Մեր հաշվին առաջացողները պիտի հատուցեն մեզ – Այսօրվա աշխարհակարգը եւ այն՝ ինչ հանարվոր է լինի վաղը… Պատերազմի մեջ՝ խաղաղություն ենք բաժանում…

Մեր հաշվին առաջացողները պիտի հատուցեն մեզ

Արեւմուտքը Վրաստանի միջոցով չկարողացավ լուրջ հակադրություն ստեղծել ռուս-վրացական ճակատում, ինչն աբխազական եւ հարավօսական թեմաները գրեթե սպառման հասցրեց Կովկասում: Վրացական բանակը բոլորովին անընդունակ եղավ որեւէ դիմադրություն, ապաեւ՝ դիմակայություն ցուցաբերել ռուսական զինուժին: Մի քանի ժամում պաշտոնական Թբիլիսին հրաժեշտ տվեց Աբխազիային եւ Հարավային Օսիային, քանի որ պատերազմը շարունակելու դեպքում կկորցներ նաեւ այլ տարածքներ՝ չնայած ամերիկյան ռազմական օժանդակությանը:

Այսպես Ռուսաստանը վերհիշեցրեց, որ Հարավային Կովկասում դեռ ինքն է թելադրող կողմ: Թվում էր՝ Աբխազիան եւ Հարավային Օսիան կմիավորվեն Ռուսաստանի հետ, սակայն դրան այդժամ պատրաստ չէր Մոսկվան: Նաեւ դրա կարիքը չկար, քանի որ փաստացի այդպես էլ կա՝ ռուսական զորքն է պահպանում աբխազական ու հարավօսական սահմանները: Թբիլիսին մի քանի անգամ փորձեր արեց կորցրածը ետ բերելու, սակայն չճանաչված անկախ երկրների սահմաններին հանդիպեց ռուսական զինուժի դիմակայությանը եւ կտրուկ հակահարվածներին:

Հասկանալով, որ վրացական գործոնը չի կարող հակառուսական ամուր հենարան լինել տարածաշրջանում, Արեւմուտքը բավարարվեց Վրաստանը Ռուսաստանից պոկելով եւ արեւմտյան քաղաքականության համար հենարան դարձնելով: Մոսկվան թերեւս մարսեց ռուս-վրացական կարճատեւ պատերազմի պտուղները եւ տարածաշրջանում այլ բախումներ առաջացնելու կարիք չզգացվեց:

Այլ բան էր ուկրաինական ճակատում: Մոսկվան Հարավային Կովկասում գտավ Ղրիմը Ռուսաստանին միավորելու լուծումը՝ կտրուկ բորբոքելով Արցախյան խնդիրը: Հասկանալով, որ Արեւմուտքը երկու ճակատով կռիվ չի տա, հայ-ադրբեջանական հակամարտությունը անցավ սահմանային բախումների ձեւաչափի… Մինչեւ ավարտվեց Ղրիմի վերամիավորման փաստաթղթային քաղաքականությունը: Հետո Մոսկվան ավարտված համարելով հարցը՝ հոխորտաց, թե Արցախի անկախության խնդիրը չի կարելի համեմատել Ղրիմի անկախացման հետ: Հետո ավելի առաջ գնաց, թե Ղրիմի վերամիավորումը Ռուսաստանին, չի կարելի համեմատել ՀՀ-ԼՂՀ վերամիավորման որոշումների հետ…

Այսինքն՝ մի կայսրություն, որ չունի բնածին ազգային հիմք եւ արհեստածին է նաեւ տարածքային բնույթով, ունի ավելի մեծ իրավունքներ՝ տարածքների զավթումը բնական համարելու, քան բնածին հայ ազգը՝ իր բնատուր հայրենիքի երկու հատվածները վերամիավորելու՞ համար:

Ցավոք, սա է այսօրվա աշխարհակարգը: Այն ոչ միայն ռուսական կայսրության համար է այդպիսին, այլեւ ամերիկյան ու եվրոպական կայսրությունների համար էլ այդպիսին է:  Ինչեւէ, Ղրիմի թեման Ռուսաստանը չմարսեց այնպես, ինչպես Աբխազիայինն ու Հարավային Օսիայինը: Եվ դա է պատճառը, որ Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները դեռ չմիացան Ռուսաստանին: Բայց սա ժամանակի հարց է, եթե աշխարհը շարունակի մնալ իր ներկա կարգերի շրջագծում: Մի բան էլ Արեւմուտքը կփախցնի Ուկրաինայից, եւ հարցը երկուստեք լուծված կհամարեն… Հենց դա էլ արվում է հիմա:

Արեւմուտքին նաեւ կբավարարի այն իրողությունը, որ սլավոնական դաշինքը հիմնավոր ու արմատական ճաք տվեց. ռուս-բելառուս-ուկրաինական անբաժան թվացող եռյակը այլեւս չկա……

Եվրոպական ու Եվրասիական միությունները աշխարհի վերաձեւման նոր քարտեզներ ունեն, ինչը մեկ անգամ չէ, որ իբր դուրս է սպրդել լայն քննարկումների համար, ինչը նաեւ այսօր է շարունակվում:

Այս առումով Ռուսաստանը մնացել է հին գործելաոճի մեջ:

Որպեսզի կարողանա զորքեր մտցնել Սիրիա, նաեւ ամրապնդվել Մերձավոր Արեւելքում, Մոսկվան կրկին բորբոքեց հայ-ադրբեջանական հակամարտությունը, այս անգամ այն աստիճանի, որ թվում էր՝ պատերազմի վերսկսումն անխուսափելի է:

Բաքուն ինչպես միշտ կատարեց Մոսկվայի գաղտնի հրահանգները՝ մտածելով, թե կհասնի որոշակի հաջողության: Սադրանքները եւ՛ Արցախի եւ՛ Նախիջեւանի եւ՛ բուն Հայաստանի Հանրապետության սահմանների ուղղություններով էլ եղան: Սակայն Բաքվի հույսերը ի չիք եղան ինչպես միշտ, քանի որ հայկական զինուժը պարզապես ճնշեց ադրբեջանական նկրտումները՝ հակահարվածների համարժեք եւ ավելի մեծ ծավալներ կիրառելով:

Ինչեւէ, այս համապատկերում Մոսկվան իր ռազմուժը հասցրեց տեղակայել Սիրիայում եւ այժմ հանգիստ է թողել հայ-ադրբեջանական սահմանները:

Սակայն Երեւանին հասկացրել են, թե Ռուսաստանին նոր ռազմական երաշխիքներ են պետք, որ Հայաստանը դեպի Սիրիա բեռնափոխադրումների տարանցիկ կենտրոն կդառնա:

Իհարկե, Հայաստանը դաշնակից երկիր է համարում Սիրիային եւ աջակցելը դեմ չէ հայկական քաղաքականությանը:

Բայց ինչ մնում է ռուսական քաղաքականության նկրտումներին, ապա դրանք այնքան էլ «սիրիական» չեն եւ, միանշանակ, կարող են հայերին (նաեւ տարածաշրջանի ու սփյուռքի) ներքաշել մեզ ոչ անհրաժեշտ ռազմական խաղերի մեջ:

Վաղուց է ապացուցվել, որ այդպիսի խաղերում Ռուսաստանը գրեթե միշտ լքել է իր դաշնակից Հայաստանին, եթե հայերին թշնամի Թուրքիան կամ Ադրբեջանը շահեկան տարբերակներ առաջարկեն…

Բազմիցս ենք նշել, որ ՀԱՊԿ-ն ավելի շատ մերձթուրքական-մերձադրբեջանական դիրքորոշումներ է արտահայտում, քան դաշնակից Հայաստանի շահերը պաշտպանող: Ավելին՝ ԱՊՀ եւ ՀԱՊԿ երկրների մի մասը նաեւ համաթուրքական դաշինքի անդամներ են եւ հակված են ՆԱՏՕ-ի հետ եւս հարաբերություններ հաստատելու: Եվ Ռուսաստանի հետ «կռիվ գնալը» վտանգավոր է, անվստահելի խնդիրներ շատ կան, իսկ դա կարող է կործանարար լինել Հայաստանի համար:

Երեւանը այլեւս պետք է ոչ միայն հավասարակշիռ փոխլրացնող քաղաքականություն կիրառի տարածաշրջանում, այլեւ պետք է նույն հավասարակշիռ դիրքերում լինի ռազմական քայլերի ժամանակ, ինչպես Կրեմլի, այնպես էլ Վաշինգտոնի ու Բրյուսելի հետ հարաբերություններում:

Ամեն դեպքում՝ չճանաչված Արցախում զորքեր տեղակայելու հարցը եւս հանգիստ չի տալիս Արեւմուտքին ու Ռուսաստանին:

Մի բան այստեղ հստակ է, Իրանը համաձայն է ռուսական զինուժի առկայությանը Սիրիայում, քանի որ դա ոչ միայն «Իսլամական պետության» դեմ պայքարի համար է, այլեւ՝ արեւմտյան ու թուրքական նպատակներին դիմակայելու: Այստեղ դեմ չէ նաեւ Չինաստանը, որը եւս գիտի համաթուրքական վտանգի արհավիրքների մասին:

Իսկ Արցախի պարագայում զորքերի տեղակայումը բոլորովին այլ բան է, այլ նպատակների համար…

ԱՄՆ-Եվրոպա ճակատը արդեն անհանգստանում է Սիրիայում ռուսական ներկայությունից եւ հայտարարել է, որ ռուսական ռազմանավերը ռմբահարում են նաեւ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ընդդիմադիր ուժերի դիրքերը: Իսկ Թուրքիան անհանգստացած է ռուսական ռմբակոծիչների կտրուկ գործողություններից, որոնք արդեն մի քանի անգամ խախտել են Թուրքիայի օդային սահմանները:

Անկարան նաեւ մտահոգված է, որ Ռուսաստանը իր սահմաններին երկու ռազմական հենակետ ունի՝ Հայաստանում, հիմա էլ Սիրիայում, եւ կարծես շրջապատում է Թուրքիան:

Իրանի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը, ողջունելով Սիրիայի ահաբեկիչների դեմ Ռուսաստանի կողմից ռազմական գործողությունների սկսումը, նշել է. «Իրանը տարածաշրջանի անվտանգությանն ու խաղաղությանը սպառնացող ահաբեկչության դեմ իրական ու հիմնավոր միջազգային պայքարը համարում է անհրաժեշտ քայլ: Պաշտպանում է ահաբեկիչների դեմ Ռուսաստանի իրականացրած ռազմական գործողությունները եւ դրանք համարում տարածաշրջանում առկա ճգնաժամի հաղթահարմանն ուղղված քայլ»:

Բայց հստակ է, որ պաշտոնական Թեհրանը դեմ է արտահայտվել իր հարեւանությամբ գտնվող Արցախում միջազգային որեւէ զորամիավորման տեղակայմանը, քանի որ դրանք կարող են հարվածել նաեւ Իրանին:

Հիշեցնենք, որ Իսրայելը Ադրբեջանում է տեղակայել իր անօդաչու թռչող սարքերի ռազմաբազան…

Արցախում միջազգային զորքերի տեղակայմանը դեմ են նաեւ պաշտոնական Երեւանն ու Ստեփանակերտը՝ համարելով, որ նույնիսկ խաղաղապահ ուժեր անվանմամբ զորքերը իրականում կբորբոքեն կրքերը եւ կխախտեն խաղաղությունը: Խաղաղապահ կոչված ուժերը, ի վերջո, այս կամ այն ռազմա-քաղաքական բեւեռի ցանկությամբ են տեղակայվելու:

Պատվիրված սադրանք տեղի չի ունենա միայն հայկական զինուժի՝ իր տարածքները պաշտպանելու ժամանակ:

Հայկ Թորգոմյան

Պատերազմի մեջ՝ խաղաղություն ենք բաժանում

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խաղաղապահական գործողությունների հարցերով օգնական Էդմոն Մյուլեին: Վերջինս կարեւորել է ՄԱԿ-ի առաջնորդող դերակատարությունը աշխարհում խաղաղության եւ անվտանգության պահպանման գործում՝ ընդգծելով, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս խաղաղապահությանն իր ներգրավվածությանն ու հետեւողականորեն ամրապնդում է համապատասխան կարողությունները:

Էդմոն Մյուլեն արձանագրել եւ ընդգծել է, որ աշխարհում հակամարտությունների թվի աճին զուգընթաց ավելացել է խաղաղապահ առաքելությունների անհրաժեշտությունը: Անդրադարձ է արվել խաղաղապահ առաքելություններում Հայաստանի մասնակցությանը։ Այդ համատեքստում ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյան բարձր է գնահատել Հայաստանի ներդրումը տարբեր երկրներում խաղաղության աջակցության ուժերին։ Նախարար Նալբանդյանն էլ նշել է, որ նախկինում ու ներկայում խաղաղապահ առաքելություններին Հայաստանի մասնակցության աշխարհագրությունը՝ Կոսովո, Իրաք, Աֆղանստան, Լիբանան, Մալի, վկայում է այն կարեւորության մասին, որ տալիս է Հայաստանը աշխարհում խաղաղության պահպանմանը։ Շեշտել է, որ Հայաստանը շնորհակալ է Միացյալ Նահանգներին, Հունաստանին, Իտալիային եւ Գերմանիային՝ Հայաստանի խաղաղապահ կարողությունների զարգացմանը ցուցաբերված աջակցության համար:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի նախագահության առաջնայնություններից է կառույցի խաղաղապահ կարողությունների զարգացումը, ինչի առումով մեր նախարարը կարեւորել է ՀԱՊԿ-ի փոխգործակցությունը ՄԱԿ-ի խաղաղապահության տնօրինության հետ՝ 2012թ. ստորագրված հուշագրի շրջանակներում:

Քննարկվել են նաեւ Նյու Յորքում ս.թ. սեպտեմբերի 28-ին կայացած Խաղաղապահության հարցերով առաջնորդների գագաթաժողովի արդյունքները։

Այդ համապատկերում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը կարեւորել է Հայաստանի նախագահի մասնակցությունը վերոհիշյալ գագաթաժողովին, որտեղ Սերժ Սարգսյանը հանդես եկավ ընդարձակ եւ հայաբնույթ ելույթով։

«Լուսանցք» թիվ 34 (380), 2015թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։