Հայկական Լեռնաշխարհի հավիտենական ժամանակը – ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ… Հայ արիների ղեկավարը ձեւակերպել է որպես՝ ԵՌԱՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ (Կովկաս – Հայկական Լեռնաշխարհ – Մերձավոր Արեւելք), ինչը պիտի դարձնել հայ, ապա միջազգային դիվանագիտական տերմին եւ գործոն…

Մերձավոր Արեւելքի ու Կովկասի արածաշրջաններում մշտապես առկա են հակամարտություններ եւ տարաբնույթ հակասություններ: Ի վերջո այստեղ է որոշվում համաշխարհային վերաձեւումների ճակատագիրը եւ Եվրոպան ու Ասիան, նաեւ Աֆրիկան կապող այս գերխաչմերուկում բախվում են համաշխարհային ռազմա-քաղաքական ու ռազմա-տնտեսական շահերը: Ինչպես դարեր ու հազարամյակներ առաջ, այնպես էլ այսօր այստեղ պայքարի մեջ են եւ՛ գերտերությունները եւ՛ տարածաշրջանի բնիկ ազգերը եւ՛ եկվոր-քոչվոր, բայց արդեն հաստատված զավթարարները:

Տարածաշրջանի հակամարտությունների ու վերաձեւումների մասին խոսում են մեր բոլոր քաղաքական ուժերը, սակայն հայ արիականների առաջնորդ Արմեն Ավետիսյանը երկար ժամանակ բարձրացնում է ինչպես նշված, այնպես էլ հենց տարածաշրջան ասվածի անվան ձեւակերպման փոփոխության մասին: ՀԱՄ ղեկավարը երկրի իշխանավորներին, նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին բազմիցս կոչ է հղել Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի տարածաշրջան ասելու փոխարեն նշել՝ Կովկասի, Հայկական Լեռնաշխարհի եւ Մերձավոր Արեւելք տարածաշրջաններ… Նշվում է նաեւ, որ այսպես, ի վերջո, հայերի վրայից հանվում է կովկասցի լինելու սին պիտակը եւ հայը վերադառնում է իր բնիկության տեսլականին՝ Հայկական Լեռնաշխարհի միակ բնիկն ու տերը լինելու իրողությանը: ՀԱՄ առաջնորդը պնդում է, որ սա է մեր պահանջատիրության հենքը եւ որքան ուշ հասկանանք, այնքան հեռու կմնանք հայրենատիրության իրական պայքարից:

Արցախյան եւ սիրիական հակամարտությանը, ծայրահեղ իսլամականների զանգվածային ահաբեկչությանը եւ ավերածություններին գումարվեց նաեւ ռուս-թուրքական հակասությունը: Սա արդեն վերածվում է Արեւմուտք-Ռուսաստան մի նոր առճակատման, որը կդառնա ուկրաինական առճակատման կրկնօրինակը՝ մեր տարածաշրջանում, կամ՝ ինչպես հայ արիների ղեկավարն է ձեւակերպել՝ ԵՌԱՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ (Կովկաս – Հայկական Լեռնաշխարհ – Մերձավոր Արեւելք):

Հատկապես ռուս-թուրքական հակասությունները, որ հետզհետե վերածվում են հակամարտության, ավելի զգայուն ազդեցություն կունենան Հայաստանի վրա:  Իսկ Հայկական Լեռնաշխարհի սահմանումն ու դիվանագիտական բառապաշարում ներառելը հաստատ պետք կգա առաջիկայում: Դիմեցինք Արմեն Ավետիսյանին՝ պարզաբանումների համար: «Մեզ շատ է մտահոգում տարածաշրջանում հասունացող միջկրոնական պատերազմի վտանգը: Այն ավելի մեծ ծավալներ կընդունի, քան լինում է միջէթնիկ պատերազմների դեպքում, որոնք հիմնականում նեղ-լոկալ բնույթ են ստանում: Այս մասին ես գրել եմ նաեւ երկրի նախագահ Սերժ Սարգսյանին ու ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին: Կրոնական առճակատման դեպքում կա նաեւ մի շահավետ կողմ, եթե շիա եւ սունի ուղղությունների հետեւորդ երկրները կազմավորեն իրենց կրոնական բանակները (ինչպես հայտարարել են եւ գործի անցել) եւ ելնեն միմյանց դեմ: Այստեղ Թուրքիան եւ Ադրբեջանը կզրկվեն համաթուրանական ծավալումները ծայրահեղ իսլամականների միջոցով իրականացնելու հնարավորությունից, անգամ իրենք կընկնեն կրոնական հարվածների տակ, եթե հեռու պահեն իրենց: Անգամ սունի թուրքերի ու շիա ադրբեջանցիների մի մասը կհակադրվեն միմյանց, եթե համաթուրանականության գաղափարը տեղը զիջի համաիսլամականին»: ՀԱՄ առաջնորդը շարունակեց, որ սա առաջին փուլում լավ է, բայց այնքան ժամանակ, մինչեւ «որեւէ մի կողմի հաջողելու դեպքում հարվածի ուղղությունը կանցնի տարածաշրջանի քրիստոնյա երկրների կողմը»: Իհարկե, այս սրացումները կախված են նաեւ աշխարհի վերաձեւման ընդհանուր քաղաքական քայլերից, սակայն հայտնի է, որ ամեն բան չէ, որ ըստ ծրագրի է ընթանում, ինչպես դա եղավ «արաբական գարունների» եւ «գունավոր հեղափոխությունների» դեպքում:

Այստեղ է, որ ազգայնական արիադավան հայերը խիստ կարեւորում են հայոց հավատի պետականորեն ընդունումն ու հավաստագրումը: Ըստ նրանց՝ արիադավան-հեթանոսության վերաճանաչումը կամակորություն չէ պարզապես, դա լոկ եսակենտրոն ցանկությունը չէ: Կրոնական պատերազմների ընթացքում պետականորեն ընկալված հավատի հետեւորդները այլ կարգավիճակում կհայտնվեն եւ կարող են պետական քաղաքականության մեջ առավել նպաստավոր քայլերի գնալ, ինչպես առաքելական եկեղեցու դեպքում է: Արիական հայերը վստահ են, որ կարող են դառնալ բանակցային կողմ եւ՛ սունիների եւ՛ շիաների, անգամ վահաբականների եւ այլոց համար, ինչը չի կարող անել (գուցե պետք չէ, որ անի) առաքելական եկեղեցին:

Առհասարակ ոչ մի քրիստոնեական եկեղեցի չի կարող երկար բանակցել ծայրահեղ իսլամականների հետ, ինչը գուցե հնարավոր է անել իսլամական կրոնի պատասխանատուների հետ: «Մենք՝ որպես արիադավան հայեր, կարող ենք ծագումնաբանական-համաարիական քայլերով մեղմել շատ իսլամական երկրների զայրույթը՝ ուղղված քրիստոնյա Հայաստանի դեմ: Մենք կարող ենք տարածաշրջանի բնիկության իրավունքով եւս մեղմել մեր դեմ առկա քայլերը, անգամ կարելի է դրանք ուղղել ոչ բնիկ ու եկվոր թուրքերի եւ ադրբեջանցիների դեմ, հենց սունի-շիա բախումների ժամանակ: Շատ հեշտ կլինի ապացուցել, որ թյուրքական տարրը ոչ միայն ճշմարիտ իսլամական չէ, այլեւ առհասարակ հակակրոնական ու հակազգային արհեստածին երեւույթ է»,- վստահ է ՀԱՄ առաջնորդը:

Նա վստահ է նաեւ, որ այս հարցերում հաղթանակած լինելու համար պետք է նախ հաղթենք մեր միջի վախն ու երկընտրանքները: Մեր երկրի նախագահը պետք է շատ պարզ ու բարձրաձայն խոսի բռնատիրված Հայկական Լեռնաշխարհի մասին, ինչը վստահաբար ու շատ արագ ազգային նպատակների անկյունաքարը կդառնա. «Հավատացե՛ք, դա մեծ բան է փոխելու ոչ միայն հայկական քաղաքականության մեջ, այլեւ միջազգային բառապաշարում: Իհարկե, առավել զորավոր կհնչի, եթե ՀՀ նախագահը ասի դա, սակայն, եթե անգամ ԱԳ նախարարն ասի, այն եւս կընկալվի որպես նախագահի կողմից ասված խոսք»:

Զրուցակիցս նկատեց, որ ռուս-թուրքական առճակատումը եթե անգամ զարգացում ապրի, ապա մեզ համար ոչ պակաս կարեւոր է լինելու թուրք-քրդական առճակատումը, որն անխուսափելի է: Իսկ դա ինչպես ռազմա-քաղաքական ու միջկրոնական, այնպես էլ տարածքային վեճերի հետեւանք է: Եվ այդ տարածքային վեճն Արեւմտյան Հայաստանի սեփականության շուրջ է ու չի բացառվում, որ այս օրերին քրդերը կարող են հնչեցնել Արեւմտյան Հայաստանի անունը՝ ընդդեմ թուրքերի: Բայց ճիշտ կլինի, որ այն հնչեցնենք մենք եւ հենց Հայկական Լեռնաշխարհ ձեւակերպմամբ, որը հայերիս բնօրրանն է ու միայն մերը: Իսկ Հայաստանի նախագահի մեկ խոսքը բավական է, որ միջազգային բառապաշարում Կովկաս եւ Մերձավոր Արեւելք տարածաշրջանների հետ միասին կյանքի ուժ ստանա նորից Հայկական Լեռնաշխարհ ձեւակերպումը, ինչը մեր պետության խոսքին համազգային կշիռ կտա՝ միջազգային ասպարեզում նոր էջ բացելով հայության համար:

Ըստ Արմեն Ավետիսյանի, չի բացառվում, որ տարածաշրջանի վերաձեւումն այս անգամ կատարվի Ռուսաստանի ջանքերով, չնայած Արեւմուքը վաղուց է արծարծում «Նոր Մերձավոր Արեւելք» եւ «Մեծ Մերձավոր Արեւելք» ու նմանատիպ այլ ծրագրերը: Բայց ուկրաինական դեպքերը հավաստեցին, որ հնարավոր է: Մոսկվան փաստացի Ղրիմը վերցրեց որպես սեփական տարածք, իսկ Դոնբասի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները ռուսական են ոչ փաստացի: Այսպես եղավ նաեւ Կովկասում՝ Աբխազիայի ու Հարավային Օսիայի պարագայում, ոչ փաստացի ռուսական տարածքներ են, եւ Վրաստանը ոչ մի իրավունք չունի այդ երկրների վրա: Այսպես կարող է լինել նաեւ Հայկական Լեռնաշխարհ – Մերձավոր Արեւելք տարածաշրջանում: Թուրքիայի մասնատումը ցանկացած դեպքում մեզ կբավարարի, կանեն դա ռուսները, թե եվրա-ամերիկացիները: Խնդիրը Արեւմտյան Հայաստանի՝ Հայաստանի Հանրապետությանը վերամիավորվելու մեջ է, ոչ թե մի նոր արհեստական միավորման ստեղծման, որն արդեն Քրդստան են կոչել… Այստեղ է, որ Հայկական Լեռնաշխարհի արծարծումը որպես տարածաշրջան, «դիվանագիտական տերմին»՝ խիստ անհրաժեշտ:

Առավել եւս, որ ծավալումները կարող են մեր օգտին լինել: Հյուսիսային Կորեան սպառնացել է «երկրի երեսից ջնջել Թուրքիան, եթե Անկարան որոշի կրկին հարվածել Սիրիային»: Այս երկիրը Չինաստանի ու Իրանի հետ կանգնել է Ռուսաստանի կողքին եւ պատրաստ է խառնվել Մերձավորարեւելյան հակամարտությանը: Հյուսիսային Կորեան հիշեցրել է, որ ունի ատոմային ռումբ, ինչն առավելապես ասվել է Թուրքիայի հովանավոր ԱՄՆ-ի համար, քանի որ Հյուսիսային կորեա-ԱՄՆ հակասությունը տասնամյակների պատմություն ունի:

Եթե հիշենք, որ Մոսկվան եւս սպառնացել է Արեւմուտքին ատոմային զենքի կիրառմամբ, եթե զինված հարձակում լինի Ռուսաստանի վրա, ապա հասկանալի է, որ աշխարհը մտնում է վերաձեւման նոր փուլ:

Ամեն բան պիտի արվի, որ այս անգամ էլ դուրս չմնանք շահողների ցանկից:

Նարե Մշեցյան

«Լուսանցք» թիվ 34 (380), 2015թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։