Ո՞վ պետք է լինի պահանջատեր Թուրքիայից… Տարածքային պահանջի համար շատ բան է պետք՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումներով – Իսկ սերունդի վրա գործը ճի՛շտ թողնելու համար պիտի սկսել խնդրի պետական կարգավորումից…

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 1915թ. ապրիլի 24-ին հետաքրքիր հարցազրույց է տվել թուրքական «Հյուրիեթ» թերթի լրագրող Ջանսու Չամլիբելին Երեւանում, որը աննկատ էր մնացել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումների օրերին լրատվական հորձանուտում: Ներկայացնենք նախագահի խոսքից կարեւոր հատվածները՝ ընդարձակ հարցազրույցից, որը հրապարակվել է «Թըրքիշ դեյլի նյուս»-ում՝ «Հյուրիեթ» թերթի անգլերեն տարբերակում:

Այսպիսով՝ Հայաստանի նախագահը նշել է.

– Թուրքիայի ղեկավարության զգացմունքային ու նաեւ ոչ դիվանագիտական բնույթի արձագանքը [Ֆրանցիսկոս պապի կողմից ապրիլի 12-ին Վատիկանում Հայոց ցեղասպանության ճանաչմանը] եւս մեկ ապացուցեց, որ Անկարան շարունակում է իր բացահայտ ժխտողական քաղաքականությունը պետական մակարդակով՝ դրանով իսկ իր վրա վերցնելով Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից իրականացված ոճրագործության պատասխանատվության բեռը:

– ԱՄՆ-ն, որպես գերհզոր տերություն եւ ժողովրդավարական արժեքների ջատագով, բազմաթիվ առիթներով հայտնել է իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ: ԱՄՆ 50 նահանգներից 44-ն ընդունել եւ դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պատմության ընթացքում ամերիկյան տարբեր նախագահներ, օրինակ՝ Ռոնալդ Ռեյգանը, Ջերալդ Ֆորդը (դեռ որպես կոնգրեսական), հայ ժողովրդի նկատմամբ կոտորածները բնորոշել են որպես ցեղասպանություն: Նույնիսկ ԱՄՆ այն նախագահները, որոնք պաշտոնավարման ընթացքում չեն կիրառել «ցեղասպանություն» եզրույթը՝ այն օգտագործել են իրենց նախընտրական արշավներում: Դա նշանակում է, որ նրանք երբեք կասկածի տակ չեն դրել կատարվածի հավաստիությունը եւ միայն քաղաքական որոշ նկատառումներից ելնելով խուսափել են արտաբերել «ցեղասպանություն» եզրույթը:  - Թուրքիայի առաջարկը, ստեղծել այսպես կոչված պատմաբանների հանձնաժողով, հետապնդում է միայն մեկ նպատակ՝ ձգձգել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը եւ շեղել միջազգային հանրության ուշադրությունն այդ ոճրագործությունից: Սա ոչ միայն մեր տեսակետն է, այլ նաեւ միջազգային հանրության, որը շարունակաբար ճանաչում եւ դատապարտում է Հայոց ցեղասպանությունը: [Հայ-թուրքական]   Արձանագրությունում չկա դրույթ պատմության ուսումնասիրության հանձնաժողով ստեղծելու մասին: Արձանագրության համապատասխան կետով երկու ժողովուրդների միջեւ փոխվստահության վերականգնմանն ուղղված երկխոսություն պետք է իրականացվի, որի համար էլ նախատեսվում էր ենթահանձնաժողովի ստեղծում: Բանակցությունների ընթացքում հայկական կողմը տարբեր մակարդակներով բազմիցս շեշտել է նաեւ թուրքական կողմին, որ Ցեղասպանության փաստը որեւէ դեպքում կասկածի տակ չի կարող դրվել:

(Նրանք, ովքեր դեմ էին Արձանագրություններին, վաղուց առաջ էին քաշում համանման առարկություններ):

– Արդեն 6-րդ տարին է, ինչ ստորագրվել են արձանագրությունները. ե՞րբ է հարմար պահը [վավերացնելու]…. Անցած տարիները ցույց տվեցին, որ Թուրքիան ոչ թե հարմար պահի է սպասում, այլ փորձում է հայ-թուրքական հաշտեցման գործընթացի իմիտացիա ստեղծելու միջոցով կանխել միջազգային հանրության հստակ դիրքորոշման արտահայտումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ՝ փորձելով ճանաչումները ներկայացնել իբրեւ խոչընդոտ հայ-թուրքական հաշտեցման ճանապարհին: Իմ նախաձեռնությամբ սկսված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը հետապնդում էր միայն մեկ պարզ նպատակ՝ առանց նախապայմանների հաստատել դիվանագիտական հարաբերություններ եւ բացել Եվրոպայի վերջին փակ սահմանը՝ ապահովելով մեր ժողովուրդների խաղաղ եւ բարեկեցիկ գոյակցությունը: Ցավոք, Թուրքիայի իշխանությունների քաղաքական կամքի բացակայությունը, արձանագրությունների տառի ու ոգու աղավաղումները, ժխտողականության նոր դրսեւորումները եւ Ադրբեջանի անհիմն պահանջներին հագուրդ տալու նպատակով նախապայմանների շարունակաբար արծարծումը խափանեցին այդ արձանագրությունների կյանքի կոչումը…. 6 տարի չարդարացված սպասումներից հետո ես որոշեցի հետ կանչել դրանք խորհրդարանից: Մի առիթով ես ասել եմ, որ հայ ժողովուրդը հավերժ չի պատրաստվում սպասել, թե երբ Թուրքիայի իշխանությունները կբարեհաճեն հարմար պահ գտնել եւ ի վերջո վավերացնել դրանք:

(Մեր կարծիքով, Հայաստանի արգործնախարարը պետք է անհապաղ հետ կանչի իր ստորագրությունը Արձանագրությունների տակից եւ դրանք չեղյալ հայտարարի):

– Հայաստանը, իր անկախացումից ի վեր, երբեք Թուրքիային կամ որեւէ այլ երկրի տարածքային պահանջներ չի ներկայացրել: Մեր պետության արտաքին քաղաքական օրակարգում նման խնդիր չի եղել ու այսօր չկա: Սա հստակ դիրքորոշում է:

Նախագահ Սերժ Սարգսյանի վերջին պատասխանը անուշադիր ընթերցելու դեպքում, կարող է այլ կերպ հասկացվել: Նա չի ասում, որ Հայաստանի Հանրապետությունը տարածքային պահանջներ ունի Թուրքիայից, բայց չի էլ ասում, որ չի ունենալու…

Հայաստանը պարզապես այս հարցը պաշտոնապես չի բարձրացրել, քանի որ դա կարող է լուրջ հետեւանքներ ունենալ ազգային անվտանգության վրա արեւմտյան սահմանում նրա հզոր եւ թշնամի հարեւանի կողմից:

Կուսակցությունները, կազմակերպությունները եւ անհատները, ինչպես նաեւ շատերս, հաճախ ենք խոսում Թուրքիայից տարածքային պահանջների մասին, սակայն հասկանալի է, որ Հայաստանի առաջին դեմքը պետք է շատ ավելի զուսպ լինի իր հրապարակային հայտարարություններում:

Չնայած կարծում ենք՝ ժամանակը այլեւս այլ բան է պահանջում…

Նախագահը մի քանի տարի առաջ հայտարարել էր, որ հայկական տարածքների պահանջը թողնում է գալիք սերունդներին, ինչը նշանակում է, որ Հայաստանը իսկապես տարածքային պահանջներ ունի Թուրքիայից…

Տարածքային պահանջի համար շատ բան է պետք՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումներով:

Ու նախ պետք է սկսել «հայրենասերների» (այդ թվում՝ իշխանական) աչքի խաթարված «օբյեկտիվը» բուժելուց, որ նրանց աչքերը դադարեն թուրքական ապրանք փնտրել:

Ու սերունդի վրա գործը ճի՛շտ թողնելու համար պիտի սկսել խնդրի պետական կարգավորումից: Հենց այսօր:

Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 34 (380), 2015թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։