Հայաստան-Իրան.- Երկկողմ գործակցություն՝ ի շահ տարածաշրջանային անվտանգության – Այսպես ասվում է, մնում է կարողանանք արագացնել… Իսկ ներուժ կա ու պետք է այնպես անել, որ երկկողմ փոխգործակցությանը խորանա…

Իրանը մեր ամենալավ հարեւանն է: Այնքան լավ, որ չնայած երկու երկրների կրոնական տարբերությանը, համագործակցության ոչ մի խնդիր չի ծագում ոչ քաղաքական, ոչ տնտեսական եւ ոչ էլ մշակութային դաշտում:

Բայց այս ամենով հանդերձ կա խնդիր. այո՛, հայ-իրանական շատ ծրագրեր կան, որ գործում են՝ հատկապես էներգետիկ ոլորտում, ծրագրեր կան, որ կգործեն դեռ, սակայն կա ձգձգում երկուստեք ծրագրերի միջեւ: Մշտառկա ձգձգում: Ծրագրեր կան, որ դեռ մեր հետանկախական շրջանից են սկսվել, բայց այդպես էլ ոչ միայն չեն ավարտվել, այլեւ՝ ցրցամ դեռ չի տրվել:

Շատ մասնագետների հետ եմ խոսել, պատճառաբանությունները տարբեր են, բայց չի գտնվում այն գլխավոր պատճառը, որը է իրականում: Անկեղծ ասած՝ ես էլ չեմ հասկանում: Համենայնդեպս, հայկական կողմը պատրաստակամ է դրանք արագացնելուն…

Գանք պաշտոնական մասին:

Օրերս Հայաստան էր ժամանել ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին: «Զվարթնոց» օդանավակայանում Իրանի իր գործընկերոջը դիմավորեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Դիմավորում էին նաեւ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Այնուհետեւ կառավարության շենքում տեղի ունեցավ ՀՀ վարչապետի եւ ԻԻՀ նախագահի առաջին տեղակալի առանձնազրույցը, ապա՝ պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Որից հետո Հովիկ Աբրահամյանը եւ Էսհաղ Ջահանգիրին հանդես եկան համատեղ հայտարարությամբ:  Հայաստանի գործադիր իշխանության ղեկավարն ընդգծեց, որ իր գործընկերոջ հետ հանդիպումն անցել է շատ ջերմ ու բարեկամական մթնոլորտում. «Վերահաստատել ենք մեր պատրաստակամությունը ընդլայնելու եւ նոր թափ հաղորդելու հայ-իրանական համագործակցությանը, որը հիմնված է երկու ժողովուրդների բարեկամության վրա ու ընթանում է փոխադարձ վստահության մթնոլորտում»:

Հովիկ Աբրահամյանը նշեց, թե ամփոփվել է դեռ մեկ տարի առաջ Իրան կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների ուղղությամբ կատարված աշխատանքները, քննարկվել է ապագա ծրագրերի վերաբերյալ հարցերի լայն շրջանակ: Միաժամանակ Հայաստանի վարչապետը հավելեց, թե գոհունակություն է հայտնվել Իրանի միջուկային ծրագրերի շուրջ կայացած բանակցությունների դրական արդյունքների եւ ձեռք բերված բանակցությունների վերաբերյալ, վստահություն հայտնելով, որ «դրանք կծառայեն ի շահ տարածաշրջանի անվտանգության եւ կայուն զարգացման»:

Ինչ վերաբերում է բանակցությունների ընթացքում քննարկված հարցերին. դրանք վերաբերում էին թե՛ առաջին հերթին էներգետիկայի ոլորտի ծրագրերին, թե՛ տրանսպորտային ենթակառուցվածքներին, թե՛ առեւտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանը, եւ թե՛ գյուղատնտեսության ոլորտում երկկողմ գործակցության հեռանկարներին: Չեն շրջանցվելնաեւ հումանիտար ոլորտին առնչվող հարցերը:

Ի դեպ, էներգետիկայի ոլորտի ծրագրերի մասով Հովիկ Աբրահամյանը փաստեց, թե հստակեցվել են Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման աշխատանքների հետագա անելիքները եւ Իրանի հետ սահմանամերձ բնակավայրերի գազի բաշխման ցանցի կառուցման ծրագրերի ընթացքը: «Մանրամասն անդրադարձանք նաեւ Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցման աշխատանքներին։ Հաշվի առնելով նշված ծրագրերի կարեւորությունը, փաստեցինք, որ կառուցման աշխատանքներն արդեն մեկնարկել են ու դրանք կավարտվեն 2018թ.-ին: Հայաստանը կարեւորում է այս ծրագրի իրականացումը, քանի որ էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցումը հնարավորություն կտա մեր երկրին 2018 թվականից ավելացնել գազ-էլեկտրաէներգիա փոխանակման ծավալը»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

ՀՀ վարչապետի խոսքերով, հանդիպման ընթացքում հայկական ու իրանական կողմերն անդրադարձել են նաեւ ճանապարհային ենթակառուցվածքների ծրագրերին, մասնավորապես «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին ու Հայաստան-Իրան երկաթգծի նախագծին. «Եվ երկուստեք ենք կարեւորել դրանց առանցքային դերը տարածաշրջանային փոխգործակցության բարելավման եւ միջանցքի երկայնքով տնտեսական աճի ապահովման հարցում»:

Այդ հանդիպմանը հատուկ ընդգծվել է նաեւ հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի գործունեության կարեւորությունն ու կանոնավոր հանդիպումների անհրաժեշտությունը, որը երկու երկրների առեւտրատնտեսական հարաբերությունների փոխշահավետ զարգացման լավագույն միջոցն է:

Շոշափվել են նաեւ Եվրասիական տնտեսական միություն-Իրանի Իսլամական Հանրապետություն հարաբերություններին առնչվող հարցերը. «ՀՀ կառավարության անունից պատրաստակամություն հայտնեցի աջակցելու ԵՏՄ-Իրան երկխոսության ձեւավորմանն ու համագործակցության խորացմանը, մասնավորապես՝ ԵՏՄ-Իրան ազատ առեւտրի նախապատրաստվող համաձայնագրի կնքման համատեքստում»,- ամփոփեց վարչապետը:

Իր հերթին ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին ավելացրեց, թե Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու ոչ մի խոչընդոտ չկա: Իսկ տնտեսական բնագավառում Իրանի հաջողությունները «5+1» բանակցությունների շրջանակում նոր ու դրական պայմաններ են ստեղծում հարաբերությունների զարգացման համար՝ բացելով նոր բնագավառներ: «Հայաստանի միանալը Եվրասիական տնտեսական միությանը նոր պատուհան է բացում երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացման համար: Ազատ տնտեսական գոտիների առկայությունը եւ հատկապես «Արաքս» տնտեսական ազատ գոտու գոյությունը նույնպես դրական պայման է ստեղծում տնտեսական կապերի զարգացման համար»,- շեշտեց ԻԻՀ նախագահի առաջին տեղակալը:

Իրանի փոխնախագահը հավելեց նաեւ, թե հանդիպմանը քննակվել են տրանսպորտային հաղորդակցության եւ երկաթուղային հաղորդակցությանը առնչվող հարցեր։ Նա չհստակեցրեց, թե որոշակի ինչ հարցեր՝ միաժամանակ հույս հայտբնելով, թե տարածաշրջանային մյուս երկրների հետ համագործակցությամբ կհաջողվի Պարսից ծոցը կապել Սեւ ծովի հետ։

Էսհաղ Ջահանգիրին նույնպես կարեւոր համարեց միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը՝ նկատելով, թե ոչ մի սահմանափակում չկա, որ երկու երկրների զարգացման համար փոխգործակցության նոր բնագավառներ ի հայտ գան:

Ընդհանրապես, թե՛ հայկական եւ թե՛ իրանական կողմերը մեկ անգամ չէ, որ փաստել են, թե մեր երկու ժողովուրդների միջեւ քաղաքական, տնտեսական եւ այլ ոլորտներում զարգացման մեծ ներուժ կա ու ամեն ինչ պետք է անել երկկողմ փոխգործակցությունը մշտապես խորացնելու նկատառումով:

Հիմա գանք ոչ պաշտոնական մասին:

Ընդհանրապես պաշտոնական, «պրոտոկոլային» խոսքերը շատ բան են հուշում, շատ «մեսիջներ» գցում, ձեւական ոչինչ հենց այնպես չի ասվում, ավելին՝ ոչ մի ժեստ հենց այնպես չի արվում:

Լրագրողական աշխատանքի տարիներիս փորձը հուշում է, ամեն ինչ «ok» էր նաեւ այս ժամանակ, ինչպես գրեթե միշտ եղել է իրանական կողմի հետ:

Այ, սրա համար եմ ասում, որ չեմ հասկանում:

Կապեմ դա պարսկական շողոմ դանդաղկոտության, քաղցրալեզվության, տարուբերումների հետ, մեղմ ասած, ճիշտ չի լինի: Այլապես ադրբեջանական կողմի հետ իրանական ծրագրերն այդքան արագ չէին իրականացվի:

Չեմ հերքում, երբեմն օբյեկտիվ ձգձգումներ լինում են՝ այս կամ այն ծրագրի տեխնիկական առաջադրանքներում շտկումներ են արվում, բայց երբ դա տեւում է երկար ու ձիգ տարիներ, անհասկանալի է: Օրինակ՝ Մեղրի ՀԷԿ-ի պատմությունը: Հիմա էլ ասվում է՝ հստակեցվել է, բայց թե ինչն է հստակեցվել, երբ չի ասվում, թե երբ վերջապես կկառուցվի, դարձյալ անհասկանալի է: Արդեն 10 տարուց ավելի գրում եմ այս խնդրի մասին, տեսնես երբ եմ վերջացնելու:

Ուշագրավ է նաեւ, որ իրանական ներդրումները մեր երկրում այնքան քիչ են, որ ազգային վիճակագրական ծառայությունը որեւէ թիվ չի նշում:

Աստղինե Քարամյան

«Լուսանցք» թիվ 34 (380), 2015թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։