Տնտեսական պատերազմի հայկական ստվերը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը վստահ է, որ ««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատերերի փոփոխության արդյունքում կորուստները կհասցվեն նվազագույնի, կվերանա, ինչպես ասում են, թալանը, եթե եղել է այդպիսի բան»: Նա ասել է, որ իշխանությունները խնդրել են գործարար Սամվել Կարապետյանին՝ գնալ այս քայլին՝ գնել ՀԷՑ-ը:
«Ես համոզված եմ, որ այն քայլը, որ ինքը համաձայնվեց կառավարության հետ հավասար պայմաններում մինչեւ եկող տարվա օգոստոսի 1-ը սուբսիդավորենք 604 հազար ընտանիքների, իսկ մենք ունենք 766 հազար բաժանորդներ, դա մեծ քայլ էր: Մոտ 7-8 մլրդ. դրամ փող կլինի տարվա կտրվածքով, որ մենք կվճարենք մեր հասարակությանը: Ինչ-որ տեղ սոցիալական խնդիրները կմեղմենք»,- հավելել է կառավարության ղեկավարը:
Սակայն կառավարության որոշումը որոշակի սողանք է ստեղծել: Եթե այդ որոշումը միայն մի կերպ գոյատեւողների համար է կայացվել, ապա նորմալ է: Ոչ մի գոյատեւող չի սպառի 250կվտ-ից ավելի էլէներգիա եւ «կտեղավորվի» կառավարության բարեհոգության սահմաններում: Բայց հատկապես ձմռանը մեր բնակչության մեծ մասը կսպառի 250կվտ-ից ավելի էլէներգիա, եւ հասկանալի է՝ ինչ կլինի: Կամ՝ որոշումը պիտի վերանայել, որ բնակչությունը թանկ կվճարի միայն 250կվտ-ից ավել սպառածի համար՝ ոչ թե ավելի դեպքում՝ ամբողջի համար: Կամ, ինչպես ժողովուրդն է ասում, էլեկտրիկների գործը կծաղկի՝ կուզեն մի քիչ հավելագրում կանեն, կուզեն՝ ոչ: Եվ այսպես կնստենք ստվերի վրա կամ տակ… Իսկ ստվերի մասին վարչապետն ասել է, որ այս կիսամյակի ընթացքում ստվերի դեմ պայքարի արդյունքում արդեն իսկ 20 մլրդ դրամ լրացուցիչ եկամուտ է ուղղվել երկրի պետական բյուջե: Եթե դիտարկենք վերոնշյալ էլեկտրիկների տարբերակով, ապա կարող ենք ենթադրել, թե ինչքա՜նն էլ այլ տեղ է ուղղվել…
«Ինձ ֆինանսների նախարարը զեկուցել է, որ կիսամյակի ընթացքում 20 մլրդ. դրամ արդեն այդ ոլորտից մենք ունենք լրացուցիչ եկամուտներ՝ ստվերից: Դա շարունակական պրոցես է, եւ մենք շարունակելու ենք պայքարել, եւ ես կարծում եմ, որ մենք հաջողություն կունենանք»:
Չեմ կարող չասել, որ միայն էլէներգիայի սպառման եւ վճարումների հետ կապված ստվերը արդեն առկա է, մնում է տեսնել կամ՝ չնկատել: Եթե մեր բնակչության զգալի մասը, ասենք՝ 80-90 տոկոսը «տեղավորվի» 250 կվտ-ից ցածր վճարումների ցուցակում, ապա կամ ստվերն է այդ ընթացքում կերել «կերվելիքը», կամ մեր բնակչությունը հիմնականում ձմեռն անցկացնում է սոված-ծարավ ու կիսասառած վիճակում:
Իսկ մեկնաբանելով այսօրինակ եւ այլ հնչող քննադատությունները, թե տնտեսական քաղաքականությունը ձախողված է, վարչապետը հորդորեց չշտապել: «Ես չեմ կարծում, որ որեւէ բան ձախողվել է, մեր ծրագիրը փորձելու ենք իրականացնել: Իհարկե, աշխարհում ընթացող տնտեսական պատերազմն իր բացասական ազդեցությունն է ունենալու Հայաստանի վրա, բայց մենք, մեր թիմը՝ նախագահի գլխավորությամբ, ամեն ինչ անելու ենք, որ հաղթահարենք սա»,- ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանից հետո ճեպազրույցում հայտարարել է նա:
Ըստ մեր վարչապետի՝ որեւէ մի կառավարության ղեկավար իրավունք չունի որեւէ ծրագրի շուրջ ունենալով հիասթափություն, անվստահություն, փորձի այդ ծրագիրն իրականացնել: Ինչը նշանակում է մի բան՝ մենք ունենք անսխալական եւ ամեն ինչը հաշվարկած կառավարություն, եւ սողանքներին ուշադրություն դարձնելու կարիք չկա:
Մնում է մի հարց՝ միջազգային տնտեսական ոչ մի կանոն իրականում մեզ մոտ չի գործում, այդ ինչու՞ հանկարծ կրում ենք միջազգային տնտեսական պատերազմի ազդեցությունը:
Անի Մարության
«Լուսանցք» թիվ 34 (380), 2015թ.
«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:



