Հայկական խոհանոց – Խոզի միսը՝ սպանախով ու կարտոֆիլով… Աշխարհի մարզական հեւքից.- Մի՞ թե գահավիժում է հայկական ֆուտբոլը – Ֆուտբոլի ֆանատները պահանջներ են ներկայացրել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին… Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից… Կարդացեք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – («Հայկական խոհանոց» խորագիրը վարում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

- Խոզի միսը՝ սպանախով ու կարտոֆիլով

Բաղադրությունը - Խոզի միս – 0.5 կգ, կարտոֆիլ – 0.5 կգ, սպանախ – 2 կապ, աղ, կարմիր պղպեղ, չոր ծիտրոն:

Պատրաստման եղանակը - Միսն ու կարտոֆիլը կտրատել մոտավորապես 25 գրամական չափերի: Միսը եփել մեկ սուրճի բաժակ ջրով: Հենց եռա, կարտոֆիլը լցնել վրան, բերանը փակել: Հենց եփվի, աղով ու պղպեղով եւ ծիտրոնով համեմել: Վերջում վրան լցնել սպանախի կտրտած տերեւները եւ մատուցել:

* * *

Աշխարհի մարզական հեւքից –

Մի՞ թե գահավիժում է հայկական ֆուտբոլը

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այս պահին գերադասում է մեկնաբանություններ չկատարել՝ կապված այն լուրերի հետ, որ Հայաստանի ազգային հավաքականի 4 ֆուտբոլիստներ 500 հազար-ական եվրո են ստացել ալբանացիներին խաղը հանձնելու դիմաց: ՀՖՖ-ն ուսումնասիրություններ կկատարի եւ կփորձի պատկերացում կազմել կատարվածի մասին, որից հետո հանդես կգա հայտարարությամբ»,- այս մասին գրում է «Սպորտ Էքսպրես»-ը: ՀՖՖ-ն, պատասխանելով հարցմանը, շեշտել է նաեւ, որ դա կանի մոտ ժամանակներս: ՈւԵՖԱ-ն, իր հերթին, չի բացառում, որ Հայաստանն ու Ալբանիան պայմանավորվել են: Այս մասին հայտնում են սերբական եւ ալբանական զլմ-ները: «Քանի որ լրատվամիջոցներում շատ հաղորդումներ կան, ՈւԵՖԱ-ն կմասնակցի այդ խաղի հետաքննությանը,- հայտարարել է ՈւԵՖԱ-ի պաշտոնյա Դուշան Մարավիչը:- Պատվիրակներն ու մրցավարները պետք է հաշվետվություններ ներկայացնեն, որոնցում կպատասխանեն այն հարցին, թե արդյոք ինչ-որ կասկածելի բան եղե՞լ է այդ խաղում: Ծուխն առանց կրակի չի լինում: Այդ իսկ պատճառով գործը պետք է սկսվի»: Սերբական զլմ-ների տեղեկությունների համաձայն՝ 3 պաշտպաններ ու դարպասապահը (ով բոլորի անունից հանդես է եկել հերքող հայտարարությամբ) խաղից առաջ 500 հազարական եվրո են ստացել ալբանացիներից (2 մլն.)՝ խաղը հանձնելու համար: Ալբանիայի ընտրանին հաղթել է 3:0 հաշվով եւ իր պատմության ընթացքում առաջին անգամ դուրս եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ: Հիշեցնենք, որ Հայաստանի դարպասին առաջին 2 գոլերը գրանցվել են որպես ինքնագոլ՝ հայ ֆուտբոլիստների «ջանքերով», եւ միայն վերջին գոլն է գրանցվել ալբանացի ֆուտբոլիստի անվամբ…

«ՈւԵՖԱ-ն ուշադիր հետեւում է իր անդամ 54 երկրների ազգային հավաքականների եւ առաջնությունների խաղերին: Դա մոտ 32 հազար խաղ է տարեկան: Եթե մենք դրանց հետ կապված որեւէ կասկած ենք ունենում, ապա սկսում ենք հետաքննություն անցկացնել: Դա վերաբերում է նաեւ ձեր մատնանշած հանդիպմանը»,- այսպես է ՈւԵՖԱ-ն կիսապաշտոնապես պատասխանել սերբական լրատվամիջոցներին: Դեռեւս պաշտոնական հայտարարություն չի եղել Հայաստան-Ալբանիա խաղը հետաքննելու կապակցությամբ, քանի որ սերբական կողմը ծանրակշիռ փաստեր եւ ապացույցներ չի ներկայացրել:

Ո՞վ է մեղավոր շարունակվող ձախողումների համար

Թե ինչ կպարզեն հետաքննության արդյունքները, կսպասենք, բայց մի բան հստակ է՝ հայկական ֆուտբոլը գահավիժում է: Այն հավաքականը, որը մի քանի տարի առաջ կարող էր մասնակցել Բրազիլիայի աշխարհի առաջնությանը (վերջին խաղում մրցավարական կոպիտ կամ միտումնավոր սխալը եղավ չմեկնելու պատճառը), շուրջ 2 տարի չի կարողանում պաշտոնական խաղերում հաղթանակ տոնել:

Մեր ֆուտբոլի հավաքականը լիովին ձախողվեց Եվրո-2016-ի ընտրական փուլում: Մեր հավաքականը 8 խաղերում վաստակեց ընդամենը 2 միավոր եւ 5 թիմերի մեջ զբաղեցրեց վերջին տեղը: Հիասթափությունն էլ ավելի է մեծանում, երբ գումարվում են նաեւ ընկերական խաղերը: Հայաստանի հավաքականն այստեղ էլ արդեն 13 խաղ շարունակ չի կարողանում ճաշակել հաղթանակի բերկրանքը, ինչը հակառեկորդ է համարվում:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը թիմի ձախողման համար մեղադրել է միմիայն իրեն, ինչը հարցի լուծում չէ: Այդպես հեռացավ նաեւ նրանից առաջ եղած շվեյցարացի մարզիչը: Իսկ վերոնշյալ հաջողակ թիմի մարզչական կազմը կարողացավ այս նույն ֆուտբոլիստներից հաղթանակող թիմ ձեւավորել, ինչը հիմա չես ասի, քանի որ բոլորովին այլ թիմ է կարծես խաղադաշտում:

Ցավալի է, բայց Հայաստանի ազգային հավաքականին այս վատ իմաստով հետեւում են նաեւ մինչեւ 19 եւ 21 տարեկանների հավաքականները: Դեռ պիտի զարգացնեն իրենց հնարավորությունները նաեւ Հայաստանի կանանց ֆուտբոլի հավաքականի մարզուհիներն ու մեր ֆուտզալի թիմերը:

Ֆուտբոլի ֆանատները պահանջներ են ներկայացրել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին

Հայկական առաջին ճակատ (FAF) ֆուտբոլի ֆանատների շարժումն պահանջներ է ներկայացրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին: «Մեր առաջին պահանջն է հավաքական հրավիրել պրոֆեսիոնալ մարզիչ արտերկրից: Հավաքականը փորձարկումների դաշտ չէ: Հաջորդ պահանջը վերաբերում է հավաքական հրավիրվող ֆուտբոլիստներին: Մեր պահանջն է հավաքական հրավիրել Արտակ Դաշյանին, Մաուրո Գեւգեոզյանին, Դենիս Թումասյանին, Արթուր Եդիգարյանին եւ այլոց: Երրորդ` պահանջում ենք, որ Ռուբեն Հայրապետյանը վերանայի խաղերի տոմսերի գինը, որոնք շատ բարձր են` ելնելով մեր սոցիալական վիճակից»,- կազմակերպված մամուլի ասուլիսում այդպիսի պահանջներ ներկայացրեց FAF-ի հիմնադիր նախագահ Սերգեյ Ջանջոյանը:

Սակայն լրագրողների այն հարցերին՝ արդյո՞ք ՀՖՖ-ի ղեկավարությունը մեղավոր չէ մեր տարբեր հավաքականների խայտառակ ելույթների, ակումբային ֆուտբոլի ներկայիս խղճուկ վիճակի համար, ֆաների առաջնորդն ասաց. «Մենք Ալբանիայի հետ խաղում կազմակերպեցինք ակցիա եւ պահանջեցինք մարզիչ: Մեր երկրորդ գործողությունն այսօրվա մամուլի ասուլիսն է` պահանջներով ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին: Մեր երրորդ քայլը` պահանջներին տեր կանգնելն է: Դրանք չկատարելու դեպքում մենք կդիմենք այլ քայլերի, բայց չենք ցանկանում բացել փակագծերը»- եզրակացրեց ֆուտբոլի ֆանատը:

Ֆուտբոլային մրցավարները չեն կանխում խախտումները

Կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը: Այս անգամ ԿԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել հիմնականում մանկապատանեկան թիմերը: Մասնավորապես, «Բանանց-2-02», «Ադանա-01», «Փյունիկ-2-01», «Գանձասար-01», «Արտաշատ-2000» եւ «Փյունիկ-Մրգաշատ-2000» թիմերի մարզիչները Հայաստանի առաջնության խաղերի ժամանակ կատարել են 6-ական փոխարինումներ, ինչն արգելված է կանոնակարգով: Դրանք համակարգող ակումբները տուգանվել են 1000-ական դրամով:

Սակայն ուշագրավն այն է, որ պատանեկան մարզիչների թույլ տված բացթողումները չեն նկատում խաղերը սպասարկող մրցավարները, որոնք ի պաշտոնե պարտավոր են կանխել բոլոր խախտումները:

Կայացավ ֆուտբոլի ազգային առաջնության 10-րդ փուլը

Մրցանակային տեղերի համար պայքարող Գյումրիի «Շիրակ»-ը հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց Երեւանի «Միկային»: Միակ գոլը 44-րդ րոպեին խփեց հյուրերի կոտդիվուարցի հարձակվող Կոնան Օդիլոն Կուակուն: Մրցաշարի ետնապահ Երեւանի «Ուլիս»-ը սեփական դաշտում ընդունեց առաջատարներից մեկին՝ Կապանի «Գանձասար-Կապան»-ին՝ գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0:0: Մյուս երկու հանդիպումները կկայանան հոկտեմբերի 18-ին: Առաջնության առաջատար «Ալաշկերտ»-ը սեփական դաշտում կընդունի «Բանանց»-ին, որը օրերս մարզիչ է հրավիրել Իսպանիայից: Հանրապետության չեմպիոն «Փյունիկ»-ը իր հարկի կհանդիպի «Արարատ»-ի հետ:

Լեւոն Արոնյանը չդիմացավ կայծակնային արագությանը

Բեռլինում կայացած կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում Հայաստանի պատվիրակներին չհաջողվեց մրցանակային որեւէ տեղ զբաղեցնել: Դրան առավել մոտ էր Լեւոն Արոնյանը, ով 16 փուլից հետո 11,5 միավորով ընթանում էր 3-րդ հորիզոնականում: Սակայն հաջորդ խաղերում մեր ուժեղագույն շախմատիստը պարտություն կրեց թույլ մրցակիցներից եւ առաջնությունն ավարտեց 11-րդ տեղում:

Մեր մյուս շախմատիստներից Տիգրան Լ. Պետրոսյանը եւ Հրանտ Մելքումյանը 12,5-ական միավորով զբաղեցրին համապատասխանաբար 27-րդ եւ 31-րդ տեղերը: Նրանցից կես բալ քիչ վաստակած Սերգեյ Մովսեսյանն առաջնությունն ավարտեց 46-րդ տեղում: Մեր ամենատարեց շախմատիստը՝ Վլադիմի Հակոբյանը, ցույց տվեց 10,5 միավոր արդյունք եւ ի վերջո զբաղեցրեց 93-րդ տեղը: Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը, ով կես միավորով առաջ անցավ 2-3-րդ տեղերը գրաված ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավից եւ աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկից:

Շախմատի երեւանյան առաջնությունում՝ մրցանակային տեղեր

Ավարտվեց Երեւանում կայացած շախմատի համալսարանական թիմերի Եվրոպայի առաջնությունը: Պարգեւտարման հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով կարեւորել է երեւանյան առաջնության կայացումը. «Սա Հայաստանի նախաձեռնությունն էր՝ անցկացնել Եվրոպական համալսարանական շախմատի 1-ին առաջնությունը: Իհարկե, հավակնոտ նախաձեռնություն էր՝ հաշվի առնելով, որ մենք բոլորովին վերջերս ենք անդամակցում Եվրոպական համալսարանական մարզական ասոցիացիային: Բայց միանգամից հանդես եկանք մեր առաջարկով: Ի ուրախություն մեզ, առաջարկն ընդունվել էր: Իսկ շախմատը Հայաստանի ազգային հպարտության բնութագրիչներից մեկն է»:

Տղաների թիմային պայքարում 1-ին տեղը գրավել է Ռուսաստանի Ուրալի պետական համալսարանի թիմը, 2-րդ տեղում՝ Հայաստանի Ֆիզիկական կուլտուրային հայկական պետական ինստիտուտի թիմն է եւ 3-րդ տեղում՝ Լեհաստանի՝ Վարշավայի պետական համալսարանի թիմը: Մրցաշարին մասնակցել են 9 երկրի 25 համալսարանական թիմեր, ընդհանուր առմամբ՝ 82 պատվիրակներ, որոնցից 67-ը՝ մարզիկներ:

Շախմատի համալսարանական թիմերի Եվրոպայի հաջորդ առաջնությունը տեղի կունենա 2 տարի հետո՝ Իսպանիայում:

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարներով՝ (0.10) 52-38-75 եւ (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝ 52-53-01

«Հայփոստ»՝           51-45-01               «Հայմամուլ»՝   58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ

6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ

3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ

1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 34 (380), 2015թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։