Հայորեն եւ հանուն Հայաստանի ապրելու ժամանակը – Ո՞րն է «իսկանդերային» քաղաքականության իրագործվելու գրավականը… Հայ-ռուսական հարաբերությունների հարաբերակցությունը…

Հայ-ռուսական բարեկամական, ռազմավարական, նաեւ տարաբնույթ գործընկերական հարաբերությունների մասին միշտ ենք խոսել, բայց այժմ, երբ Ռուսաստանը, համաշխարհային 2-րդ բեւեռն ամրացնելու նպատակով, նոր տարածաշրջանային խաղերի ու կանոնների է անցել, պետք է առավել հանգամանալից դիտարկել վերոնշյալ հարաբերությունները:

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթը հենց 2-րդ բեւեռի առաջատարի դիրքերից ելույթ էր, որտեղ նա պարզապես մեղադրեց Արեւմուտքին Մերձավոր Արեւելքում այս իրավիճակի համար: Սա՞ էր ձեր ուզածը. հնչեցրեց ՌԴ նախագահը եւ հասկացրեց, որ այսուհետ ոչ միայն ԱՄՆ-ն է միանձնյա որոշելու իր անելիքները համաշխարհային հարցերում, այլեւ՝ ՌԴ-ն: Եվ ասվածը հաստատվեց Սիրիայում՝ երբ ռուսական ռմբակոծիչները սկսեցին ռմբահարել «Իսլամական պետության» դիրքերը Սիրիայի տարածքում: Մոսկվան չմոռացավ նաեւ հիշեցնել, որ Արեւմուտքն առանց ՄԱԿ-ի եւ Սիրիայի համաձայնության է իրականացնում ռմբահարումները, ինչը միջազգային կարգի խախտում է, իսկ Ռուսաստանը Սիրիայի դիմումի համաձայն է գործում այդ երկրի տարածքում:

Հայ-ռուսական հարաբերություններին են առնչվում նաեւ այս հարցերը, քանի որ սիրիական ճակատում հաջողելու համար Մոսկվային անհրաժեշտ էր որոշակի շեղում այդ հարցից, ինչը կրկին հայ-ադրբեջանական հակամարտության բորբոքումը եղավ: Սա միայն ենթադրություն չէ: Հիշեցնենք, որ ուկրաինական ներքաղաքական հակամարտության ժամանակ, որը վերածվեց ռուս-ուկրաինական առճակատման, դարձյալ Արցախի հարցի խաղարկումը եղավ միջազգային հանրության կողմից սլավոնական ազգերի հակամարտության հանդեպ ուշադրությունը շեղելու գործոն…

Ադրբեջանական խաղաքարտը մի քանի անգամ գործածելու համար էլ պաշտոնական Մոսկվան գնաց հակահայ քայլերի՝ Ադրբեջանին վաճառեց զենք-զինամթերքի մեծ պաշարներ, այդ թվում՝ զանգվածային ոչնչացման զենքեր: Սա այլեւս հանդուրժել հնարավոր չէր, եւ հայությունը բացահայտ ցույց տվեց իր դժգոհությունը, որը մասամբ վերածվեց հակառուսական դրսեւորումների: Ինչը տրամաբանական էր: Անգամ պաշտոնատար անձինք չկարողացան զսպել իրենց դժգոհությունը:  Հերիք չէ, ՀԱՊԿ-ն չի պաշտպանում հայաստանյան շահերը տարածաշրջանում, հավասարի պես է վերաբերում ՀԱՊԿ-ական Հայաստանին ու հակա-ՀԱՊԿ-ական Ադրբեջանին, դեռ մի բան էլ՝ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանն է զենք վաճառում մեր թշնամում, որի հարվածներից հետո զանգվածաբար կսպանվեն հայեր՝ ինչպես ՀՀ-ում, այնպես էլ՝ ԼՂՀ-ում: Եթե սրան հավելենք նաեւ այն փաստը, որ ՀԱՊԿ անդամ Ղազախստանը, Թուրքմենստանն ու Ղրղզստանը նաեւ համաթուրքական դաշինքի անդամ են եւ պարտավորություններ ունեն պաշտպանելու Ադրբեջանին, ապա ՀԱՊԿ-ի դերը անգամ հակահայկական է դիտարկվում, քան՝ հայապաշտպան… Սրան էլ ավելացնենք Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան ռազմական դաշինքը, ըստ որի՝ մի երկրի վրա հարձակում լինելու կամ այդ երկրի կողմից հարձակման դեպքում պատերազմող կողմ են դառնում նաեւ մյուս երկրները…

Այս բոլոր վտանգներին դիմակայելու համար Երեւանը ճիշտ քաղաքական ուղի է ընտրել՝ փոխլրացնող քաղաքականությունը: Պաշտպանելով երկբեւեռ աշխարհի գոյությունը՝ պաշտոնական Երեւանը նաեւ կարողանում է խաղալ կողմերի հետ՝ կարողանալով նաեւ սեփական շահերը առաջ քաշել: Ավելին՝ Երեւանը Պեկինի հետ էլ է զարգացնում հարաբերությունները, որը ռուսական կողմին աջակցելուց բացի, մշտապես ձգտում է ձեւավորել համաշխարհային 3-րդ բեւեռ…

«Լուսանցք»-ը միշտ ողջունել է նման քաղաքականությունը, քանզի միայն այսպես է հնարավոր խուսափել որեւէ գերտերության ուղղահայաց հարվածներից: Միշտ պետք է յուրաքանչյուր բեւեռ, եթե դրանք լինեն անգամ 3-ը, իրենց շահերը գտնեն Հայաստանի տարածաշրջանային դիրքորոշումներում: Դժվար գործ է, բայց անչափ կարեւոր:

Մոսկվան սա եւս հասկացել է, քանի որ մի շարք իրադարձություններ հայ-ռուսական քաղաքա-տնտեսական կյանքում բացահայտեցին, որ մի քանի օրում հայաստանցիները կարող են դառնալ հակառուսական ուղղվածությամբ մարդիկ, որ չեն հանդուրժի անգամ ռուսական ռազմաբազայի գոյությունը մեր երկրում: Իսկ Ադրբեջանն ու Վրաստանը ինչքան էլ խոսեն բարեկամությունից եւ համագործակցությունից, դրանք Մոսկվային օգտակար չեն կարող լինել: Եվ Ռուսաստանը վերջնականապես դուրս կմնա այսպես կոչված Հարավային Կովկասից: Իսկ սա Մոսկվան չի ցանկանում, հատկապես, երբ հաջողել է Մերձավոր Արեւելքում զորքեր տեղակայել, ինչը երբեէ չէր հաջողվում: Հիշեցնենք, որ անգամ ԽՍՀՄ տարիներին դա չէր հաջողվում, ինչին ընդդիմանում էին ԱՄՆ-ն ու Եվրոպան: Խորհրդային Միությունը մի անգամ նման հնարավորություն ունեցավ, երբ սրվեցին կրկին իսրայելա-պաղեստինյան հարաբերությունները, եւ Մոսկվան պատրաստվում էր զորք ուղարկել Պաղեստին: Բայց Իսրայելը Մոսկվայի բանակցություններում կարողացավ հասնել այդ նպատակի կասեցմանը՝ գնալով զինադադարի ճանապարհով:

Հիմա հակառակ մի իրավիճակում է հայտնվել Մոսկվան, երբ ինքը պիտի կարողանա կազմակերպել զինադադարը: Իսկ դրա համար նախ առճակատում պիտի ստեղծել… Ինչը եւ եղավ: Մոսկվան երկու օգուտ քաղեց, նախ՝ Սիրիա մտնելու հարցում Արցախյան հակամարտությունը աշխարհին ընդդիմանալու ժամանակ չթողեց, երկրորդ՝ Կովկասում կրկին իր առկայության եւ ազդեցության մասին խոսել տվեց…

Հասկանալով, որ անգամ Հայաստանի պաշտպանության ոլորտի ռուսամետ մասնագետները չեն մարսում Ադրբեջանին զենք վաճառելու փաստը, ռուսական կողմը հայտարարեց «Ռուսաստանի «իսկանդերային» մարտավարության» մասին… Հարավային Կովկասում նման զենքի առկայությունը լուրջ վտանգ կդառնա մեր թշնամիների համար, եւ թուրքա-ադրբեջանական սարսափն ակնառու է: Ադրբեջանի իշխանությունները խուսափում են բացահայտ մեկնաբանել Երեւանի ու Մոսկվայի միջեւ 200 մլն. դոլարի նոր զինատեսակներ (այդ թվում՝ «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգեր) մատակարարելու պայմանավորվածությունը: Միայն Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Հիկմետ Գաջիեւն է խոսել այդ մասին: Նա նշել է, որ Բաքուն «վճռականորեն» ասել է, որ Երեւանին մատակարարվող զենքը չպետք է տեղակայվի Արցախում եւ ,իբր, այս հարցը ուսումնասիրվում է: Եթե այս զենքը տեղադրվի Ստեփանակերտում, ապա ընդամենը 10-11 վայրկյան կպահանջվի, որպեսզի Բաքուն հրաժեշտ տա ցամաքային կյանքին… Իզուր չէ երեւի այն խոսքը, որ վերջերս ասել է Արցախյան պատերազմի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ Կոմանդոսը. «Այսօր կարելի է ընդամենը 10 ռումբ նետել Ադրբեջանի վրա, որպեսզի այդ երկիրը այլեւս գոյություն չունենա…»:

Չնայած պետք է նշել, որ «Իսկանդեր-Մ» համակարգը շատ ավելի հեռահար հարվածող զենք է, քան արցախյան շփման գիծն է: «Իսկանդեր-Մ»-երից սարսափում է անգամ ՆԱՏՕ-ն, իսկ Կալինինգրադում նման համակարգերի տեղակայումը Արեւելյան Եվրոպայի երկրները համարում են սեփական խոցելիության խորհրդանիշ: Նույնն է պատկերը նաեւ մեր տարածաշրջանում: Ռուսաստանը այլ երկրների վաճառում է «Իսկանդեր-Է» համակարգեր, որի գործունեության շառավիղը 280 կմ է: Իսկ «Իսկանդեր-Մ»-ն միայն ռուսաստանյան բանակի համար է, դրա գործունեության շառավիղը 500 կմ է. Հայաստանը կարող է ստանալ 5 հատ այդ համակարգերից: Երեւանից մինչեւ Բաքու հեռավորությունը 500 կմ չի կազմում, այսինքն՝ Ադրբեջանի ամբողջ տարածքը հայտնվում է հայկական հրթիռների հասանելիության տարածքում: Այսինքն՝ Ստեփանակերտում չտեղադրելը եւս չի փրկում Ադրբեջանին, ինչն ակնհայտ է, եւ հասկանալի է, որ Արցախում տեղակայելու խնդիրը ավելի շատ քարոզչական է: Նշենք նաեւ, որ Ռ-500 տեսակի թեւավոր հրիթիռների կիրառության դեպքում «Իսկանդեր-Մ»-ի գործունեության շառավիղը կկազմի 2000 կմ, այսինքն կընդգրկի գրեթե ամբողջ Մերձավոր Արեւելքը, այդ թվում՝ Թուրքիայի տարածքն ամբողջությամբ:

Իսկ սա լուրջ հեռանկարային թեմա է մեզ համար: Բայց նաեւ հասկանալի է, որ այս համակարգերի մատակարարումը Հայաստանին ավելի շուտ նպատակամղած է տարածաշրջանում ստատուս քվոյի պահպանությանն ու ռուսական ազդեցության պահպանմանը:

Իզուր չէ, որ Բաքուն նոր խաղ է սկսել Մոսկվայի հետ: Ադրբեջանը չի բացառում, որ կարող է անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը: Երբեք մի ասա երբեք»,- ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: Բաքուն կենտրոնացած է եվրասիական դաշինքի երկրների հետ երկկողմ հարաբերությունները կարգավորելու գործով: Նույն կերպ է արտահայտվել նաեւ Անկարան: Իսկ Բաքուն պատրաստ էր անգամ Արցախի հակամարտության բորբոքումը հասցնել պատերազմի, եթե Մոսկվան պատերազմ սկսելու «դաբրո» տա:

Այնուամենայնիվ, ռուսական միակ ռազմաբազան Կովկասում եւ հարակից տարածաշրջանում Հայաստանում է: Եվ Մոսկվան չի կարող վտանգել իր շահերը: Առավել եւս, երբ հայաստանցիների մեծ մասը իրենց դժգոհությունների մեջ հստակ նշում են, թե ինչու է ՌԴ զինուժի ծախսերը շարունակում փոխհատուցել ՀՀ կառավարությունը: Մեր կառավարությունը կայացրել է որոշում՝ ազգային անվտանգության ծառայությանը ՀՀ պետբյուջեի պահուստային ֆոնդից 10.413.000 դրամ հատկացնելու մասին: Այս գումարը, ինչպես նշված է որոշման նախագծում, «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից ՀՀ տարածքում երկաթուղով իրականացվող միջպետական ռազմական փոխադրումների, երկաթուղային կայարաններում կատարվող սպասարկումների եւ մատուցվող ծառայությունների դիմաց 2015թ. 2-րդ եռամսյակում կատարված ծախսերի փոխհատուցման նպատակով» է: Իսկ որպես որոշման հիմք է վկայակոչվում կառավարության 2004թ. օգոստոսի 19-ի N 1177-Ն որոշումը: Այս որոշման մանրամասները, թեեւ հաստատված նախագծում չեն հրապարակվել, բայց, նշենք, որ վերաբերում են ՀՀ-ում տեղակայված ՌԴ զորամիավորումների երկաթուղային ծախսերի փոխհատուցմանը: Սա գաղտնիք չէ. ռուսական զորքերի այդ ծախսերը հայկական կողմն արդեն 11 տարի հոգում է:

Հարկ է նշել, որ 2004թ., երբ այս որոշումն ընդունվում էր եւ ՌԴ-ի հետ համապատասխան համաձայնագիր էր կնքվում, երկաթուղին դեռ ՀՀ կառավարության սեփականությունն էր: 2008թ. ՀՀ կառավարության հետ կնքված կոնցեսիոն պայմանագրով «Հարավկովկասյան երկաթուղի»-ն փոխանցվեց ռուսական կողմին, եւ այդ պահից ի վեր «Ռուսական երկաթուղիներ» ՓԲԸ-ի 100%-անոց դուստր ձեռնարկությունն է:

Այսինքն՝ արդեն 7 տարի շարունակ մեր երկիրն իր բյուջետային սուղ միջոցներից վճարում է ռուսական կազմակերպությանը ռուսական զինուժի ու ռազմական բեռների փոխադրման համար, իսկ փոխարենը արժանանում է այնպիսի պատասխանի, որ կարող է ճակատագրական լինել մեր երկրի ու ազգի համար: Ադրբեջանին վաճառված զանգվածային ոչնչացման զենքերը կարող են զանգվածային ավերումներ ու զոհեր պատճառել մեզ:

Այսպես պաշտոնական Մոսկվան փորձում է դեռ խաղալ երկու կողմերի՝ Հայաստանի ու Ադրբեջանի հետ, ինչն էլ պատճառ է դարձել վերոնշյալ «իսկանդերային» քաղաքականության համար: Եթե Ադրբեջանը այս վերջին սադրանքներն ու հարձակումները պատերազմի վերածեր, ապա ստիպված էր լինելու բանակցել նոր զինադադարի մասին, ինչի հետեւում, իհարկե, Ռուսաստանը կլիներ… Բայց Հայաստանի փոխլրացնող արտաքին քաղաքականությունը դեռեւս ի չիք է դարձնում Մոսկվայի այդօրինակ խաղերը:

Կտրուկ է արտահայտվել նաեւ պաշտոնական Ստեփանակերտը՝ հայտարարելով, որ ոչ մի դեպքում թույլ չի տա ոչ մի խաղաղապահ ուժի մտնել Արցախի տարածք: ԱՄՆ-ին դա պետք է, որպեսզի նաեւ ավելի մոտ լինի Իրանի հետ սահմանին: Իսկ ՌԴ-ին դա պետք է, որպեսզի ամրագրվի տարածաշրջանում ու իր ձեռքում պահի հայ-ադրբեջանական հարաբերությունները: Կարճ ժամանակ առաջ անգամ խոսք կար, թե Մոսկվան մտադիր է մի քանի ամսից զորք մտցնել Արցախ: Բայց դա այնքան էլ հեշտ բան չէ, Արցախը Վրաստան չէ…

Նաեւ հակառուսական տրամադրությունները ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում կասեցրին այդ մտադրությունը: Իսկ Սիրիայում հաջողված փորձը առժամանակ կհանգստացնի ռուսներին: Սակայն հայտնի չէ, թե ԱՄՆ-ի դիմակայությունից հետո այս հարցը ինչ լուծում կստանա եւ ինչպես կանդրադառնա Արցախի խնդրին: Այսպիսով՝ նաեւ հայ-ռուսական հարաբերություններին:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 34 (380), 2015թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։