Հայկական գործոն, որ միս ու արյուն պիտի ստանա – Երբ կգտնենք մեր նախնյաց կարգը – Տեր կանգնենք մեր Հայք-Հայաստան աշխարհին՝ ինչպես մեր սեփական տանը…

Հանրային հեռուստաընկերության «Չակերտներ» հեղինակային հաղորդաշարում Արթուր Բախտամյանի հյուրերը տարբեր ոլորտներում հաջողությունների հասած հայերն են: Հաղորդավարը բոլոր հյուրերին, ի թիվս այլ հարցերի, մի հարց է ուղղում. «Ի՞նչ է պակասում Հայաստանին»:

Անշուշտ, ինքներս մեզ տվել ենք այս հարցը եւ գտել պատասխաններ, որոնք հնարավոր է եւ իրարամերժ են եղել: Կա՞ արդյոք մի պատասխան, որ բոլոր հայերի սրտից բխի, որ բոլոր հայերին կգոհացնի, որի դրական արդյունքը բոլոր հայերը կզգան:

Թվում է՝ դժվար է գտնել այդ հրաշք պատասխանը, որը թաքնված է տարբեր բարբառներով խոսող (հաճախ՝ տարբեր լեզվամտածողությամբ), տարբեր կրոնական ու հավատքային համոզմունքներով, տարբեր քաղաքական ու գաղափարախոսական հայացքներ ունեցող եւ աշխարհի չորս ծայրերով սփռված հայերի ուղեղներում:

Ասում եմ թաքնված, որովհետեւ պատմության (հասանելի, իմա՝ պահպանված եւ չաղավաղված) խորքերից մինչեւ հիմա (որոշ երջանիկ բացառություններով պայմանավորված) հայոց մեջ եղել է հունամետների ու պարսկամետների, ռուսամետների ու արեւմտամետների, ազատականների ու ընկերվարականների, ռազմատենչների ու խաղաղասերների… «գաղափարական կռիվը»:

Ամենեւին համամիտ չեմ մեր հայրենակիցներից ոմանց այն տեսակետին, թե հայերն անմիաբան են ու միավորվում են միայն օրհասական պահերին: Համեմատության մեջ մենք մնացածից մի գլուխ բարձր ենք, ինչն ապացուցելու համար անգամ պատմության դասագրքերն են բավարար: Իսկ ավելի արագ համոզվելու համար կարող ենք պարզապես վերհիշել «զարգացած» երկրների (Հունաստան, Բաբելոն, Պարսկաստան, Ասորեստան, Հրեաստան, Հին Հռոմ, Բյուզանդիա… Ֆրանսիա, Անգլիա, Իսպանիա, Ավստրո-Հունգարիա, Գերմանիա, Ռուսաստան կամ Միացյալ Նահանգներ…) պատմության ընթացքում մեզ հայտնի պալատական խարդավանքներն ու դավաճանությունները: Ուրիշների մոտ նույնիսկ դավանաբանական խրատներով են քարոզվում տարբեր դաժանություններ ու ստորություններ՝ ի նպաստ իրենց հայրենիքի: Այստեղ հայրենիքն էլ կարելի էր չակերտների մեջ դնել, քանզի հայրենիք ունենում են բնական ազգերը, ինչը ավելի քան 50 պետություն ունեցող Եվրոպայի մասին կամ առհասարակ՝ շուրջ 250 պետություն ունեցող աշխարհի մասին չի կարելի միանշանակ ասել…

Հապա մի նայեք մեր ազգի ծննդյան վկայական «Սասնա ծռեր» էպոսին, մեր միամիտ ու թլոշ Սասնա Դավթին, ով նույնիսկ թշնամու վրա հարձակվելիս է զգուշացնում՝ հելե՛ք, կեցե՛ք… Սա բնածին արարածի բնական կերպար է, որ այսօր երբեմն ասպետական բառով են որակում: Վեհ լինում է բնականն ու բնապաշտը… Հուսով եմ՝ հեռու չէ այն օրը, երբ կգտնենք մեր նախնյաց կարգը, որով հայոց աշխարհը սահուն կառավարվում էր թագավոր չլինելու դեպքերում անգամ (խնդրում եմ՝ խորհրդարանական համակարգի քարոզ չընկալել, ասածս խորքային հարց է): Դեռ կգտնենք թագավորի՝ մանուկ հասակից դաստիարակության կարգը, որ թագավորական Հայաստանի ձգտումն ունենանք. կգտնենք մեր հին գիտելիքը, որ գենետիկ բացահայտումների կմղի: Կամ էլ, միգուցե, այն շատ հեռու չէ, ուղղակի մենք ենք սկսել դժվար հասկանալ նախնիների կողմից խնամքով պատգամված աշխարհընկալման եւ հայրենապահպան իմաստուն խորհուրդները: Ավելի ճիշտ՝ դադարել ենք խորհուրդներով ապրել, իսկ դրանք ցայսօր քայլում են մեր կողքով ու, ցավոք, մնում անտեսանելի…

Ինչո՞վ էին հզոր մեր նախնիները, ի՞նչ մտածեցին սպարապետ Վարդան Մամիկոնյանի ռազմիկներն Ավարայրի ճակատամարտից առաջ, ի՞նչ ուժ գտան իրենց մեջ Մուսա լեռան հերոսամարտիկները, ո՞րն էր Անդրանիկի հեծյալների անպարտելիության գաղտնիքը, իսկ ի՞նչ էր պատգամել Լեռնահայաստանի արծիվ Նժդեհն իր քաջարի սյունեցիներին եւ, առհասարակ, ցեղակրոն հային, ինչպե՞ս կարողացան փառապանծ «թամանցիները» Ռայխստագի պատերի տակ քոչարի պարել, ի՞նչ էին հասկացել Արցախյան ազատամարտիկները, ովքեր երկարատեւ ընդմիջումից հետո կարողացան ազատագրել հայրենական տարածքներ:

Իհարկե, այս շարքը շատ ու շատ մեծ է: Եվ նրանք կարեւորել էին հայկական գործոնը, որ այս դեպքում եւ՛ միտք է եւ՛ գործ:

Ավելի պատկերավոր ընկալելու համար կարող եք համացանցում գտնել Բերձորի (Լաչին) ազատագրման տեսաձայնագրությունը, որտեղ Արցախի եւ Սյունիքի կողմերից մարտնչող ջոկատների ռազմիկները Բերձորում հանդիպում են եւ ենթագիտակցորեն միահամուռ բարձրաձայնում. «Ախպեր հայ ես, ինչ լավ է, չէ՞»: Այո, այո՛, մեր հրաշք պատասխանը շատ պարզ է: Այն դուրս է գալիս մեր ենթագիտակցությունից.

Ազատամարտիկները կարեւորել էին հայ լինելը: Հպարտ էին, որ հայ են, հպարտ էին, որ շրջապատված են հայերով, որ ապրում են Հայաստանում, որ ազատագրում են հողը հայոց:

Նրանք հասկացել էին, որ ոչ-ոք իրենց չի օգնելու, ոչ-ոք իրենց փոխարեն իրենց մայրերին ու քույրերին, կանանց ու դուստրերին չի պաշտպանելու, ոչ-ոք իրենց վիրավոր վիճակում պատերազմի դաշտից չի հանելու: Ոչ-ոք, բացի կողքի հայից:

Եվ այսպես՝ «Ի՞նչ է պակասում Հայսատանին»:

Պատասխանը մեկն է. «Հայկական գործոնի գիտակցումը»:

– Հայի ինքնությունը ճանաչելու, հայ լինելու գիտակցումն է պակասում:

– Հայ մնալու քաջությունն ու հպարտությունն է պակասում:

– Միմյանց նկատմամբ սերն ու կարեկցանքն է պակասում:

– Հայաստան աշխարհի տերը լինելու, Հայոց բնօրրանն ամբողջացնելու զգացումն է պակասում:

Վանե՛նք մեր միջից տարատեսակ կասկածներն ու տագնապները, այլոց բարքերն ու խարդավանքները, փորձենք օգնել միմյանց (սկսելով մեր ընտանիքից, հարեւանից, ընկերոջից…), հպարտ լինենք (ճանաչելով մեր ցեղը եւ հայրենիքը) ու տեր կանգնենք մեր Հայք-Հայաստան աշխարհին՝ ինչպես մեր սեփական տանը: Արդյունքն իրեն ուշացնել չի տալու ինչպես անհատական, այնպես էլ ազգային հաջողությունների ասպարեզում:

Տրդատ Գրիգորյան

«Հայ-Արիական» ուսանողական եւ «Հայ-Արիներ» երիտասարդական ակումբների համակարգող

«Լուսանցք» թիվ 34 (380), 2015թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։