ինչի մասին չի խոսվում» (զառանցանքը մեկնաբանման կարիք չունի,- խմբ.):

Նա, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խնդրին, ընդգծել է նոր պատերազմի սկսման հավանականության մշտական առկայության մասին: «Մարդկությունը կանգնած է 3-րդ համաշխարհային պատերազմի շեմին: Այսօր քարտեզի վրա այնքան շատ թեժ կետեր կան, որ վաղը կարող է մեծ պատերազմ սկսվել… Իսկ այն տեղեկությունները, որոնց համաձայն Հայաստանը դեռ խորհրդային ժամանակներից որպես ժառանգություն մնացած միջուկային մարտագլխիկներ ունի, որոնք նա չի վերադարձրել Մոսկվային, կարծում եմ՝ հավաստի կլինեն եւ դրանք Մեծամորի ատոմակայանի միջոցով մշտապես թարմացվում են,- նշել է այս քաղաքագետը եւ հավելել,- Հայ միջուկային ֆիզիկոսները խորհրդային գիտական պոտենցիալի մի մասն էին… Ղարաբաղը ետ վերադարձնելու մասին մտածելիս մենք չենք կարող լուրջ չվերաբերվել այս հանգամանքին»:

Իսկ ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչության պետ Դավիթ Բաբայանի համոզմամբ՝ եթե պատերազմ սկսվի, կասկածի տակ կլինի ադրբեջանական պետության գոյությունն ընդհանրապես, անկախ այս կամ այն հանգամանքից…

Անի Մարության

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։