Հայոց ցեղասպանության հարցը մտնում է պահանջատիրության փուլ – «Հիշում եմ եւ պահանջում» կարգախոսը փոխարինվեց՝ «Ճանաչումից՝ հատուցում»-ով… Կրկին եվրոպական երկակիություն, բայցեւ՝ հայանպաստ դիրքորոշմամբ (Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի)…

Ճանաչում եւ փոխհատուցում

Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց «Հայոց ցեղասպանություն-100. ճանաչումից՝ հատուցում» խորագրով միջազգային գիտաժողովը: Քննարկման հիմնական թեման Հայոց ցեղասպանության ուսումնասիրության հետ առնչվող հիմնախնդիրների լայն շրջանակն է: Մասնավորապես՝ Ցեղասպանությունների հետեւանքների վերացման ու հատուցման իրավաքաղաքական ու սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները: Մասնակցում են ավելի քան 100 մասնագետներ Հայաստանից, Գերմանիայից, Միացյալ Նահանգներից, Ավստրիայից, Ռուսաստանից, Ավստրալիայից, Ուկրաինայից, Կանադայից, Լեհաստանից, Հունգարիայից: Կազմակերպիչներն են ԳԱԱ-ն եւ ԵՊՀ-ն:

Գիտաժողովը սկսվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի ողջույնի ուղերձներով, որտեղ շեշտադրվեց, որ չդատապարտված հանցագործությունները ծնում են ավելի մեծ հանցագործություն: Հայտարարվեց, որ առաջին գործնական եւ իրավական քայլն արված է՝ Սիսի կաթողիկոսարանի վերադարձի պահանջով, եւ Հայաստանն ու սփյուռքը պետք է համախմբվեն հայոց իրավական պահանջի շուրջ:

Այս գիտաժողովը գիտական նոր մակարդակի կբարձրացնի ցեղասպանության ուսումնասիրման, հետեւանքների վերացման կարեւոր խնդիրը. միջազգային գիտաժողովի ժամանակ ասել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: «Տարին սկսեցինք «Հիշում եմ եւ պահանջում» կարգախոսով, ու դրա ներքո անցան բոլոր միջոցառումները, որոնք ցույց տվեցին, որ մեր ժողովուրդն ունի կամային բարձր հատկություններ եւ կարող է մեկտեղվել մեկ գաղափարի շուրջ, գործել միասնաբար՝ հայրենիքում եւ սփյուռքում»,- նշել է ԵՊՀ ռեկտորը: Նա կարեւորեց գիտաժողովի «Ճանաչումից՝ հատուցում» վերտառությունը, որն արդեն, ըստ նրա, դարձել է գերիշխող՝ շնորհիվ նաեւ քաղաքական գործիչների, սփյուռքի հայրենակիցների ու մասնագետների. «Շատ երկրներ շարունակում են համառորեն անտեսել ճանաչման խնդիրը: Ցավոք, դեռ կան երկրներ, որոնք այս խնդիրը կամ անտեսում են, կամ շարունակում են օգտագործել իրենց անձնական նեղ շահերի համար»:

Նշվեց, որ աշխարհի շատ ժողովուրդներ այսօր դարձյալ կանգնած են ցեղասպանության սպառնալիքի առաջ, եւ մենք այլ ժողովուրդների հետ պետք է մեկտեղենք ջանքերը, կարողանանք պայքարել այդ արհավիրքի դեմ, զերծ պահել մեր ազգը նոր փորձություններից:  Ուստի՝ «Հիշում եւ պահանջում ենք» կարգախոսին եկել է փոխարինելու «Ճանաչումից՝ փոխհատուցում» կարգախոսը, ինչը կարեւոր ենք համարում Հայոց ցեղասպանության խնդիրը նաեւ պահանջատիրական-հայրենատիրական հարթություն տեղափոխելու համար: Այն կգա միանալու ցեղասպանության զոհերի փոխհատուցման պայքարին:

Նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել «Հայոց ցեղասպանություն-100. ճանաչումից՝ հատուցում» թեմայով միջազգային գիտաժողովի մասնակիցներին, որում մասնավորապես ասված է. «Դեռեւս 1916թ. ֆրանսիացի մեծ գրող եւ հումանիստ Անատոլ Ֆրանսը նշում էր. «Հայաստանը վերջին շունչն է փչում, բայց կվերածնվի: Այն մի փոքր արյունը, որ դեռ մնում է, թանկագին է, ու դրանից մի հերոսական սերունդ է ծնվելու: Մի ժողովուրդ, որը չի ցանկանում մեռնել՝ չի մեռնի»:

Այո՛, մեր ժողովուրդը չմեռավ, վերածնվեց, վերակերտեց իր պետականությունը եւ այսօր հանդես է գալիս որպես պահանջատեր՝ արդարության պահանջատեր, իսկ դա ենթադրում է լուրջ նախապատրաստական, այդ թվում նաեւ՝ հետազոտական աշխատանք: Պատահական չէ, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բազմաթիվ միջոցառումների ցանկում ուրույն տեղ են գրավում գիտահետազոտական բնույթի համաժողովները: Կարծում եմ՝ այսօր բացվող գիտաժողովն առանձնանում է այն բանով, որ կրելով «ճանաչումից՝ հատուցում» ենթախորագիրը եւ նվիրված լինելով Հայոց ցեղասպանությանն առնչվող խնդիրների լայն շրջանակը հետագայում ավելի խորացված ուսումնասիրելուն, միաժամանակ հատուկ ուշադրություն է հատկացնում այդ ծանրագույն հանցագործության հետեւանքների վերացման ու հատուցման հիմնահարցերին»:

Անի Մարության

Կրկին եվրոպական երկակիություն, բայցեւ՝ հայանպաստ դիրքորոշմամբ              

ՀՀ կառավարության պահանջները Փերինչեքի գործով ամբողջությամբ բավարարվեցին Եվրոպական դատարանի կողմից: 2015թ. հոկտեմբերի 15-ին Եվրոպական դատարանը հրապարակեց Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործով վճիռը: Այդ գործում Հայաստանը ներգրավված էր որպես երրորդ կողմ: Գործին մասնակցելով երրորդ կողմի կարգավիճակում՝ մեր երկիրն ակնկալում էր, որպեսզի Եվրոպական դատարանի վճռից բացառվեն ձեւակերպումներ, որոնք կարող են որեւէ կերպ կասկածի տակ առնել Հայոց ցեղասպանության փաստը:

Հրապարակած վճռում Եվրոպական դատարանը նշեց, որ այս գործով դատարանի խնդիրը չէ որոշելու՝ արդյո՞ք Օսմանյան կայսրությունում 1915թ. հայ ժողովրդի նկատմամբ կատարված զանգվածային կոտորածներն ու տեղահանումները կարող են որակվել ցեղասպանություն միջազգային իրավունքում այդ հասկացությանը տրված բովանդակության տեսանկյունից: Այնուհետեւ, դատարանի Մեծ պալատը սահմանեց, որ Եվրոպական դատարանը չունի որեւէ իրավասություն անելու իրավական հայտարարություններ այս հարցի վերաբերյալ՝ անկախ նրանից, թե որ տեսանկյունից է դա արվում: Դատարանը վճռում նաեւ արձանագրեց, որ հայերն ունեն իրենց եւ իրենց նախնիների արժանապատվության նկատմամբ հարգանքի իրավունք, այդ թվում՝ այն շրջանակներում, որն առնչվում է ցեղասպանության հետեւանքով վնաս կրած հայկական համայնքի ինքնությանը: Դատարանը նաեւ դրանով արձանագրեց, որ հայերի այդ համոզմունքները եւ դրա հետ կապված՝ նրանց արժանապատվությունը ենթակա են պաշտպանության կոնվենցիոն չափանիշների շրջանակներում:

Եվ վերջապես, մասնավորապես Փերինչեքի հետ կապված գործով Եվրոպական դատարանը սահմանեց, որ նրան քրեական պատասխանատվության ենթարկելը ոչ թե ընդհանրապես հակասում է Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին, այլ արձանագրեց, որ Փերինչեքի նկատմամբ սխալ է կիրառվել շվեյցարական օրենքը: Այսինքն՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելը քրեականացնելը եւ դրա համար քրեական պատասխանատվության ենթարկելը համարվել է իրավաչափ, որը, սակայն, պետք է արվի բացառապես Եվրոպական կոնվենցիայի շրջանակներում: Արդյունքում, Հայաստանի կառավարության՝ Եվրոպական դատարան ներկայացված բոլոր պահանջները բավարարվեցին:

Թեեւ ՀՀ կառավարության պահանջները բավարարվել են, բայց Եվրոպական դատարանը վարվել է բոլոր եվրոպական կառույցների նման՝ ըստ էության հավասարապես վերաբերվելով կողմերին:

Հերթական իրողությունը մեկ անգամ եւս փաստում է, որ մենք Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման գործընթացին զուգահեռ պետք է առաջ տանենք փոխհատուցման հարցը, որում ներառված կլինի նաեւ հայրենատիրական պահանջատիրությունը:

«Լուսանցք» թիվ 34 (380), 2015թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։