Քրդերը խոսում են Թուրքիայի անունի՞ց – Հայ-քրդական պետություն Արեւմտյան Հայաստանի տարածքում անհնար է պատկերացնել… Քրդերը Միացյալ Հայաստանում կարող են ապրել, ինչպես այսօրվա Հայաստանում են ապրում քրդերն ու եզդիները եւ այլ ազգերը (Արմեն Ավետիսյան, հայ արիների (ՀԱՄ) առաջնորդ եւ համախմբված հայ ազգայնականների (ՀԱՀ) համակարգող)…

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը ներկայացրել է կուսակցության նախընտրական ծրագիրը, որում տեղ է գտել նաեւ պետության անունից Հայոց ցեղասպանության ճանաչումը ապահովելը։ Թուրքական Haber7 կայքի փոխանցմամբ՝ ԺԴԿ-ի նախընտրական ծրագիրը ներկայացնելու ժամանակ կուսակցության կին համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը հայտարարել է, թե իրենց կուսակցությունը տարբեր ժամանակներում տարբեր ժողովուրդների նկատմամբ իրականացված ցեղասպանություններն ու կոտորածները պետության անունից ճանաչելու եւ ներողություն խնդրելու համար աշխատանքներ են իրականացնելու։ «Վերացնելու ենք Հայաստանի նկատմամբ կիրառվող շրջափակումը։ Հայաստանի հետ արագացնելու ենք տնտեսական, քաղաքական եւ դիվանագիտական հարաբերությունները ու հայ ժողովրդի հետ բարեկամության կամուրջներ ենք կառուցելու»,- ասել է Ֆիգեն Յուքսեքդաղը։

ԺԴԿ-ն Թուրքիայի պատմության միակ խորհրդարանական կուսակցությունն է, որը կազմակերպության անունից ճանաչել է Հայոց ցեղասպանությունը եւ իշխանություններին կոչ արել ճանաչել ու փոխհատուցել Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին։

Հիշեցնենք, որ «Լուսանցք»-ն անդրադարձել է այն խնդրին, որի մասին քիչ է խոսվում՝ հայ-քրդական համատեղ պետության ստեղծման: Սա, իհարկե քրդական տարբերակ է, եթե հանկարծ չհաջողեն Արեւմտյան Հայաստանի տարածքում եւս Քրդստան կոչված պետությունը ծավալել: Իսկ այդ Քրդստանը ոմանք պատկերացնում են ինչպես Արեւմտյան Հայաստանի, այնպես էլ Սիրիայի, Իրաքի ու Իրանի որոշ տարածքների միավորման միջոցով:

ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը մեր թերթում նշել էր այս մասին եւ հայտնել, որ տարիներ առաջ Երեւանում հանդիպել է Քրդական բանվորական (կամ աշխատավորական) կուսակցության ներկայացուցիչների հետ, ովքեր ժամանել էին Երեւան՝ հայ-քրդական բարեկամության մի համաժողովի մասնակցելու համար: Եվ այդ ներկայացուցիչները, որոնց մեջ նաեւ ռազմական թեւի մի դաշտային հրամանատար է եղել, ցանկացել է իմանալ արիադավան հայերի կարծիքը՝ հայ-քրդական համատեղ պետության ստեղծման մասին: Խոսքը Արեւմտյան Հայաստանի տարածքին է վերաբերել, որտեղ այժմ միլիոնավոր քրդեր են նաեւ բնակվում:

ՀԱՄ առաջնորդը հավաստում է, որ իրենց կողմից մերժվել է, թե երբեւէ նման պետության գոյության մասին անգամ կարող են մտածել, որովհետեւ Հայոց Հայրենիքը՝ Հայկական Լեռնաշխարհը, միայն հայերի արարչատուր բնօրրանն է, որ նաեւ Հայ Աստվածների երկրային բնակատեղին է:

Նա նաեւ նշել է, որ միլիոնավոր քրդերի մեծ մասը ծպտյալ հայեր են, ինչի մասին քրդերը շատ լավ գիտեն, անգամ Աբդուլլա Օջալանն է հայ, ում իրական ազգանունն Արթինյան է… Բայց անկախ դրանից, ասվել է, որ ոչ ոք քրդերին չի պատրաստվում վտարել Արեւմտյան Հայաստանի տարածքից, եթե այն կրկին հայապատկան դառնա: Կլինի այնպես, ինչպես այսօր են Հայաստանում ապրում, քրդերը, եզդիները եւ այլք:

Հայ արիների ղեկավարը համոզված է, որ քրդերի մեջ կան իսկապես զղջացողներ, որ 1915-1923թթ. Հայոց Եղեռնի ժամանակ քրդերը որոշակիորեն օժանդակել են թուրքերին, մասնակցել են ջարդերին՝ կարծելով թե իրենց անկախ պետությունը եւս կհիմնեն անհայ մնացած մեր տարածքներում: Սակայն, զղջումը հարցը չի լուծում: Քրդերը պետք է ոչ թե համատեղ պետության մասին մտածեն, այլ հայերից ներողություն խնդրելով՝ միասնաբար հայոց հողերն ազատագրեն եւ արդարությունը վերականգնեն: Այլապես՝ թե՛ քրդական կազմակերպությունների, թե՛ Թուրքիայի անունից ներողություն խնդրելով դեղին դարման չես անի… առավել եւս, որ դա պաշտոնական եւ իրավական որեւէ հիմք չի ունենալու:

Արտակ Հայոցյան

Կոչ՝ կանխելու քրդերի ցեղասպանությունը

Հայաստանի քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը միջազգային կառույցներին կոչ է արել կանխել քրդերի ցեղասպանությունը:

Ըստ նրա, աշխարհը սեփական շահից ելնելով՝ լռեցնում է քրդական հարցը: Քրդերը պետականություն ունենալու խնդիր չունեն, նրանք պայքարում են սեփական ազատության համար, սակայն, անգամ Թուրքիայի ուսումնական հաստատություններում է քաղաքացիական պատերազմ սկսվել քուրդ եւ թուրք ժողովուրդների միջեւ:

«Եվ Սիրայում, ե՛ւ Թուրքիայում անում են ամեն ինչ, որպեսզի քրդերին կոտորեն, ցեղասպանության ենթարկեն, իրենց տարածքներից հանեն: Թուրքական իշխանությունները՝ Էրդողանի գլխավորությամբ, կազմավորեցին «Իսլամական պետություն» կոչվող այդ խմբավորումը եւ ուղարկեցին Սիրիա՝ քրդերին կոտորելու համար»,- ասել է Կնյազ Հասանովը:

…«Մեկ անգամ եւս կոչ եմ անում Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների եւ մեր անունից, որ վերջ տան պատերազմին: Մենք ՄԱԿ-ի գրասենյակին ուղերձ ենք ներկայացրել, որ կասեցնեն պատերազմները, որովհետեւ ամեն մի պատերազմ ցեղասպանություն է»,- հավելել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռազմիկ Խոսրոեւը:

«Լուսանցք» թիվ 34 (380), 2015թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։