Օջախներդ անմար – Երեւանի քաղաքապետարանը բնակարաններ է տրամադրել նաեւ ՀՀ եւ ԼՂՀ սահմանների պաշտպանությանը մասնակից ազատամարտիկների ընտանիքներին… Իմոնք – «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի 25-ամյակը… Որոշեցի հեքիաթ հորինել…

Օջախներդ անմար

Երեւանի ավագանու երեկվա միաձայն որոշմամբ անհատույց օգտագործման իրավունքով բնակարաններ են տրամադրվել արցախյան պատերազմում զոհված եւ վիրավոր ազատամարտիկների 30 ընտանիքներին: Որոշման համաձայն՝ 30 ընտանիքից 28-ը ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) կամ զինվորական ծառայության ժամանակ վնասվածքներից, խեղումներից եւ առաջացած հիվանդություններից հաշմանդամ դարձած զինծառայողների (ազատամարտիկների) խիստ կարիքավոր ընտանիքներն են, որոնց ՊՆ սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանման կողմից տրվել է զոհվածի (մահացածի) ընտանիքի անդամի կամ հաշմանդամի կարգավիճակը հավաստող տեղեկանք: Այս ընտանիքները մինչ այս պահը տարբեր ժամանակահատվածներում կառավարության որոշմամբ հաստատված կարգի շրջանակներում, որպես զոհված (մահացած) կամ հաշմանդամ դարձած զինծառայողների (ազատամարտիկների) օրենքով սահմանված կարիքավոր ընտանիքներ վերցվել են հաշվառման՝ բնակարանային պայմանների ապահովման նպատակով՝ անհատույց պետական ֆինանսական աջակցություն ստանալու համար:

Բայց նշված ընտանիքները հիմնականում չունեն սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակելի տարածություն եւ ապրում են ժամանակավոր կացարաններում, խարխուլ տներում, բնակության համար ոչ պիտանի շինություններում, ազգականների մոտ, ինչպես նաեւ վարձակալական հիմունքներով կամ համարվում են բնակարանային պայմանների խիստ կարիքավորներ: Այս ընտանիքների մասով Երեւանում պետական միջոցների մասնակցությամբ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքերից վերջիններիս բնակարաններով ապահովելու համար ՊՆ կողմից միջնորդություն է ներկայացվել: Մյուս 2 դեպքերով նախատեսվում է բնակարաններ տրամադրել Հայաստանի եւ Արցախի սահմանների պաշտպանության համար մղված մարտական գործողությունների ակտիվ մասնակիցներ՝ ազատամարտիկների ընտանիքներին, հաշվի առնելով նրանց բնակարանային խիստ կարիքավորությունը, ինչպես նաեւ ազատամարտիկների ավանդը հայրենիքի սահմանների պաշտպանության գործում:

Երեւանի քաղաքապետարանը այցելել է այս ընտանիքներին, տեղում ամեն ինչ տեսել եւ նաեւ մեթոդական աջակցություն ցուցաբերել անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրման հարցում: 

Քաղաքապետարանը մանրամասն տեղեկատվություն է տալիս այդ ընտանքիների մասին՝ ով որտեղ է ապրում, ինչ պայմաններում: Օրինակ՝ քաղաքացի Վարդուհի Նադրյանը զինծառայող՝ 1964թ. ծնված Ներսես Գրիգորի Բարբարյանի մայրն է: Վերջինս 1991թ. մայիսի 24-ին զոհվել է Շահումյանի շրջանում մարտական գործողությունների ժամանակ: Վարդուհի Նադրյանը անօթեւան է եւ բնակվում է Նոր Արեշ 46-րդ փողոցի հ.60 հասցեում գտնվող բնակելի տանը, որի սեփականատերը վերջինիս ազգականն է: Բնակարանային պայմանների բարելավման նպատակով հաշվառման է վերցվել դեռ 2007թ.:

Քաղաքացի Էմմա Շաշիկյանը զինծառայող՝ 1948թ. ծնված Հարություն Գալուստի Շաշիկյանի այրին է: Վերջինս 1992թ. սեպտեմբերի 20-ին զոհվել է Լաչինի շրջանում մարտական գործողությունների ժամանակ: Էմմա Շաշիկյանը անօթեւան է եւ բնակվում է Կամարակի 2-րդ նրբանցքի հ.32 հասցեում գտնվող բնակելի տան մի սենյակում, որի սեփականատերը վերջինիս հորեղբոր կինն է: Հաշվառման է վերցվել 2008թ.:

Կամ՝ քաղաքացի Անահիտ Սմբատյանը զինծառայող՝ 1967թ. ծնված Ռուբեն Ղուկասի Միրզոյանի մայրն է: Վերջինս 1992թ. սեպտեմբերի 5-ին զոհվել է Մարտակերտի շրջանում մարտական գործողությունների ժամանակ: Քաղաքացի Անահիտ Սմբատյանը իր տղայի՝ Արմեն Միրզոյանի, հարսի՝ Մարիա Գոքորյանի եւ երկու թոռների՝ Ռուբեն եւ Ինեսա Միրզոյանների հետ հաշվառված բնակվում է Լենինգրադյան փողոցի հ.32 շենքի հ.41՝ 15.5քմ բնակելի մակերես ունեցող տարածքում, որը սեփականության իրավունքով պատկանում է իրեն: Վերջինս, որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ընտանիքի, հաշվառման է վերցվել 2010թ.:

Շարունակելու կարիք չկա: 30 ընտանիք տուն կունենա: Նոր տունը նոր հույս է ու նոր ծնունդ: Տուն կունենան Երեւանի տոնին ընդառաջ: Կրկնակի տոն կունենան:

Գուցե իրենց որդուն, հարազատին կորցնելուց հետո առաջին տոնը:

Սեփ. լրատվություն

 

Իմոնք

25 տարի առաջ ճիշտ այս օրը՝ հոկտեմբերի 9-ին ծնվեց «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը: Ես, կարելի է ասել, հնաբնակներից եմ: Համալսարանը 1998թ. ավարտեցի, եկա այստեղ, 1999թ. անցա աշխատանքի, եւ այդ պահից ցայսօր այստեղ ավելի շատ բնակվեցի, քան իմ սեփական տանը:

Այնքան շատ բնակվեցի, որ երբ անգամ իմ սեփական թերթը հիմնեցի՝ «Լուսանցք» շաբաթաթերթը, «Հայաստանի Հանրապետություն»-ից հեռանալ չկարողացա: Չուզեցի՝ այնքան շատ էի բնակվել, որ մի տեսակ արդեն «սեփականատիրոջ» իրավունք էի բանեցնում. բա թերթի իմ հատվածը ու՞մ թողնեմ, բա իմ թեման ու՞մ թողնեմ, բա իմ ոլորտը ու՞մ տամ, բա իմ, բա իմ, բա իմ…

Հետո հասկացա, որ իմ-ը վաղուց միայն թեմաներն ու ոլորտները չեն: Մարդիկ էլ են իմը դարձել: Խմբագիր Տիգրան Ֆարմանյանի հետ գրվելիք ու գրված հոդվածների շուրջ խոսելուց զատ ամիսը գոնե մեկ անգամ չհամաձայնեցված գաղափարս համաձայնեցնելու քննարկումս ու՞մ տամ-գնամ: Փոխխմբագիր Արմեն Հովակիմյանին համարյա ժամը մեկ արվող զանգերս ու՞մ թողնեմ-գնամ: Պատասխանատու քարտուղար Սամվել Սարգսյանին մշտապես մտազբաղ վիճակից երբեմն հանելու փորձերս ու՞մ փոխանցեմ-գնամ: Ի՛մն են նրանք: Իմն է խմբագիրը՝ անկախ այն բանից՝ ընդունու՞մ է առաջարկս, թե՞ ոչ: Իմն է փոխխմբագիրը՝ անկախ այն բանից՝ մշտառկա զանգերիցս նեղվու՞մ է, թե՞ ոչ: Իմն է պատասխանատու քարտուղարը՝ անկախ այն բանից՝ հաջողու՞մ եմ դուրս բերել նրան բազմամտազբաղությունից, թե՞ ոչ: Իմն են դարձել ժամանակի ընթացքում՝ ամեն մեկն իր տեսակով. մեկը՝ իր արեւ-անձրեւ լինելու, մյուսը՝ գերբարեհամբույրության, մյուսն էլ՝ գերաշխատասիրության հատկությամբ: Լրագրողները գալիս-գնում են, դրսերում են, մեկը մտնում է, մյուսը՝ դուրս գալիս, երբեմն միմյանց օրերով չենք տեսնում (լրագրողների մասին մտածված չեմ գրում): Բայց իմոնք դարձածները ամենվայրկենական են, ամենրոպեական, տերերն են ու պահակները:

Բանեցրածս սեփականատիոջ իրավունքով իմն է ընկերս՝ Էմիլը, ով լրագրող չէ, բայց լրագրողական դաշտի շատ լրագրողներից կարդացած է: Իմն է Լուսինեն, ումից մեղմություն է հորդում, անգամ երբ զայրացած է: Իմն է Ինան (թեեւ նորեկներից է), ով ծով համբերությամբ լսում է անգամ խմբագրություն զանգած կամ այցելած ամենաշատախոս քաղաքացիներին: Իմն է Աբոն, ում ժպիտով ավարտվում-սկսվում է մեր թերթի ամեն օրը:

Եվ վերջապես, գրողը տանի, իմն են նույնիսկ նրանք, ում ես այդքան էլ չեմ հավանում:

Ու սա այն չէ, որ կոչվում է սովորութային ուժ, թեեւ դա արդարացված կլիներ այստեղ իմ 17 տարվա բնակությունից հետո:

Սա այն է, ինչ կոչվում է համ ու հոտ: «Հայաստանի Հանրապետություն» թերթի 25 տարվա ամեն օրը՝ դժվար ու հեշտ, լավ ու վատ ապրածը, գունապնակը, որ տեսել եմ 17 տարի: Ումից վերցրել եմ 17 տարի եւ ում տվել եմ ճիշտ այդքան: Ում: Որովհետեւ այս տարիները թերթը իրի առումից վերածել են անձի առումի:

Շնորհավորում եմ բոլորիս՝ մաղթանքները թողնելով կողքի մարդկանց: Ես իմոնց ցանկանում եմ այն, ինչ իմոնց:

Արմենուհի Մելքոնյան

 

«Որոշեցի հեքիաթ հորինել»

«Լուսանցք»-ի գլխավոր հաշվապահ Սոֆյա Մովսիսյանը ազատ ժամերին սիրում է բանաստեղծություններ գրել ու նկարել: Օրերս լույս է տեսել նրա «Սերը հավերժ է» բանաստեղծությունների գիրքը: Ասում է՝ «Բանաստեղծ չեմ, ճոխ բառեր չեմ օգտագործում, բայց սրտիցս ինչ գալիս է՝ թղթին եմ հանձնում»:

Ուղնուծուծով հաշվապահ է՝ եւ՛ կրթությունն է մասնագիտական եւ՛ սիրում է թվերի աշխարհը, բայց թվերի պես չոր չէ:

Անկեղծանում է. «35 տարի է՝ աշխատւմ եմ մամուլում: Հեշտ չի եղել իմ կյանքի անցած ճանապարհը, եւ՛ սովորել եմ բուհում, եւ՛ աշխատել եմ 6 խմբագրություններում միաժամանակ՝ «Կոմունիստ», «Կոմսոմոլեց», «Պիոներ կանչ», «Հայաստանի աշխատավորուհի», «Ծիծեռնակ» եւ «Ոզնի»: Հիմա չես գտնի որեւէ մեկին, որ ինձ պես ժրաջան աշխատի»:

Հետխորհրդային տարիներին, ինչպես ինքն է պատմում, լավ գործեր են առաջարկել, բայց գերադասել է մնալ իր մանկության մոլորակում՝ մանկական խմբագրություններում եւ աշխատել խորհրդանշական աշխատավարձով: Դրա համար էլ իրեն էնտուզիաստ է համարում:

Իր քարքարոտ ճանապարհից չի դժգոհում՝ Աստծուն շնորհակալ լինելով այն բանի համար, որ լուսավոր մարդիկ կան: Թե այդ պահին իր կողքին չլինեն էլ, կստեղծի՝ «Ես որոշեցի հեքիաթ հորինել…»: Կգրի ու ծնունդ կառնի նրա սրտի խոսքերի հավաքածուն:

«Լուսանցք» թիվ 34 (380), 2015թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։