Էներգետիկայի նախարարը ժխտու՞մ է նախագահին – Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու ծրագրի շուրջ – Ոչ ճիշտ երանգ, եւ ամեն ինչ գլխիվայր շուռ է գալիս…

Երեւանում երկու օր առաջ կայացավ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության եւ «Ռոսատոմ» կորպորացիայի համատեղ համակարգող հանձնախմբի առաջին նիստը՝ ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելու վերաբերյալ։ Նիստի ընթացքում քննարկվեցին շահագործման ժամկետի երկարացման հիմնական փուլերին, ֆինանսավորման հաշվետվության մասին հարցեր, նաեւ՝ հիմնական սարքավորումների եւ անվտանգության համակարգի համընդհանուր ուսումնասիրության ընթացիկ արդյունքները:

Ճեպազրույցում էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն ասաց բաներ, որ ժխտեց թե՛ մեր էներգետիկ ռազմավարությունը, թե՛ երկրի նախագահի՝ տարիներ շարունակ բարձր ամբիոններից հնչեցրած այն միտքը, որ Հայաստանում միջուկային էներգետիկայի զարգացումն այլընտրանք չունի: Այն, որ հայկական ատոմակայանի վերաբացումից հետո մեր պետական քաղաքականության անբաժանելի մասը միջուկային էներգետիկայի զարգացման հաստատակամությունն է եղել, հավատացնում եմ, չի փոխվել:

Որպեսզի վստահեցնողը ես չլինեմ, տեղեկացնեմ, որ երկրի նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ մշակված եւ հաստատված՝ էներգետիկ անվտանգության համակարգի ապահովման ռազմավարական փաստաթղթի համաձայն, ամրագրված են քայլեր (մինչեւ 2020թ.), որոնցից առաջինը վերաբերում է վերականգնվող էներգապաշարների արդյունավետ գործածմանը եւ էներգախնայողությանը: Հաջորդ քայլը վերաբերում է ատոմային էներգետիկայի զարգացմանը, որով պետությունը մեկ անգամ եւս փաստում է իր հաստատակամությունը՝ չհրաժարվելու միջուկային էներգետիկայից («Լուսանցք»-ն անդրադարձել է այս թեմային, ուստի այժմ չի մանրամասնում):

Դրան հետեւած մեկ այլ փաստաթղթում՝ «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչեւ 2036թ.) զարգացման ուղիներ»-ում նույնն է, ոչինչ չի փոխվել: Այս փաստաթղթում, որպես հիմնական, դիտարկված է հղումային սցենարը, որում ընդունված են նաեւ հետեւյալ նախապայմանները՝ գործող ատոմային բլոկի շահագործման ժամկետի երկարացում մինչեւ 2026թ., եւ 2027թ.-ից նոր՝ 1000 ՄՎտ հզորությամբ ատոմային բլոկի շահագործման հանձնում (նոր ՋՋԷՌ -1000 միջուկային բլոկ):  Հիմա տեսնենք, թե ինչ է ասել Երվանդ Զախարյանը: Նրա խոսքով՝ Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու ծրագրի շուրջ առաջիկա տարիներին լուրջ աշխատանք չի կատարվի: ՀՀ կառավարությունն ավելի հակված է ուսումնասիրել գործող ատոմակայանի աշխատանքը 10 տարի երկարաձգելուց հետո եւս մի քանի տարով շահագործումը երկարացնելու տարբերակը. «Եթե հետագայում կրկին ժամկետների երկարաձգման հնարավորություն լինի, մենք կգնանք դրան, նոր ուսումնասիրություններ կտարվեն այդ ուղղությամբ: Նոր ատոմակայանի կառուցումը բավականին աշխատատար ու մեծ ֆինասնական միջոցներ պահանջող ծրագիր էե: Դարձյալ նրա խոսքով՝ նոր ատոմակայանի կառուցումը կնշանակի ունենալ էլեկտրաէներգիայի մի քանի անգամ ավելի բարձր սակագներ, քանի որ կատարվելու են մեծ ներդրումներ ու դրանց հետ վերադարձի պարտավորություն կունենա պետությունը: «Այսօր մեր ատոմակայանի դեպքում, որը շահագործում ենք, այդ խնդիրը չունենք, քանի որ հիմնականում ներդրումները կատարվել են խորհրդային ժամանակաշրջանում ու ներդրումների հետ գնման պարտավորություն չունենք»,- ավելացրեց Երվանդ Զախարյանը՝ հավելելով, որ դրա շնորհիվ է, որ այսօր ատոմակայանի արտադրած էլեկտրաէներգիայի սակագները բավականին ցածր են: Նա միաժամանակ հավելեց, թե ՀՀ-ի եւ ՌԴ-ի կառավարությունների նախնական համաձայնությամբ որոշվել է նոր ատոմակայանը կառուցել 1000 մեգավատ հզորությամբ՝ միեւնույն ժամանակ հայտնելով, որ Հայաստանին ավելի ձեռնտու է միջին հզորության ատոմակայան ունենալ: «Նոր ատոմակայանի համար մենք դեռ ժամանակ ունենք ուսումնասիրելու: Դրա ուղղությամբ մոտակա տարիներին հավանաբար լուրջ աշխատանք չի կատարվի, այլ ավելի շուտ կուսումնասիրվեն հետագայում նոր հզորությունների մասով հնարավորությունները»:

Հիմա պատկերացնու՞մ եք՝ ինչ կստացվի, եթե նրա խոսքի ամբողջական հատվածից թեկուզը մի փոքրը հանվի, կտրվի ենթատեքստից: Կպարզվի, որ ըստ Երվանդ Զախարյանի, մեզ նոր ԱԷԿ պետք չէ: Մինչդեռ դա չէր լինի, եթե բառի հարգը չկորչեր, եթե մեր պաշտոնյաները հայերենին լավ տիրապետեին (թեեւ տարիների փորձից ելնելով՝ նա պետք է որ նման թյուրիմացության տեղիք չտար):

Ընդամենը պիտի ասվեր, որ այս պահի դրությամբ դեռ մտածում ենք գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելու մասին, եւ դրանից հետո միայն օրակարգում կլինի նորի կառուցումը, դեռ ժամանակ կա դրա ու նաեւ նոր հզորությունների մասին մտածելու:

Նրանք, ովքեր չեն ուզում նոր ԱԷԿ-ի գոյությունը, նախարարի խոսքերը թեւավոր կդարձնեն: Մինչդեռ պետք էր ավելացնել մի ,նաեւե, մի ,եւսե, մտքերը ձեւակերպել հստակ, հերթականությամբ, թե չէ ցաքուցրիվ խոսքով լինում է այն, ինչ եղավ: Այսինքն՝ նոր ԱԷԿ-ի մասին արդեն մտածել պետք չէ:

Իսկ եթե Երվանդ Զախարյանը հենց սա է ուզեցել ասել, ուրեմն նա դեմ է գնացել մեր պետական քաղաքականությանը: Թեեւ միջոցառման վերջում արդեն համոզվեցի, որ նա խոսել է մեր գրեթե բոլոր պաշտոնյաների պես՝ թյուր, ոչ հստակ:

Իրավիճակը հետո, ատոմային ոլորտի մատակարարներին նվիրված «Ատոմէկս-Հայաստան» սեմինարում, որ կազմակերպել էին «Ռոսատոմ միջազգային ցանց» ընկերությունը՝ ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության հետ համատեղ, փորձել փրկեց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը՝ կարեւորելով Հայկական ԱԷԿ-ի դերը երկրի անվտանգ էներգամատակարարման գործում:

Աստղինե Քարամյան

«Լուսանցք» թիվ 34 (380), 2015թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի ,Մամուլե բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։