Բաքվի ահաբեկչությունը սահմաններ չունի – Բաքուն՝ հակահայկական – Բաքուն՝ հակաադրբեջանական – Բաքուն՝ միջազգային ահաբեկչական… Այժմ մե՛ր օգտվելու ժամանակն է եկել…

Բաքվի ահաբեկչությունը սահման չունի

Ինչպես հայկական, այնպես էլ միջազգային զլմ-ները արձագանքեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՄԱԿ-ի բարձր ամբիոնից հնչած ելույթին: Նշվում է, որ Հայաստանի նախագահը ցույց տվեց, որ Ադրբեջանն արդեն ոչ միայն սադրանքների միջոցով խախտում է հաստատված զինադադարը, այլեւ իրականացնում է ահաբեկչական քաղաքականություն՝ հրետակոծելով խաղաղ բնակչությանը, որի հետեւանքով կան զոհեր սահմանամերձ գյուղերի բնակիչների շրջանում:

ՀՀ նախագահը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից ցույց տվեց, որ տարածաշրջանային կայունության թիվ 1 սպառնալիքը Ադրբեջանն է ու որ իրականացնում է ահաբեկչական ու ֆաշիզմի քաղաքականություն,- ասել է ՀՀԿ մամլո խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա բավարար է գնահատել Հայաստանի քայլերը՝ վերջին շրջանում հայ-ադրբեջանական շփման գծում լարված իրավիճակից հետո: Բացի այդ, ըստ Հանրապետականների, Ադրբեջանը չի ցանկանում իրականացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններում առկա սկզբունքներն ու արհամարհում է միջազգային իրավունքը: Եվ ՄԱԿ-ում Հայաստանի նախագահը նաեւ ընդգծել էր, որ եթե միջազգային հանրությունը ի զորու չի լինի Ադրբեջանին պարտադրել խաղաղություն, ապա Հայաստանը, օգտվելով իրավական ու ռազմաքաղաքական իր իրավունքներից, ինքը կպարտադրի Ադրբեջանին խաղաղություն:

Սերժ Սարգսյանը իր ելույթում հաճախ էր «խուսափում» դիվանագիտական ձեւակերպումներից եւ նշեց անգամ, որ «խավարի դեմ պայքարում չկան մեծ ու փոքր պետություններ, մենք էլ խավարի դեմ պայքարում պատրաստ ենք լինել համաշխարհային կոալիցիայի անդամ»:

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եւս անդրադարձել է Ադրբեջանի վերջին շրջանի քաղաքականությանը: Նա տարբեր միջազգային ամբիոններից փաստել է, որ պաշտոնական Բաքուն ոչ միայն ահաբեկչություն է իրականացնում հայ քաղաքացիական բնակչության նկատմամբ, այլեւ հենց ադրբեջանցիների՝ սահմանափակելով իր քաղաքացիների խոսքի ազատությունն ու մարդկային ամենապարզ իրավունքները:  Այս առումով ծանրակշիռ հարված հասցրեց Ադրբեջանին Եվրախորհուրդը: ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը նախարարների կոմիտեին տեղեկացրել է Ադրբեջանում մարդու իրավունքների հարցերով համատեղ աշխատանքային խմբում ԵԽ մասնակցությունը կասեցնելու իր որոշման մասին: «Սկսած 2014թ. հոկտեմբերից, Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչները մասնակցում էին Բաքվում անցկացվող հանդիպումներին, որոնց նպատակը Ադրբեջանի իշխանությունների եւ հասարակության միջեւ երկխոսության վերականգնումն էր: Չնայած այդ նախաձեռնությանը, մարդու իրավունքների վիճակն, ընդհանուր առմամբ, այդ երկրում էապես վատացել է: Աճում է բանտարկված իրավապաշտպանների թիվը: Մենք տագնապեցնող տեղեկություններ ենք ստացել ազատազրկման վայրերում նրանց պահման պայմանների վերաբերյալ»…

Եթե այս ամենին ավելացնենք նաեւ այն փաստը, որ հարյուրավոր ադրբեջանցիներ են կռվում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության շարքերում, ապա հասկանալի կդառնա, թե դեպի ուր է ծավալում Բաքուն իր քաղաքականությունը: Ադրբեջանում եւս ԻՊ կառույցներ են ստեղծվում, անգամ հարեւան Վրաստանի Մարնեուլի ադրբեջանաբնակ շրջանում եւս ստեղծվում են իսլամական խմբեր: Թուրքիան Ստամբուլը դարձրել է ԻՊ-ին մատակարարող ահաբեկիչների կենտրոնական հավաքատեղի, ինչը, ցավոք, «վրիպում» է Արեւմուտքի գործիչների ու ՆԱՏՕ-ականների կողմից:

Բայց Ռուսաստանի հարվածները իսլամականների դիրքերին եւ Սիրիայի ցանկությունը՝ ռուսական ռազմաբազա ստեղծել իր տարածքում, կարող է շատ բան փոխել տարածաշրջանում: Իսկ ԻՊ-ի կազմում ահաբեկիչներ նախապատրաստող եւ փորձաշրջան անցկացնող Թուրքիան եւ Ադրբեջանը վտանգավոր են ոչ միայն Հայաստանի ու Իրանի, այլեւ Արեւմուտքի ու Ռուսաստանի համար: Եվրոպան եւ ԱՄՆ-ն սա արդեն զգացել են, իսկ Ռուսաստանի դեմ արդեն նախապատրաստվում են քայլեր իրականացնել ԻՊ-ի պատասխանատուները, ովքեր իրենց նպատակների համար կգործածեն ռուսաստանաբնակ ծայրահեղ մահմեդականներին…

Արման Դավթյան

Այժմ մե՛ր օգտվելու ժամանակն է եկել

Մոսկվան ամեն բան անում է, որպեսզի սիրիական հակամարտությունում կարողանա ամրապնդել Ռուսաստանի՝ գերտերություն լինելու փաստը: Սա Խորհրդային Միության փլուզումից հետո թերեւս լավագույն առիթն է ապացուցելու դա: Կովկասում եւ Միջին Ասիայում ռուսական նահանջ քայլերը սասանել են Մոսկվայի դիրքերը: Իսկ նախկին Մերձբալթյան հանրապետություններում ոչ մի «ոտքի տեղ» չկարողացավ պահպանել Ռուսաստանը: Եվ միայն Կալինինգրադի մարզի առկայությունը պահպանեց ռուսական դիրքերը Արեւելյան Եվրոպայում:

Բայց այսօր ռուսական կողմը Մերձավոր Արեւելքում ավելի մեծ հարց է փորձում լուծել, քան Սիրիային պաշտպանելն է: Իհարկե, Սիրիան կարեւոր երկիր է Ռուսաստանի համար, քանի որ այս տարածաշրջանում այլ դաշնակից չունի: Սիրիան Ռուսաստանի համար Մերձավոր Արեւելքում այնպիսի դեր ունի, ինչպես Հայաստանը Կովկասի տարածքում: Եվ հիմա քայլեր են արվում, որպեսզի այս դաշնակիցները գոհ մնան: Այստեղ կսրվեն նաեւ ռուս-ծայրահեղ իսլամական եւ ռուս-թուրքական հարաբերությունները, սակայն Մոսկվան կարծես հաշվի է առել այս հանգամանքները:

Թուրքիային նեղելով՝ Մոսկվան սիրաշահում է եւ իրենից գրեթե հիասթափված Հայաստանին, միաժամանակ թուլացնում է ՆԱՏՕ-ի դիրքերը տարածաշրջանում: Իսկ Թուրքիան ՆԱՏՕ-ի կենտրոնատեղին է Մերձավոր Արեւելքում եւ Կովկասում: Սիրիայի ընդդիմությանը նեղելով՝ այդ երկրի նախագահ Բաշար Ասադին հնարավորություն է տալիս ամրապնդել երկիրը եւ ԱՄՆ-Եվրոպա դաշինքին զուգահեռ մի նոր ռազմա-քաղաքական ուժի հնարավորությունները բացել արաբական երկրների համար:

Սիրիական բանակը ռուսական օդուժի ռմբահարումներից հետո ցամաքային գործողություններ է իրականացնում եւ փորձում է իր ենթակայության տակ վերցնել ինչպես սիրիական ընդդիմության, այնպես էլ «Իսլամական պետության» տիրապետության տակ հայտնված տարածքները: Իսկ Թուրքիան աղաղակելով դիմել է ՆԱՏՕ-ի պատասխանատուներին, որպեսզի կասեցնեն Մոսկվայի հետագա քայլերը: Անկարան նշել է, որ այլեւս թույլ չի տա ռուսական ռազմաօդային ուժերի ինքնաթիռների կողմից իր օդային տարածքի խախտում եւ թշնամական թիրախներ կոչնչացվեն: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բելգիա այցի ժամանակ ընդգծել է, որ երկրի սահմանների ցանկացած խախտում կնշանակի ՆԱՏՕ-ի սահմանների խախտում։ «Կարծում եմ՝ Ռուսաստանը չի ցանկանում փչացնել հարաբերությունները Թուրքիայի հետ»։ Նաեւ սպառնացել է, թե «Մոսկվան շատ բան կկորցնի, եթե զրկվի Անկարայի բարեկամությունից»: ՆԱՏՕ-ի խորհրդի շտապ ժողովի ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը նշել է, որ ռուսական ինքնաթիռների կողմից Թուրքիայի օդային տարածքի խախտումը նման չէ պատահականության: Պնդել է, որ Մոսկվան պիտի հարգի Թուրքիայի սահմանները:

Այսպես, Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում լարվածությունն արդեն հասնում է գագաթնակետին: Ավելին՝ Թուրքիայի իշխանությունները չեն թաքցնում դժգոհությունը՝ Սիրիայում Ռուսաստանի գործողությունների առիթով: Պնդում են, թե Հայաստանում եւ Սիրիայում իր ներկայությամբ Ռուսաստանը շրջափակում է Թուրքիան:

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 34 (380), 2015թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Նյութեր խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։