Փաստաթու՞ղթն է, որ պիտի ներդրում բերի – Ընդունել են, որ վարկեր կարողանան բերել… Իսկ ի՞նչ ուղղություներով ենք աշխատելու, այդ ո՞ր ուղղություններն են, որ ազդելու են ներդրումային քաղաքականության վրա…

Կառավարությունը երեկվա նիստում հավանություն տվեց ներդրումային քաղաքականության հայեցակարգին եւ դրանից բխող միջոցառումների ժամանակացույցին: Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը տեղեկացրեց, որ հայեցակարգն ուղղված է ներդրումային ոլորտում բաց դռների քաղաքականությանը, օտարերկյա ներդրողների համար դաշտի ազատականացմանը։ Նախարարը կարեւորեց այն հանգամանքը, որ միջոցառումները համահունչ լինեն այլ ոլորտներում արվող քաղաքականության հետ:

Նախարարը տեղեկացրեց, որ ընթացիկ տարվա առաջին վեց ամիսներին օտարերկրյա ներդրումների ծավալի աճ կա՝ 4,7 միլիարդ դրամի չափով:

Եթե աճ կա, հապա ինչու՞ է պետք այս փաստաթուղթը:

Ըստ բանախոսի, վերջին տարիներին Հայաստանում ներդրումները, այդ թվում՝ օտարերկրյա ուղղակի ներդրումները դրսեւորել են տատանողական դինամիկա, մասնավորապես՝ մինչճգնաժամային շրջանում գրանցվում էր ներդրումների աճ, ինչին հաջորդեց ներդրումների կտրուկ անկումը 2009թ. ճգնաժամի ընթացքում, իսկ հետագայում դրսեւորվեց անկայուն դինամիկա: Մյուս կողմից՝ ՀՀ-ում անկախացումից ի վեր, չնայած «բաց դռների» քաղաքականության իրականացմանը, ներդրումային քաղաքականությանն առնչվող գրեթե ոչ մի փաստաթուղթ չի ընդունվել, բացառությամբ 1994թ. ընդունված «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքի, որը ներկայումս որոշակի վերանայման կարիք ունի: «Միեւնույն ժամանակ, տարբեր ռազմավարական փաստաթղթերում գործնականում գրեթե անդրադարձ չի կատարվել ներդրումային քաղաքականությանը եւ ներդրումային միջավայրին: Այս պայմաններում ներդրումների, եւ հատկապես՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների ավելացումը, ներդրումային գործունեության ակտիվացումը, ներդրումային միջավայրի բարելավումն ապահովելու նպատակով խիստ կարեւորվում է եւ անհրաժեշտ է համապատասխան տեսլականի ու հստակ գործողությունների ծրագրի առկայություն, ինչը հնարավորություն կընձեռի ունենալ հստակ պատկերացում ներդրումների հետ կապված խնդիրների, դրանց լուծումների եւ ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ»,-ասաց էկոնոմիկայի նախարարը:  Ուշագրավ է, որ երբ այս ամենը Կարեն Ճշմարիտյանը ներկայացնում էր նիստում, կառավարության անդամներից շատերը քմծիծաղ տվեցին: Վարչապետը չթաքցրեց զայրույթը. «Չե՞ք հավատում, թե՞ լավ բան է ասում՝ ուրախանում եք»: Հակիրճ՝ մոտավորապես այսպես:

Համենայնդեպս, Կ. Ճշմարիտյանը, իր իսկ խոսքերով, վստահ է, որ հայեցակարգի ընդունումն ու միջոցառումների ծրագրի իրականացումը կհանգեցնեն Հայաստանում ներդրումների ծավալների մեծացմանը, ներդրումային եւ գործարար բարենպաստ միջավայրի ձեւավորմանը, կարգավորող միջավայրի թափանցիկության բարձրացմանը, ներդրումային նոր մեխանիզմների ներդրմանը, ինչն էլ իր հերթին կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը, երկրի մրցակցային առավելությունների ամրապնդմանն ու վերջինիս հիման վրա տնտեսական զարգացման ապահովմանը:

Մեկ այլ ուշագրավ փաստ սակայն: Բանն այն է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ վերջինս 2014թ. ՀՀ-ի եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ ստորագրված «Առեւտրի խթանման եւ որակի ենթակառուցվածքի ծրագիր» վարկային համաձայնագրի առանձին կետ է, ըստ որի՝ առանց հայեցակարգի ընդունման հնարավոր չէ ստանալ համապատասխան միջոցները:

Այս ռազմավարության գործարկումից ի՞նչ ակնկալիք ունի գործադիրը: «Մեր երկրում ներդրումային եւ գործարար բարենպաստ միջավայրի ձեւավորում, կարգավորող միջավայրի թափանցիկության բարձրացում, երկրի մրցակցային առավելությունների բացահայտում, Հայաստանում իրականացվող ներդրումների ծավալների մեծացում, շուկայական ենթակառուցվածքի զարգացում, որակյալ եւ բարձր վարձատրվող աշխատատեղերի ստեղծում, մարդկային կապիտալի զարգացում եւ այդ բոլորի հիման վրա‘ տնտեսական կայուն աճի ու բնակչության բարեկեցության ապահովում»,-սա է բառացի ձեւակերպումը: Ի՞նչ է, առանց այս հայեցակարգի՝ սա չէի՞նք ուզում:

Հարց է ծագում՝ իսկ ի՞նչ ուղղություներով ենք աշխատելու, այդ ո՞ր ուղղություններն են, որ ազդելու են ներդրումային քաղաքականության վրա:

Ըստ նախարարի, առաջինը առեւտրային քաղաքականությունն է, եւ խոսքը առեւտրի ոլորտում առավել պարզեցված ու արգելքների վերացմանն ուղղված աշխատանքների, նպատակային առեւտրային քաղաքականության մասին է: Երկրորդ ուղղությունը, որ մրցակցության ապահովումն է, վերաբերում է մրցունակ միջավայր ստեղծելուն ու պահպանելուն, մրցակցության սկզբունքները հարգելուն, անտեղի սահմանափակումներից խուսափելուն: Երրորդ ուղղությունը վերաբերում է հարկային քաղաքականությանը, իսկ չորրորդ ուղղությունը, այսպես կոչված, կանաչ զարգացմանը: «Սա ներդրումների համար ամենագրավիչ ոլորտն է, որը խթան է հատկապես ինովացիաների համար»,- ասաց Կ.Ճշմարիտյանը:

Նախարարը ուշագրավ համարեց այն, որ հայեցակարգով կառավարությունն առանձնահատուկ պայմաններով խրախուսելու են սփյուռքահայ գործարարների ներդրումները: Բայց թե ինչպես, չասվեց: Չնայած՝ դրսի ներդրողներին միշտ էլ խրախուսել են մեզ մոտ, հատկապես՝ սփյուռքահայերին: Հիմա՞ ինչ խրախուսանք է հասնում:

Հետաքրքիր է, կառավարությունն ինքն իրեն հավատու՞մ է, որ այս հայեցակարգով ներդրումները Հայաստանում ավելանալու են: Ի պատասխան նախարարը համառոտեց, որ եթե հույս չունենային, որ փաստաթուղթը նպաստելու է ներդրումների ավելացմանը, ապա ոչինչ չէին անի:

Բացի այդ, նրա խոսքերով, «սա միայն մեկ փաստաթղթով, միայն մեկ գերատեսչության խնդիր չէ, սա ընդհանուր միջավայրի հարց է»: Այ սա այն միտքն է, որի հետ լիովին համաձայն եմ: Հետեւաբար, միջավայր փոխելու համար փաստաթղթի կարիք չկար…

Աստղինե Քարամյան

«Լուսանցք» թիվ 34 (380), 2015թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։