Հայ արիները նշեցին Տիրատոնը (Տիր Աստծո տոնը) – Տիր Աստծո պաշտամունքը պահպանվել է նաեւ Սկանդինավյան երկրներում եւ այլուր…

Հոկտեմբերի 13-ին հայ արիները նշում են վերականգնված եւս մեկ տոն, այն է՝ Հայոց իմաստության Աստված Տիրի տոնը՝ Տիրատոնը: Հայ Արիական Միաբանության ներկայացուցիչները քրմեր Արմոգի, Արամի եւ Արեգի հետ այցելեցին Զվարթնոցի տաճար, որտեղ ցայսօր էլ պահպանվում են Տիր Աստծու տաճարի մասնիկները: Նրանք փառաբանեցին Հայոց իմաստության Աստծուն: Իսկ ծիսական արարողությունն անցկացնելու համար հայ արիները եղան Էրեբունի ամրոցի տարածքում՝ կրակի վառման ծեսով ու գինեձոներով փառաբանեցին Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին:

Հայ արիները քրմական ծեսով նշեցին նաեւ քաղաքամայր Երեւանի (Էրեբունի-Երեւանի) ծնունդն ու տոնը եւ շուրջ 2800-ամյա մեր մայրաքաղաքին մաղթեցին լինելու Ոստանը՝ Միացյալ Հայաստանի:

Հայ արիականների մի խումբ էլ տոնական օրն անցկացրեց ՀԱՄ կենտրոնական գրասենյակում՝ տոնական սեղանի շուրջ եւ ծիսական ձոներգերի ու գինեձոների ընկերակցությամբ…  

Տիր Աստվածը նաեւ գիտության ու դպրության, գիր-գրականության, արվեստի ու արհեստների, հայոց մշակույթի եւ ավանդույթ-սովորույթների պահապան Աստվածն է, ինչի համար այդ տոնը նշում են բազմաթիվ ոլորտների ազգային մտածողությամբ հայեր, եւ ոչ միայն հայեր: Մենք հայտնել ենք, որ Տիր Աստծու պաշտամունքը կա նաեւ Սկանդինավյան երկրներում, այն եղել է դեռ վիկինգների հզորացման ժամանակ: Այստեղ Տիրը պաշտվում է որպես ռազմի Աստված՝ մեկ այլ գործառույթով, որը Հայոց Աստվածային Համակարգում Վահագնին է տրված:

Տարբեր բնագավառներում Հայոց իմաստության Աստծո պաշտամունքը դրսեւորվում է նաեւ մեր օրերում՝ այլ ձեւակերպումներով: Այսօր Հայաստանում, հոկտեմբերի 2-3-ին նշվում է ուսուցիչների տոնը, ովքեր իմաստության առաջին քարն են դնում գալիք սերնդի ճակատագրին ընդառաջ՝ յուրաքանչյուր աշակերտի տալով հիմնարար գիտելիքներ՝ հայրենիքին ու ազգին սրբորեն ծառայելու համար: Այս համատեքստում է դիտարկվում նաեւ հոկտեմբերի 7-ին նշվող «րադարանավարի օր» տոնը, որը յուրօրինակ հարգանքի ու մեծարման դրսեւորում է ոլորտի աշխատակիցների նկատմամբ: Այս օրերին է նշվում են տոներ նաեւ միջազգայնորեն, որ անմիջական կապ ունեն Տիրի գործառույթների հետ՝ «Կենդանիների պաշտպանության համաշխարհային օր»-ը՝ ինչը ընդգծում է վայրի բնություն անաղարտության ու պաշտպանության կարեւորությունը, ինչպեսեւ՝ «Տարեցների միջազգային օր»-ը, երբ ավագ եւ ավելի իմաստնացած սերնդի նկատմամբ հարգանքի տուրք է մատուցվում…

Ասել ենք ու կասենք, որ մեր թշնամիները լավ են ընկալել Տիր Աստծու խորհուրդը եւ, ըստ պատմիչ Ագաթանգեղոսի, առաջինը քանդել են Նրա տաճարը… Հիմնահատակ ավերել ու ոչնչացրել են հայոց միտքը եւ իմաստությունը՝ արարչականության ու աստվածայինի ընկալումը ոչնչացնելու, մարդկյային օրենքներում Տիեզերակարգի պահպանումը կասեցնելու համար… Ինչը, ցավոք, որոշակի հաջողել են:

Տիրատոնին հայ արիները դիմեցին նշյալ խորհուրդները պահպանող Տիր Աստծուն, որ Նա դառնա դեպի ազգը, իմաստությամբ օժտի հայորդիներին, որ ազգը վերհառնվի ու վերագնահատի հայոց արժեհամակարգը: Որ հայն իմաստնանա այնքան, որպեսզի զգա իր արմատի ու արյան զորությունը, գենետիկ-ծինաբանական ինքնությունն ու էությունը:

Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոն       

13.10.2015թ. – Երեւան / Զվարթնոց-Էրեբունի

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։