Միջազգային վարկատու հաստատությունները աղքատացնում են

 ԽՍՀՄ-ից անկախություն հռչակելուց ի վեր տնտեսական ցեղասպանություն է կատարվում ՀՀ-ում: Միջազգային ֆինանսական հաստատությունների կառուցվածքային փոփոխությունների ծրագրերը նպատակ են հետապնդում միջազգայնացնել երկրի մակրոտնտեսական քաղաքականությունը եւ այն դնել Միջազգային դրամական հիմնադրամի (ՄԴՀ) եւ Համաշխարհային դրամատան (ՀԴ) անմիջական ղեկավարության ներքո: Պատմության որեւէ այլ շրջանում «ազատ» շուկան այնքան մեծ դեր չի խաղացել «ինքնիշխան» պետությունների ճակատագիրը տնօրինելու հարցում, ինչքան այսօր:

Անցած երկու տասնամյակների ընթացքում ՄԴՀ եւ ՀԴ կողմից զարգացող երկրներին պարտադրված «մակրոտնտեսական կայունացման» եւ «կառուցվածքային կանոնավորման» ծրագրերը (որպես արտաքին պարտքերի վերանայման պայման) հարյուր միլիոնավոր մարդկանց հասցրել են աղքատության: Հակառակ Բրեթըն Վուդի համաձայնագրի, որը նախատեսում էր «տնտեսական վերակառուցում» եւ հիմնական տարադրամների համաշխարհային գների կայունացում, կառուցվածքային կանոնավորման այս ծրագրերը մեծապես նպաստել են ազգային տարադրամների ապակայունացմանն ու զարգացող երկրների տնտեսության քայքայմանը: Դեռ ավելին, այդ ծրագրերի ազդեցությունը զարգացող երկրների հասարակության վրա ավերիչ է եղել:

ՄԴՀ-ն եւ ՀԴ-ն կարողացել են դանդաղեցնել ՀՀ տնտեսական զարգացումը՝ վարկեր տրամադրելով:

ՄԴՀ-ն ուշադիր հետեւում է Կենտրոնական դրամատան գործունեությանը եւ միջոցներ տրամադրում դրա վերակառուցման համար: Սա նշանակում է, որ պետության փոխարեն ՄԴՀ-ն է տնօրինում երկրի դրամական քաղաքականությունը, որը նրան հնարավորություն է տալիս անդամալուծել տնտեսական զարգացման ֆինանսավորումը: Ներքին տնտեսական հնարավորությունները դրամական քաղաքականությամբ խթանել չկարողանալով՝ երկիրը դառնում է ավելի ու ավելի կախված վարկի միջազգային աղբյուրներից, որի հետեւանքներից մեկը մեծացող արտաքին պարտքն է:

Քաղաքականությամբ պայմանավորված վարկեր

Վարկի կառավարման քաղաքականությունը սերտորեն կապված է մակրոտնտեսական բարեփոխումների հետ: Վարկի կառավարումը միջազգային վարկատու հաստատություններն այնպես են անում, որ տվյալ պարտապան երկիրը շարունակի ձեւականորեն կատարել իր ֆինանսական պարտականությունները: Վարկ տրամադրելու նոր ձեւերի եւ վճարումների ժամկետների վերանայման նուրբ արվեստի միջոցով վարկի հիմնագումարի վճարումը հետաձգվում է, իսկ տոկոսավճարների ժամանակին կատարումը՝ պարտադրվում: Սնանկանալու եզրին հայտնված երկրի պարտքը սովորաբար վերանայվում է՝ փոխանակելով այն բաժնետոմսերով: «Նոր» վարկ է տրամադրվում, որպեսզի տվյալ պետությունը կարողանա հին պարտքերի տոկոսները վճարել եւ այդպիսով խուսափել պարտազանցումից: Պարտապան երկրի հնազանդությունը առաջնակարգ նշանակություն ունի այս գործընթացում: Վարկատու կազմակերպությունը համաձայնվում է վերանայել վարկի պայմանները միայն այն դեպքում, երբ պարտապան երկիրը հետեւում է վարկի պայմանագրերին կցված «քաղաքականությանը»: Այսպես վարվելով, վարկատու կազմակերպությունը փորձում է ամրապնդել պարտքի վճարումների կատարումը եւ ավելի նեղ վիճակի մատնել պարտապան երկրին, որպեսզի վերջինս չկարողանա վարել անկախ ազգային տնտեսական քաղաքականություն:

Վերոհիշյալ վարկերի պայմանները չեն նպաստում իրական տնտեսական աշխուժությանը, քանի որ վարկերը չեն գործածվում երկրի արտադրական կարողությունների մեջ ներդրումներ անելու նպատակով: Փոխարենը, նրանք խրախուսում են սպառողական ապրանքների մեծաքանակ ներմուծումը: Ներմուծման մաքսավճարները նվազեցվում են՝ խթանելու ներմուծումը՝ արտահանման փոխարեն: Այս գործընթացի հետեւանքով հայրենական տնտեսությունը լճացել է, վճարումների հաշվեկշռի սղաճը մեծացել է, եւ արտաքին պարտքի բեռը ավելացել է:

Հողի մասնավորեցում

ՀԴ բարեփոխումները ներառում են հողի մասնավորեցում եւ սեփականության կենտրոնացում փոքրաթիվ հողատերերի ձեռքը: Հողամասերի գրավադրման հետեւանքով ժամանակի ընթացքում առաջանում է հողազուրկ սեզոնային բանվորների դասակարգ:

Պետական ներդրումների անկման կազմակերպում

ՀԴ հանրային ներդրումների ծրագրի շրջանակներում հատկացվող վարկերը սովորաբար պահանջում են մրցակցային հիմունքներով միջազգային հայտեր (տենդեր), որի միջոցով հանրային ծրագրերի իրականացումը հանձնվում է միջազգային շինարարական եւ ճարտարապետական ընկերություններին: Այս ընկերություններն էլ վարկերի մի նշանակալի մասը յուրացնում են՝ ձեւակերպելով որպես «խորհրդատվական» եւ «կառավարման» զանազան ծառայությունների վարձ: Տեղական հայկական ընկերություններին որպես կանոն չեն ներգրավում մրցույթներում, չնայած շինարարական աշխատանքների մեծ մասը կատարում են տեղական ընկերությունները (էժան աշխատուժ են): Այլ կերպ՝ ենթակառուցվածքների նախագծերի համար հատկացված վարկերի մի մեծ մասը պարզապես ձեռքից ձեռք է անցնում՝ ի նպաստ օտարերկրյա ընկերությունների:

Պետական ձեռնարկությունների մասնավորեցում

Կառուցվածքային փոփոխությունների ծրագրերով ՀԴ-ն պարտապան երկրի ունեցվածքին տիրանալու նպատակ է հետապնդում՝ պետական ձեռնարկությունների մասնավորեցման միջոցով: Որպես երկրի արտաքին պարտքը վերանայելու նախապայման պահանջվում է, որպեսզի պետական ձեռնարկությունները մասնավորեցվեն (երկրի ունեցվածքը գրոշներով վաճառվի): Երկրի ամենից շահութաբեր եւ հեռանկարային ձեռնարկությունները ճանկում են օտարերկրյա ընկերությունները՝ պետական պարտքի դիմաց:

Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր Ջոու Սթիգլիցը, որը մինչեւ 1999թ. ՀԴ գլխավոր տնտեսագետն էր, «Լոնդոն Օբզըրվըր» թերթում հանդես է եկել այն դիտողությամբ, թե ՄԴՀ-ն ու ԱՄՆ-ի Պետական գանձարանը ամեն ինչ արեցին, որ ռուսական ընտրությունները Ելցինի նախագահության օրոք իրենց ուզած արդյունքը ունենան: Նա նաեւ դժգոհել է նախագահ Ռուզվելտից հետո բոլոր ամերիկյան նախագահների կողմից պաշտպանված գլոբալիզացիայի ծրագրից: Նա նկատել է հետեւյալը. «Պետության ղեկավարները սովորաբար չեն առարկում պետական ձեռնարկությունները ցածր գներով վաճառելուն: Փոխարենը, նրանք օգտագործում են ՀԴ պահանջները՝ լռեցնելու իրենց տեղական քննադատներին: Երկրի նախարարներին տրվող 10% միջնորդավճարը կարծես իրականացնում է հարստանալու նրանց երազները: Գնից պարզապես հանում են մի քանի միլիոն դոլար եւ փոխանցում շվեյցարական դրամատների իրենց հաշիվներին: Ամերիկյան կառավարությունը տեղյակ է այս ամենին»: Ավելացնենք, որ օտարերկրյա կազմակերպությունները ֆինանսավորում են երկրի ղեկավարի վերընտրությունները այնքան ժամանակ, քանի դեռ նա պաշտպանում է վարկային պայմանագրերը:

Պարզ ասած, ՀՀ ղեկավարները ստիպված են վաճառել երկրի ունեցվածքը, որպեսզի կարողանան վճարել կառավարությունը վարելու նպատակով պարտքով վերցված գումարների տոկոսները: Այսպիսի հանգամանքներում զարմանալի չէ, որ հայ ժողովուրդը չի կարողանում զարգացնել իր տնտեսությունը՝ օգտագործելով իր բնատուր արարիչ ձիրքերը:

Խորհրդային կարգերի ժամանակ Հայաստանն իր բախտը տնօրինելու ազատություն չուներ: 10 տարվա այսպես կոչված ազատությունից հետո շատ բան չի փոխվել. ԽՍՀՄ փոխարեն միջազգային ֆինանսական հաստատություններն են տնօրինում երկրի ճակատագիրը: Միակ տարբերությունը այն է, որ ՀՀ բնակչությունը ստիպված արտագաղթում է երկրից, որով հայ ազգի բնաջնջման վտանգը մեծանում է: Սա, իհարկե, միջազգայնապաշտների մտադրությունն է: Նրանք, ովքեր մնում են երկրում, նույնպես ենթարկվում են օտար մշակութային ազդեցություններին, որը աստիճանաբար փոխում է ազգի նկարագիրը: Միջազգայնապաշտների նպատակը «համաշխարհային կառավարություն» ստեղծելն է: Նրանց ճանապարհին միակ խոչընդոտը ազգայնականությունն է: Մեր միակ մխիթարությունը այս հանգամանքներում այն է, որ Հայաստանում գործում են իրապես ազգայնական կառույցներ, խմբեր եւ հայրենասեր անհատներ, որոնք հասկանում են օտար ուժերի նպատակները Հայաստանում եւ կգերադասեին մեռնել, քան հեռանալ հայրենիքից:

Հայաստանը պիտի դուրս գա միջազգայնապաշտների ճիրաններից: Այս գործընթացի հիմքերը հարկավոր է պատրաստել շատ զգուշորեն: Ամենից առաջ, ՀՀ ղեկավարությունը պարտավոր է ունենալ անձնազոհ հայրենասիրական ոգի: Օտարերկրյա ներդրումները պիտի խրախուսվեն, բայց ոչ այն ստրկացնող ձեւերով, որոնք պարտադրվում են միջազգային ֆինանսական հաստատությունների կողմից: Հայաստանի կառավարությունը պիտի վերանայի ոսկու հանքերի վաճառքի պայմանագրերը եւ դրանց տնօրինությունը փոխանցի ՀՀ կառավարությանը: ՀՀ-ն պիտի հրաժարվի միջազգային ֆինանսական հաստատությունների՝ քաղաքական առումով անձեռնտու վարկերից եւ ամրացնի իր ազգային դրամական համակարգը՝ ոսկու բավականաչափ պաշար կուտակելով, նաեւ որով կկարողանա դիմակայել այդ ուժերին, եւ տնտեսությունը արագ կզարգանա:

Արտավազդ Ավագյան

ԱՄՆ, Բոքա Ռաթոն, Ֆլորիդա

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։