Վերականգնված ազգային տոն՝ Տիրատոն – Հեթանոս արիադավան հայերը փառաբանեցին Տիր Աստծուն ու նաեւ շուրջ 2800-ամյա քաղաքամայր Երեւանի (Էրեբունի-Երեւանի) ծնունդն ու տոնը… Քրստտոնյա սպասավորները բանակում հոգեւոր ծառայության դիմաց գումար կստանան… Թուրքերը հաշտվե՞լ են, թե՞ չեն հասկացել հայ պատանու երգը… Փոքրիկ հայուհին հաղթել է Թուրքիայում կայացած գեղեցկության մրցույթում…

Վերականգնված ազգային տոն՝ Տիրատոն

Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոնից «Լուսանցք»-ին տեղեկացրել են, որ հոկտեմբերի 13-ին հայ արիները նշել են իրենց կողմից վերականգնված եւս մեկ Աստվածային տոն՝ Հայոց իմաստության Աստված Տիրի տոնը՝ Տիրատոնը:

ՀԱՄ ներկայացուցիչները քրմեր Արմոգի, Արամի եւ Արեգի հետ այցելել են Զվարթնոցի տաճար, որտեղ ցայսօր էլ պահպանվում են Տիր Աստծու տաճարի մասնիկները: Նրանք փառաբանել են Հայ Աստծուն:

Ծիսական արարողությունն անցկացնելու համար հայ արիները այցելել են Էրեբունի ամրոցի տարածք եւ կրակի վառման ծեսով ու գինեձոներով փառաբանել Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին:

Արի հայերը քաղաքամայր Երեւանի (Էրեբունի-Երեւանի) ծնունդն ու տոնը եւս նշել են քրմական ծեսով՝ մաղթելով շուրջ 2800-ամյա մեր մայրաքաղաքին լինելու Ոստանը Միացյալ Հայաստանի:

Հայ արիականների մի մասն էլ տոնական օրն անցկացրեց Հայ Արիական Միաբանության կենտրոնական գրասենյակում՝ տոնական սեղանի շուրջ եւ ծիսական ձոներգերի ու գինեձոների ընկերակցությամբ:

Տիր Աստվածը նաեւ գիտության ու դպրության, գիր-գրականության, արվեստի ու արհեստների, հայոց մշակույթի եւ ավանդույթ-սովորույթների պահապան Աստվածն է, ինչի համար այդ տոնը նշում են բազմաթիվ ոլորտների ազգային մտածողությամբ հայեր, եւ ոչ միայն հայեր: Ըստ հայ արիների ուսումնասիրությունների, Տիր Աստծու պաշտամունքը կա նաեւ Սկանդինավյան երկրներում (տե՛ս 2-րդ լուսանկարը), այն եղել է դեռ վիկինգների հզորացման ժամանակ: Բայց աստեղ Տիրը պաշտվում է որպես ռազմի Աստված՝ մեկ այլ գործառույթով, որը Հայոց Աստվածային Համակարգում Վիշապաքաղ Վահագնին է տրված:

Տարբեր բնագավառներում Հայոց իմաստության Աստծու պաշտամունքը դրսեւորվում է նաեւ մեր օրերում՝ այլ ձեւակերպումներով: Այսօր Հայաստանում, հոկտեմբերի 2-3-ին նշվում է ուսուցիչների տոնը, ովքեր իմաստության առաջին քարն են դնում գալիք սերնդի ճակատագրին ընդառաջ, յուրաքանչյուր աշակերտի տալով հիմնարար գիտելիքներ՝ հայրենիքին ու ազգին սրբորեն ծառայելու համար:

Այս համատեքստում է դիտարկվում նաեւ հոկտեմբերի 7-ին նշվող «Գրադարանավարի օր» տոնը, որը յուրօրինակ հարգանքի ու մեծարման դրսեւորում է ոլորտի աշխատակիցների նկատմամբ:

Այս օրերին նշվում են նաեւ միջազգային տոներ, որ անմիջական կապ ունեն Տիրի գործառույթների հետ՝ «Կենդանիների պաշտպանության համաշխարհային օր»-ը՝ ինչն ընդգծում է վայրի բնություն անաղարտության ու պաշտպանության կարեւորությունը, ինչպեսեւ՝ «Տարեցների միջազգային օր»-ը, երբ ավագ եւ ավելի իմաստնացած սերնդի նկատմամբ հարգանքի տուրք է մատուցվում…

Ասել ենք ու կասենք, որ մեր թշնամիները լավ են ընկալել Տիր Աստծու խորհուրդը եւ, ըստ պատմիչ Ագաթանգեղոսի, առաջինը քանդել են Նրա տաճարը… Հիմնահատակ ավերել ու ոչնչացրել են հայոց միտքը եւ իմաստությունը՝ արարչականության ու աստվածայինի ընկալումը ոչնչացնելու, մարդկային օրենքներում Տիեզերակարգի պահպանումը կասեցնելու համար… Ինչը, ցավոք, որոշակի հաջողել են:

Տիրատոնին հայ արիները դիմեցին նշյալ խորհուրդները պահպանող Տիր Աստծուն, որ Նա եւս դեմքով շրջվի դեպի ազգը, իմաստությամբ օժտի հայորդիներին, որպեսզի ազգը վերհառնվի ու վերագնահատի հայոց արժեհամակարգը: Որպեսզի հայն իմաստնանա այնքան, որ զգա իր արմատի ու արյան զորությունը, գենետիկ-ծինաբանական ինքնությունն ու էությունը:

Վարձատրվող հոգեւոր ծառայություն

Մեր ԶՈՒ-ում հոգեւոր ծառայություն իրականացնող Հայաստանյայց առաքելական եկեղեցու սպասավորները այդ ծառայության դիմաց գումար կստանան: Երեկ գործադիրի նիստում հաստատվեց այդ ծախսերի չափը: 

ԶՈԻ հոգեւոր ծառայության առաջնորդը ամսական կստանա 300 հազ., փոխառաջնորդը՝ 225 հազ. դրամ:

Զորամիավորման հոգեւոր ծառայության առաջնորդը՝ ընտանիքի մինչեւ 4 անդամ կազմով, 200 հազ., իսկ եթե ընտանիքի անդամները 4 եւ ավելի են, ապա՝ 225 հազ դրամ կստանա:

1-ին կարգի զորամասի հոգեւոր ծառայության սպասավորի, ընտանիքի մինչեւ 4 անդամ կազմով, ամսական վարձատրության չափը կլինի 165 հազ. դրամ, եւ 200 հազ. դրամ, եթե ընտանիքի անդամների թիվը 4 եւ ավելի է:

2-րդ կարգի զորամասի հոգեւոր ծառայության սպասավորը կստանա 150 հազ. դրամ, եթե մինչեւ 4 հոգանոց ընտանիք ունի, իսկ 4-ից ավելիի դեպքում՝ 175 հազ. դրամ:

Կփոխհատուցվի նաեւ հոգեւոր սպասավորների բնակվարձի գումարը:

Թուրքերը հաշտվե՞լ են, թե՞ չեն հասկացել…

Շիրակի մարզի Անիպեմզա համայնքի 10-ամյա բնակիչ Համբարձում Թառլանյանը Թուրքիայի Մարմարա քաղաքում տեղի ունեցած «Ապագայի աստղերը – 2015» միջազգային համերգ-փառատոնի մրցանակակիր է դարձել:

Հետաքրքիր է, որ հայ պատանին կատարել է ազգային-ազատագրական երգ՝ «Ախ էն երկրի հողին մատաղ, / Պիտի՛ գնանք վաղ թէ ուշ, / Սիրով լինի, սրով լինի, / Պիտի՛ գնանք վաղ թէ ուշ, / Արարատի գլխին դրոշ պիտի լինի, վաղ թե ուշ»…

Համբարձումի մեդալը եւ հուշանվերը հանձնել է փառատոնի ժյուրիի՝ Թուրքիան ներկայացնող անդամը: Ժյուրին բաղկացած է եղել 10 հոգուց, 4-ը՝ Թուրքիայից, 2-ը՝ Վրաստանից, 1-ական անդամ՝ Գերմանիայից, Իտալիայից եւ Հայաստանից:

Փոքրիկ հայուհին հաղթել է Թուրքիայում կայացած գեղեցկության մրցույթում

Փոքրիկ Էլեն Ասոյանը Թուրքիայի Բոդրում քաղաքում անցկացված «Միջազգային գեղեցկության եւ նորաձեւության մրցույթ – 2015»-ից Հայաստան է վերադարձել հաղթանակով: Նրան է շնորհվել «Տիեզերքի փոքրիկ արքայադուստր», Աշխարհի «Թոփ մոդել» տիտղոսները, բացի այդ փոքրիկն արժանացել է «Համաշխարհային գեղեցկության եւ նորաձեւության լիգայի պատվավոր անդամ» կոչմանը: Փոքրիկի հայրը նշել է, որ Էլեն Ասոյանը մրցույթի ժամանակ ստացել է նաեւ «Գրան պրի» մրցանակը:

Նշենք, որ Էլենը երկրորդ անգամ է Թուրքիայում կազմակերպված գեղեցկության մրցույթում հաղթանակ տանում: Այս տարի մրցույթը կազմակերպվել է սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում: Նշենք նաեւ, որ մրցույթին մասնակցել են 30 երկրներից ավելի քան 50 մասնակիցներ, ովքեր հաղթել էին իրենց երկրներում ու եկել էին նոր տիտղոսների ետեւից:

Փոքրիկ հայուհին վերադարձել է Հայաստան եւ արդեն իսկ ստացել է բազում հրավերներ տարբեր երկրներում անցկացվող գեղեցկության ու նորաձևության մրցույթներից: Նրա հայրիկն ընդգծեց, որ Էլենը չունի պետական աջակցություն եւ ոչ էլ որեւէ հովանավոր:

«Լուսանցք» թիվ 34 (380), 2015թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։